Երբ ցավդ կիսում է օտարը…

100 տարի առաջ` 1915թ. փետրվարի սկզբին, Համառուսական երկրային միության բժշկա-սննդարարական 7-րդ դաշտային ջոկատի հետ միասին հայկական փոքրիկ Իգդիր քաղաք ժամանեց Ալեքսանդրա Լվովնա Տոլստայան (1884-1979թթ.)` անվանի գրող Լև Տոլստոյի դուստրը:

Նա աշխարհամարտի սկզբներին ավարտել էր գթության քույրերի դասընթացները և կամավոր մեկնել ճակատ: Ալեքսանդրան ջանում էր, որքան հնարավոր էր, թեթևացնել հայ գաղթականների վիճակը, բժիշկների հետ այցելում էր հյուծված հայերին, դեղեր նշանակում, բուժում, ապահովում սննդով: Հյուծված ու լլկված, քուրջերով ու լաթերով ծածկված մարդիկ սահմռկեցուցիչ տպավորություն էին թողնում: Գրողի դուստրը թարգմանչի միջոցով զրուցում էր նրանց հետ և ականջալուր լինում մեկը մյուսից դաժան պատմությունների: Այդ մռայլ, մղձավանջային տպավորությունները Ալեքսանդրան տպագրում է 1915թ. “Русские ведомости” ամսագրի փետրվարյան համարներում.

«Գրեթե բոլոր հայերը հիվանդ էին, կանայք և երեխաներ էին, տղամարդ համարյա չկար, բացառությամբ մի քանի զառամյալ ծերերի: Մեր բժիշկները բուժում էին նրանց, կերակրում, իսկ նրանք վշտահար պատմում էին իրենց բաժին հասած դառը ճակատագրից, պատմում էին թուրքերի ու քրդերի դաժանությունից: Մի հիվանդ կին նկարագրում էր, թե ինչպես էին իր աչքի առաջ սպանել ամուսնուն և երեխաներին, մորթել ազգականուհու ամուսնուն, հորը, եղբայրներին:

Ես երբեք չէի տեսել և նույնիսկ չէի լսել նման տանջանքների մասին: Այս մարդիկ զրկվել էին ոչ միայն իրենց ընտանիքներից, հարազատներից, զրկվել էին տնից, ունեցվածքից, ամեն ինչից…»:

Ալեքսանդրա Տոլստայան իր անձնվեր ծառայության համար հետագայում պարգևատրվում է Գեորգիևյան խաչով:

  • al2