Զինվորական ծառայության անվտանգության բժշկական ապահովում

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կայացավ «Զինվորական ծառայության անվտանգության ապահովման համատեքստում անվտանգ ծառայության ապահովման ուղիները» թեմայով գիտաժողովը, որին մասնակում էին պաշտպանության համակարգի բազմաթիվ ծառայությունների ներկայացուցիչներ: Կոնֆերանսին մասնակցելու հրավեր էին ստացել նաև մի քանի հասարակական կազմակերպություններ, այդ թվում և «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան»:

Ասոցիացիայի խորհրդի անդամ, փոխգնդապետ Գոռ Վարդանյանը հանդես եկավ զեկույցով, որը վերաբերում էր զինվորական ծառայության անվտանգության բժշկական ապահովման արդյունավետության բարձրացմանը: Զեկույցի նախաբանում փոխգնդապետը նշեց, որ զինվորական ծառայության անվտանգության խնդիրների լուծման գործում իր կարևոր դերակատարումն ունի զինված ուժերի բուժծառայությունը: Բանախոսի կարծիքով՝ կան բազմաթիվ գիտական աշխատանքներ, որտեղ լուսաբանվում են զինծառայության անվտանգության բուժապահովման առանձին բաղադրիչները, սակայն աշխատություններում բացակայում է անվտանգությանը առնչվող՝ բուժծառայության գործունեության բազմակողանի վերլուծությունը, լիարժեք չեն լուսաբանվում տվյալ բնագավառում բուն բուժծառայության հիմնախնդիրները: Փոխգնդապետ Գոռ Վարդանյանի հավաստմամբ՝ ՀՀ պետական կառավարման մարմինների, պաշտպանության նախարարության, ԶՈւ գլխավոր շտաբի կողմից վերջին տարիների ընթացքում տարվում է ակտիվ աշխատանք զինվորական ծառայության անվտանգության ապահովման մակարդակի շարունակական բարձրացման, հիվանդացությունների, վնասվածքների, զորացրումների և մահվան դեպքերի նվազեցման ուղղությամբ, ինչը, անշուշտ, նպաստում է ՀՀ ԶՈւ մարտունակության բարձրացմանը: Ակնհայտ է, որ խնդրի լուծման համատեքստում որոշիչ դեր ունի ՀՀ ԶՈւ բուժծառայության գործունեությունը, մասնավորապես՝ դրա զորային օղակը:

Այնուհետև փոխգնդապետը ներկայացրեց Ռուսաստանի Դաշնության մոդելը. ՌԴ ԶԾԱ հայեցակարգի համաձայն՝ զինծառայության անվտանգությունը սահմանվում է որպես զինվորական ծառայության այնպիսի վիճակ, որը ապահովում է զինծառայողների, տեղի ազգաբնակչության, շրջակա միջավայրի պաշտպանությունը ԶՈւ գործունեության հետևանքով ի հայտ եկած վտանգավոր գործոններից: Ընդ որում՝ վտանգ ասելով հասկանում ենք ԶՈւ գործունեության արդյունքում ձևավորվող բազմաբաղադրիչ գործոնների համալիր, որոնք այս կամ այն կերպ կարող են ազդել զինծառայողի աշխատունակության և մարտունակության վրա:

Փոխգնդապետն առանձնացրեց զինծառայության անվտանգությունն ապահովող 7 հիմնական ուղղությունները՝ իրավական, սոցիալ-տնտեսական, կազմակերպչատեխնիկական, բարոյահոգեբանական, բժշկական, օդերևութաբանական, էկոլոգիական:

Հակիրճ անդրադառնալով բոլոր ուղղություններին՝ Գոռ Վարդանյանը առավել մանրամասն ներկայացրեց զինվորական ծառայության անվտանգության բժշկական ապահովման խնդիրներն ու նպատակները (ԶԾԱԲԱ): Ըստ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» ներկայացուցչի՝ զինվորական ծառայության անվտանգության բժշկական ապահովումը ընդգրկում է զորքերի կյանքի և կենցաղային պայմանների սանիտարահամաճարակային վերահսկողությունը, բուժկանխարգելիչ միջոցառումների իրականացումը, զինվորական ծառայության ենթակա քաղաքացիական անձանց բժշկական փորձաքննության իրականացումը, զինծառայողների հիվանդացության և տրավմատիզմի պարբերական վերլուծությունն ու դրանց նվազեցմանն ուղղված միջացոռումների իրականացումը:

«Մեր կարծիքով՝ ԶԾԱԲԱ փաստաթղթերում բացակայում են այնպիսի կարևոր բաղադրիչներ, որոնցից են բուժծառայության սպայական անձնակազմի ԶԾԱԲԱ վերաբերյալ ռազմամասնագիտական պատրաստությունը, ԶԾԱԲԱ նյութատեխնիկական ապահովման սկզբունքները, բոլոր աստիճանի հրամանատարների և բուժծառայության համապատասխան օղակների համակարգված և ինտեգրված աշխատանքի սկզբունքները»:

Գոռ Վարդանյանը հավաստիացրեց, որ ԶԾԱԲԱ դերը հետզտհետե մեծանում է: Համաձայն ԶՈւ գործունեությունը կարգավորող փաստաթղթերի՝ մասնավորապես ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի, զորքերի բուժաապահովումը կարևոր դեր է խաղում ԶԾԱ ապահովման խնդրում: Զգալի մեծացել է ուշադրությունը ԶԾԱԲԱ նկատմամբ, ինչը պայմանավորված է Զինված ուժերի ռազմատեխնիկական արդիականացման, ուսումնամարտական պատրաստության ինտենսիվության մեծացման և մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումների և զորամասերի գործունեության առանձնահատկություններով:

Խոսելով առկա թերությունների և խնդիրների մասին՝ փոխգնդապետը դրանք պայմանավորեց պետության և համապատասխանաբար ԶՈւ սոցիալ-տնտեսական պայմաններով, զորային օղակի բուժծառայության անձնակազմի պասիվությամբ, սեփական մասնագիտական որակների կատարելագործման ցանկության բացակայությամբ և այլն:

Բանախոսը ԶԾԱԲԱ համատեքստում հատկապես կարևորեց տրավմատիզմի կանխարգելմանը ուղղված միջոցառումների կազմակերպումը:

Նրա ներկայացմամբ՝ տրավմատիզմը ԶՈւ առավել սուր սոցիալական և բժշկական հիմնախնդիրներից է: Նրանով են հիմնականում պայմանավորվում զինծառայողների աշխատունակության և մարտունակության կորստի, հաշմանդամության և մահացության դեպքերը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ վնասվածքներից տարեկան մահանում է 3.5 մլն մարդ, իսկ մոտ 2 մլն՝ դառնում հաշմանդամ: Ուստի ՀՀ ԶՈւ կողմից որդեգրված տրավմատիզմի կանխարգելման քաղաքականությունը մեծապես նպաստում է նաև ԶԾԱԲԱ հիմնախնդիրներից մեկի լուծմանը:

Գոռ Վարդանյանը նշեց, որ ներկայիս ղեկավարվող փաստաթղթերի դրույթները հիմնականում թույլ են տալիս գործնականում լուծել ԶԾԱԲԱ խնդիրները, սակայն հաշվի առնելով դրանց կարևորությունը, առաջարկեց որոշակի միջոցառումներ, որոնք թույլ կտային բարձրացնել ԶԾԱԲԱ արդյունավետությունը:

Իրականացնել բուժծառայության անձնակազմի նախապատրաստում ԶԾԱԲԱ ուսուցման ծրագրով, պարբերաբար ստուգել նշված ոլորտի վերաբերյալ գիտելիքները, գործնական հմտությունները:

Բուժծառայության կադրային և պահեստազորի սպայական անձնակազմ պատրաստող հաստատությունների ծրագրերում ընդգրկել ԶԾԱԲԱ վերաբերող թեմաներ և պարբերաբար ստուգել դրանց յուրացման մակարդակը:

Զորամասերում հատուկ ուշադրություն դարձնել զինծառայողների բաշխմանը (ելնելով առողջական խմբերից) ըստ ռազմաուսումնական մասնագիտությունների, խիստ վերահսկողություն սահմանել դինամիկ հսկողության խմբում ընդգրկված անձնակազմի ուսումնամարտական, ֆիզիկական ծանրաբեռնվածությանը և սահմանափակումների գործնականում կիրառմանը:

Տրավմատիզմի կանխարգելման նպատակով իրականացնել մարտական պաստրաստության պարապմունքների ուսումնական տեղերի, ֆիզհրապարակների, ավտոկայանատեղիների, արհեստանոցների սանիտարական վիճակի և անվտանգության կանոնների պահպանման մշտադիտարկում:

Վերը նշված օբյեկտներում բժշկական պարագաների առկայության ստուգում, պարբերաբար թարմացում, դրանցից օգտվելու կանոների ուսուցանում: Աչքի ընկած բուժծառայության անձնակազմի մոտիվացման լրացուցիչ մեխանիզմների մշակում:

ԶԾԱ հանձնաժողովներում զինվորական ծառայության անվտանգության բժշկական ապահովմանն առնչվող հարցերի քննարկում, հրամանատարության հետ համատեղ բժշկական ապահովման միջոցառումների մշակում:

Զորամիավորումների և զորամասերի բուժծառայության պետերի մասնակցությամբ զինվորական ծառայության անվտանգության բժշկական ապահովմանը վերաբերող թեմատիկ կոնֆերանսների անցկացում:

Կոնֆերասնի ավարտից հետո ճեպազրույցի ժամանակ«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ անդամ, փոխգնդապետ Գոռ Վարդանյանը հույս հայտնեց, որ ասոցիացիայի կողմից արված դիտարկումները, վերլուծություններն ու առաջարկություններն իրենց նպաստը կբերեն զինվորական ծառայության անվտանգության բժշկական ապահովման արդյունավետությունը բարձրացնելու հույժ կարևոր գործին: