«Ծանր վիրավոր կար, չէի կարող թողնել»

Արտավազդ Թարխանյանը ծնվել է 1902 թվականին: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, այնուհետև ավարտել Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը: Դեռևս ուսանողական տարիներին հետաքրքրվել է վիրաբուժությամբ, օրեցօր հմտացել այդ մասնագիտության մեջ և արժանացել անվանի վիրաբույժ Հ.Ս. Քեչեկի ուշադրությանն ու բարձր գնահատականին:

1993 թ. Արտավազդ Թարխանյանը որպես վիրաբույժ նշանակվել է Լենինականի քաղաքային 1-ին հիվանդանոցում: Մեծ հայրենականի հենց առաջին օրը մոբիլիզացվել է և նշանակվել Լենինականի կայազորի վիրաբույժի պաշտոնում, այնուհետև ծառայել որպես 121-րդ դաշտային էվակուհոսպիտալի գլխավոր վիրաբույժ: Նրա ջանքերով հոսպիտալը համալրվել է կարող ուժերով, որից հետո նա խնդրել է իրեն ճակատ ուղարկել: Արտավազդ Թարխանյանը՝ որպես հոսպիտալի, ապա բուժսանգումարտակի վիրաբույժ, 1942 թ. մասնակցել է Կերչի պաշտպանական, այնուհետև Նովոռոսիյսկի, Կրասնոդարի, Ռոստովի ամենածանր մարտերին:

Նախկին ճակատային Ա. Ռուբինյանը գրել է.«Ռազմաճակատի հրամանատարությունը բժիշկների համար հատուկ հրամանով սահմանել էր օրվա ընթացքում 5-6 ժամվա պարտադիր հանգիստ: Ես հոսպիտալում ֆինանսական մասի պետն էի: Հաճախ էր պատահում, որ ինձ ուղարկում էին հրամանի կատարումն ստուգելու: Քանի անգամ ուշ ժամերին ստուգել եմ և տեսել, որ բժիշկ Ա. Թարխանյանը վիրավորների մոտ է, աշխատանքի մեջ: Եվ ամեն անգամ, երբ հիշեցրել եմ հրամանի մասին, միշտ նույն պատասխանն է տվել. «Ծանր վիրավոր կար, չէի կարող թողնել»: Արդեն գիտեի՝ եթե որևէ մեկը օգնության կարիք ուներ, նա հանգիստ չէր կարող մնալ»:

1942 թ. հուլիսի 22-ն էր: Ռոստովից ոչ հեռու՝ երկաթուղային մեծ հանգույց Բատայսկի մոտ, խորհրդային զորքերը համառ մարտեր էին մղում գերմանաֆաշիստական զավթիչների դեմ: Սանգումարտակն ընկնում է թշնամու ավիացիայի ռմբակոծության տակ. զոհվում են հիվանդներ, բժիշկներ, զոհվում է նաև Արտավազդ Թարխանյանը… Նա ընդամենը 40 տարեկան էր:

Արտավազդ Թարխանյանի կինը՝ Հ. Սարգսյանը, նույնպես բժիշկ է, արժանացել է վաստակավոր բժշկի կոչման: Նա բազմաթիվ նամակներ է ստացել այն վիրավոր զինվորներից, որոնց փրկել է իր ամուսինը, և խնամքով ու սրբությամբ պահում է դրանք, պահում է ամուսնուն վերաբերող բոլոր մասունքները՝ թերթերի կտրվածքներ, լուսանկարներ, շնորհակալագրեր, ռազմաճակատային նամակներ… Վերջին նամակը Բատայսկից էր …

Ա. Գրիգորյան

Բ. Մելքումյան