«Հույսով լցվեցավ սիրտը հայության»

Պատմում է Արցախյան պատերազմի մասնակից վիրաբույժ, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Օհանյանը:

… Փախստականները եկել, ծովի պես ալիքվում էին Մարտակերտում: Մարգուշավանից էին, Չայլուից, Կարմիրավանից, Հասանղայայից: Տեղահանվել էին մեծով-փոքրով, ով ինչպես կարող էր, փրկվել էր մահից… Ամբոխ, որ հայցում էր, պահանջում, սպառնում էր, դժգոհում… Ինքնաթիռի խուլ ոռնոցը սթափեցրեց բոլորին՝ հիմա դժոխքը կկրկնվի… Իջանք նկուղ:

-X-ը «Մանուշակին»:

-«Մանուշակն» ընդունում է:

-Մարզիկներ կան, դիմավորեք…

Ռադիոկապն ընդհատվեց: Նկուղում օդը չէր հերիքում: Տոթ էր: Ծանր կանգնել էր արյան, դեղերի, քրտինքի խառը հոտը: Ուզում էի պոկել, շպրտել վերադիմակը, որ քրտինքից թրջվել էր, կպել դեմքիս ու ավելի դժվարացրել շնչելը: Դրսում կրկին մեքենա հռնդաց. վիրավորներ էին բերել: Արդեն քսաներորդին էինք վիրահատում, ու վերջը չէր երևում: Պատգարակով ներս բերեցին հերթական վիրավորին: Հերթով նայում էր բոլորիս… ուղիղ, անքթիթ, ասես, փորձում էր մեզանից որևէ մեկի դեմքին կարդալ՝ ինչ է սպասվում իրեն: Ուժ հավաքեցի, մոտեցա նրան:

-Ծա՞նր է վիճակս, բժիշկ,- հարցրեց հատ-հատ՝ անհույզ:

-Այո,-չթաքցրի,- ո՞ւմ և ի՞նչ ունես հաղորդելու:

-Շնորհակալ եմ, ոչ մեկին, ոչինչ… Մորս: Մի ամիս առաջ են հորս բերել: Մեղք է մայրս… Անզգայացնող դիմակ հագցնելիս բուժքույրը կատակեց.

-Հաշվել գիտե՞ս: Լավ է, դե հիմա սկսիր տասից մինչև մեկը ետ հաշվել:

-Տասը, ինը, ութ…,- ձայնը սկսեց մարել, միայն շուրթերն էին շարժվում:

Հետո հերթական պայթյունից ասես արթնացավ ու մրմնջաց.

-Ձայնս չեմ լսում, բայց հաշվում եմ՝ վեց, վեց, վեց…

Մարմինն անհաղորդ էր դառնում, չէր ընդունում վիրադանակի ներգործությունը: Շուրթերը համրացան… Վերջ… Ձեռքերս, կարծես կտրված, թուլացած, կախվեցին… Գոնե անունն իմանայի: Բայց ո՞ր մեկինը: Ո՞ւմ մորը մխիթարեի, ի՞նչ խոսքեր գտնեի… Անհնար էր, անմիմաստ: Բառերը սուտ էին: Իրականությունը այս խղճուկ նկուղն էր, իսկ դրսում… դարձյալ ա՞րկ, թե ռումբ պայթեց՝ խուլ, ցնցող: Ուզում էի դուրս գալ, բայց աստիճանների վրա ինչ-որ համազգեստավորների բախվեցի:

-Պատրաստվեք էվակուացիայի,- բղավում էին նրանք,- թուրքական տանկերն արդեն Արև ձոր են հասել…

Հրետանային համազարկերն ավելի ու ավելի հաճախակի էին թնդում: Խոսելու ուժ չկար: Բոլորս կանգնել ու ապշահար նայում էինք միմյանց… մի՞թե… բայց ոչ, դժվար էր հավատալ… Լռությունը երկա՞ր տևեց, թե մեզ էր այդպես թվում, ու հանկարծ որոտաց Պավել Աթայանի բամբ ձայնը.

-…Արյունոտ դրոշ մեր ազատության

Ծածանվեց ընդդեմ բռնակալության…

Տե՛ր Աստված, երգում էր՝ բռունցքը վեր պարզած, ու աչքերը թաց-թաց էին: Թվում էր՝ ուր որ է, երեխայի պես կփղձկար, բայց ո՛չ, ավելի էր ահագնանում, ուրիշներն էլ ձայնակցում էին… գլուխ գլխի մոտեցրած՝ երգում էինք մեր բողոքը, ընդվզում ու լալիս…

-Հույսով լցվեցավ սիրտը հայության,

Երկյուղը պատեց կայսերն Օսմանյան…

Անահիտ Չիբուխչյան

(Կրճատումներով)