Ես բրաբիոն ծաղիկ փնտրողն եմ

Հատված բժիշկ-ազատամարտիկ Մուրադ Մուրադյանի հուշերից

Ծուղակում, այն էլ գիշերը, իրավունք չունես շարժվելու, ծխելու, խոսելու…

Մնում ես ինքդ քեզ հետ, ու ինքդ քեզ հաճախ տալիս ես հարցեր, որոնց պատասխանները փնտրում ու չես էլ գտնում:

Իսկ ճակատում այդպես չի կարելի: Այնտեղ ամեն ինչ պետք է պարզ լինի, պարզ ու հասարակ, ասենք զենքի նման, կամ մահվան նման, կամ, ասենք, այն մտքի նման, թե իմ կանգնած այս դիրքից է սկսվում մեր ողջ հայրենիքը…

Եվ ահա գիշերվա մթին լռության միջից նորից հառնում է հարցերի հարցը՝ այդ հավերժ «ո՞վ եմ ես»-ը և «ի՞նչ եմ ուզում»:

Եվ սկսում եմ պատասխանել ու ամեն պատասխանի հետ աշակերտի նման զգալով, որ պատասխանդ թերի էր, անմիջապես ուրիշն ես փնտրում: Ու թվում է, թե հարցերը մեխվել են ուղեղիդ մեջ, ու մինչև չգտնես միակ ճիշտը, չես ազատվի, իսկ դա արդեն ձգվում է մի ամբողջ հավերժություն:

Ու հանկարծ ամեն ինչ լուսավորվում է, արյունդ խփում է քունքերիդ, Մհերի պես մինչև ծնկներդ խրվում ես հողի մեջ և ուզում ես գոռալ ի լուր ամբողջ հայության.

-Ես գտա՜, գտա՜,

Ես Բրաբիոն ծաղիկ փնտրողն եմ,

Ես Քուռկիկ Ջալալին ու Թուր Կեծակին փնտրողն եմ:

Ես Խաչ պատերազմին կրողն եմ,

Ես Մհերի դուռը բացողն եմ,

Ես Լուսավորչի կանթեղը վառողն եմ,

Ես Մարութա վանքը շինողն եմ:

Կգա մի օր, ու ես տիրոջ իրավունքով Վանա լճից տառեխ եմ բերելու, Կիլիկիայից գինի եմ բերելու, Մասիսի փեշին մի մեծ, շատ մեծ հաղթության խնջույք եմ սարքելու ու գինին խմելու եմ այնքան, որ 40 հարճ չհասցնեն լցնել գինուս գավը:

Իսկ վերջում կգնամ Եռաբլուր, կծխեմ իմ վերջին ծխախոտն ու կասեմ.

-Տղե՛րք ջան, ձեր պատվիրանը կատարեցի, ընդունեք ինձ ձեզ մոտ: Ախր այստեղ ես խորթ եմ…