«Արցախի վիրավորների հրեշտակը»

Ստեփանակերտի հոսպիտալ այցելության ժամանակ հիացական խոսքեր լսեցի քույր-տնտեսուհի Անյա Ավանեսյանի մասին, որին «Արցախի վիրավորների հրեշտակ» էին անվանում:

Անյա Ավանեսյանը 1956-ից աշխատել է Ստեփանակերտի մարզային հիվանդանոցում: 1992-ից նույն աշխատանքն էր կատարում զինվորական հոսպիտալում: Վեց զավակների մայր էր, զարմանահրաշ կին՝ նվիրված, հոգատար, բարի: Գիշեր-ցերեկ վիրավորների կողքին էր, խնամում էր նրանց և մշտական դոնոր էր: Իր արյունը կաթիլ-կաթիլ տալով վիրավոր ազատամարտիկներին՝ մի օր էլ չդիմացավ: 1993 թ. մայիսի 2-ին նրա սիրտը դադարեց բաբախել:

Այս մասին նրա դուստր Ծովինարը պատմում է. «Մայրս՝ Անյան, գիշեր-ցերեկ հոսպիտալում էր անցկացնում: Ոչ միայն կերակրում,խնամում էր վիրավորներին, այլև արյուն էր տալիս նրանց կյանքը փրկելու համար: Երիտասարդը, որի համար վերջին անգամ արյուն տվեց, 18 տարեկան էր, ծայրահեղ ծանր վիճակում: Թեև մորս արգելել էին արյուն տալ, բայց նա չլսեց: Երիտասարդին արյուն տալուց հետո շատ վատ էր զգում: Ես նրա մոտ էի գնացել, և միասին վերադարձանք տուն: Նրան խնդրեցի, որ պառկի, հանգստանա, իսկ ես դուրս եկա սենյակից, որպեսզի քաղցր թեյ պատրաստեմ նրա համար: Մի քանի րոպե անց վերադարձա ու նրան գտա գետնին ընկած. ինսուլտ էր ստացել… 1993-ի ապրիլի 19-ն էր: Դեպքից 13 օր անց նա մահացավ: Մայրս ազնիվ, բարի, զգայուն անձնավորություն էր: Նրան բոլորն էլ սիրում ու մեծարում էին, հատկապես Վալերի Մարությանը շատ բարձր էր գնահատում նրան: Երևի դա էր պատճառը, որ մորս մահից հետո նա ինձ առաջարկեց հոսպիտալում աշխատել մայրիկիս փոխարեն: Անկեղծ ասած, սկզբում չէի ուզում, հրաժարվում էի, բայց Մարությանը համոզեց: Երկու քույրերս արդեն այնտեղ էին աշխատում: Աշխատանքի անցնելու օրվանից փորձում եմ ստվեր չգցել մորս հիշատակի վրա, ավելին` փորձում եմ նրա նման աշխատել, նրա նման հոգատար, ուշադիր լինել, չգիտեմ՝ որքանով է ստացվում…»:

Անահիտ Չիբուխչյան

(Կրճատումներով)