Ընտանիքս ծառայում է Հայոց բանակում

Զրույց` գնդապետ Աշոտ Ղազարյանի հրամանատարությամբ գործող զորամասի գումարտակներից մեկի բուժկետի պետ, ավագ ենթասպա Դիանա Գաբրիելյանի հետ:

-Դուք աշխատել եք նաև քաղաքացիական բուժհիմնարկում, ինչո՞վ էր պայմանավորված Զինված ուժերի շարքերը համալրելու Ձեր որոշումը:

– Մեր ընտանիքն ապրում էր Կիրովաբադում: Ես այնտեղ եմ ծնվել: 7-րդ դասարանի աշակերտուհի էի, երբ ջարդերը սկսվեցին: Այդ ժամանակ ես արդեն ունեի նախընտրած մասնագիտություն. հետաքրքրված էի լեզուներով…

… Մեր հարևանի աղջիկը բուժքույր էր, ես նրան շատ էի սիրում: Երբ նրան կանչում էին որևէ հիվանդի մոտ, գնում էի հետը: Հիշում եմ` երբ արդեն սկսվել էին հայտնի իրադարձությունները, գրպանումս միշտ յոդ, բամբակ ու բինտ էի պահում, որպեսզի երբ որևէ մեկն օգնության կարիք ունենա, փորձեմ ես էլ օգնել: Երևի թե այդ ժամանակ զգացի, որ մարդկանց օգնելը, խնամելը ինձ համար չափազանց կարևոր է… Այնպես ստացվեց, որ մենք ընտանիքով տեղափոխվեցինք Վոլգոգրադ: Մեկ տարի այնտեղ դպրոց գնացի: Հնարավորություն ունեինք Մոսկվայում ապրելու, բայց հայրս ցանկանում էր, որ 4 դուստրերը ապրեն Հայաստանում: Ընտանիքով տեղափոխվեցինք Հայաստան: 1992-ին ավարտեցի դպրոցը և բուժքրոջ մասնագիտություն ստացա: Այդ տարիներին էլ ծանոթացա ապագա ամուսնուս` Սամվել Ազարյանի հետ:: Նա զինվորական բժիշկ է(այժմ զորամասերից մեկի գումարտակի բուժկետի պետ է): ՌԴ-ում ուսում էր ստացել` որպես ատամնաբույժ, վերադարձել հայրենիք և կամավոր մեկնել Արցախ: Մասնակցում էր մարտական գործողություններին: Մի քանի օրով եկել էր թիկունք, այդ ընթացքում ծանոթացանք… Որոշ ժամանակ անց նա կրկին ճակատից եկավ, որպեսզի նշանադրվենք: Մեր կնքահայրը ամուսնուս հրամանատարներից էր` Համլետ Զաքարյանը: Հրամանատարը նրան ուղարկել էր տուն ` խոստանալով, որ նշանադրությանն անպայման ներկա կլինի նաև ինքը, սակայն չկարողացավ գալ… իրավիճակը լարված էր: Մեկ շաբաթ հետո ապագա ամուսինս կրկին մեկնեց ճակատ: Պատերազմն ավարտվել էր, երբ ամուսնացանք: Աշխատում էինք քաղաքային պոլիկլինիկայում: Շուտով ամուսինս համալրեց Զինված ուժերի շարքերը, նա արդեն իր համար ընտրել էր զինվորական բժշկությունը` որպես մասնագիտություն, քաղաքացիական բուժհիմնարկում չկարողացավ երկար աշխատել: Ինքս էլ ցանկանում էի ինչ-որ կերպ օգտակար լինել բանակին և 2002 թվականից ծառայության անցա: 2 դուստրերս ևս զինծառայող են, իսկ հունվարից որդիս կզորակոչվի ազգային բանակ:

– Հետաքրքիր է` ինչպիսի՞ն են այն ընտանիքները, որտեղ բոլորը զինվորական են… Ինչո՞վ են առանձնանում: Տանը և՞ս գործում է զինվորական ճշտապահությունը, զգաստությունը…

– Մենք ծառայության բնույթով պայմանավորված` շատ քիչ ենք տեսնում միմյանց: Երեխաներս միշտ հետաքրքրված են եղել զինվորական գործով, մենք էլ դեմ չենք եղել նրանց ընտրությանը, այլ ընդառաջել ենք: Այժմ սիրով ու պատվով են ծառայում: Ես ուրախ եմ, որ ընտանիքս ծառայում է Հայոց բանակում: Մանկուց նրանք տեսել են մեր ծառայությունը: Մենք հաճախ ճամբարային հավաքների ենք մասնակցում, և երեխաներս միշտ գիտակցաբար են վերաբերվել այն փաստին, որ մայրիկը պետք է մի քանի օրով բացակայի: Զինվորականների ընտանիքներն, անշուշտ, տարբերվում են: Անգամ երբ տանն ենք, զգոն ենք, ճշտապահ, զգաստ, գաղտնապահ, զուսպ, միմյանց նկատմամբ խստապահանջ… Որդիս էլ իր հերթին դրական է տրամադրված ծառայության հանդեպ, և վստահ եմ, որ լավ զինվոր է լինելու:

– Ինչո՞վ է առանձնահատուկ զինվորական բուժքրոջ աշխատանքը:

– Բուժքույրը պետք է կարողանա ամեն վայրկյան հասնել հիվանդին, նրա ցավին բալասան գտնել, հաղորդակցվել նրա հետ… Լինում են դեպքեր, երբ զինվորը դեղի ու բուժման կարիք չունի, այլ բարոյական աջակցության, ջերմ խոսքի: Պիտի օգնես բոլորին: Մեր երեխաներն են…

Գիշերային հերթապահության ժամերին հաճախ ջերմաչափումներ ենք անում: Մի զինվոր ասաց, որ տղաներից մեկն ինձ կանչում է: Հանկարծակի ջերմությունը բարձրացել էր: Մոտեցա, նստեցի կողքին, ճակատին թրջոցներ էի դնում, ասաց` մամ ջան, ու՞ր ես, կանչում եմ, չես լսում, ասացի` այստեղ եմ, եկել եմ արդեն.. Դեռ պատանի են, ծնողի կարիք են զգում, և ջերմ վերաբերմունքը միգուցե փոքր-ինչ փարատում է տան, ծնողի կարոտը: Մեր աշխատանքը խիստ տարբերվում է քաղաքացիական հիվանդանոցների բուժքրոջ աշխատանքից: Այնտեղ առողջական խնդիր ունեցող երեխայի մոտ ծնող կա, այստեղ մենք ենք զինվորի ծնողը: Մտերմանում ենք, խորհուրդներ ենք տալիս… մի անգամ նույնիսկ ինքս զանգահարել եմ զինվորներից մեկի սիրած աղջկան, նա տղային նեղացրել էր…

– Հետաքրքիր է` իսկ ծնողները իմանու՞մ են, որ իրենց զավակները գտնվում են բուժկետում:

– Հիմնականում տղաները չեն ասում ծնողներին: Բազմիցս ականատես եմ եղել` ջերմությունով պառկած է զինվորը, առաջարկում ենք խոսել մոր հետ, խոսում է ու ասում` մամ ջան, ամեն ինչ լավ է:

-Հատկապես բուժակները երևի թե ավելի հաճախ են շփվում զինվորների հետ…ինչպիսե՞ս կբնութագրեք մեր զինվորներին:

– Երբեմն տեսնում ես` զինվորը ցավ ունի, բայց ասում է` ինձ հանկարծ չպառկեցնեք: Հիմնականում ամուր կամքի տեր, գիտակից տղաներ ունենք` պատրաստ վտանգի դեպքում ամեն գնով պաշտպանելու հայրենիքը:

Հասմիկ Գյոզալյան