Թշնամին մեր ոգին չի կոտրի

Երևանի պատմության թանգարանում գնդակով ծակված մի կուսակցական տոմս կա: Ամեն անգամ այցելուները լուռ կանգնում են նրա մոտ, հուզմունքով ծանոթանում նրա տիրոջ կարճատև, բայց հերոսական կյանքի պատմությանը:

…Սոֆյա Լալայանը պատվական գերդաստանի զավակ էր՝ դուստրը վաստակավոր երկաթուղայինի ու նվիրյալ կոմունիստի, որն արժանացել էր Աշխատանքի հերոսի բարձր կոչման, Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանների ու բազմաթիվ մեդալների:

Սոֆյան ծնվել է 1917 թ. Լենինականում: 1936 թ. ավարտել է Թբիլիսիի միջնակարգ դպրոցը և նույն թվականին կրտսեր քրոջ՝ Ռուզաննայի հետ ընդունվել Լենինգրադի բժշկական ինստիտուտ: 1941 թ. երկուսն էլ հաջողությամբ հանձնել են ավարտական քննությունները : Հունիսի 22-ին պետք է կայանար նրանց ավարտական երեկոն: Շրջանավարտները հավաքվել են Պետրոդովեցում, սակայն… ժամը 12-ին ռադիոյով հայտարարել են ֆաշիստական Գերմանիայի ուխտադրուժ հարձակման լուրը: Նրանք վերադարձել են ինստիտուտ, որտեղ արդեն հավաքվել էին հարյուրավոր ուսանողներ ու շրջանավարտներ: Սոֆյա Լալայանը շատերի նման հայրենիքը պաշտպանելու ցանկություն է հայտնել….

Այդ ծանր օրերին Լենինի անունը կրող քաղաքում սկսել էին աշխարհազորային կամավորներից կազմավորվել դիվիզիաներ: Գիշեր-ցերեկ մարդկային հոսանքը շարժվում էր դեպի զինկոմիսարիատներ: Նրանք տարբեր տարիքի, տարբեր մասնագիտություններ ունեցող, հիմնականում ոչ զինապարտ մարդիկ էին: Ամենաառաջին դիվիզիան կազմավորվել է Կիրովի (նախկին Պուտիլովյան) գործարանի բանվորներից ու ծառայողներից: Այդ դիվիզիային անդամագրվելը մեծ պատիվ էր, և երկու քույրերը՝ Սոֆյան ու Ռուզաննան, համառորեն պնդում են իրենց ևս ընդունել: Նրանց խնդրանքը չի մերժվում: Նրանք մտնում են ժողովրդական աշխարհազորային 1-ին դիվիզիայի 3-րդ հրաձգային գնդի սանմասի կազմի մեջ (այդպիսի վեց դիվիզիա կար): Դիվիզիան մեկում է Լուժսկի ռազմաճակատ՝ Լենինգրադի հեռավոր մատույցները պաշտպանելու: Չհասած Բատեցկի կայարան՝ ապրանքատար գնացքը, որի մեջ էին նաև Սոֆյան ու Ռուզաննան, ընկնում է թշնամու կրակի տակ: Անփորձ բժիշկները հենց այստեղ էլ առաջին մարտական մկրտությունն են ստանում: Այնուհետև և՛ մարտերը, և՛ բուժօգնությունը սովորական են դառնում: Ավելի քան մեկ ամիս 1-ին դիվիզիայի զորամիավորումներին հաջողվում է կանգնեցնել հակառակորդին, իսկ դա շատ կարևոր էր ժամանակ շահելու տեսակետից Լենինգրադի շուրջը խրամատներ փորելու, պատնեշներ կառուցելու համար:

1941 թ. սեպտեմբերին, երբ Լենինգրադն արդեն շրջափակման մեջ էր, երկու քույրերը ուղարկվում են Կարելիայի ռազմաճակատ, որտեղից սպիտակ ֆինները փորձում էին ճեղքել պաշտպանական գիծը դեպի Լենինգրադ և այն գրավել հյուսիսից: Սոֆյա Լալայանը ապրում է հերոս քաղաքի, նրա բնակիչների սոսկալի տառապանքն ու վիշտը: Նա այդ ժամանակ արդեն փորձված վիրաբույժ էր և ծառայում էր 281-րդ բուժսանգումարտակում:

1942 թ. Ռազլիվ կոչվող վայրում՝ Լենինի քողտիկի մոտ, Սոֆյան դիմում է գրել. «Խնդրում եմ ինձ ընդունել Կոմունիստական կուսակցության շարքերը»: Նրա խնդրանքը հարգում են, և նա շարունակում է աշխատել ինքնամոռաց նվիրումով: Աշխատում է աներևակայելի ծանր պայմաններում: …Սոֆյա Լալայանը մասնակցել է Սինյավինի, Տիխվինի, Ուրիցկի, Վոլխովի մոտ և այլուր ծավալված մարտական գործողություններին:

1944 թ. Լուգի շրջանում թշնամու օղակը ճեղքելու ժամանակ գլխավորել է վիրաբուժական բրիգադը: Յոթ օր՝ գիշեր-ցերեկ, չդադարող կրակի տակ նրանք կատարել են վիրահատություններ՝ փրկելով ու շարք վերադարձնելով բազմաթիվ վիրավորների: 1944 թ. փետրվարի 6-ին, երբ ֆաշիստները կրակի տակ են առնում դիվիզիայի բուժկետը, Սոֆյան նույնպես զոհվում է, և կուսակցական տոմսը, թշնամու գնդակից ծակվելով, ներկվում է հերոս աղջկա արյամբ…

Սոֆյա Լալայանը պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով և մեդալներով:

Նրա գերեզմանը գտնվում է Լենինգրադի մարզի Տոլմաչևո կոչվող բնակավայրում: Շիրմաքարին փորագրված են տողեր Սոֆյա Լալայանի նամակից.

Я люблю Ленинград, как свой родной город!

Фашистам не сломить нашу волю – мы победим!

Ա. Գրիգորյան

Բ. Մելքումյան