Եթե Մուրադը կողքիս է, ինձ ոչինչ չի պատահի

Մուրադ Տելեմակի Մուրադյանը ծնվել է 1993թ. մայիսի 12-ին Կիրովականում (այժմ՝ Վանաձոր): 1970-1980 թթ. սովորել և ավարտել է Կիրովականի Ծովակալ Իսակովի անվան թիվ 29 միջնակարգ դպրոցը: 1982-1984 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1987թ. ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժության ֆակուլտետ, 1994 թ. ավարտել այն: 1988-ից բժշկական ինստիտուտի՝ Արցախյան շարժման նախաձեռնող խմբի անդամ էր: 1990 թ. կազմակերպել և մի քանի ակտիվիստների հետ ստեղծել է բուժակ-հրաձիգների պատրաստման և մարտական ջոկատների համալրման խմբեր, ապա «Հայկազուններ» մասնաճյուղը: 1991թ. անդամագրվել է «Նիկոլ Դուման» երկրապահ կամավորական ջոկատին, որի կազմում մինչև հրադադարը մասնակցել է Հայաստանի սահմանամերձ գյուղերի և Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական, ազատագրական մարտերին:

1996թ. ծառայության է անցել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչությունում որպես վարչության պետի տեղակալ:

Մուրադ Մուրադյանը զոհվել է 1996 թ. մարտի 10-ին՝ ծառայողական պարտականությունները կատարելիս, Տավուշի սահմանամերձ շրջանում:

Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

Ամուսնացած էր, ուներ մեկ որդի:

Մուրադ Մուրադյանը ծնվել է Հայաստանի գողտրիկ անկյուններից մեկում՝ Կիրովականում, բանվորի ընտանիքում: Իր երեք քույրերի հետ մեծացել է՝ շրջապատված սիրով, ուշադրությամբ: Ծնողները իրենք էլ չեն հիշում, թե Մուրադի խաղալիքների կողքին երբ հայտնվեցին գրքերը, ու թե երբ մի սիրելի զբաղմունքը փոխվեց մյուսով ու կլանեց նրան: Գրքերը դարձան նրա կյանքի մշտական ուղեկիցը: Դպրոցում լավ էր սովորում, աչքի էր ընկնում ոչ միայն ուսումնատենչ բնավորությամբ, այլև արդարամտությամբ, համարձակությամբ, նրա համար խորթ ու անընդունելի էր վախկոտությունը, և երբեք իր ինքնապաշտպանությունը ծնողների կողքին չէր փնտրում, եթե անգամ համոզված լիներ, որ կտուժեր, միևնույնն է, փորձում էր ինքնուրույն լուծել իր խնդիրները: Հետագայում էլ կյանքը չփոխեց նրան, և մինչև իր կյանքի վերջ մնաց այնպիսին, ինչպիսին եղել էր՝ ազնիվ, արդարամիտ, բարեհոգի, համարձակ ու հավասարակշռված:

Դպրոցական տարիներից Մուրադը զբաղվում էր ըմբշամարտով, սովորում էր նվագել երաժշտական տարբեր գործիքներով, իսկ ազատ ժամանակի մեծ մասը հիմնականում տրամադրում էր հայ ժողովրդի պատմության ուսումնասիրությանը: Տեղեկություններ, նկարներ էր հավաքում Եղեռնի, Հայ դատի, բոլոր ժամանակների ազգային-ազատագրական շարժումների վերաբերյալ, ալբոմներ կազմում: Շատերը մտածում էին, որ Մուրադը պատմաբան կդառնա: Բայց նա, դեռևս 5-րդ դասարանի աշակերտ, ընտրեց իր ապագա մասնագիտությունը, իսկ որոշիչ դարձավ «Կենսաբանություն» առարկան, որը օրեցօր ավելի ու ավելի էր մեծացնում նրա հետաքրքությունը, այն աստիճան, որ նա սկսեց միջատների ու գորտերի վրա ուսումնասիրություններ, փորձարկումներ կատարել: Մյուս կողմից, դեռևս մանկության տարիներին նրան հրապուրում և հետաքրքրում էին զենքերը, զինվորական ծառայությունը, և նա երազում էր համատեղել՝ դառնալ և՛ զինվորական, և՛ բժիշկ:

Դպրոցն ավարտելուց հետո նա որոշեց մեկնել Լենինգրադ, ընդունվել ռազմաբժշկական ակադեմիա, իրականություն դարձնել իր նվիրական երազանքը, բայց ի վերջո տեղի տալով ծնողների թախանձանքին՝ Մուրադը հրաժարվեց Լենինգրադ մեկնելու իր որոշումից: Երկու տարի ծառայեց խորհրդային բանակում: Զորացրվելուց հետո վերադարձավ և սկսեց պատրաստվել ինստիտուտի ընդունելության քննություններին: 1997թ. ընդունվեց Երևանի բժշկական ինստիտուտի մանկաբուժության ֆակուլտետ: Երբ սկսվեց Արցախյան շարժումը՝ հայ ժողովրդի զարթոնքը, նա առաջիններից էր, որ անմնացորդ նվիրվեց ժողովրդի ազատագրական պայքարին: «Նիկոլ Դուման» երկրապահ կամավորական ջոկատի կազմում մասնակցեց Հայաստանի սահմանամերձ շրջանների և Արցախի ինքնապաշտպանական մարտերին: Նա իր ընկերների հետ շատ դժվարություններ հաղթահարեց, ճաշակեց պարտությունների դառնությունը, հաղթանակների բերկրանքը, սգաց զոհված ընկերների կորուստը, ուրախացավ նրանց հաջողություններով: Նրա արտահայտած մտքերը, նրա լայն մտահորիզոնը օրեցօր ավելի էին մեծացնում նրա հեղինակությունը. բոլորը նրա մեջ տեսնում էին լուրջ, խելացի քաղաքական գործչի, ազնիվ, անկաշառ առաջնորդի, նվիրյալ ընկերոջ, բազմակողմանի զարգացած, գործունեության լայն շրջանակ ունեցող անհատի: Նա և՛ հնէաբան էր, և՛ պատմաբան, և՛ քաղաքագետ, և՛ զինվորական:

Մուրադը, իրոք, յուրահատուկ անձնավորություն էր: Ցածրահասակ էր, մկանուտ: Մրահոն, սևորակ, գեղեցիկ, կայծկլտուն, երազկոտ աչքերում անսահման սեր ու բարություն կար, իսկ ժպիտը նրան էլ ավելի հմայիչ էր դարձնում: Բնավորությամբ մեղմ էր, բարեհոգի, ազնիվ ու արդարամիտ, կենսուրախ ու մարդասեր, իսկ այդ ամենի ակունքում նրա հոգին էր՝ պարզ ու անապակ, քնարական հոգին:

Այո, հարգում էին Մուրադին, այո, սիրում էին Մուրադին… Իսկ երբ լսեցին նրա մահվան բոթը, սարսռացին… Բոլորն էլ, քանի դեռ չէին տեսել նրա անշնչացած մարմինը, մտովի խնդրում էին Աստծուն, որ սխալմունք լինի, ինչպես տարիներ առաջ, երբ մոսկովյան «Վեստի» ծրագրով ցույց տալով Մուրադի փաստաթղթերը՝ հայտարարեցին, որ զոհվել է՝ նռնակները ձեռքին: Ավա՜ղ… այս անգամ սխալմունք չէր, այս անգամ իրականություն էին գուժել…

Մուրադի մահից 19 տարի է անցել, սակայն Մուրադի ընկերները չեն մոռացել նրան: Ամեն տարի ծննդյան, մահվան և իրենց համար նշանավոր օրերին այցելում են նրա շիրիմին, թարմ ծաղիկներ դնում…

Մուրադ Մուրադյանի մասին իր հուշերն է պատմում նրա մտերիմ ընկերը՝ Կամավոր Խաչատրյանը:

***

Մուրադը մեր ջոկատի առաջատարներից էր, անզուգական անձնավորություն՝ բազմակողմանիորեն զարգացած, մեծ հոգեբան էր, էլ չեմ խոսում ազնվության, բարության ու մարդկային մյուս հատկանիշների մասին, որոնք անսահման էին նրա մեջ: Քաղցրահունչ ձայն ուներ, երգում էր հրաշալի, ստեղծագործում էր: Հումորի անսպառ պաշար ուներ: Նա ինձանից 9 տարով էր մեծ, բայց ես նրան ակնածանքով էի վերաբերվում, և ոչ միայն ես, այլև ջոկատի մյուս տղաները: Նա կարողանում էր բոլորի հետ լեզու գտնել: Մեզ այնպես էր տրամադրում, որ պատրաստ էինք ամենահանդուգն մարտական գործողություններին: Նրա խոսքերը համոզիչ էին ու տրամաբանական: Նրան ճանաչելուց ի վեր ես ձգտում էի միշտ նրա կողքին լինել թե հենակետում, թե մարտերի ընթացքում, որովհետև նրա հետ ինձ ապահով էի զգում: «Եթե Մուրադը կողքիս է, ինձ ոչինչ չի պատահի»,- մտածում էի ես:

Պատերազմի դաշտում ես շատ ընկերներ եմ կորցրել, սգացել նրանց մահը, բայց Մուրադի կորստյան ցավը այլ էր…

***

Լաչինի հայտնի դեպքերի նախօրյակին Մուրադին շտապ Երևան կանչեցին: Նա չէր ուզում գնալ, բայց ստիպված էր… Երբեք չեմ մոռանա նրա հայացքը, երբ մեզ հրաժեշտ էր տալիս. նրա հայացքում հարազատի սրտացավ գորով կար, անհանգստություն մեզ՝ մնացողներիս համար. «Տղե՛րք ջան, անխոհեմ բաներ չանեք, զգո՛ն եղեք և չկոտրվեք, ես երկար չեմ մնա, շուտ կվերադառնամ»:

***

Լաչինի մեր հենակետում էինք: Մի օր՝ գիշերվա կեսին, դուրս եկա և մեր կացարանից քիչ հեռու՝ 15-20 մետրի վրա, մեկին նկատեցի, որ նստել էր գետնին: Մոտեցա… Մուրադն էր, նա գրպանից ինչ-որ բան հանեց և մոտեցնելով դեմքին՝ սկսեց հոտ քաշել:

-Ի՞նչ ես անում,- հարցրի նրան:

-Որդուս շապիկն է, նրա հոտն եմ առնում: Դու էլ հոտ քաշիր, կզգաս,- ասաց նա և փոքրիկ շապիկը, որն արդեն կեղտոտվել, սևացել էր, մեկնեց ինձ:

-Մուրադ ջան, մենակ քո քրտինքի հոտն եմ առնում:

-Հոտ չես առնում, որովհետև դեռ հայր չես: Ա՜յ, երբ ծնող՝ հայր կդառնաս, այն ժամանակ էլ հոտը կտարբերես:

Անահիտ Չիբուխչյան

(Կրճատումներով)