Կարող ենք մեծ հաջողությունների հասնել

ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ռենտգեն բաժանմունքի բժիշկ-ռադիոլոգ, բ/ծ մայոր Սահանուշ Մկրտչյանը 5 տարի` 2009 թվականի ապրիլից մինչև 2014 թվականի հուլիսը, աշխատել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ուլմ քաղաքի զինվորական հոսպիտալի (Ուլմի զինվորական հոսպիտալն իր 12 բաժանմունքներով և շուրջ 500 մահճակալներով համարվում է Ուլմի համալսարանի ակադեմիական կլինիկան) ճառագայթային ախտորոշում, ինտերվենթիոնալ ռադիոլոգիայի և նեյրոռադիոլոգիայի բաժանմունքում` որպես կլինիկական օրդինատոր:

Այս տարվա մայիսին գերազանց հանձնելով պետական քննությունը՝ ստացել է եվրոպական նմուշի դիպլոմ՝ բժիշկ-ռադիոլոգ մասնագիտությամբ:

«Սահանուշ Մկրտչյանն իր առջև դրված խնդիրները կատարել է չափազանց բարեխղճորեն և մեծ հոգատարությամբ: Նա շատ ջանասեր է, վստահելի և պարտաճանաչ: Հիվանդների նկատմամբ եղել է պատրաստակամ և հոգատար: Վայելում է իր աշխատակիցների, ողջ անձնակազմի, հիվանդների սերն ու հարգանքը: Քննության ավարտից հետո նա վերադառնում է Հայաստան: Աշխատակիցները և ես ցավում ենք, որ նա հեռանում է մեր բաժանմունքից և ցանկանում նրան իր անձնական և մասնագիտական կյանքում ամենայն բարիք». սա մի փոքրիկ հատված է Ուլմի զինվորական հոսպիտալի ճառագայթային ախտորոշում, ինտերվենթիոնալ ռադիոլոգիայի և նեյրոռադիոլոգիայի բաժանմունքի վարիչ, ռադիոլոգ, բգդ, գնդապետ Բ. Դանցի կողմից տրված բնութագրից:

1999-ին Սահանուշ Մկրտչյանն ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետ:

2006-2008 թվականներին նշանակվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում որպես ռազմաբժշկական պատրաստականության և առաջին բուժօգնության դասախոս:

 

-Ձեր կենսագրության մեջ ուշագրավ է այն փաստը, որ ուսանել եք հենց ռազմաբժշկական ֆակուլտետում: Ինչո՞վ էր պայմանավորված զինվորական բժշկի մասնագիտության ընտրությունը:

– Բժշկուհի դառնալը եղել է մանկության երազանք: Ես ինձ որևէ այլ ոլորտում երբեք չեմ պատկերացրել:

… Հայրս՝ Հայկ Մկրտչյանը, Արցախյան պատերազմի մասնակից է: Ես հիշում եմ՝ օրերով, ամիսներով բացակայում էր տնից: Անընդհատ վախ կար… ես փոքր էի, բայց պատերազմն ապրել եմ իմ չափով… Այդ տարիներին ինձ համար ամենասարսափելի երևույթներից մեկը շտապօգնության մեքենայի ձայնն էր. ինձ միշտ թվում էր՝ կանգնելու է հենց մեր բակում: Հենց այդ օրերից սկսեցի երազել զինվորական բժիշկ դառնալու մասին: Երբ եկավ մասնագիտության ընտրության պահը, արդեն գիտեի, որ կա ռազմաբժշկական ֆակուլտետ: Առանց հապաղելու որոշեցի` դառնալու եմ ռազմական բժիշկ: Ընտանիքիս անդամների համար որոշումս անսպասելի էր, չէին պատկերացնում ինձ զինվորական համակարգում:

 

-2008 թվականից մասնագիտական կրթություն եք ստացել Գերմանիայում… Ի՞նչ ծրագրի շրջանակներում էր:

-Երբ դասախոսում էի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, տեղեկացա, որ Գերմանիայում վերապատրաստվելու ծրագիր կա, որը բժիշկների վերապատրաստման երկկողմանի՝ հայ-գերմանական համագործակցության շրջանակներում էր: Սովորաբար վերապատրաստումը տևում է մեկ ու կես տարի. բժիշկները նախ 6 ամիս մասնակում են լեզվի դասընթացների, ապա վերապատրաստվում ԳԴՀ զինվորական հոսպիտալներում՝ համապատասխան մասնագիտությամբ: Որպես մասնագիտություն՝ ռադիոլոգիայի ընտրությունը պատահական չէր. Գերմանիան միշտ առաջատար է եղել տեխնիկայի զարգացման ոլորտում, իսկ ռադիոլոգիան ինքնին անընդհատ զարգացող մասնագիտություն է: Սկզբնական շրջանում 6 ամիս գերմաներենի խորացված մասնագիտացված դասընթացներ եմ անցել Նաումբուրգ/Զաալե քաղաքում: Ապա տեղափոխվել երկրի հարավ՝ Դանուբ գետի ափին գտնվող Ուլմ քաղաք: Ուլմի զինվորական հոսպիտալը լավագույնն էր՝ ռադիոլոգիա ուսումնասիրելու համար: Ինչպես արդեն նշեցի, վերապատրաստման ժամկետը սովորաբար մեկ տարի է: Մտածեցի, որ մեկ տարին բավական կարճ ժամանակ է, և այդ ընթացքում կհասցնեմ խորացված ուսումնասիրել միայն մեկ ուղղություն և ընտրեցի համակարգչային տոմոգրաֆիան: Սակայն տեղի գլխավոր ռադիոլոգի խորհրդով սկսեցի ուսումնասիրել նախ ռենտգենոլոգիան:

… Սկզբնական փուլը բավական դժվար էր ինձ համար: Նաումբուրգն արդեն հարազատ էր դարձել: Ուլմում ամեն ինչ նոր էր: Բնակչության հիմնական մասն այնտեղ շվաբներ են: Նրանց խոսվածքը էականորեն տարբերվում է գրական գերմաներենից: Ինչպես լեզվի ուսուցչուհիս ասաց` պետք է մոռանայի այն գերմաներենը, որը սովորել էի: Ինձ համար դա համարյա օտար լեզու էր: Դրանից բացի՝ անհրաժեշտ էր ծանոթանալ բնակչության հոգեկերտվածքին, բնավորությանը, գործընկերներիս, հարմարվել հիվանդանոցին: Եթե Նաումբուրգում ես ինձ ուսանող էի զգում, այստեղ պիտի դրսևորեի ինձ որպես բժիշկ և վստահություն ձեռք բերեի: 1 տարի անց ինձ հնարավորություն ընձեռեցին հայկական կողմի համաձայնության դեպքում Գերմանիայիում ավելի երկար ուսանելու, քան նախապես որոշված մեկ տարին էր: Գլխավոր ռադիոլոգը այդ որոշումը հիմնավորեց նրանով, որ սովորելու մեծ ցանկություն է նկատել, իսկ լիարժեք գիտելիքներ ստանալու համար մեկ տարին բավարար չէ: Հայկական կողմն՝ ի դեմս ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ իր համաձայնությունը տվեց, ինչի համար ես անչափ երախտապարտ եմ: Իմ մեկամյա վերապատրաստման ծրագիրը վերածվեց հնգամյա ամբողջական կլնիկական օրդինատուրայի:

-Ի՞նչ ուղղություններով եք մասնագիտացել:

 

– Գերմանիայում ռադոլոգիական նեղ մասնագիտական կրթության ժամկետը հինգ տարի է, միևնույն ժամանակ անհրաժեշտ է բոլոր տիպի հետազոտությունների որոշակի քանակ ապահովել: Ռադիոլոգիան այնտեղ բավական ծավալուն ու ընդգրկուն ոլորտ է, որի մեջ մտնում է ռենտգենը, համակարգչային տոմոգրաֆիան(ՀՏ) մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան(ՄՌՏ), սոնոգրաֆիան, մամոգրաֆիան, և անգիգրաֆիան` դիագնոստիկ և բուժիչ նպատակներով, նվազագույն ինվազիվ ճանապարհներով բուժական միջոցառումները:

 

-ի՞նչ հարցերի պատասխաններ կարող են տալ անգիոգրաֆիկ հետազոտությունները և ո՞րն է դրանց անհրաժեշտությունը:

-Հիմնական միջոցառումները, որ այսօր իրականացվում են մեր բաժանմունքում, ռենտգեն և համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտություններն են: Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիկ (ՄՌՏ) և անգիոգրաֆիկ հետազոտություններ դեռևս չեն իրականացվում՝ սարքավորումների բացակայության պատճառով: Այդ սարքավորումների ձեռքբերումը կապված է մեծ դժվարությունների հետ: Ես վերապատրաստվել եմ նաև այդ ուղղությամբ և պատրաստ եմ սիրով իրականացնել այդ հետազոտությունները ևս:

Անգիոգրաֆիկ հետազոտությունների միջոցով հնարավոր է իրականացնել որովայնի և կոնքի անոթների, ստորին վերջույթների ներանոթային ռեկանալիզացիա, այդ թվում՝ թրոմբի մասնահատում և լուծում, բալոնային ռեկանալիզացիա, ինչպես նաև ստենտավորում:

Նաև նշեմ, որ նմանատիպ բուժիչ միջոցառումները՝ մինիմալ ինվազիվ ճանապարհներով, Հայաստանում դեռևս լայն ծավալով չեն իրականացվում և կարող ենք մեծ հաջողությունների հասնել:

-Ուսումն ավարտելուց հետո Գերմանիայում աշխատելու հնարավորություն եղե՞լ է:

 

-Այո, իհարկե, բազմիցս եղել են առաջարկներ, բայց ես զինվորական բժիշկ եմ` Հայոց բանակի սպա, և պարտավորված էի վերադառնալ, ինչին միշտ պատրաստ եմ եղել: Ես ներկայացրել եմ Հայաստանը, ՀՀ պաշտպանության նախարարության թույլտվությամբ եմ այնտեղ ուսանել: Դա պարտավորեցնում էր ըստ արժանվույն ներկայացնել մեր երկիրը, հայ սպային, հայուհուն, անընդհատ սովորել, գիտելիքներով զինվել, որպեսզի կարողանամ դրանք ներդնել այստեղ՝ հանուն մեր զինվորների առողջության և բանակի մարտունակության:

Հասմիկ Գյոզալյան

  • 2
  • 3
  • 4
  • 1