Մեր հոգին կապված է Հայաստանին

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության հրավերով` հունիսի 18-ին Երևան ժամանեցին հայտնի ամերիկահայ բարերարներ Վարդգես և Մերի Նաջարյանները: Օդանավակայանում ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, ասոցիացիայի փոխնախագահ Արմեն Նազարյանը և մի խումբ անդամներ դիմավորեցին նրանց:

Վարդգես և Մերի Նաջարյանների յուրաքանչյուր այցելություն հայրենիք նշանավորվել է ազգանվեր և հայրենաշեն առաքելությամբ: Օդակայանում ճեպազրույցի ժամանակ այն հարցին, թե որն է այս այցելության նպատակը, և ինչ ծրագրեր ունեն, Վարդգես Նաջարյանը պատասխանեց չափածո խոսքով….

-Երբ քեզանից հեռու եմ ես,

Ինձ թվում է, թե որբ եմ ես,

Թվում է, թե լեռներն հայոց

Բանտարկված են Մասիսի պես:

Երբ քեզանից հեռու եմ ես,

Թափառում եմ անտունի պես,

Ալեկոծված ծովու նման

Խառնվում եմ ու փոթորկվում:

Երբ քեզանից հեռու եմ ես,

Ինձ ավելի ես մոտենում,

Եվ չբուժվող վերքի նման

Ցավս կրկին խորն է դառնում…

Երբ քեզանից հեռու եմ ես,

Ո՜վ հայրենիք, էլ ով եմ ես…

-Դուք բախտավոր եք,- շարունակեց տիկին Մերին,- հավատացեք: Մենք մարմնով այնտեղ ենք, բայց մեր սիրտը, մեր հոգին կապված է Հայաստանին, Հայաստանը մեր մեջ է, մեր երակների մեջ: Իսկ դուք կարող եք գոհանալ, որովհետև մայր հողի վրա ապրելու երանությունն ունեք:

Հետո Վարդգես Նաջարյանը հարցրեց.

-Շաբաթներ առաջ կարդացի, որ ծառայության ընթացքում ընտանիքի միակ զավակն է զոհվել… Մի հարց է տանջում ինձ. այդ խեղճ ընտանիքը ինչպե՞ս պիտի ապրի, պիտի մենակ չթողնենք նրանց: Մեր պարտքն է օգնել բոլոր այն մարդկանց, որոնց զավակները զոհվել են, օգնել ոչ թե մեկ անգամ, այլ միշտ, երբ նրանք օգնության կարիք ունենան:

Ճեպազրույցը ընդմիջվեց. ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանի, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Խաչատրյանի, ասոցիացիայի փոխնախագահ Արմեն Նազարյանի մասնակցությամբ բարերարները քննարկեցին բուժծառայության հրատապ խնդիրներին առնչվող հարցեր:

– Ինչպե՞ս կարող եմ չօգնել մեր բանակին: Եթե երկիրը զորավոր բանակ չունենա, չի կարող գոյություն ունենալ, իսկ բանակի զորությունը առողջ, ամուր զինվորներն են, և մենք՝ բոլորս, որ պիտի հոգանք հայ զինվորի բոլոր կարիքները, նրան ապահովենք ոչ միայն հագուստով կամ սնունդով, այլև ստեղծենք բուժօգնության առաջնակարգ պայմաններ: Հայաստան տեղափոխելու համար մենք ձեռք բերեցինք ժամանակակից սարքավորումներով հագեցած շտապօգնության մեքենաներ. դրանցից մեկն արդեն արդեն Երևանում է, մյուսը կճանապարհեն մոտակա օրերին: Դրանք անչափ կարևոր են, որովհետև եթե առաջին բուժօգնությունը ճիշտ և ժամանակին լինի, հիվանդությունները ավելի հեշտ կբուժվեն, բազմաթիվ վիրավորներ հաշմանդամ չեն դառնա, չենք կորցնի նրանց, որոնց հնարավոր էր փրկել: Մենք պետք է անենք ամեն ինչ այն զինվորի համար, որ հայրենիքն է պաշտպանել …Ինչ լավ է, երբ միասին ենք,- ճեպազրույցը եզրափակեց Վարդգես Նաջարյանը:- Մեր միասնությունն է շենացնելու երկիրը, ապահովելու սահմանների անվտանգությունը, հուշելու բարդ իրավիճակներից դուրս գալու ուղին:

Էդիտա Մելքոնյան

  • 2
  • 3
  • 4