Առանց զորավոր բանակի Հայաստանը չի ապրի

Զրույց ամերիկահայ բարերարներ Վարդգես եւ Մերի Նաջարյանների հետ

-Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են Հայաստանի և հայ ժողովրդի կյանքով, հրաշալի գիտեն, թե ինչպիսի բարեգործական ծրագրեր են իրականացրել տեր և տիկին Նաջարյանները անկախությունից ի վեր, ինչպիսի կարևոր ներդրում են ունեցել ինչպես Արցախյան պատերազմում, այնպես էլ խաղաղ բանակաշինության ամբողջ ընթացքում: Վարդգես և Մերի անունները միշտ եղել են կողք կողքի: Ու նախքան կխնդրեմ պատմել հայրենիք Ձեր հերթական այցելության եւ առաքելության մասին, ուզում եմ մի հարց տալ, որը, համոզված եմ, շատերին է հետաքրքրում: Ինչպե՞ս Մերի և Վարդգես անունները միացան ընդհանուր Նաջարյան ազգանվան ներքո:

Մերի Նաջարյան- Դուք ուզում եք, որ ես պատմեմ մեր սիրո պատմությո՞ւնը… ու թե ինչպե՞ս ամուսնացանք:

-Այո՛:

Մ. Ն. – Հալեպում մեր դասարանի աղջիկներից մեկը՝ Հերան, Բեյրութ էր գնացել՝ ծովափ: Երբ վերադարձավ, ասաց, որ այնտեղ Վարդգես անունով մի տղայի հետ է ծանոթացել, որը լողի մարզիչ էր: Այնքան գեղեցիկ տղա էր, այնքան գրավիչ, այդչափ գեղեցիկ տղա կյանքիս մեջ տեսած չկամ՝ Հերան հմայված էր: Ես էլ վերցրի ու դպրոցի պատերին ամենուր գրեցի՝ Վարդգես և Հերա: Մեր դպրոցի տնօրինուհին անգլուհի էր: Նա անմիջապես հասկացավ, որ դա իմ ձեռքի գործն է (ես լավ աշակերտ էի ու մի քիչ շփացած): Ստիպված եղա ամբողջ պատերը իմ ձեռքով մաքրել: Մեկ շաբաթ տևեց, բոլոր եղունգներս կոտրտվել էին:

-Կարծում եմ՝ խոսքը Վարդգես Նաջարյանի մասին է:

Մ. Ն. – Այո՛…: Հետո ես ընդունվեցի Բեյրութի ամերիկյան համալսարան և սկսեցի բուժքույրություն ուսանել: Մենք և երրորդ կուրսի ուսանողները որոշ առարկաներ պարապում էինք նույն լսարանում: Մենք մտնում էինք լսարան, նրանք դուրս էին գալիս: Ու հենց այդ ժամանակ էր, որ տեսա մի շատ ներկայանալի ուսանողի: Անչափ թուխ էր. ես կարծեցի, թե արաբ է, որովհետև մեր համալսարանի կեսը հայեր էին, կեսը՝ արաբներ: Ընկերուհուս՝ Քնարիկին ասացի՝ համալսարանի ամենագեղեցիկ տղան այս տղան է, բայց, ափսոս, որ իսլամ է: Մի օր էլ այդ տղան հայերեն խոսեց: Անչափ ուրախացա: Քնարիկին ասացի՝ գիտես, այն սիրուն տղան հայ է: Ասաց՝ հետո՞ ինչ: Ասացի՝ իմ բոյֆրենդս (փեսացուս) պիտի դառնա:

-Ինչպիսի ինքնավստահություն…

Մ. Ն.- Էդպես… Վարդգեսը մարզվում էր բաց դաշտում, ես էլ գնում էի նայում: Առանց բառ խոսելու նայում էի նրան: Մի օր էլ մոտեցավ ու հրավիրեց պարահանդես:

Եվ ամուսնացաք:

-Դեռ ոչ: Վարդգեսը բժշկություն էր սովորում, վիրաբուժություն: Համալսարանն ավարտելուց հետո երկուսս էլ գնացինք Ամերիկա: Ավելի ուշ ենք ամուսնացել: Մեր հարսանիքին 13 հոգի կար միայն՝ մեր ընկերները: Պսակադրություն կատարելու համար 55 դոլար ուզեցին, բայց մեզ որտեղի՞ց այդքան փող: Ես խնդրեցի, որ մեզ 25 դոլարով ամուսնացնեն՝ զեղչ անեն: Համաձայնեցին: Հետո ընկերներով եկանք մեր վարձած բնակարանը: Ննջարանը այնքան փոքր էր, որ մահճակալը տեղափոխելիս դուռը չէր փակվում: Այլ քաղաքներից եկած մեր ընկերները քնեցին հյուրասրահում, մենք՝ ննջարանում: Դուռն էլ բաց…

-Ուզում եք ասել, որ Դուք զրոյի՞ց եք սկսել, ոչինչ չե ՞ք ունեցել, երբ ընտանիք էիք կազմում:

Մ. Ն. -Զրոյից ցածր: Բայց Վարդգեսը լավ մասնագետ էր ու շատ աշխատասեր, և արագ ոտքի կանգնեցինք: Վարդգեսին հանդիպելու համար հիվանդները մեկ ամիս պիտի սպասեին, այնքան շատ հիվանդներ ուներ: Ես էլ իմ հերթին գիտեի փողն ինչպես ծախսել: Վայելքների համար դրամ չվատնեցի: Իմ երեխաները Ամերիկայի ամենալավ դպրոցներն են հաճախել, որտեղ սովորում էին Ամերիկայի երկու նախագահների թոռները: Պրոֆեսիոնալիզմ, աշխատասիրություն և դրամը ծախսելու իմաստնություն՝ այս երեքը թե ունեցար, մեծ հաջողությունների կհասնես:

-Իսկ ինչպե՞ս սկսվեց Ձեր կապը հայրենիքի հետ:

Վարդգես Նաջարյան- Հայրենիքի հետ կապը ես ժառանգել եմ արյամբ: Իմ պապերը Ուրֆայից են եղել: Հայրս սեփական աչքերով է տեսել Եդեսիայի հայերի կոտորածը 1885-ին: Պատմում էր, թե ինչպես են թուրքերը իր աչքի առաջ կացնով սպանել հորը: Հետո հորս տարել են ամերիկյան որբանոց: Բարձրագույն դպրոցի վկայական ստանալուց հետո հորս ուղարկում են Քեսաբ՝ քարոզչություն և ուսուցչություն անելու: Այդտեղ նա ծանոթանում է մորս հետ, և ամուսնանում են: Իսկ երբ ֆրանսիացիները պատրաստվում են Սիրիայի հյուսիսարևմտյան մասը հանձնել թուրքերին, հայրս հեռանում է Քեսաբից, որ չտեսնի թուրքական դրոշը ու չապրի թուրքական տիրապետության տակ:

Հորաքույրս Ուրֆայի հերոսամարտի ղեկավարի կինն էր և ամուսնու հետ կռվում էր թուրքերի դեմ: Հետո թուրքերը նրան բռնեցին, դատապարտեցին 101 տարվա բանտարկության ու 37 ամիս չարչարեցին բանտում, վերջը, երբ անգլիացիները մտան Սիրիա, հորաքույրս ազատ արձակվեց ու գնաց Ամերիկա: Ես երկու անգամ տեսել եմ հորաքրոջս: Նա եղել ու մնում է իմ հերոսը:

Եթե կարելի է, հորեղբորս մասին էլ պատմեմ: Նա 5000 հոգանոց լեգեոնի կազմում գնում է Կիպրոս՝ թուրքերի դեմ կռվելու, ու մի բարձունք, որ ոչ մեկը չէր կարողանում գրավել, այդ լեգեոնը գրավում է՝ կորցնելով զորքի կեսը: Ես 16-17 տարեկանում եղել եմ «Զավարյան» ուսանողական միության անդամ և այդ ժամանակ էլ անցել եմ դաշնակցության շարքերը: Իմ կնքահայրը Դրոն է, նրա մի խոսքը, որ անձամբ եմ լսել, սեպվել է ուղեղիս մեջ՝ ինչ կուսակցության կուզես պատկանիր, բայց հայ ժողովրդի համար պիտի ապրես:

Օհայո նահանգում աշխատելու ժամանակ ապրիլի 24-ից առաջ երեք շաբաթով գրասենյակս փակում էի ու սկսում էի դպրոցից դպրոց գնալով՝ գրքեր կարդալ աշակերտների համար, ցուցադրել ցեղասպանության մասին պատմող «Ո՞ւր է իմ ժողովուրդը» ֆիլմը: Գրքեր էի նվիրում իմ հիվանդներին. նրանց մեծ մասը երևելի մարդիկ էին՝ պաշտոնյաներ, մտավորականներ: Հայրենիքը միշտ մեր սրտում է եղել:

Մերի Նաջարյան- Գիտեք, ես հիացած եմ մեր ժողովրդով: Հալեպում գաղթական հայերը այդ ինչպե՞ս էին կարողացել կազմակերպել իրենց կյանքը: 3 եկեղեցի կար՝ Առաքելական, Ավետարանչական և Կաթողիկե, բազմաթիվ դպրոցներ կային: Եկեղեցիները, կուսակցությունները՝ ամենքը ազգի նվիրյալ էին: Մինչև 38 թվականը դեռ Թուրքիայից գաղթականներ էին գալիս Հալեպ ու արագ բնավորվում էին, որովհետև եկեղեցիները և կուսակցությունները անչափ զորավոր էին և ազգի ցավով մտահոգ: Ես միշտ մտածել եմ այդ մասին ու կարծել եմ, որ եթե բոլորս ազգի ցավով ապրենք, չենք պարտվի:

-Իսկ ինչպե՞ս սկսվեց Ձեր բարեգործական գործունեությունը:

Վ. Ն. – 1984թ.-ին առաջին անգամ եկա հայրենիք: Ու հաջորդ տարին հոդերի վիրահատության երկու վիրահատական համակարգ ուղարկեցի Հայաստան: Դա իմ առաջին օգնությունն էր հայրենիքին: Դրանից հետո Հայաստան եմ եկել ավելի քան 60 անգամ: Իսկ Արցախյան պատերազմից հետո հասկացա, որ առանց զորավոր բանակի երկիրը չի ապրի, և մեր ամբողջ ուժերը ծառայեցրինք հայոց բանակը զորացնելու գործին: Բնականաբար, չեմ թվարկի այն բոլոր գործերը, որ արել ենք բանակի համար, դրա կարիքը չկա, բայց պիտի ասեմ, որ ամեն հայ պիտի իր ուժերի չափով օգնի զինվորներին, զորացնի:

-Բացի նյութական օգնությունից, Դուք Հայաստանին օգնել եք նաև Ձեր մասնագիտական կարողություններով: Ե՛վ Արցախյան պատերազմի ժամանակ, և՛ հետագայում վիրահատել եք բազմաթիվ ազատամարտիկների, զինվորների: Եվ ուզում եմ հարցնել՝ ի՞նչ առաքելություն ունի Ձեր հերթական այցը Հայաստան:

Մ. Ն. – «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» նախագահ Ռուզաննա Խաչատրյանը մեր հրավերով եկավ Միացյալ Նահանգներ և մասնակցեց «Կալիֆոռնիայի հայ բժիշկների միության» ամենամյա գիտաժողովին: Տիկին Ռուզաննան ներկայացրեց մեր բանակի ռազմաբժշկական ծառայության խնդիրները, և նրա սրտացավ խոսքը հուզեց բոլորիս: Հասկանալով, որ մեր բանակին անհրաժեշտ են առաջին բուժօգնության սարքավորումներ, որոշեցինք Հայաստան ուղարկել և բանակին նվիրել շտապօգնության 10 մեքենա: Առաջին մեքենան արդեն Հայաստանում է: Ինչպես «Կալիֆոռնիայի հայ բժիշկների միությունը», այնպես էլ Վարդգես Նաջարյանի հիմնադրած «Բժշկական օգնություն հայերին» բարեգործական միությունը, որը գործում է 1985 թվականից, ցանկություն ունեն համատեղ աշխատելու «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» հետ: Եվ մենք եկել ենք ծանոթանալու ասոցիացիայի ծրագրերին և բանակի բուժծառայության խնդիրներին: Ասեմ, որ և՛ ես, և՛ ամուսինս իսկապես զարմացած ենք, թե որքան աշխատանք է կատարել ասոցիացիան այս մեկ տարվա ընթացքում, և պատրաստ ենք սատարելու բանակի բուժծառայությանը վերաբերող ասոցիացիայի ծրագրերին:

-Սփյուռքի մեր հայրենակիցները՝ ավագ սերունդը, անքակտելիորեն կապված է հայրենիքին. հնարավո՞ր է հայրենիքի հանդեպ նույն սերը արթնացնել ցեղասպանություն վերապրածների երրորդ, չորրորդ սերնդի մեջ:

Մ. Ն. – Իմ թոռնիկը հենց հիմա Արցախում է: Դպրոցն է կազմակերպել հայրենիք այցելությունը: Ես 4 զավակ ունեմ, 11 թոռնիկ: Որդիներիցս մեկը Գլենդելի քաղաքապետն է, մյուսը ռազմական բժիշկ է ամերիկյան բանակում, գնդապետ է, մյուս որդիս շինարար է, աղջիկս՝ իրավաբան: Բոլորն էլ շատ կապված են հայրենիքին ու անչափ սիրում են Հայաստանը: Այդուհանդերձ, պիտի ասեմ, որ միայն Հայաստանում հայը կարող է լիովին պահպանել իր հայկականությունը, և պիտի ամեն ինչ անել, որ արտագաղթը հայրենիքից կանգնեցվի:

Վ. Ն.- Զորավոր Հայաստանն է Սփյուռքի լինելիության միակ հույսը: Եթե Հայաստանը ուժեղ չլինի, Սփյուռքը չի ապրի:

Հ.Գ. Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա բարեգործական և մարդասիրական գործունեության համար բարերարներ Վարդգես և Մերի Նաջարյաններին Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով: Իսկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Վարդգես Նաջարյանին պարգևատրել է «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալով:

Գայանե Պողոսյան

  • vn