Կարող ենք համեմատվել եվրոպական երկրների հետ

ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ռենտգեն բաժանմունքը ձևավորման պահից` 1994 թվականից, ղեկավարում է բ/ծ փոխգնդապետ Ալեքսանդր Դանիելյանը:

Բաժանմունքը համալրված է ժամանակակից չափանիշներին համապատասխանող սարքավորումներով, որոնց հնարավորությունները թույլ են տալիս իրականացնել անհրաժեշտ հետազոտություններն ամբողջ ծավալով:

Ռենտգեն բաժանմունքի պետ, բ/ծ փոխգնդապետ Ալեքսանդր Դանիելյանի հետ զրուցել ենք բաժանմունքի ձեռքբերումների, այստեղ իրականացվող հետազոտությունների, սարքավորումների առանձնահատկությունների և այլ կարևոր հարցրերի շուրջ:

-Բժի՛շկ, խնդրում եմ պատմեք Ձեր ընտանիքի մասին… Գիտեմ, որ բժիշկների` հիմնականում ռադիոլոգների ընտանիք է. մասնագիտության ընտրության հարցում Ձեր հոր օրինակի՞ն հետևեցիք:

– Հայրս` Հրանտ Դանիելյանը, ռենտգենոլոգ էր, դոկտոր-պրոֆեսոր, երկար տարիներ ղեկավարել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի ռենտգենոլոգիայի ամբիոնը: Մայրս, քույրս, հորեղբայրս, նրանց զավակները բոլորը բժիշկներ են և գրեթե բոլորը ռադիոլոգներ, միայն մայրս մանկաբույժ էր: Իհարկե, հայրս ինձ համար միշտ օրինակ է եղել… նաև մասնագիտության ընտրության հարցում:

Ավարտել եմ Երևանի պետական բժշկական ինստիտուտը: Ապա անցել եմ կլինիկական օրդինատուրա` ռադիոլոգիայի ուղղությամբ: Օրդինատուրայից հետո` 1982-ից, աշխատանքի եմ անցել Հանրապետական հիվանդանոցում: Այդ տարիներին ստեղծվեց Հանրապետական դիագնոստիկ կենտրոնը` առաջինը Խորհրդային միությունում: Այնտեղ աշխատեցի մինչև 1994 թվականը որպես բժիշկ-ռենտգենոլոգ: 1994 թվականից ծառայության եմ անցել ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում որպես ռենտգեն բաժանմունքի պետ և առ այսօր ղեկավարում եմ այն: Բաժանմունքը ձևավորվեց անմիջապես հոսպիտալի ձևավորման պահին: Ռենտգեն ծառայության անհրաժեշտությունը մեծ էր. դեռևս պատերազմական տարիներ էին, հրազենային վիրավորումներ, կոտրվածքներ շատ էին լինում, իսկ հետազոտության հիմնական մեթոդը ռենտգենաբանականն է: Հետպատերազմյան տարիներին բաժանմունքը սկսեց աստիճանաբար զարգանալ, նոր սարքավորումներ ձեռք բերեցինք: Այսօր ռենտգեն բաժանմունքը զինված է գերժամանակակից, ռադիոլոգիական ծառայության ասպարեզում լավագույնը համարվող սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս իրականացնելու անհրաժեշտ հետազոտությունները՝ ամբողջ ծավալով:

Ի՞նչ բնույթի հետազոտություններ են իրականացվում ռենտգեն բաժանմունքում: Ի՞նչ սարքավորումներով է այն համալրված…

– Ունենք 2 առանձին ռենտգեն կաբինետներ, որոնք կահավորված են Siemens ընկերության թվային սարքավորումներով: Դրանք բազմապրոֆիլային ռենտգեն ապարատներ են, որոնց հնարավորությունները թույլ են տալիս իրականացնել օրգանիզմի ռենտգենաբանական հետազոտություններն ամբողջ ծավալով` աղեստամոքսային տրակտի հետազոտություններից մինչև թոք-սրտային և, բնականաբար, ոսկրային համակարգ: Ունենք նաև ստոմատոլոգիական ծառայությունները ապահովող ժամանակակից սարքավորումներ, գերժամանակակից, բարձր դասի օրտոպանտոմոգրաֆ, որն ապահվում է ստոմատոլոգիական բոլոր հետազոտությունները` այդ թվում` իմպլանտոլոգիայի համար: Ունի բազմաթիվ ծրագրեր, որոնց մեջ ընդգրկված են տարբեր երկրների արտադրության իմպլանտներ: Սա ատամնաբույժի համար անփոխարինելի սարք է` իր հնարավորություններով: Մասսայական հետազոտությունների համար ունենք ֆլյուրոգրաֆիկ կաբինետ: Հոսպիտալ ընդունվող յուրաքանչյուր հիվանդ պարտադիր կերպով անցնում է ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն` թոքային պաթոլոգիան բացառելու համար: Բացի ստացիոնար ֆլյուրոգրաֆից ունենք նաև 12 շարժական մեքենաներ, որոնք տարին 2 անգամ շրջում են զորամասերով: Հետազոտվում է ԶՈւ ողջ անձնակազմը` ներառյալ Պաշտպանության բանակը:

Ձեռք ենք բերել Toshiba ընկերության համակարգչային տոմոգրաֆիայի ժամանակակից հզոր սարք` Aquilion Cxl 128: Ունենք ավտոմատ ներարկիչ (ինժեկտոր), որը թույլ է տալիս կոնտրաստ նյութը մեծ արագությամբ ներարկել հիվանդին անմիջապես հետազոտության ժամանակ, ինչը հնարավորություն է տալիս բարձրացնելու հետազոտության որակը, ապահովելու ամբողջ ծավալը` գլխուղեղ, պարանոց, կրծքավանդակ, որովայնի խոռոչ, ստորին վերջույթներ, անոթներ: Ունենք նաև սիրտը հետազոտելու հնարավորություն, սակայն այս պահին դեռևս չունենք համապատասխան ծրագիրը: Երբ այն ձեռք բերենք(արդեն նախատեսված է), կարող ենք իրականացնել նաև ոչ ինվազիվկորոնալ անոթների հետազոտություն: Հույս ունենք` հաջորդ տարի հետազոտության այդ ծավալը ևս կավելացնենք:

-Պարոն փոխգնդապետ, զրուցենք նաև մասնագետների մասին… Բոլո՞րն են տիրապետում նորագույն սարքերով աշխատելու հմտություններին:

 

– Մենք ունենք պատրաստված կադրեր: Բոլորը բարձրակարգ ռադիոլոգներ են: Բոլորն անցել են վերապատրաստում` ընդհանուր ռադիոլոգիայի ուղղությամբ, որի մեջ մտնում է թե՛ ռենտգենոլոգիան, թե՛ համակարգչային տոմոգրաֆիան: Ունենք բժշկուհի, ով 5 տարի աշխատել է Գերմանիայում: Տիրապետում է ՄՌՏ և ոչ ինվազիվ անգեոգրաֆիկ հետազոտության մեթոդներին: Քանի որ ունենք բարձրակարգ մասնագետ, կարող ենք ներառել հետազոտության այդ մեթոդները ևս: Կադրերի տեսանկյունից մենք որևէ խնդիր չունենք: Բլորը սիրում են իրենց աշխատանքը, իսկ դա հաջողության ամենամեծ գրավականներից մեկն է:

– Ե՞րբ եք ձեռք բերել վերջին սարքավորումները:

 

– Համակարգչային տոմոգրաֆիայի սարքը ձեռք ենք բերել նախորդ տարի:

Ձեռք ենք բերել նաև Toshiba ընկերության Raffine մակնիշի վերջին սերնդի բազմապրոֆիլային թվային ռենտգեն սարքավորում, որը շուտով կտեղադրվի: Այսինքն` կկտարենք ժամանակին համընթաց ևս մեկ քայլ առաջ:

-Բժի՛շկ, ինչպես Դուք էլ նշեցիք, արդեն տևական ժամանակ 6 ամիսը մեկ ԶՈւ ողջ անձնակազմը պլանային հետազոտություն է անցնում: Ի՞նչ արդյունքներ ունենք այսօր:

– Այդ հետազոտությունների դերը հսկայական է տուբերկուլյոզի դեմ պայքարում: Մենք գերազանց արդյունքների ենք հասել, եթե փորձենք համեմատել Վրաստանի, Ադրբեջանի, անգամ Ռուսաստանի հետ: Սա հսկայական նվաճում է ոչ միայն ԶՈւ, այլև ողջ հանրապետության համար: Հետաքրքիրն այն է, որ եվրոպական մի շարք երկրներում հրաժարվեցին ֆլյուրոգրաֆիկ հետազոտություններից: Դրա փոխարեն ներդրեցին անտիգենի վրա հիմնված թեստեր: Մենք նաև դրանք ձեռք բերեցինք: Հետաքրքիր էր` որքանով է դա իրեն արդարացնում, և կարո՞ղ ենք արդյոք ֆլյուրոգրաֆիկ հետազոտությունը փոխարինել անտիգեն թեստերով: Մի քանի ընտրյալ զորամասերում անցկացրինք զուգահեռ հետազոտություններ: Արդյունքն ի օգուտ ֆլյուրոգրաֆիկ հետազոտության էր: Այդ պատճառով մենք չհրաժարվեցինք դրանից: Փորձը ցույց տվեց, որ դա ճիշտ որոշում էր, քանի որ կարողացանք հասնել հաջողության:

– Առավել հաճախ ի՞նչ խնդիրներ են հայտնաբերվում շարքային կազմի շրջանում:

– Վերջին մի քանի տարիների ընթացքում ամենահաճախ հանդիպող խնդիրները վիրուսային թոքաբորբերի հետ են կապված: Ինչպես հայտնի է` որտեղ կա մարդկանց կուտակում, վիրուսների տարածումը շատ ավելի հեշտ և արագ է կատարվում: Այս տարի փոքր բռնկումներ եղան, սակայն փառք Աստծո, և՛ փորձը կար, և՛ հիվանդության դեմ պայքարելու սխեման: Անգամ երբ թոքաբորբի 1-2 դեպք է գրանցվել, մեր խումբը ուղևորվել է զորամաս: Անմիջապես Ֆլյուրագրաֆիկ հետազոտություններ են իրականացվել, բժիշկները գիշեր-ցերեկ աշխատել են և կանխել տարածումը:

– Դուք ձևավորման պահից ղեկավարել եք բաժանմունքը: Ո՞րն եք համարում այս տարիների ամենամեծ ձեռքբերումը:

– Մեր բաժանմունքն այսօր չի զիջում ոչ մի առաջատար կլինիկայի և ոչ միայն Հայաստանում: Մեր սարքավորումներով և հետազոտությունների ծավալով կարող ենք համեմատվել Ռուսաստանի և եվրոպական երկրների հետ: Սա է ամենամեծ նվաճումը: Եվ սա պետք է շարունակական լինի: Բժշկությունն այսօր մեծ արագությամբ է զարգանում: Տեխնիկան, սարքավորումներն արագ փոխվում են: Երբեմն դժվար է այդ տեմպին հասնել, սակայն պետք է անընդհատ առաջ գնալ ժամանակին համընթաց` համապատասխան որակ ապահովելու համար:

Հ.Գ. Մինչ բժշկի հետ զրուցում էինք, նրա աշխատասենյակ մտավ հիվանդներից մեկը. անասելի հուզված էր.

– Բժիշկ ջան, անչափ շնորհակալ եմ Ձեր ողջ անձնակազմից…

– Առողջություն Ձեզ:

– Երբ ես եկա, Դուք ինձ ժպտացիք… այդ պահից հասկացա, որ ամեն ինչ լավ է լինելու….

Հասմիկ Գյոզալյան

  • 8
  • 6
  • 7
  • 4
  • 3
  • 5
  • 1
  • 2