Սիրելի Գայանե, հիացմունքով ծանոթացա «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կայքին:

Մեր գրական աշխարհում մեծ համակրանք կա կազմակերպության նախագահ տիկին Ռուզաննա Օհանյանի հանդեպ, գնահատում ենք այն կարևոր գործը, որ սկսել և շարունակում է տիկին Օհանյանը: Իսկ Ձեր կայքը հայելային արտացոլումն է այդ սքանչելի գաղափարի ու գործի: Դուք առաջինն էիք, որ բարձարձայն հայտարարեցիք, որ Հայրենիքի պաշտպանն է ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՐՈՍԸ: Թող բոլորն իմանան ու միշտ հիշեն, որ մեր Հայաստանում ոչինչ չի փոխվել ու չի փոխվելու, մեզ շարունակում են առաջնորդել ԲԱՐԻՆ ՈՒ ԱՐԴԱՐԸ: Հիանալի եք ներկայացնում զինվորական առօրյան, կայքը շատ օգտակար է նաև մտավորականների, գրողների, գիտնականների համար: Ինձ ուղղակի հուզեց Ձեր բաժիններից մեկը, որ ներկայացնում է հայ բժիշկների գործունեությունը Օսմանյան կայսրության գոյության տարիներին:

Շարունակեք նույն ոգով: Դուք կարևոր դեր եք ստանձնել մեր մտավորական կյանքում: Անձնապես ճանաչելով Ձեզ` Երևանի պետական համալսարանում իմ լավագույն ուսանողուհուն, որ այժմ իմ գործընկերն է, հավատում եմ այն նոր ու հիանալի ձեռնարկներին, որ դեռ պիտի իրականացնի «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան»:

Հարգանքներով` Աբգար Ափինյան ԵՐԵՎԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ