Հայերը քիմիական զենք են օգտագործում, փախե՜ք

Բժիշկ-ազատամարտիկ Մուրադ Մուրադյանի մասին իր հուշերն է պատմում նրա մարտական ընկեր Կամավոր Խաչատրյանը:

***

Մեր պոստը հանձնելով հերթափոխին՝ Մուրադը, արթիկցի Վարդանն ու ես իջնում էինք սարից: Թշնամու տանկը ուղիղ նշանառությամբ սկսեց մեր ուղղությամբ կրակել:Երբ առաջին արկը պայթեց, հանկարծակիի եկանք… Մուրադն արդեն գիտեր, թե երկրորդը մոտավորապես որտեղ կընկներ: Հասկանալով, որ երկրորդ արկը ուղիղ մեզ վրա է գալիս, ամենքս մի կողմ նետվեցինք: Մուրադը մեզնից բավականին հեռու էր ընկել՝ թփուտների մեջ, բայց լսեցինք՝ ինչպես զարկվեց գետնին, որին հաջորդեց ծանր տնքոցը: Ինձ թվաց՝ վիրավորվել է… Տանկը շարունակում էր կրակել: Ես ու Վարդանը մոտեցանք Մուրադին, իսկ նա գլխիվայր անշարժ պառկած էր տատասկապատ թփուտներին, միայն ոտքերն էին դուրս մնացել: Ես ու Վարդանը, նրա ոտքերից բռնած, քարշ տալով դուրս բերեցինք թփուտներից ու ընկանք մի մեծ փոսի մեջ: Մուրադի ձեռքերը, դեմքը ամբողջովին արյունոտված էին:

-Մուրադ ջան, վիրավո՞ր ես,-հարցրի նրան:

-…Վիրավոր չէի, բայց դուք ինձ սպանեցիք,- ցավից դեմքը ծամածռելով ու ծիծաղելով՝ ասաց Մուրադը,- ախր տակս ու շուրջս միայն փուշ ու տատասկ էր:

***

Դիրքերում հաճախ էինք դարանակալում թուրքերին: Մի անգամ Մուրադը վերադարձավ՝ դեմքն արյունոտ. հոնքն էր վնասվել:

-Վիրավորվե՞լ ես, ինչպե՞ս պատահեց:

-Սնայպերն էր,-պատասխանեց:

Էլ ոչինչ չհարցրի, ինձ թվաց, որ կրակել են նրա վրա, և գնդակը, հոնքը քերելով, անցել էր: Նրա ձեռքից վերցրի դիպուկահար հրացանը և գնացի… Նշանառու հրացանների օպտիկայի ծայրին, որը հարմարեցնում ես աչքիդ, ռետինե օղակ է լինում, որպեսզի կրակելուց այն չվնասի աչքը, որովհետև կրակելուց այն 5սմ-ի չափով ետ է գալիս ու սեղմում աչքի շուրջբոլորը: Թուրքին շարքից հանելուց հետո ցավ զգացի աչքիս մոտ: Ձեռքս դրեցի ցավոտ տեղին… արյուն էր գալիս: Հետո պարզեցի «գաղտնիքը» . օպտիկայի վրայի ռետինե օղակը բացակայում էր: Հասկացա՝ ինչ էր կատարվել:

***

Նոր զինատեսակներ էինք ստացել Աղբուլաղ գնալուց առաջ: Զենքերի մեջ կանաչ ներկած, թիթեղյա տարրա կար, իհակե, փակ, և վրան ոչինչ գրված չէր: Նախապես մեզ ասել էին, որ կարևոր զինատեսակ է, բայց չէին բացատրել, թե ինչպիսի: Տեղ հասնելով՝ բացեցինք զենքերի արկղերը, բացի այդ տարրայից, մնացածը ծանոթ էին: Մուրադի համար էլ դա նորություն էր:

-Ես պետք է բացեմ ու տեսնեմ՝ ինչ է,- ասաց նա:

-Կարող է պայթուցիկ լինել, ավելի լավ է ձեռք չտաս,- ամեն կողմից զգուշացնում էին նրան:

-Դուք հեռու գնացեք, ես կբացեմ,- ասաց ու դանակով զգուշությամբ սկսեց բացել:

Մենք հեռու քաշվեցինք և 10-15 մետրից նրան էինք հետևում: Տարրայի մեջ հալվայի նման նյութ էր՝ տհաճ հոտով: Մուրադը ձեռքով մի փոքր վերցրեց և լցրեց խարույկի վրա: Նյութը կամաց սկսեց վառվել, հետո ծխի մի սյուն բարձրացավ մոտ 80սմ-ի չափով, ապա դանդաղ սկսեց տարածվել ու փակել տեսանելիությունը: Ծուխը դեպի ներքև էր գնում՝ դեպի մոտակա թուրքական գյուղը: 10-15 րոպե էլ չէր անցել, երբ գյուղում իրարանցում սկսվեց, ապա էվակուացիա:

-Հայերը քիմիական զենք են օգտագործում, փախե՜ք,-լսվում էր ներքևից՝ թուրքերի գյուղից:

Անահիտ Չիբուխչյան

(Կրճատումներով)