Թռիչքային փորձաքննություն

Զրույց ՀՀ ՊՆ ԿԿԶՀ թռիչքային փորձաքննության բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Նունե Ղամբարյանի հետ

Նունե Ղամբարյանը 1992 թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: Բուհում ուսանելու տարիներին և հետագայում՝ մինչև 2006 թ., աշխատել է Երևանի շտապօգնության կայանում նախ որպես բուժքույր, ապա` որպես բժիշկ-թերապևտ: Ազգային ժողովի Սոցիալական առողջապահության և կրթության հարցերով հանձնաժողովին կից վարչությունում զբաղեցրել է քաղծառայության առաջատար մասնագետի պաշտոն: 2006 թ. տեղափոխվել է ՀՀ ՊՆ ԿԿԶՀ թռիչքային փորձաքննության բաժանմունք և աշխատանքի անցել նախ որպես օրդինատոր, ապա՝ որպես բժիշկ-թերապևտ, հետագայում նշանակվել է բաժանմունքի պետի պաշտոնում, որը վարում է առ այսօր:

-Երբ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» amda.am կայքում և ֆեյսբուքյան էջում տեղադրվեց ՀՀ ՊՆ ԿԿԶՀ 4-րդ մասնաշենքի բացման մասին հրապարակումը, որտեղ հատված կար նաև թռիչքային փորձաքննության բաժանմունքի մասին, բազմաթիվ ընթերցողներներ նամակներ էին գրում և հետաքրքրվում էին (ոմանց համար Ձեր ղեկավարած բաժանմունքի գոյությունը նորություն էր)… Ե՞րբ է հիմնադրվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի թռիչքային փորձաքննության բաժանմունքը:

-Բաժանմունքը հիմնադրվել է 1992 թ.՝ Արցախյան պատերազմի ժամանակ, երբ մեր հանրապետությունը ինքն էր իր անկախության, իր ազատության, Արցախի պաշտպանության միակ գրավականը: Մեզ մոտ քայլ առ քայլ ձևավորվում էր ռազմաբժշկական ծառայությունը, և թռիչքային փորձաքննության բաժանմունք ունենալը նույնպես պարտադիր էր: Սկզբնական շրջանում այն ծառայել է նաև որպես վիրավորների տեսակավորման բաժանմունք: Հետագայում բաժանմունքի հիմնադիր Վալենտինա Արզումանյանի հետևողական ջանքերի, խիստ և սկզբունքային բնավորության շնորհիվ բաժանմունքը օրեցօր զարգացել է:

-Ովքե՞ր են օգտվում այս բաժանմունքի ծառայությունից:

– Մեզ մոտ բժշկական փորձաքննություն են անցնում, անհրաժեշտության դեպքում բուժում են ստանում քաղաքացիական և զինվորական, ինչպես նաև հատուկ նշանակության ջոկատների օդաչուները,պարաշյուտային սպորտի ֆեդերացիայի անդամները, Արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմը, օդաչուների ընտանիքների անդամները: Երբ Երևանում փակվեց Ռուսաստանի զինվորական հոսպիտալը, մեզ մոտ սկսեցին գալ նաև ռուս օդաչուները: Նրանք իրենց բժշկական փորձաքննության հատուկ հանձնաժողովն ունեն և մեզ մոտ փորձաքննություն չեն անցնում, սակայն երբեմն դիմում են մեզ՝ կիսամյակային պարտադիր բուժզննումները՝ թերապևտիկ և նյարդաբանական, իրականացնելու նպատակով: Մեր բաժանմունքում բժշկական փորձաքննություն են անցնում նաև Խանփերցյանի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի դիմորդները, իհարկե, ոչ ստացիոնար պայմաններում: Մենք ներկայացնում ենք բժշկական եզրակացությունը՝ հիմնավորված կլինիկական, լաբորատոր, գործիքային հետազոտության արդյունքներով, որի հիման վրա կայացվում է որոշում: Եթե նրանք ունեն առողջական խնդիրներ, անգամ գերազանց գնահատականների առկայության դեպքում, չեն կարող օդաչու դառնալ: Մենք չենք կարող թույլ տալ, որ նա վտանգի իր, իր գործընկերների, իրեն վստահված օդանավի ուղևորների կյանքը… և ինչու ոչ, նաև նյութական ահռելի վնաս հասցնի մեր փոքրիկ և չափազանց սուղ միջոցներ ունեցող հանրապետությանը: Երբեմն լինում են դեպքեր, երբ ծնողները հարցեր, անհամաձայնություններ են ունենում: Ամբողջովին հասկանալով նրանց մտավախությունը, անհանգստությունը՝ անկեղծ եմ լինում: Ծնողներին ներկայացնում եմ հետազոտությունների արդյունքները, միևնույն ժամանակ փաստում, որ, այո, Ձեր որդին ունի այս կամ այն առողջական խնդիրը, ինչը անհամատեղելի է օդաչուի մասնագիտության հետ, բայց դա դեռ չի նշանակում, որ նա ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից. համաձայն Զինապարտների և զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության կարգը հաստատող իրավական ակտի՝ նա պիտանի է զինվորական պարտադիր ծառայության՝ իհարկե, որոշակի սահմանափակումներով: Կարևոր է ծնողին այնպես բացատրել, որ նա քեզանից չհեռանա դժգոհ կամ չարացած, հեռանա՝ լիովին ընդունելով, որ դու իրավացի ես… և չկորցնի վստահությունը բժշկի, մեր համակարգի նկատմամբ:

Թռիչքային փորձաքննության բաժանմունքը, ընդհանուր ուղղվածությամբ, հոսպիտալի երկրորդ թերապևտիկ բաժանմունքն է, և մեզ մոտ ստացիոնար պայմաններում բուժում են ստանում նաև պարտադիր, ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինվորներ, սպաներ, եթե նրանք ունեն թերապևտիկ բնույթի գանգատներ:

-Միայն կլինիկական, լաբորատոր, գործիքային հետազոտությունները բավակա՞ն են կուրսանտների և օդաչուների բժշկական փորձաքննությունը իրականացնելու համար: Գաղտնիք չէ, որ տարաբնույթ հարցերի պատասխաններ ստանալու համար թթվածնային կամ բժշկական բարոխցիկներ, Բարանիի կամ Խիլովի ճոճանակներ են օգտագործում. ունե՞ք հնարավորություն նման պայմաններում դիտարկումներ կատարելու:

-Ցավոք, բաժանմունքը հագեցած չէ նման սարքավորումներով, որոնք արդեն երկար տարիներ կիրառվում են արտերկրի բազմաթիվ բուժհաստատություններում և տալիս են պատասխաններ հիպոքսիայի և ճնշման տատանումների նկատմամբ օրգանիզմի տանելիության, վեստիբուլյար ապարատի հիվանդությունների, խանգարումների վերաբերյալ: Մեր ռազմական ավիացիոն ինստիտուտը ունի ուսումնական կենտրոն, որտեղից 2-րդ, 3-րդ կուրսի կուրսանտները սկսում են փորձնական թռիչքներ կատարել՝ ինչ խոսք, փորձառու մասնագետների հսկողությամբ: Պիտի հպարտությամբ նշեմ, որ մենք իսկապես հզոր մասնագետներ՝ օդաչուներ ունենք, որոնք ուսանել են Մոսկվայի, Խարկովի ավիացիոն ինստիտուտներում և բոլոր հնարավորությունները, մասնագիտական կարողությունները ծառայեցրել ի շահ մեր հանրապետության. ծառայել են անբասիր և իրենց փորձը, գիտելիքները փոխանցել երիտասարդ օդաչուներին: Նրանք փորձնական թռիչքների ժամանակ ուսումնասիրում են կուրսանտի ինքնազգացողության, տրամադրության փոփոխությունները և մեզ հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ ստանում են տեղում, երբ օդանավը դեռևս թռիչքի մեջ է:

-Ի՞նչ հաճախականությամբ է պարտադիր բուժզննում անցնում թռիչքային անձնակազմը:

-Նրանց պարտադիր բուժզննումը լինում է տարեկան (դա լայնածավալ փորձաքննություն է) և կիսամյակային (ներառում է միայն թերապևտիկ և նյարդաբանական կլինիկական հետազոտություններ, գործիքային հետազոտություններ չկան): Բոլոր օդաչուները՝ 30 տարեկանից բարձր, անցնում են նաև պարտադիր ստացիոնար փորձաքննություն՝ 3-4 տարի հաճախականությամբ, իսկ եթե ունեն առողջական խնդիրներ, ոչ ուշ, քան 2 տարին մեկ անգամ, երբեմն նույնիսկ ավելի հաճախ: Մեր գերխնդիրն է ոչ թե բացահայտել օդաչուի հիվանդությունը և շարքից հեռացնել նրան, այլ հակառակը, բուժել և շարք վերադարձնել, որովհետև մեր օդաչուները այնքան էլ շատ չեն, և մենք դողում ենք նրանցից յուրաքանչյուրի առողջության համար:

-Ի՞նչ իրավական ակտերով է սահմանվում թռիչքային անձնակազմի բժշկական փորձաքննության կարգը:

– ՌԴ պաշտպանության նախարարի հրամանով ԶՈՒ թռիչքային անձնակազմի բժշկական փորձաքննության կարգի հաստատման մասին և ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան որոշումներով՝ այդ իրավական ակտը ՀՀ կիրառելու վերաբերյալ:

-Այսօր ՊՆ ԿԿԶՀ թռիչքային փորձաքննության բաժանմունքը միակն է Հայաստանի բուժհաստատություններում, և Ձեզ է վստահված այն ղեկավարելու պատասխանատվությունը: Ինչպե՞ս է սկսվել Ձեր՝ որպես բժշկի աշխատանքային գործունեությունը, և ի՞նչ ճանապարհ եք անցել:

– Դպրոցական տարիներին ստեղծագործում էի, օլիմպիադաների մասնակցում, մրցանակներ շահում: Ինձ գրավում էր լրագրողի մասնագիտությունը: Մտերիմները կարծում էին, որ այդ ուղղությամբ եմ շարունակելու ուսումը, թեև բնագիտական առարկաները սովորելիս նույնպես չէի թերանում: Երբ ավարտեցի դպրոցը, երկու տարի աշխատեցի տեղամասային պոլիկլինիկայում որպես ընդունարանի գործավար: Ապա ընդունվեցի Երևանի պետական բժշկական ինստիտուտ և ուսմանը զուգահեռ աշխատանքի անցա Երևանի շտապօգնության կայանում: Բուհում հարստանում էի տեսական գիտելիքներով, աշխատանքի վայրում՝ փորձով : Երբ ավարտում էի բուհը, պրոֆեսոր Մանուկյանն ասաց, որ պետական քննությունը երկու փուլով ենք հանձնելու՝ առաջինը՝ գործնական, երկրորդը՝ տեսական (նա միշտ էր այդպես ընդունում պետական քննությունները): Երբ արդեն երկրորդ փուլում հանձնում էի քննությունը, իսկ առաջին փուլում ինձ մոտ ամեն ինչ գերազանց էր ստացվել, Մանուկյանը անվերջ հարցեր էր տալիս՝ մեկը մյուսից տարբեր: Հանձնաժողովի նախագահը կշտամբեց նրան.«Ինչո՞ւ ես այդքան հարցաքննում, տեսնում ես՝ գիտի, ինչո՞ւ չես նշանակում»: Մանուկյանը պատասխանեց.«Ես չեմ հարցաքննում Ձեր ուսանողին, զրուցում եմ բժշկի հետ»: Այդ ժամանակ հասկացա, որ ես արդեն բժիշկ եմ, և դա ինձ համար ամենաբարձր, ամենացանկալի գնահատականն էր: Բուհը ավարտելուց հետո արդեն որպես բժիշկ շարունակեցի աշխատանքս շտապօգնության կայանում:

Որպես քաղծառայող՝ առաջատար պաշտոն եմ զբաղեցրել Ազգային ժողովի Սոցիալական առողջապահության և կրթության հարցերով հանձնաժողովին կից վարչությունում: Հիմնականում խորհրդատվական աշխատանք էինք կատարում. այցելում էինք տարբեր բուժհաստատություններ, լսում համապատասխան մասնագետների կարծիքը այս կամ այն խնդրի վերաբերյալ, նրանց հիմնավորումները, փաստարկները հավաքագրելով՝ ներկայացնում էինք հանձնաժողովին: Փորձում էինք հասկանալ ՝ ինչ խնդիրներ են մտահոգում մեր բուժաշխատողներին, ինչ է անհրաժեշտ հանրապետությունում բուժծառայության որակը բարձրացնելու համար: Ուսումնասիրում էինք եվրոպական առաջատար երկրների գիտական-բժշկական փորձը, առողջապահական համակարգին վերաբերող օրենսդրական դաշտը:

-Իսկ ե՞րբ եք անցել զինվորական ծառայության:

– ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխվել եմ 2006 թ.. ընդունվեցի թռիչքային փորձաքննության բաժանմունք որպես օրդինատոր, հետագայում աշխատեցի որպես բժիշկ-թերապևտ, իսկ երբ բաժանմունքի պետ Ասյա Մարգարյանը զորացրվեց, ես նշանակվեցի նրա փոխարեն: Սակայն կապը զինվորականների, հոսպիտալի հետ հաստատվել էր դեռևս շտապօգնության կայանում աշխատելու ժամանակ: Արցախյան պատերազմի թեժ տարիներին, երբ մարտական գործողությունների գոտուց վիրավորների մեծ հոսք կար (նրանց բերում էին և ավտոմեքենաներով, և ուղղաթիռներով), մեր՝ շտապօգնության կայանի բուժանձնակազմը մեկնում էր Էրեբունի օդանավակայան և վիրավորներին տեղափոխում կամ Երկաթգծի հիվանդանոց, կամ այլ բուժհաստատություններ:

-Որպես բաժանմունքի ղեկավար՝ ի՞նչն եք կարևորում…

– Ինձ համար առաջին տեղում բաժանմունքում խախտումների բացառումն է, բուժծառայության անթերի կազմակերպումը և իրականացումը: Ամբողջ բուժանձնակազմը՝ և բժիշկները, և բուժքույրերը, պետք է առավելագույնս պատրաստված լինեն, լինեն անթերի, անխոցելի իրենց մասնագիտության մեջ… և գործեն արագ: Վերջերս մեր բաժանմունքի բուժքույրերից մեկը հրաժարվեց ներերակային կատետոր դնելուց՝ պատճառաբանելով, որ չի կարող, որ վստահ չէ: Ես զեկուցագիր ներկայացրի հոսպիտալի պետին՝ խնդրելով, որ իմ բաժանմունքի բոլոր բուժքույրերը վերապատրաստում անցնեն: Եվ նրանք վերապատրաստման բավականին լուրջ շրջան անցան: Արդյունքը ակնհայտ էր:

-Ձեր օրինակը լսելով՝ կարող եմ փաստել, որ միջին բուժանձնակազմի վերապատրաստման, մասնագիտական հմտությունների կատարելագործման հարցը լուծելու համար միայն ցանկություն է պետք… Իսկ բժիշկների կատարելագործման համար կարո՞ղ է նպաստավոր լինել աշխատանքային գործունեությանը զուգահեռ գիտական գործունեությամբ զբաղվելը: Զբաղվո՞ւմ եք գիտական գործունեությամբ:

-Մեր բնագավառում գիտական գործունեությամբ զբաղվելը ցանկալի է, որովհետև նոր ժամանակները նոր մարտահրավերներ են բերում, և յուրաքանչյուր նոր խոսք նոր դեղատոմս, նոր լուծում կարող է լինել մտահոգիչ խնդիրների համար: Իմ թեկնածուական ատենախոսությունը շուտով պատրաստ կլինի, իհարկե, դրան նախորդել են մանրակրկիտ, բազմակողմանի ուսումնասիրություններ, մեր հիվանդների հետ անցկացրել եմ տարաբնույթ թեստային աշխատանքներ:

-Շնորհակալ եմ հարցազրույցի համար: Կարծում եմ, մեր ընթերցողները ստացան իրենց հարցերի պատասխանները:

Էդիտա Մելքոնյան