Բժիշկները՝ հանուն խաղաղության

Բժշկության՝ մարդուն առողջություն պարգևելու առաքելությունը իրակացնելու համար սահմաններ գոյություն չունեն: Հայ-ամերիկյան ռազմաբժշկական համագործակցությունը տարիների պատմություն ունի. համատեղ անցկացված գիտաժողովները, վարժանքները, վերապատրաստման դասընթացները հնարավորություն են տալիս ամերիկյան մասնագետների փորձն ու գիտելիքները ներդնել նաև մեր ռազմաբժշկական ծառայության մեջ՝ ևս մեկ անգամ ամրագրելով ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ գործընկերության կարևորությունը :

Հայ-ամերիկյան ռազմաբժշկական համագործակցության շրջանակներում օրեր առաջ Երևանում մեկնարկեց Սանհրահանգիչների և բուժակների պատրաստման ուսումնական կենտրոնի դասախոսական և հրամանատարական կազմի վերապատրաստման դասընթացը, որն անցկացվում է ամերիկյան ծրագրով:

Մեզ հետ զրույցի ժամանակ ՌԲՎ պետի տեղակալ, գնդապետ Տիգրան Ավետիսյանը նշեց.

-Համաշխարհային պատերազմների և Արցախյան պատերազմի փորձը ցույց է տվել, որ վիրավորների մահացության թիվը անհամեմատ աճել է վիրավորների տեսակավորում չկատարելու, առաջին բուժօգնությունը ոչ ճիշտ կազմակերպելու կամ ուշացնելու հետևանքով: Եվ դա է պատճառը, որ այսօր՝ հարաբերական խաղաղության պայմաններում, ՀՀ ԶՈՒ Ռազմաբժշկական վարչությունը իր առջև խնդիր է դրել հնարավորինս զարգացնել ռազմական բուժծառայության, թերևս սխալ չէր լինի ասել, առաջին օղակը (զորամասային օղակում բուժապահովման կազմակերպումը ուսումնասիրելիս եկել ենք այն եզրակացության, որ զինծառայողները իրենց գանգատների մասին առաջին հերթին տեղեկացնում են սանհրահանգիչներին կամ բուժակներին):

Նախկինում տարեկան 2 անգամ կայազորային հոսպիտալներում և ԱԲՋ-ներում կազմակերպվում էին դասընթացներ, որոնց մասնակցում էին զորամասերում ծառայող հաստիքային, վաշտի սանհրահանգիչներ: Սակայն այդ մեկամսյա դասընթացները բավարար չէին արհեստավարժ կրտսեր և միջին բուժանձնակազմ պատրաստելու համար: Այդ օղակը զարգացնելու նպատակով դիմեցինք մեր ամերիկացի գործընկերներին, որոնք առաջարկեցին սանհրահանգիչների և բուժակների պատրաստման իրենց մոդելը. որոշվեց այն կիրառել նաև Հայաստանում: Բանակցային գործընթացում, հարցի իրավական կողմը կարգավորելիս ծրագրի իրականացմանը մեծապես աջակցել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Դասախոսական կազմը ժամանել է ԱՄՆ-ից՝ իր հետ բերելով անհրաժեշտ նյութատեխնիկական բազա: Ուսումնական ձեռնարկները կազմված են ՆԱՏՕ-ի անդամ երկրներում կիրառվող ստանդարտ ձևաչափով, թարգմանվել են հայերեն և տրամադրվել դասընթացի բոլոր մասնակիցներին: ԱՄՆ և ՀՀ զինված ուժերի որոշ կառուցվածքային տարբերությունների պատճառով ուսումնական ծրագրի մեջ ներառված մի քանի դրույթներ փոփոխվել են՝ վերանայվել և համապատասխանեցվել մեր իրականությանը:

Դասընթացի մասնակիցներն ընտրվել են մրցութային կարգով. ՀՀ ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանի, նրա տեղակալների մասնակցությամբ տեղի է ունեցել հարցազրույց, և հաշվի առնելով յուրաքանչյուր մասնակցի կրթական մակարդակը, աշխատանքային, ծառայողական փորձը, անհատական հատկանիշները, ֆիզիկական տվյալները՝ կայացվել է որոշում: Նրանց մեջ կան գնդի բուժծառայության պետեր, գումարտակի բուժկետերի պետեր, նախկինում խաղաղապահ առաքելություն իրականացրած ջոկատների սանհրահանգիչներ, մարդիկ, որոնք լուրջ ճանապարհ են անցել, աշխատել են (չեմ կարող չնշել, որ ԱՄՆ-ից ժամանած դասախոսական կազմը նույնպես բարձր է գնահատում նրանց ակտիվությունը, պատրաստվածությունը, գիտական ներուժը): Երբ Հայաստանում բացվի Սանհրահանգիչների և բուժակների պատրաստման ուսումնական կենտրոնը, այս դասընթացի մասնակիցները դառնալու են կենտրոնի դասախոսական և հրամանատարական կազմը:

Դասընթացի ընդհանուր տևողությունը 16 շաբաթ է. բուժօգնության բոլոր փուլերը ընդգրկող տեսական պարապմունքներին կհաջորդեն գործնական աշխատանքները, որոնք անցկացվելու են ինչպես ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում (այսօր կենտրոնական հոսպիտալն ունի բոլոր այն հնարավորությունները, որոնք թույլ կտան լավագույնս կատարել այդ աշխատանքը), այնպես էլ դաշտային պայմաններում, օդանավակայանում, ուղղաթիռի մեջ:

Մենք իսկապես բարձր ենք գնահատում մեր ամերիկացի գործընկերների ահռելի փորձն ու գիտելիքները և կարևորում ենք նրանց հետ համագործակցությունը, ինչն, անշուշտ, նպաստում է Հայաստանում ռազմական բուժծառայության զարգացմանը:

ԱՄՆ-ից ժամանած զինվորականները լսելու և պատասխանելու մեծ պատրաստակամությամբ ժամանակ տրամադրեցին հարցազրույցի համար: Պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավար, մայոր Աարոն Քամինգսը ներկայացրեց ծրագրի պատասխանատու, ավագ սերժանտ Էֆրեմ Դիկոչեային, դասընթացն իրականցնող թիմի՝ դասախոսական կազմի պատասխանատու կապիտան Քրիս Հադսոնին, դասախոսներ մայոր Ռոբերտ Գեյլին, իսկ սերժանտներ Ռոսս Գելլերը, Վիկտոր Միրանդան, Դալլաս Սկրիվները, Շոն Սեգրովսը այդ ժամանակ անցկացնում էին դասընթացը: Մեզ համար հետաքրքիր, ուսանելի էր լսելը հայ-ամերիկյան ռազմաբժշկական համագործակցության վերաբերյալ նրանց կարծիքն ու գնահատականը:

Պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավար, մայոր Աարոն Քամինգսը նշեց.

-Համագործակցելով ՀՀ պաշտպանության նախարարության հետ՝ մեր գրասենյակը ստեղծեց մի կրթական համակարգ, որը կօգներ հայկական կողմին ռազմական բուժակներ, սանհրահանգիչներ պատրաստելու կարևորագույն խնդիրը լուծելու համար: Մենք մանրամասնորեն ներկայացրինք՝ ինչպես են ԱՄՆ-ում պատրաստվում բուժակները, քննարկեցինք այն հարցը, թե ինչը կցանկանային, որպեսզի մեր կողմից առավելապես շեշտադրվեր դասընթացը իրակացնելիս: Հայկական կողմը պատասխանեց՝ ամեն ինչ, ամբողջական տեղեկութուն: Պիտի խոստովանեմ՝ պատասխանը անչափ գոհացրեց մեզ. մեր գործընկերոջ մեջ մենք տեսանք անմնացորդ պատրաստակամություն:

Այսօր դասընթացի մասնակիցները վերապատրաստվում են այն նույն ծրագրով, որը գործում է մեզ մոտ՝ ԱՄՆ-ում: Այն բազմակողմանի ուսումնական գործընթաց է, որը առավել ուշագրավ, հետաքրքիր դարձնելու համար բազմաթիվ սարքավորումներ, դիդակտիկ պարագաներ ենք կիրառում. դրանք բերված են ԱՄՆ-ից ոչ միայն այս դասընթացի ժամանակ օգտագործելու համար, այլև հետագայում Սանհրահանգիչների և բուժակների պատրաստման ուսումնական կենտրոնում երիտասարդ ուսանողներին, ունկնդիրներին դրանցով սովորեցնելու համար, որովհետև մեր նպատակն է, որպեսզի դասընթացի մասնակիցները ոչ թե սովորեն (ես տեսնում եմ՝ նրանք բավականին լայն, խորը գիտելիքներ ունեն), այլ սովորեն սոսվորեցնել, իսկ դրա համար անհրաժեշտ պարտադիր պայմաններ են պետք:

Դասընթացն անցկացնող զինվորականները դասավանդել են ԱՄՆ-ի ռազմաբժշկական ուսումնական հաստատություններում, անցել են սանհրահանգիչներ պատրաստելու հատուկ դասընթացներ, ունեն փորձ և հստակ ծրագիր:

Հարցերս հաջորդում էին իրար, իսկ զինվորականներից յուրաքանչյուրը, կարծես ներքին, անբեկանելի համաձայնությամբ, որը մեկ բառով թերևս կարելի է բնութագրել որպես ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ, գիտեր՝ որ հարցն է իրենը… Նրանք հիացմունքով արտահայտվեցին դասընթացի մասնակիցների բազային գիտելիքների, հայ մարդկանց անկեղծ, սրտացավ բնավորության մասին:

Մեր հանդիպման ավարտին Պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավար, մայոր Աարոն Քամինգսը ավելացրեց.

-ԱՄՆ և ՀՀ համագործակցությունը տարբեր ոլորտներում տարիների իրողություն է, և ռազմաբժշկական այս ծրագրի իրականացումը ևս մեկ քայլ է, որը երկու պետությունների միջև գոյություն ունեցող կառուցողական հարաբերությունները էլ ավելի է ամրապնդում: Հայ-ամերիկյան համագործակցությունը կարևոր է նաև միջազգային առումով. Հայաստանը զորքեր է ուղարկում Աֆղանստան, Լիբանան, Կոսովո և այլ երկրներ, ուղարկում է ԽԱՂԱՂԱՊԱՀ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ: Նպաստելով ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության կարևորագույն օղակներից մեկի՝ սանհրահանգիչների և բուժակների համակարգի զարգացմանը՝ մենք ապահովում ենք նաև նրանց բարձրակարգ, արհեստավարժ գործունեությունը Հայաստանի սահմաններից դուրս՝ խաղաղապահ առաքելություն իրականացնելիս:

Էդիտա Մելքոնյան

  • IMG_1404
  • IMG_1405
  • IMG_1407
  • IMG_1411
  • IMG_1415
  • IMG_1421
  • IMG_1426
  • IMG_1431
  • IMG_1432
  • IMG_1433
  • IMG_1435
  • IMG_1436
  • IMG_1439