Մեծ Հայրենականը՝ բուժքույր Սոֆի Սարգսյանի հուշերում

Հայրենական պատերազից անցել են տարիներ: Անթիվ պատմություններ են հյուսվել փառահեղ հաղթանակների, հերոսների մասին: Սակայն յուրաքանչյուր ասք բացառիկ է… Երբ պիտի հանդիպեի Սոֆի Սարգսյանին (նա Հայրենական պատերազմի տարիներին որպես բուժքույր ծառայել է ռազմաճակատում), թերևս առաջին անգամ որոշել էի հարցերով «չխանգարել»… չկտրել հիշողության՝ տարիների հոգնությունից դողացող թելը, միայն լսել նրա պատմությունը Մեծ պատերազմի և մեր հաղթանակի մասին:

-Ես մշեցու աղջիկ եմ,- պատմեց տիկին Սոֆին,- 1917 թվականին, երբ ծնողներս տեսնում են, որ երկիրը ազատագրելու հույս, հայրենիքում մնալու ոչ մի հնարավորություն չկա այլևս, գաղթում են Արևելյան Հայաստան և բնակություն հաստատում Վանաձորում: Տուն են կառուցում, զավակներ ունենում… Կյանքը շարունակվում է նոր էջից, բայց հոգու ցավը չի սպիանում. նրանք երազում էին իրենց բնօրրանը վերադառնալ, պատմում էին, որ այնտեղ մեր հայրենիքն է, և տունդարձի արդար երազանքով լցվում էր մեր հոգին:

18 տարեկան էի, երբ սկսվեց Մեծ պատերազմը: Դպրոցի ավարտական՝ 10-րդ դասարանում էի սովորում: Չհասցրի հանձնել բոլոր քննությունները, բուհ ընդունվել, ինձ էլ բազմաթիվ աղջիկների, կանանց հետ հավաքագրեցին ռազմաճակատում որպես բուժքույր վիրավորներին օգնելու համար: Մի մասին ուղարկեցին Դիլիջան, մյուսներին՝ Ստեփանավան: Ինձ ուղարկեցին Նովոռոսիյսկ, այնտեղ մնացինք տասը օր, ապա բոլորիս կարգադրվեց պատրաստվել, քանի որ նավերով պիտի հասնեինք Օդեսա: Մեզանից առաջ գնացող նավը ռմբակոծեցին. նավի վրա եղող մարդկանցից ոչ մեկին փրկել չհաջողվեց: Մեր նավը անմիջապես հետ վերադարձավ: Երբ ափ հասանք, մեզ հրամայեցին ցրվել, պատսպարվել մոտակա անտառում, բայց խմբերով, որպեսզի չկորցնեինք իրար և նոր կարգադրությունների ժամանակ հավաքվեինք՝ մեկնելու համար: Մենք թաքնվեցինք անտառում, իսկ թշնամու կործանիչները շարունակում էին ռմբակոծել անտառը, անտառը այրվում էր… և այդ պահին մեզ թվում էր՝ փրկություն չի լինելու…

Ես ոչնչից չէի վախենում (նույնիսկ մեդալ եմ ստացել խիզախության համար), առողջ էի, ամուր… Օրեր անց ինձ ուղարկեցին ռազմաճակատ: Այդ տարիներին չկար այնպիսի ընտանիք, որը պատերազմի դաշտում զավակ, ամուսին, հարազատ չունենար: Մեծ եղբայրս նույնպես խորհրդային զորքերի կազմում էր: Երբ հասա Նովոռոսիյսկ, մի նամակ ուղարկեցի նրան (նա Էստոնիայի ճակատում էր). գրել էի, որ ես էլ մասնակցում եմ պատերազմին: Նա զինվոր էր, ես՝ բուժքույր… Գրել էի հպարտությամբ: Մարտի դաշտում առաջին բուժօգնություն էի ցույց տալիս վիրավոր զինվորներին, հետո նրանց տեղափոխում էինք բուժկետ, ծանր վիրավորներին ուղեգրում մոտակա հոսպիտալներ (Հայրենական պատերազմի տարիներին նախկին դպրոցների շենքերում, փլատակների մեջ, վրանների տակ ստեղծվել էին դաշտային շարժական հոսպիտալներ, մասնագիտացված էվակուհոսպիտալներ): Ես դեռ անփորձ էի, բայց մեր բժշկուհին, որը նույնպես հայ էր՝ Խոջոյան Արուսը, առաջին բուժօգնության բոլոր հմտությունները սովորեցնում էր ինձ: Նրա որդիները մասնակցում էին պատերազմին, և նա, արդեն տարիքն առած, կամավոր եկել էր, միացել երիտասարդներին: Երբ վիրավոր զինվոր էին բերում, արցունքն աչքերին հասնում էր նրանց, ուզում էր թաքցնել հուզմունքը, բայց չէր կարողանում… Ասում էր՝ իր որդիներին է տեսնում, երբ նայում է այդ տղաներին:

Մեր բուժկետի վրանները գտնվում էին անտառում: Երբ մի օր թշնամու կործանիչները վերևից նկատեցին մեզ, անխնա ռմբակոծություն սկսվեց: Մեր կործանիչները փորձում էին պաշտպանել մեզ. երկնքում կատաղի պատերազմ էր: Երկնքից բեկորները թափվում էին անտառի վրա, ինչպես երկաթե այրող, մահաբեր անձրև: Թվում էր՝ րոպեն անցնում էր դարի նման և այդ դժոխային կրակին վերջ չկար… Ո՞ր վիրավորին փրկեինք, ինչպե՞ս, պատսպարվում էինք, որտեղ հնարավոր էր, ու սպասում, որ օդային մարտը ավարտվի: Աղոթում էինք մեր օդաչուների համար, որ նրանց թռիչքը վերջինը չլինի… Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ էին զգում նրանք, երբ բարձրանում էին օդանավ, երբ հստակ գիտակցում էին, որ կարող են չվերադառնալ, բայց գնում էին՝ հանուն խաղաղության, մեզ պաշտպանելու համար:

Պայթյուն, բեկորներ՝ այդ ամենը այսօր էլ հիշում եմ՝ անջնջելի ծանր երազի նման: Այդ ռմբակոծություններից մեկի ժամանակ ես էլ վիրավորվեցի, մեջքս ծակծկվել էր բեկորներից: Ինձ տղափոխեցին բուժկետ, բեկորները հեռացրին, վերքը մաքրեցին: Չէի ուզում, որ ինձ հոսպիտալ տեղափոխեն, վախենում էի, որ այնտեղից հանկարծ ուրիշ ճակատ կուղեգրեն ինձ: Այստեղ ես բոլորին արդեն ճանաչում էի. հրամանատարը հայ էր՝ ՍիմոնԹալալյանը, հայ զինվորներ կային, բոլորը հարգանքով էին վերաբերվում մեզ… Մի ընտանիք էինք դարձել, կարծես մի ամբողջ կյանք ապրել էինք միասին:

Հիշում եմ առաջին աշունը, առաջին ձմեռը ռազմաճակատում: Բնության տարերքի՝ ցրտի, սառնամանիքի դեմ մեր պայքարը նույնքան դաժան էր, նույնքան անողոք. ցուրտը տանջում էր անխնա… Ո՞վ չգիտի՝ ինչ ձմեռներ են ռուսական անտառներում…

Բայց մենք չէինք վհատվում, մեզ համար ոգևորիչ էր այն, որ երբեք չենք նահանջել, չենք զիջել մեր դիրքերը, այլ առաջանալով, հետ շպրտելով թշնամուն՝ ազատագրել ենք տարածքներ: Ռադիոն հայտարարում էր, որ մեր զորքերը առաջ են շարժվում, որ թշնամին պարտություն է կրել այս կամ այն ճակատներում, որ քաղաքները ազատագրվել են… Ի՜նչ ուրախություն էր դա, մենք մոռանում էինք ամեն ինչ և ուրախությունից արտասվում էինք…

Վերապրելով անցած տարիների ուրախությունն ու ցավը՝ ճերմակած զրուցակիցս լռում է ու թաց աչքերով նայում ինձ: Պատմությունը չընդհատվեց. նա ամեն ինչ հիշում է, սակայն մտքերը նրան տանում են Գելենջիկ… դեմքը լուսավորվում է, աչքերը ժպտում են, և թանկ հուշերը պատմում է ինձ…

-Նովորոսիյսկից մեկնել եմ Օդեսա, հետո Գելենջիկ… Գելենջիկում գումարտակի հրամանատարը հայ էր՝ Մնացական Սարգսյանը, արմատներով՝ բնիկ երևանցի: Նա խիզախ, ամուր երիտասարդ էր, ես հիանում էի նրա քաջությամբ, հպարտանում էի, երբ տեսնում էի, որ ավելի բարձրաստիճան զինվորականներ հայ երիտասարդի՝ Մնացականի նկատմամբ հարգանքով են վերաբերվում: Նա էլ իմ գեղեցկությամբ, ուրախ, անվախ բնավորությամբ էր հիանում… Այդ համակրանքը, հիացմունքը օրերի, ամիսների ընթացքում մեծ սեր դարձավ և ուղեկցեց մեզ ամբողջ կյանքում:

Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպես էր բաբախում իմ սիրտը պատերազմի ժամանակ՝ վախով, տագնապով, ցավով, բայց այդ ամենը փարատվում էր, երբ նա կողքիս էր լինում: Շատ լուսավոր եմ հիշում նրան, շատ կարոտած…Ռազմաճակատում մենք ամուսնացանք, և ամիսներ անց, երբ մեր առաջնեկի ծնվելուն մի քանի ամիս էր մնացել,ինձ ուղարկեցին տուն… Ծնվեց որդիս, իսկ ամուսինս վերադարձավ ավելի ուշ՝ 1946 թվականին, երբ պատերազմը ավարտվել էր, և մարդիկ ուզում էին նոր կյանք կառուցել առանց վախի, առանց ցավի՝ բոլոր կորուստները թողնելով անցյալում և նոր հույսերով գոտեպնդված:

Մեր կյանքն էլ իր խաղաղ հունի մեջ մտավ: Իմ բժշկուհին՝ Խոջոյան Արուսը, վերադառնալով պատերազմից, գտավ ինձ և կանչեց իր մոտ՝ տեղամասային պոլիկլինիկայում աշխատելու (պատերազմի ժամանակ ես զգում էի, որ նա ծնողի նման սիրում էր ինձ, գնահատում էր իմ արագաշարժությունը, ուշադիր էի, ու մեկ անգամ ասածը մեկընդմիշտ հիշողությանս մեջ էր մնում): Ընտանիքս համաձայն էր: Առաջին օրը գնացի պոլիկլինիկա, ինձ ցույց տվեցին հիվանդների ցուցակները, բացատրեցին նրանցից յուրաքանչյուրի բնակության վայրը ու սովորեցրին՝ ինչ հաջորդականությամբ եմ նրանց այցելելու, ինչ բուժօգնություն եմ ցուցաբերելու: Հաջորդ օրը գնացի աշխատանքի, պետք է հիվանդներին այցելեի: Եվ հանկարծ… սկեսրայրս հանդիպեց փողոցում: Զարամացավ, որ դրսում եմ, ես էլ բացատրեցի նրան… ու դա եղավ իմ վերջին աշխատանքային օրը…

Բայց ես չեմ ցավում, որովհետև հետագայում ես գտա իմ տեղը, իմ աշխատանքը, իմ կոչումը: Ընդունվեցի Խաչատուր Աբովյանի մանկավարժական ինստիտուտ, բայց չավարտեցի այն: Դպրոցում գերազանց առաջադիմությամբ եմ սովորել և այնքան գիտելիք ունեի, որ նախ աշխատեցի մանկապարտեզում որպես վարիչ, հետո ընդունվեցի թիվ 13 գիշերօթիկ դպրոց, որտեղ հայոց լեզու և հայ գրականություն եմ դասավանդել: Չունենալով բուհի վկայական՝ չեմ թերացել իմ աշխատանքի մեջ, գիտելիքներով չեմ զիջել,և որ ամենակարևորն է ուուցչի համար, անկեղծ սիրել եմ բոլոր աշակերտներիս: Նրանց պատմում էի պատերազմի, խաղաղության մասին… ու սովորեցնում էի, որ աշխարհի ամենամեծ երանությունը խաղաղությունն է, խրատում էի ապրել խաղաղ, սիրել իրար, չէ որ ամենամեծ խաղաղությունը սկսվում է միմյանց սիրելուց: Եվ աշակերտները ինձ հատուցում էին՝ սիրով. թիկնապահի նման պտտվում էին իմ ետևից: Երբ տարիքի պատճառով դուրս եկա աշխատանքից, իմ աշակերտները, արդեն մեծացած, այցելում էին ինձ, հրավիրում միջոցառումների: Նրանց ներկայությամբ ես կարծես երիտասարդանում էի…

Ես միշտ շրջապատված եմ եղել սիրով, հոգատարությամբ: Հրաշալի ընտանիք ունեմ՝ որդիս, նրա կինը, թոռնիկներս… Ամենակարևորը մարդու կյանքում խաղաղ, համերաշխ ընտանիքն է: Եթե ընտանիքում չես գտնում քո անդորրը, ապա երբեք և ոչ մի տեղ չես կարող լրացնել այն:

Այսօր էլ տիկին Սոֆիին հրավիրում են տարբեր միջոցառումների, հուշ-երեկույթների, պատվում են նրան: Նա հագնում է զինվորական համազգեստը՝ կուրծքը մեդալներով, շքանշաններով զարդարված: Բոլորը նրան «հերոս» են ասում, հիանում են, բայց «պատերազմի մռայլ ուրվականը մինչև այսօր ծանր նստած է իմ աչքերի առաջ, իմ հիշողության մեջ, ու սիրտս ցավում է… Երանի պատերազմ չլիներ, մենք էլ հերոսներ չդառնայինք… »,- ասում է տիկին Սոֆին մեր հանդիպման ավարտին, և նրա «Երանին» շարունակ հնչում է իմ հիշողության մեջ:

Էդիտա Մելքոնյան

  • sofsar