Բժշկի վերջին սխրանքը

Սերգեյ Դադայանը ծնվել է Բաքվում, բանվորի ընտանիքում: 1941թ. գերազանց գնահատականներով ավարտել է Բաքվի բժշկական ինստիտուտի դեղագործական ֆակուլտետը և նույն թվականին կամավոր մեկնել բանակ: Նշանակվել է Թամանյան 89-րդ հայկական դիվիզիայի 197-րդ բժշկական գումարտակի` դեղամիջոցների մատակարարման բաժնի վարիչ և այդ պատասխանատու պաշտոնը վարել ամբողջ պատերազմի ընթացքում, անցել մարտական երկար ուղի, որը ձգվել է Կովկասյան նախալեռներից մինչև Բեռլին:

Ռազմաճակատում հեշտ չէր դեղագործի աշխատանքը, առավել դժվար էր գնդի բուժկետերին ու բուժսանգումարտակին անհրաժեշտ չափով դեղորայքով ու վիրակապական նյութերով ապահովելը: Դադայանը իր ստանձնած պարտականությունները կատարել է անթերի, անբասիր բարեխղճությամբ, պարտքի մեծ զգացումով: Լինելով շրջահայաց, համարձակ ու քաջ՝ մշտապես վայելել է ընկերների սերն ու համակրանքը: 1945թ. մայիսի 2-ին, երբ 1-ին Բելառուսական, 1-ին Ուկրաինական և 2-րդ Բելառուսական ռազմաճակատների զորքերը, կատաղի մարտեր մղելով, ջախջախեցին ֆաշիստական բանակը, և Ռայխստագի վրա փողփողաց խորհրդային հերոս բանակի հաղթանակի դրոշը, թշնամին դեռևս շարունակում էր դիմադրել: Նրա վերջին խմբերի դիմադրությունը ևս փշրվեց, և Բեռլինն ընկավ, ֆաշիստական կայազորի վերջին մնացորդները ծնկի եկան:

1-ին Բելոռուսական ռազմաճակատի զորքերի կազմում Բեռլինի գրավմանը մասնակցում էր նաև 89-րդ հայկական Թամանյան դիվիզիան: Մայիսի 2-ի վաղ առավոտյան, զինված ինքնագնաց հրանոթներով ու 30 տանկով, հակառակորդի մի խմբավորման հաջողվում է անցնել մեր զորքերի պաշտպանության գիծը և շարժվել ուղիղ դեպի հայկական դիվիզիայի բուժսանգումարտակի վրա: Այստեղ վիրավորներ շատ կային: Բուժսանգումարտակը միայն մեկ որոշում ուներ՝ չնահանջել ու վիրավորներին անօգնական չթողնել: Մոտ 800 վիրավոր շտապ տեղափոխվում է մոտակա շենքերի ներքնահարկերը, յուրաքանչյուր դասակի հրամանատարի հանձնարարվում է կազմակերպել իր շենքի պաշտպանությունը՝ մասնակից դարձնելով նաև թեթև վիրավորներին: Մոտենալով բուժսանգումարտակին՝ ֆաշիստները սկսում են ամենատարբեր հրազենային միջոցներով կրակ տեղալ բուժաշխատողների և վիրավորների վրա: Բուժսանգումարտակի դեղագործ Սերգեյ Դադայանը իր խմբի հետ բարձրանում է իր հսկողությանը հանձնված շենքի տանիքը և այնտեղից կրակ բացում ֆաշիստների վրա: Այնուհետև բարձրանում է ավելի հարմար տեղ՝ մի հսկա ծառի վրա: Նրա հետ ծառն են բարձրանում գումարտակի ութ սանիտարներ ու մի քանի վիրավորներ, բոլորն էլ՝ զինված: Ծառի ճյուղերի արանքից նրանք կրակ են բացում գերմանացիների վրա: Տեսնելով, որ տանկերից մեկը անցնում է ծառի մոտով, անվեհեր բժիշկ-դեղագործը նռնակների կապոց է նետում տանկի վրա: Տանկը մի պտույտ է գործում տեղում և անշարժանում: Դա բժշկի վերջին սխրանքն էր: Հիտլերականները գտնում են կրակակետը… Քաջի մահով ընկնում է դեղագործը և նրա հետ ծառը բարձրացած սանիտարներն ու վիրավորները… Այդ լուրն իսկույն ևեթ տարածվում է գումարտակում և վիրավորների մեջ: Նրանք ոգևորվելով շարունակում են կատաղի դիմադրել թշնամուն, մինչև խորհրդային մյուս զորամիավորումները օգնության են հասնում:

Սերգեյ Դադայանն ընկավ, երբ ընդամենը 25 տարեկան էր… Խորհրդային դրոշը ծածանվում էր Ռայխստագի վրա, Բեռլինի շատ հրապարակներում ու փողոցներում խորհրդային բանակի քաջարի զինվորները միմյանց գրկում, երգում, պարում, ուրախանում էին, միմյանց շնորհավորում փառահեղ, ծանրագույն հաղթանակի առթիվ: Հաղթանակ, որի համար բազմաթիվ գեղեցիկ, հերոսական կյանքեր ընդհատվեցին:

Ա. Գրիգորյան

Բ. Մելքումյան