Երդվել էի Յուրայի և Կարինեի շիրիմների առաջ…

Դարավերջի պատերազմը պսակվեց հաղթանակով` նաև հայի միասնականության, համախմբման շնորհիվ: Պատերազմի թոհուբոհում նաև հայ կինը զենք վերցրեց ու պայքարեց…

Ու որքան էլ տարիներ անցնեն, պատերազմի հուշերի պատառիկները, տղերքի սխրանքը, նրանց կյանքը փրկելու հայուհու կամքն ու նվիրումը շարունակելու են ապրեցնել… Արցախյան ազատամարտի մասնակից, բուժքույր Աղավնի Սահակյանն այն հայուհիներից էր, ովքեր անվարան միացան սրբազան պայքարին, կռվեցին տղերքի հետ ուս ուսի, հայրենիք ազատագրեցին, ռազմի դաշտում կյանքեր փրկեցին:

Աղավնի Սահակյանը մասնակցել է Շուշիի, Մարտակերտի (Չլդրան, Վանք, Մաղավուզ, Դրմբոն…), Աղդամի (Ալիաղալի) շրջանների, Ստեփանակերտի (Կրկժան) ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Զինադադարից հետո շարունակել է ծառայությունը ԼՂՀ ՊԲ-ում։

– Տիկի′ն Աղավնի, խնդրում եմ պատմեք Ձեր մանկության տարիների մասին: Ինչպիսի՞ ընտանիքում եք ծնվել…

– Մայրս Արևմտյան Հայաստանի Կողբ գյուղաքաղաքից էր, 1915-ին մազապուրծ եղած ընտանիքի երեխա: Ջարդերի ժամանակ տասը տարեկան է եղել և ամեն ինչ հիշում էր… Գաղթի ճանապարհին եղբոր հետ կորցրել է ծնողներին և հայտնվել Գյումրիում ամերիկացիների նախաձեռնությամբ բացված որբանոցում: Հայրս արմատներով Կարսից էր, սակայն ապրել են Շիրակի դաշտավայրում: Նա հաց էր սպասարկում մանկատուն. ծնողներս այնտեղ են ծանոթացել: Տարիներ անց` միայն ամուսնանալուց հետո է մայրս գտել գաղթի ճանապարհին կորցրած իր մորը: Շատ էր պատմում իր ծննդավայրի մասին: Ես ամեն օր լսում էի այդ պատմությունները.. այնպես գեղեցիկ էր պատմում, նկարագրում իրենց տունը… Ես հիշում եմ` մայրս գիրք էր նվեր ստացել, որտեղ Կողբի հատակագիծը կար, բացում էր, ժամերով մեզ բացատրում` որտեղ է իրենց տունը, դպրոցը… բայց ամենից շատ պատմում էր գաղթի ճանապարհին տեսած արհավիրքների մասին, որոնք դաջվել էին նրա հիշողության մեջ և փոխանցվում էին նաև ինձ: Արազն անցնելիս շատերին սպանել, նետել էին գետը, Արազը կարմիր էր հոսում …

Տարիներ հետո, երբ ես աշխատում էի «Նաիրիտ» գործարանում, սահմանապահների տոնին գնացել էինք Շիդլու գյուղ` նրանց շնորհավորելու: Երբ նայեցի Արաքսին, ջուրն աչքիս առաջ մի պահ կարմրեց… այդ տեսլիքը մի քանի անգամ կրկնվել է:

… Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտ` ֆրանսերենի բաժին: Երկու տարի աշխատել եմ Տաթև գյուղի դպրոցում, ապա Աշտարակի Ավան գյուղում: Դրանից հետո աշխատանքի անցա Նաիրիտում… արդեն ամենուր գործադուլներ էին կազմակերպվում: Շարժումը սկսվում էր:

– Դուք առաջիններից էիք, որ գնացիք Արցախ … ինչպե՞ս որոշում կայացրիք:

– Առաջին իսկ օրերից ես մտադրվել էի գնալ: Առաջնգածից ամբողջական և հավաստի տեղեկատվություն չէր հասնում մեզ: Հեռուստացույցով ֆիլմ ցուցադրեցին, տեսա, որ տարեց կանայք են ճաշ պատրաստում և տանում տղաների համար: Ցանկություն առաջացավ ամեն գնով գնալ Արցախ, լինել կռվող տղերքի կողքին, պարզապես օգտակար լինել: Ես ինստիտուտում պետական քննություն էի հանձնել բժշկական գործ առարկայից, տիրապետում էի առաջին բուժօգնության կանոններին, և քանի որ մտադրություն ունեի Արցախ գնալու, հասցրել էի նաև գիտելիքներս թարմացնել: Բոլոր արտադրամասերում այդ ժամանակ կոմիտեներ էին ստեղծվում, որոնք օգնության ձեռք էին մեկնում Արցախին: Երբ նախատեսված գումարը տարանք ուղարկելու, տեսա, որ ուղղաթիռով բեռներ են ուղարկում` շաքարավազ, ալյուր: Խնդրեցի` ի՞նչ կլինի, ինձ էլ ուղարկեք: Զարմացան, հարցրին` պատկերացնու՞մ եմ, թե ուր եմ ուզում գնալ: Ես վճռական էի տրամադրված, սակայն երբ ասացին` քեզ ուղարկե՞նք, թե սնունդը, ամաչեցի պնդել: Ամեն կերպ Արցախ գնալու ուղիներ էի փնտրում: Գնացի «Արցախ» կոմիտե: Խնդրեցի ինձ ուղարկել ու ասացի, որ սենյակից դուրս չեմ գալու մինչև չհամաձայնեն: Այստեղ հանդիպեցի Կարինեին( Կարինե Գևորգյան, զոհվել է 1993 թվականին` Մաղավուզում) և Մելսիդային: Այդ օրը նաև լրագրողներ պետք է գնային Արցախ: Մեզ ասացին, որ միայն լրագրողները կարող են գնալ: Կարինեն զայրացավ` այնտեղ վիրավորներ կան, մե՞նք պիտի գնանք, թե՞ լրագրողները: Կարինեին ուղարկեցին լրագրողների հետ, իսկ ես ու Մելսիդան հաջորդ առավոտյան ուղևորվեցինք Արցախ: Մեզ անմիջապես տարան Ստեփանակերտի հիվանդանոց, սակայն խնդրեցինք ուղարկել կռվող զինվորներին օգնելու: Գնացինք շտաբ: Կոմանդոսը մեզ ուղարկեց 26-ի դիրքեր:

– Հիշու՞մ եք Ձեր հանդիպումը հրամանատրի` լեգենդար 26-ի Յուրայի հետ:

– Կոմանդոսն ասաց` քեզ առաջին հանձնարարությունն եմ տալիս, հրամանատարին կասես, որ վաղը 8 հոգու ուղարկի շտաբ: 26-ի դիրքերը տեղակայված էին սարերի վրա` Շուշիի և Ստեփանակերտի միջև: Ինչպես գիտեք, Ստեփանակերտն անընդհատ ռմբակոծվում էր Շուշիի բարձունքից, և մեր դիրքերը կոչված էին պաշտպանելու Ստեփանակերտը: Նույնիսկ չէի հավատում, որ վերջապես հասել եմ նպատակիս և արդեն դիրքերում եմ: Քիչ անց եկավ հրամանատարը, նրան փոխանցեցի Կոմանդոսի հանձնարարությունը: Գիշերը հրամանատարը գնում էր դիրքերը ստուգելու, ինձ էլ տարավ, որ տեղանքին ծանոթանամ: Հանկարծ ասաց` դու այստեղ սպասիր, ես հիմա կգամ: Անցավ մոտ տասը րոպե.. անտառում էինք, մթության մեջ նշմարվում էին բարձր ծառերը, ու մտածում էի, թե ինչ գեղեցիկ են… Հետագայում հրամանատրը խոտովանեց, որ փորձել է ինձ` հասկանալու համար վախենու՞մ եմ, թե ոչ: Այդ դիրքերից սկսվեց մեր մարտական ուղին: Վտանգավոր դիրք էր: Թշնամին շատ զենք ուներ ու չէր խնայում: Եթե որևէ մեկը գլուխը հաներ, առանց ափսոսալու կարող էին նույնիկս գրադի արկ ուղարկել… մինչև Շուշին ազատագրվեց… այդ ինչ ուրախություն էր: Մենք քարայծերի նման վազվզում էինք սարի վրայով, որտեղ նախկինում թույլ չէին տալիս անգամ գլուխներս հանել:

– Տիկին Աղավնի, դժվար ու ցավալի հարց եմ տալիս… ե՞րբ էր առաջին կորուստը…

-Շատ կորուստներ եմ տեսել: Յուրաքանչյուրը մեծ ցավ է պատճառել ինձ: Ինձ համար երբեք սովորական չդարձավ զինվորի զոհվելը…

Ապրիլի 11-ն էր: Մեր 12-րդ դիրքի վրա հարձակում գործեցին: Կոմանդոսը և Յուրան շտապ գործերով Երևանում էին, և ժամանակավոր հրամանատարը տղաներից մեկն էր` Մարտինը: Բոլորը դիրքերում էին… կացարանում երեքով էինք` ես, Մելսիդան և Մարտինը: Տղաները լուր տվեցին, որ փամփուշտները վերջացել են: Ես և Մելսիդան որոշեցինք փամփուշտները տանել տղաներին ընդառաջ: Նորեկ էինք, տեղանքին դեռ ծանոթ չէինք, սակայն այլ ելք չկար: Տղաները մեզ ընդառաջ եկան: Զոհ ունեինք. մարմինն էին բերում: Հասանք կացարանի մոտ: Այնտեղ մի ԲՄՊ էր կանգնած: Զոհված տղայի մարմինը դրեցին մեքենայի մեջ, իրենք գնացին` քարտեզի վրա աշխատելու: Ես շվարել էի: Կանգնել ու արտասվում էի… չէի հասկանում` ինչ է կատարվում: Մտածում էի` Աստված իմ, այս տղան զոհվել է, մարմինը դրեցին սառը մեքենայի մեջ… Իմ տեսած առաջին զոհն էր:

– Հիշու՞մ եք դրվագներ ռազմի դաշտից… հատկապես որո՞նք են տպավորվել:

– Ես վիրավորվել էի, հոսպիտալում բուժվել և նոր էի վերադարձել: Փորձում էին անընդհատ հետ պահել ինձ, քանի որ լիովին չէի կազդուրվել: Ուղարկեցին շտաբ` մարտկոցներ բերելու: Տղաները սովորություն ունեին մի տեղ հավաքվելու, որքան էլ գիտակցում էին, որ վտանգավոր է: Երբ վերադառնում էի, տեսա, որ հավաքված են ծառի տակ: Քիչ անց ականանետով, գրադով սկսեցին կրակել այդ ուղղությամբ: Տղաներից երեքը տեղում զոհվեցին, մյուսները վիրավոր էին: Ծառն ընկել էր նրանց վրա: Տղաներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր էր: Գլխի վիրավորում ուներ, բաց վերք էր… Ես և Յուրան էինք միայն, փորձում էինք ընկած ծառը տեղաշարժել: Հանկարծ տեսանք, որ Ուլուբաբի կողմից երկու տղա են իջնում, եկան մեզ օգնելու: Վիրավորին հանեցինք ծառի տակից: Վերքը հավաքեցի, մի կերպ վիրակապ դրեցի, ներարկեցի: Փորձեցինք տեղափոխել… գնում էինք ցորենի արտի միջով: Ցորեններն այնքան բարձր էին, ուսերիս էին հասնում: Տղաները բռնեցին վիրավորի ուսերից և ոտքերից, ես ուսս գցեցի բոլորի զենքերը և այնպես էի քայլում, որ անընդհատ դեմքն աչքիս առաջ լինի: Հանկարծ աչքերը բացեց ու ասաց` Աղավնի ջան, վիրավորվել էիր, թևդ չի՞ ցավում, ո՞նց ես զենքերը վերցրել: Հուզվել էի…. նաև ուրախ էի, որ գոնե մի պահ գիտակցության եկավ: Մի կերպ հասանք Կուսապատ, որտեղ տեղակայված էր դաշտային հոսպիտալը: Այնքան ուժեղ էր այդ տղան: Ես չէի հավատում, որ մինչև հոսպիտալ հասնելը կապրի: Բժիշկ Վալերի Մարությանն ու բուժքույր Հասմիկը (զոհվել է)դիմավորեցին մեզ: Անմիջապես վիրահատեցին: Ես ուշադիր հետևում էի բժշկի ձեռքերին… ոսկերչի նման հավաքում էր վերքը… Վիրավորը դիմացավ…Հաջորդ օրը տարանք Դրմբոն և ուղղաթիռով ճանապարհեցինք Երևան, սակայն հաջորդ օրը Երևանում մահացավ:

-Դուք ինչպե՞ս էիք վիրավորվել:

– Ալիաղալի գյուղում` վիրավորին դուրս բերելիս: Մենք հայտնվել էինք բաց դաշտում: Թշնամու դիրքը նպաստավոր էր: Միանգամից ամբողջ տեխնիկան գործի դրեցին: Տղաներից մեկը վիրավորվել էր: Հարցրեցի` Բագրատ, որտե՞ղ է վնասվածքը: Ընդհանրապես չէր լսում, կոնտուզիա էր ստացել: Արտաքինից որևէ վերք չնկատեցի: Բայց որևէ կերպ չէր արձագանքում: Փորձեցի տեղափոխել ավելի անվտանգ վայր: Հենեցի ուսիս և սկսեցի սողալով առաջ գնալ: Մի քանի մետր առաջացանք, կրակեցին: Հարվածից չոքեցի: Ձայներ լսեցի` Աղավնին վիրավոր է… տղաները վազեցին դեպի մեզ: Թևս էր վիրավորվել և ուսս: Թևիս բեկորը դեռ ինձ հետ է: Ինձ տեղափոխեցին համեմատաբար անվտանգ վայր: Խնդրեցի, որ գնան, ես կսպասեմ: Վերևից` Ուլուբաբից մի տղա էր անցնում, տեսավ, որ վիրավոր եմ: Ասաց` լավ տեղ չես, և հակառակ իմ պնդումների` «բուշլաթը», որի վրա նստած էի, քաշելով` ինձ առաջ տարավ: Քիչ անց մի արկ ընկավ հենց այն տեղը, որտեղ ես նստած էի: Տղաները եկան, մեծ թվով վիրավորներ էին բերել: Ես ինքս իմ ոտքով Արայիկ Խանդոյանի ձեռքը բռնած (աչքերը վիրավորվել էին, չէր տեսնում) բարձրացանք Ուլուբաբի սարը, իսկ Բագրատին տղաները շալակած տարան:

… Աղդաբանում տեղի ունեցած մի միջադեպ երկար ժամանակ ինձ հանգիստ չէր տալիս… Ամարասի Արթուրն էր մեր թևի հրամանատարը: Հայտնեցին, որ վիրավոր կա: Վիճակը ծանր էր` կրծքավանդակի և գլխի վիրավորում ուներ: Արագ սկսեցի առաջին բուժօգնություն ցուցաբերել: Մի տղա եկավ, արտասվելով, աղաղակելով ցանկանում էր տեսնել վիրավորին: Խանգարում էր… իսկ հապաղելն անթույլատրելի էր. վիճակը ծանր էր: Զայրացա` ի՞նչ ես լաց լինում, գնա այստեղից, թող աշխատեմ… Մի կերպ տարան մի կողմ: Երբ աշխատանքս վերջացրի, վիրավորին տեղափոխեցինք ապահով վայր, սակայն վերքերը ծանր էին, չապրեց: Այն տղան նորից եկավ… պարզվեց` հարազատ եղբայրն է, ցանկանում էր վերջին անգամ տեսնել: Ես երկար ժամանակ ուշքի չէի գալիս… գիտեի, որ ամեն ինչ արել եմ վիրավորին փրկելու համար, սակայն ինձ չէի ներում:

-Պատերազմից հետո Դուք ծառայության անցաք ԼՂՀ ՊԲ-ում..

– Այո, տասը տարի ծառայեցի… ես երդվել էի Յուրայի և Կարինեի շիրիմների առաջ, որ իրենց գործը շարունակելու եմ: Երդումս կատարեցի:

Հասմիկ Գյոզալյան

  • 1
  • 4
  • 6
  • 7
  • 8
  • 12
  • 1111