Ընկավ վիրահատական դանակը ձեռքին

Բոլշևիկ Լևոն Թեյմուրազովը բնակվում և որպես բանվոր աշխատում էր արդյունաբերական Բաքվում: 1908 թ. նա տեղափոխվում է հայրենի Բորչալուի շրջանի Շուլավեր գյուղ (այժմ Շահումյանի ավան), որտեղ էլ 1915թ. ծնվում է նրա առաջնեկը՝ Սոլոմոնը (նրան փաղաքշաբար Սոլիկ էին անվանում): Մեկ տարի հետո ծնվում է Կամսարը:

Կամսար Թեյմուրազյանը սովորում է գյուղի դպրոցում, այնուհետև՝ Թբիլիսիի հայկական մանկավարժական տեխնիկումում: 1934 թ. ավարտում է այն և մեկ տարի աշխատում որպես ուսուցիչ: 1940 թ. գերազանցությամբ ավարտում է Երևանի բժշկական ինստիտուտը: Ապա կնոջ՝ բժշկուհի Մարիամ Արիստակեսյանի հետ ուղևորվում է Կալինիո, որտեղ աշխատում է որպես շրջանի սանիտարական տեսչության գլխավոր բժիշկ:

Երբ կսվում է Հայրենական մեծ պատերազմը, Կամսար Թեյմուրազյանը պատերազմի առաջին օրերին մեկնում է ճակատ, մասնակցում Կովկասյան ռազմաճակատի մարտերին: 1941 թվականը, 1942-ի առաջին ամիսները ծանրագույն շրջան էր խորհրդային զորքերի համար: Հակառակորդը թվով գերազանցում էր, հատկապես տանկերի ու ինքնաթիռների քանակով անհամեմատ առավելություն ուներ, որոշ շրջաններ ժամանակավորապես օկուպացվել էին, բայց ամենուր հակառակորդը հանդիպում էր խորհրդային զորքերի հերոսական, համառ դիմադրությանը: Մարտերը կատաղի էին նաև հարավում՝ Կովկասյան ռազմաճակատում, որտեղ 476 բուժսանգումարտակի վիրաբուժոււթյան բաժանմունքը գլխավորում էր բուժծառայության կապիտան Կամսար Թեյմուրզյանը: Նա, իր արիության, նվիրվածության և հմուտ գործունեության շնորհիվ փրկելով բազմաթիվ վիրավորների, դարձել էր բոլորի սիրելին: Վիրահատում էր առանց հանգստի, և ռմբակոծություններից մեկի ժամանակ էլ նա ընկնում է՝ վիրահատական դանակը ձեռքին… Զոհվում է, երբ նոր էր բոլորել կյանքի 26 տարին…

Կամսար Թեյմուրազյանի կինը գումարտակի քաղղեկի ստորագրությամբ ստանում է հետևյալ երկտողը. « Ձեր ամուսինը՝ Կ. Թեյմուրզյանը, հերոսաբար զոհվեց գերմանական ֆաշիզմի դեմ մարտնչելիս և թաղված է եղբայրական գերեզմանում»: Դաշտային փոստի վրա նշված էր՝ «24.03.42 թիվ »:

Ա. Գրիգորյան

Բ. Մելքումյան