Զինվորը մեզ մոտ ջերմություն է գտնում

Գնդապետ Աշոտ Ղազարյանի հրամանատարությամբ գործող զորամասի դեղատան պետ, ավագ ենթասպա Մարիամ Մկրտչյանը շուրջ 2 տասնամյակ է` ծառայում է Զինված ուժերում:

1996 թվականից ծառայության է անցել այս զորամասում որպես դեղատան պետ: Մարիամ Մկրտչյանի հետ զրուցել ենք աշխատանքի առանձնահատկությունների և այլ հարցերի շուրջ:

-Դուք բուժկետի ամենաերկարամյա բուժաշխատողն եք: Խնդրում եմ` նախ պատմեք Ձեր ծառայողական ուղու մասին:

-Մասնագիտությամբ բուժքույր եմ: Նախքան զինվորական ծառայության անցնելը աշխատել եմ քաղաքացիական պոլիկլինիկայում` ակնաբուժական բաժանմունքում: Ամուսինս զինվորական է: Ես ինքս միշտ սիրել եմ զինվորական գործը և ցանկություն ունեցա ծառայելու զինվորական բուժհիմնարկում: Ամուսինս ծառայության անցավ 1993-ին, ես` 1996-ին: Հենց սկզբից դեղատան պետ եմ եղել: Մեր աշխատանքը առանձնահատուկ է: Մենք զինվորական ենք և բուժաշխատող… կրկնակի պատասխանատվություն ենք կրում, ունենք պարտականություններ, որոնք տարբերվում են քաղաքացիական հիվանդանոցների բուժաշխատողների աշխատանքային պարտականություններից: Երբ դեռ երիտասարդ էի, երևի թե ողջ խորությամբ չէի գիտակցում պատասխանատվության ահռելի չափը: Տարիների հետ շատ բան է փոխվել: Հավանաբար նաև տարիքս է պատճառը՝ սկսեցի զինվորներին վերաբերվել որպես ծնող, մայր, հարազատ… որպես մեկի, ով այդ պահին իմ օգնության, խորհրդի, կարեկից վերաբերմունքի կարիքն ունի:

– Ձեր աշխատանքն իսկապես առանձնահատուկ է… կհիշե՞ք հետաքրքիր դրվագներ ձեր ծառայությունից:

– Հետաքիքիր պատմությունները շատ են… Մի նորակոչիկ էր եկել` ընդամենը մի քանի օրվա ծառայող, բարձր ջերմություն ուներ, աչքերը լցված էին… հենց գլուխը շոյեցի, արցունքները թափվեցին… Չեմ մոռանում այդ տղային:

Հաճախ լինում են դեպքեր, երբ տղաները ցավ չունեն, սակայն ինչ-ինչ պատճառներով հոգեպես ճնշված են, ընկճված, ցանկանում են ծառայությունից կտրվել փոքր-ինչ, հանգստանալ… Նրանք այստեղ ջերմություն են գտնում: Եթե անգամ գալիս, զրուցում և գնում են, անմիջապես փոխվում է նրանց տրամադրությունը: Մենք աշխատում ենք բոլորի նկատմամբ անհատական վերաբերմունք ցուցաբերել: Զինծառայողների գերակշռող մասը թաքցնում է հարազատներից, որ հիվանդացել է: Շատ հաճախ նաև մեզնից են փորձում թաքցնել:

Պատրաստակամ են, գիտակցված են ծառայում: Ճիշտ է` սա սահմանապահ զորամաս չէ, սակայն ես հիշում եմ օգոստոսյան լարված օրերին ինչ մարտական ոգի էր տիրում այստեղ: Տղաներն անընդհատ հետաքրքրվում էին, թե ինչպիսին է իրավիճակը առաջնագծում, ինչպես են իրենց ծառայակից դիրքապահ ընկերները: Կազմակերպվածություն ու համախմբվածություն կար… Դա մեր ազգային դիմագիծն է: 90-ականներին էլ հաղթեցինք, նախևառաջ, համախմվածությամբ, ոգով…

– Ես իմացա, որ Ձեր եղբայրը մասնակցել է Արցախյան ազատամարտին…

– Եղբայրս գաղտնի գնաց: Ուսանող էր, գաղտնի գրանցվել էր և միացել երկրապահ կամավորականների ջոկատին: Հիշում եմ` մի օր գիշերը տուն չեկավ: Հետաքրքվեցինք, իմացանք, որ Արցախում է: Որոշ ժամանակ անց ուղարկել էին քննությունները հանձնելու: Արմատներով մշեցի հայրս խիստ մարդ էր: Եղբորս հանդիմանեց, թե՝ գնացել ես հայրենիքիդ համար կռվելու ու հորդ չես ասել…Եղբայրս պատասխանեց` հիշու՞մ ես, երբ պատեազմի մասին ֆիլմեր էինք նայում, հենց կարմիրբանակայինները գալիս էին, կանգնում էիր ու ոգևորված ասում` ջան, տղերք ջան, խփեք… դու այդ ժամանակ ես ինձ ուղարկել:

-Հաճախ ասում են, որ զինվորական ծառայությունն ու կնոջ, մոր պարտականությունները դժվար համատեղելի են…

– Դժվար է, բայց անհնարին ոչինչ չկա: Զինվորական ծառայությունը նվիրում է պահանջում: Առանց դրա չես կարող: Եթե փորձում ես ժամանակ խնայել, կարող ես գողանալ միայն քո հանգստի, ընտանիքին, հարազատներին տրամադրվող ժամանակից: Սակայն ընտանիքս միշտ ըմբռնումով է մոտեցել: Երեխաներս մանկուց տեսել են ծնողների աշխատանքը, և մեր ծառայությունն արդեն առօրեական է դարձել: Զինվորականների ընտանիքում մեծացող երեխաները տարբերվում են: Երբ ծնողը զինվորական համազգեստով մտնում է տուն, դա արդեն դաստիարակություն է: Ձգված են, պարտաճանաչ են, ավելի պատրաստ` ցանկացած դժվարության դիմակայելու: Որդիս արդեն կատարել է իր պարտքը: Աստված թող խաղաղություն տա աշխարհին ու մեր Հայաստանին: Աստված օրհնի մեր բոլոր զինվորներին… անփորձանք ծառայեն և տուն հասնեն:

– Դուք 1996-ից շարքում եք: Խոսենք նաև փոփոխությունների մասին, դրանք, անշուշտ, շատ են:

– Տարբերությունն ահռելի է: Երբ ես ընդունվեցի ծառայության, մեր բուժկետը փայտե շինություն էր, որտեղ մի կաթիլ ջուր չկար: Ավելորդ է խոսել սանիտարահիգիենիկ պայմանների մասին: Այսօր ունենք անհրաժեշտ գույքով ապահովված, գեղեցիկ վերանորոգված տիպային բուժկետ: Մեր զինվորներն ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով: Ինչ վերաբերում է դեղորայքին, այն տարիներին մենք ստանում էինք` որպես օգնություն, և լինում էին նաև ժամկետանց դեղեր: Իսկ այսօր դա լիովին բացառված է: Դեղորայքի տեսականին հարստացել է և որակն է բարձրացել:

Հասմիկ Գյոզալյան