Կմնամ այնքան, որքան կզգացվի իմ կարիքը

Արթուր Մուշեղի Մուրադյանը ծնվել է 1957թ. հոկտեմբերի 5-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում: 1980 թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը, 1990 թ.՝ Մոսկվայի բժիշկների կատարելագործման ինստիտուտի ասպիտանտուրան: Որպես քիթ-կոկորդ-ականջաբան՝ աշխատել է Շամշադինի կենտրոնական շրջանային հիվանդանոցում, Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում, 3-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոցում:

Բժշկական գիտությունների թեկնածու է, ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի դոցենտ:

1988-1992թթ. կամավոր մեկնել է ՀՀ Շամշադինի շրջան, Ստեփանակերտ. մարզային և մանկական հիվանդանոցներում, կենտրոնական զինվորական հոսպիտալներում մասնակցել է հիվանդ, վիրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների բուժսպասարկման աշխատանքներին:

Գիտական աշխատությունները վերաբերում են քթի և հարքթային խոռոչների հիվանդությունների առանձին հարցերին և դրանց բուժմանը:

ԼՂՀ ՊՊԿ ռազմական բուժծառայության վարչությունից և ՀՀ առողջապահության նախարարությունից արժանացել է շնորհակալագրերի, պարգևատրվել է «Դրաստամատ Կանայան» մեդալով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

– Մայրս՝ Թամարա Հովհաննեսովնան, բժշկուհի էր՝ քիթ-կոկորդ-ականջաբան և մեր մարզում մեծ համբավ ուներ. բոլորը անվերապահորեն սիրում, վստահում էին նրան: Նա ոչ միայն հետաքրքրություն առաջացրեց իր մասնագիտության նկատմամբ, այլև դարձավ իմ առաջին ուսուցիչը: Ինստիտուտը, ինտերնատուրան ավարտելուց հետո տասը տարի աշխատեցի մայրիկիս ղեկավարությամբ: Հետագայում ավարտեցի ասպիրանտուրան, ուսանեցի այնպիսի մեծությունների մոտ, ինչպիսիք են Վանիկ Պողոսովը, Ռոբերտ Հակոբյանը, Վլադիմիր Մանուկյանը: Մասնագիտական գիտելիքներից բացի նրանք բժշկական էթիկա են սովորեցրել՝ կարևորելով մարդկային արժանապատվությունը, անուղղելի սխալներից խուսափելու և ավելորդ ինքնավստահությունից զերծ մնալու իմաստությունը:

Հիվանդին և ընդհանրապես մարդուն իմ անձնական մոտեցումը, վերաբերմունքը հոգուցս է բխում: Ինչպես ասում է Աստվածաշունչը. «Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կուզենայիր, որ քեզ հետ վարվեն»: Դա իմ հավատամքն է, և դրանով էլ առաջնորդվում եմ:

-Որտե՞ղ էիք, երբ տեղի ունեցավ Սպիտակի կործանարար երկրաշարժը:

-Այդ ժամանակ ես արդեն ասպիրանտ էի, և ընտանիքիս հետ Մոսկվայում էի: Երկրաշարժի բոթը լսելուն պես վերադարձա Հայաստան և անմիջապես գնացի առողջապահության նախարարություն, որտեղից էլ ինձ ուղարկեցին Շամշադին: Տեղաբնակների մեջ վիրավորներ չկային, բայց Սպիտակից ու Գյումրիից 4000-ից ավելի երեխաներ էին բերել, որոնց բուժօգնություն և խնամք էր հարկավոր: Երկու ամիս անց նորից մեկնեցի Մոսկվա:

– Երբ սկսվեց ազգային-ազատագրական շարժումը, մասնակցո՞ւմ էիք պայքարին:

-Երբ Արցախյան շարժումը սկսվեց, ես հեռու էի Հայաստանից և միայն հեռախոսազրույցների ժամանակ կցկտուր տեղեկություններ էի ստանում իմ ընկերներից: Իրադարձությունների իրական պատկերը ինձ համար պարզ ու հասկանալի դարձավ 1990 թվականից, երբ վերադարձա Երևան և իմ աչքերով տեսա, թե ինչ էր կատարվում օպերայի հրապարակում: Այդ տարի ամռանը Չեխոսլովակիայի ամենահայտնի քիթ-կոկորդ-ականջաբան մասնագետները ժամանել էին Մոսկվա՝վերապատրաստվելու ակադեմիկոս Պողոսովի մոտ: Նրանք 45 օր պետք է մնային Մոսկվայում: Պողոսովը որոշեց նրանց համար մի շրջապտույտ (տուր) կազմակերպել: Ու երբ հարցրեց նրանց կարծիքը, թե ուր կցանկանային գնալ, նրանք միաձայն ասացին՝Հայաստան: Պողոսովը երկու ասպիրանտիս՝ինձ և Սիմոն Փխրիկյանին, իր մոտ կանչեց ու պատվիրեց նրանց ուղեկցել Հայաստան: Այն ժամանակ ես նույնիսկ չմտածեցի, թե ինչու Հայաստան: Երբ տեղ հասանք, նրանք ասացին, որ ստացած տեղեկությունների համաձայն՝այն, ինչ կատարվում է Հայաստանում, հիշեցնում է 1968թ. Չեխոսլովակիայի իրադարձությունները: Դա էր հիմնական պատճառը, որ նրանք նախընտրեցին Հայաստանը: Իհարկե, նրանց տեղավորելիս բավականին դժվարություններ եղան: «Անի» հյուրանոցում մեզ բացատրեցին, որ արդեն 6 ամիս է, ինչ արգելված է արտասահմանյան հյուրեր ընդունել, բայց կարողացանք ամեն ինչ հարթել և պատշաճ ընդունելություն կազմակերպել: Իսկ մեր հյուրերին ամենից շատ հետաքրքրում էր օպերայի հրապարակը: Մինչև մեկնելը խնդրում էին, որ ամեն երեկո իրենց այնտեղ տանենք:

-Իսկ ի՞նչ զգացիք Դուք, երբ այդ ամենը Ձեր աչքերով տեսաք:

-Չեմ կարող ասել… Բայց հենց այդ պահից ի չիք դարձան պլաններս՝ապագայի հետ կապված: Առաջինը՝ասպիրանտուրան ավարտելուց հետո Մոսկվայում մնալու որոշումս: Ես չեմ ուզում ամպագոռգոռ խոսքեր ասել հայրենասիրության մասին, բայց այդ օրերին յուրաքանչյուր հայ պարտավոր էր կանգնել իր ժողովրդի կողքին և իր հնարավորություններն ու կարողություններն օգտագործել ի շահ հայրենիքի: Ես բժիշկ էի, ծնունդով՝ սահմանամերձ բնակավայրից, ինչպես կարող էի իմ հայրենիքից հեռու մնալ ու մտածել իմ բարեկեցության մասին:

1990թ. պաշտպանեցի գիտական թեզը և ընտանիքս վերցնելով՝վերադարձա ու անմիջապես մեկնեցի Շամշադին, որտեղ վիճակը բավականին լարված էր: Կամավորական ջոկատները սահմանի ամբողջ երկայնքով ուժեղ հսկողություն էին սահմանել: Հակառակորդի կողմից այնքան էլ հեշտ չէր լինի ճեղքել պաշտպանական գիծը, բայց նրանց հեռահար կրակոցներից ու ռմբահարումներից մարդիկ էին վիրավորվում ու զոհվում: Վիրավորների թիվը, հատկապես խաղաղ բնակչության շրջանում, զգալի էր: Հերթապահում էինք նաև մենք՝բժիշկներս: Ես հիմնականում հերթապահում էի Այգեպար գյուղի օդանավակայանում, որտեղ տեղակայված էր բժշկական առաջին կետը: Մենք ապահովված էինք շտապօգնության ավտոմեքենայով և առաջին բուժօգնության անհրաժեշտ դեղորայքով: Մինչև 1992 թվականի կեսերը մնացի Շամշադինում, հետո տեղափոխվեցի Երևան: 1993 թվականից պարբերաբար մեկնում էի Ստեփանակերտ: Առաջին անգամ չորս բժիշկներով մեկնեցինք. նյարդավիրաբույժ Կարո Հեբոյանը, որը 2000 թ. զոհվեց ուղղաթիռի վթարից, վիրաբույժ Լևոն Հակոբյանը և մի անեսթեզիոլոգ (թող ների՝անունը չեմ հիշում): Մեզ տեղավորեցին զինվորական հոսպիտալում, որտեղ էլ քնում, սնվում ու աշխատում էինք:

-Այդ տարիներից ի՞նչ հետաքրքիր դեպքեր եք հիշում:

-Առաջին անգամ մոտավորապես երեք ամիս մնացինք: Այդ շրջանում համեմատաբար պակասել էր վիրավորների հոսքը: Ինձ ավելի շատ խաղաղ բնակիչներ էին այցելում ոչ միայն Ստեփանակերտից, այլև հարակից շրջաններից (նեղ մասնագետների պակաս միշտ էլ զգացվել է հեռավոր շրջաններում): Առավոտյան ժամը 6-ից մարդկանց հոսքը սկսվում էր ու շարունակվում մինչև ուշ գիշեր: Բոլորն արդեն գիտեին, թե որ սենյակում եմ քնում: Շատ ժամանակ ուղիղ գալիս էին մեր հանգստի սենյակ և դուռը թակում: Խեղճ տղաներն էլ հանգիստ չունեին:

Մի անգամ առավոտյան ժամը 6-ին դուռը թակեցին: Կարոն քնաթաթախ հարցրեց՝ ո՞վ ա:

-Բալա ջան, ես եմ, դոխտուր Արթուրը հինչ տեղա:

-Դոխտուր Արթուրը մեռալ ա,- կատակեց Կարոն:

-Վույ, քոռանամ ես,- դռան ետևից ողբաց տարեց կինը:

Արագ հագնվեցի ու դուրս եկա սենյակից: Խեղճ կինը, թոռան ձեռքը բռնած, դեռ կանգնած էր ու մոլոր հայացքով շուրջն էր նայում:

-Մայրիկ ջան, իմ ընկերը կատակ արեց: Գնանք, տեսնեմ՝ ինչ է պատահել:

-Ես հեչ, է, մատաղ, խոխաս ա հիվանդ…

Ստեփանակերտում ինձ վրա մեծ տպավորություն էր գործել տեղի բժիշկների անսահման նվիրվածությունը, կատարած տիտանական աշխատանքը: Նրանց համար ոչ մի նշանակություն չուներ՝ ով է վիրավորը՝ չինովնիկ, հրամանատար, թե շարքային զինվոր, բոլորի նկատմամբ էլ մոտեցումը նույնն էր:

Հայաստանցի բոլոր բժիշկներս գնում էինք, մի քանի ամիս մնում, բնականաբար, քնում էինք հոսպիտալում: Հիշում եմ առաջին հարցը, որ տվեցին հոսպիտալ մտնելու ժամանակ՝ որքա՞ն ժամանակով եք եկել: «Կմնամ այնքան, որքան կզգացվի իմ կարիքը»,-պատասխանեցի:

Երբ երկրորդ անգամ գնացի Ստեփանակերտ, արդեն աշունն իր տարերքի մեջ էր: Որոշ ժամանակ աշխատելուց հետո հոսպիտալի պետին՝ Սամվել Գևորգյանին, խնդրեցի մի քանի օրով թույլ տալ Երևան վերադառնալ, որպեսզի կարողանայի վառելափայտի հարցը լուծել: Գիտեք, Հայաստանում ցուրտ, խավար տարիներ էին: Սամվելը ոչինչ չպատասխանեց: Մեր խոսակցությունից երկու օր անց Բաբայան Սամվելի եղբայր Կարո Բաբայանը եկավ հոսպիտալ և ասաց, որ հանգիստ լինենք. վառելափայտը արդեն հասցվել է իմ ու Կարո Հեբոյանի ընտանիքներին: Պատկերացնում եք, մարդիկ ավտոմեքենա էին վարձել, բարձել փայտը, հասցրել մեր բակերը, սղոցել, ջարդել ու բարձրացրել տուն: Ամեն անգամ այդ մասին հիշելիս հուզվում եմ: Սամվելը գերազանց մասնագետ է, անզուգական անձնավորություն և լավ էլ հումոր ունի…

Ես հիացած էի նաև տեղի ժողովրդի վերաբերմունքից: Պատահում էր, որ մեզ շտապ կանչում էին մարզային հիվանդանոց՝ վիրավորին օգնություն ցույց տալու: Հենց համազգեստով դուրս էինք գալիս, մեզ տեսնելուն պես ավտոմեքենաները կանգնում էին ու հարցնում՝ ուր տանենք: Ու թեև վառելանյութը սուղ էր, նրանց դա չէր խանգարում. շեղվում էին իրենց ճանապարհից ու մեզ տեղ հասցնում:

-Իսկ Ձեր աշխատանքը միայն Ստեփանակերտի հոսպիտալում և մարզային հիվանդանոցում էր սահմանափակվում:

-Ոչ: Վիրավորին, հիվանդին տեղում օգնություն ցույց տալու նպատակով մենք հաճախ էինք մեկնում Ստեփանակերտի հարակից գյուղեր,Մարտակերտ և այլուր: Վիրահատությունների ժամանակ ես նաև օգնում էի վիրաբույժներին:

-Բացի Ձեզանից, Ստեփանակերտի հոսպիտալում էլի կայի՞ն քիթ-կոկորդ-ականջաբաններ:

-Հոսպիտալը նոր էր կազմավորվում և քիթ-կոկորդ-ականջաբան չուներ: Չկային և համապատասխան սարքավորումներ: Ես և Նորիկ Չեչանովը դժվարությամբ գործիքներ հայթայթեցինք, կաբինետ ձևավորեցինք: Ընթացքում ես սովորեցնում էի նրան մեր մասնագիտության նրբությունները: Հետո նա վերապատրաստման դասընթացներ անցավ Երևանում և որպես քիթ-կոկորդ-ականջաբան աշխատեց Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում:

-Այն ժամանակ մտածում էիք, որ Ձեր երազած անկախությունը այսպիսին կլինի:

-Մենք ինքնահաստատման էինք գնում: Թե մեզ, թե աշխարհին պետք էր ապացուցել, որ ազգ ենք, որ արժանապատվություն ունենք և թուլ չենք տա, որ մեզ ոտնահարեն, տրորեն ու մեզանից խլեն այն, ինչը, հիրավի,մեզ է պատկանել ի սկզբանե: Դա էր, որ իր հողն ու հայրենին պաշտպանելու համար ոտքի էր հանել ազատամարտիկներին՝ տոգորելով ոգևորությամբ, հաղթողի հոգեբանությամբ, առանց որի անհնար կլիներ դիմագրավել ժամանակակից տեխնիկայով զինված ու կենդանի ուժով մի քանի անգամ գերազանցող թշնամուն: Հաղթողի հոգեբանությունը տիրել էր նաև բժիշկներին: Առաջին անգամ այդ հզոր ոգու առկայությունը զգացի Շամշադինում: Արցախում եղած ժամանակաշրջանում համոզվեցի, որ, իրոք, հայի ոգին անպարտելի է:

-Բնականաբար, այսօր էլ քիչ չեն այն ազատամարտիկները, ովքեր իրենց բուժական խնդիրներով Ձեզ են դիմում: Դուք բոլորին էլ պատրաստակամ օգնության ձեռք եք մեկնում:

-Իհարկե: Առաջին հերթին՝ յուրաքանչյուր մարդ, մասնագետ իր գործը պետք է նվիրումով ու ազնվորեն կատարի, լինի նկարիչ, շինարար, արհեստավոր, զինվոր, թե բժիշկ: Իսկ ես երբեք չեմ մոռանում, որ որպես բժշկի՝ իմ պարտքը մարդկանց օգնելն է: Երբեք չեմ մոռանում այն, որ այդ տղաները՝ մեր ազատամարտիկները, իրենց կյանքն էին դրել հայրենիքի փրկության զոհասեղանին, որ նրանց շնորհիվ ձեռք բերվեց այսօրվա խաղաղությունը, անկախությունը: Մերժել նրանց նշանակում է մերժել այն գաղափարները, հանուն որոնց ինքս էլ պայքարում էի: Արցախյան պատերազմի մասնակից շատ բժիշկների գիտեմ, որոնք նույնպես հատուկ վերաբերմունք ունեն ազատամարտիկների նկատմամբ, ինչպես օրինակ՝ Տարոն Տոնոյանը, Արտավազդ Սահակյանը, Անդրանիկ Քալայջյանը, Գրիգոր Խաչատրյանը և այլք:

Ազատամարտիկներին էլ պետք է հասկանալ. նրանք դիմում են նրան, ով մտնում է իրենց դրության մեջ, ով երբեք չի անտեսում իրենց կատարած սխրանքը, ով սիրով է ընդունում և ուշադիր վերաբերմունք է դրսևորում իրենց նկատմամբ:

-Ավանդական վերջին հարցն եմ ուղղում Ձեզ. ի՞նչ եք ցանկանում մեր երկրին, մեր ժողովրդին:

-Իմ ամենամեծ ցանկությունն է, որ երկիրս խաղաղ, ազատ, անկախ, հարուստ և զարգացած լինի, որ մեր ժողովուրդը երջանիկ ապրի այս բիբլիական հողի վրա, որ մեզանից յուրաքանչյուրը իր երկրի մասին այնպես մտահոգվի, ինչպես իր տան, ընտանիքի մասին:

Անահիտ Չիբուխչյան

(Կրճատումներով)