Կանխարգելումը կնվազեցնի վիրահատության հավանականությունը

Զրույց ՊՆ ԿԿԶՀ գինեկոլոգիայի բաժանմունքի պետ, բ/ծ ավագ լեյտենանտ Արմեն Ենդինյանի հետ

Սովորել է Սանկտ Պետերբուրգի Մանկաբուժական ակադեմիայի, ապա՝ ԵՊԲՀ բուժական գործ ֆակուլտետներում: Հետբուհական կրթությունը (օրդինատուրան) շարունակել է Մոսկվայում Բուրդենկոյի անվան հոսպիտալում, վերապատրաստվել Կրասնոզնամենսկի կենտրոնական հոսպիտալում՝ մանկաբարձ-գինեկոլոգ մասնագիտությամբ (հիմնական ուղղվածությունը՝ օպերատիվ գինեկոլոգիա): 2002-2004 թթ. անցել է պարտադիր զինվորական ծառայության Երևանի Կայազորային հոսպիտալի ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում: Որպես գինեկոլոգ աշխատել է Հրազդանի շրջանային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում, «Մալաթիա» բժշկական կենտրոնի ծննդատանը (համատեղության կարգով՝ 2010-2012 թթ. նաև Մարտունու BBG բժշկական մասնավոր կլինիկայում): 2015 թ. նշանակվել է ՊՆ ԿԿԶՀ գինեկոլոգիայի բաժանմունքի պետ:

-Պարոն Ենդինյան, մի հարց, որը կարծում եմ կհետաքրքրի նաև կին զինծառայողներին. ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի գինեկոլոգիական բաժանմունքում ծննդօգնություն ցուցաբերվո՞ւմ է :

-Մեր բաժանմունքը միայն գինեկոլոգիական ուղղվածություն ունի: Հղիության առաջին 12 շաբաթների ընթացքում մենք ապագա մայրերին ապահովում ենք անհրաժեշտ խորհրդատվությամբ, կատարում ենք բուժզննումներ, ապա նրանց ուղեգրում ենք քաղաքացիական որևէ բուժհաստատություն:

Մանկաբարձությունը պատասխանատու մասնագիտություն է: Ծննդկանին և նորածննին համակողմանի բուժօգնություն ցուցաբերելու համար հարկավոր է մանկական ռեանիմատոլոգի, նեոնատոլոգի, մանկաբարձի համատեղ աշխատանք: Բացի դրանից, մանկաբարձության մեջ բարդ պաթոլոգիաներ կան, որոնց դեպքում նեղ մասնագիտական որակավորում, պատրաստվածություն ունեցող մասնագետներ են անհրաժեշտ:

-Ձեր բաժանմունք դիմում են ոչ միայն պետպատվերի շրջանակում բուժօգնություն ստանալու հնարավորություն ունեցող կանայք՝ կին զինծառայողներ, պարտադիր և ժամկետային զինծառայողների մայրեր և կանայք, այլև քաղաքացիներ: Ի՞նչն է Ձեր բաժանմունքում գրավում նրանց:

-Չեմ կարող ասել՝ ինչն է գրավում նրանց, սակայն կարող եմ թվել բազմաթիվ առավելություններ, որ ունի մեր բաժանմունքը. այն նոր է վերանորոգվել, մաքուր է, կահավորված: Միակ գանգատը, որ երբեմն լսում ենք՝ «մահճակալները չոր են»: Իհարկե, այդ դեպքում էլ լուծումը գտնում ենք և փորձում գոհացնել մեր հիվանդին. լրացուցիչ ներքնակներ են բերում և անկողինը դարձնում են ավելի փափուկ:

Բաժանմունքի բժիշկները, միջին բուժանձնակազմը հոգատար են, չեն թերանում, ունեն մասնագիտական բարձր պատրաստվածություն: Հիվանդը զգում է բուժանձնակազմի սրտացավությունը իր հանդեպ, և գուցե հենց դա է նրա համար ամենակարևորը:

-Ո՞ր գինեկոլոգիական հիվանդություններով են առավել հաճախ հիվանդանում կանայք:

-Գինեկոլոգիական բազմաթիվ հիվանդությունները կան, սակայն առավել հաճախ կանայք դիմում են մեզ արգանդի միոմաների, կիստաների պատճառով: Կատարվում են պարտադիր բուժզննումներ, վիրահատական միջամտություններ, ցավոք, երբեմն խնդրի միակ լուծումը լինում է արգանդի և հավելումների էքսցիրտացիան:

-Ինչո՞ւ է իրավիճակը այդքան բարդանում. հնարավոր չէ՞ կանխել հիվանդությունը:

-Իհարկե, հիվանդության սկզբնավորման կամ վաղ փուլում բժշկին դիմելով՝ հնարավոր է խուսափել վիրահատական բարդ միջամտություններից, սակայն պատկերացրեք, որ շատ հաճախ մեր կանայք չեն դիմում տեղամասային կամ այլ բժիշկների, դիմում են այն ժամանակ, երբ հիվանդությունը սկսում է խիստ անհանգստացնել:

Մեր կենցաղում դեռ չի արմատավորվել առողջ ապրելակերպի, ժամանակ առ ժամանակ բժշկին այցելելու պրակտիկան (մարդը կարող է ունենալ առողջական լուրջ խնդիրներ և չիմանալ դրա մասին): Եթե կանայք գալիս են մեզ մոտ հետազոտման, անհրաժեշտ բուժզննումները կատարելուց բացի, մենք նրանց հորդորում ենք, որ տարվա մեջ գոնե մեկ անգամ, եթե ոչ ամեն կիսամյակ, լաբորատոր և գործիքային հետազոտություններ անցնեն. դա ընդամենը մի քանի ժամ, առավելագույնը մեկ օր է «խլելու» նրանցից…

Ավելի մտահոգիչ է այն երևույթը, երբ կանայք գիտեն իրենց հիվանդության մասին, սակայն լինելով սոցիալապես անապահով և չկարողանալով մուծել պետականորեն սահմանված գումարը՝ չեն գնում վիրահատության: Դիմում են բժշկին, երբ դանակը ոսկորին է հասնում: Եվ եթե ժամանակին փոքրիկ բժշկական միջամտությունը կարող էր կանխել հիվանդությունը, բուժել հիվանդին, ապա ուշացնելու դեպքում ստիպված ենք լինում բարդ վիրահատություններ կատարել, որից հետո հետվիրահատական ապաքինումը, ուժերի վերականգնումը ավելի դանդաղ են ընթանում:

-Հոսպիտալից դուրս գրվելուց հետո հիվանդը Ձե՞ր հսկողության տակ է լինում, թե տեղամասային օղակի բժիշկների:

– Պրոֆիլակտիկ հսկողությունը կատարվում է տեղամասային պոլիկլինիկայի բժիշկների կողմից, իսկ եթե առաջանում են խնդիրներ, դիմում են մեզ. նրանց առողջության համար մենք նույնպես պատասխանատու ենք: Խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել սննդակարգին, խուսափել ֆիզիկական ծանրաբեռնությունից… և պարտադիր դուրս գրվելուց մեկ ամիս անց կրկին այցելել մեզ (մենք պետք է համոզվենք, որ վիրահատված հիվանդը ապաքինվել է…):

-Որտե՞ղ են կատարվում հեռացված գոյացությունների հյուսվածաբանական- բջջաբանական հետազոտությունները:

-Մեզ մոտ՝ Կենտրոնական հոսպիտալում. այդ ոլորտի բարձրակարգ մասնագետ ունենք՝ Մամունց Դավիթը: Նաև համագործակցում ենք արտերկրի մեր գործընկերների հետ, և չեմ կարող չնշել, որ մեզ մոտ կատարված հետազոտությունների ճշգրտությունը նրանց կողմից նույնպես բարձր գնահատականի է արժանանում:

– Բաժանմունքում վիրահատարան ունե՞ք:

-Ոչ, վիրահատությունները կատարվում են հոսպիտալի ընդհանուր վիրահատարաններում: Հոսպիտալի բաժանմունքները գործում են փոխկապակցված՝ շարունակելով և լրացնելով միմյանց աշխատանքը: Ախտորոշման, լաբորատոր հետազոտությունների բաժանմունքներ դիմում ենք նախավիրահատական, հետվիրահատական շրջաններում: Վիրահատությունից հետո մեր հիվանդը տեղափոխվում է ինտենսիվ հիվանդասենյակ, և երբ անեսթեզիայից հետո վերականգնվում է, տեղափոխվում է մեզ մոտ՝ գինեկոլոգիական բաժանմունք:

-Ձեր աշխատանքային գործունեության մեծ մասը անցել է քաղաքացիական բուժհաստատություններում: Ի՞նչը դրդեց Ձեզ զինվորական ծառայության անցնելու. հաճախ ենք լսում, որ մեր բանակը շարունակում է մնալ «սոցիալապես ոչ գայթակղիչ», թեև դրանից, ինչպես տեսնում ենք, զինվորական բժիշկների շարքերը չեն նոսրանում:

-Պարտադիր զինվորական ծառայությունս անցել է Երևանի Կայազորային հոսպիտալի ընդհանուր վիրաբուժության բաժանմունքում: Այդ ժամանակահատվածում ես ծանոթացա ռազմաբժշկական ծառայության առանձնահատկություններին, ծանոթացա զինվորական բժիշկների հետ, ընկերներ դարձանք, և այդ մտերմությունը շարունակվում է մինչև այսօր: Երբ Կենտրոնական հոսպիտալի գինեկոլոգիական բաժանմունքի պետի թափուր պաշտոնի համար առաջադրվեց նաև իմ թեկնածությունը, երախտագիտությամբ և վստահաբար ընդունեցի առաջարկը: Թեև հոսպիտալում ծառայությունը խլում է իմ ժամանակի մեծ մասը և պատասխանատվությունը մեծ է, չեմ զղջում: Տարիների ընթացքում մասնակցել եմ վերապատրաստման տարբեր դասընթացների, միշտ ձգտել եմ տիրապետել իմ մասնագիտությանը վերաբերող նորագույն մեթոդներին (վերջին վերապատրաստման շնորհիվ կարողանում եմ կատարել նաև լապարոսկոպիկ վիրահատություններ): Իմ բոլոր գիտելիքներով պատրաստ եմ և պարտավոր եմ օգտակար լինել բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն իմ կարիքը:

Էդիտա Մելքոնյան

  • image 2 (Medium)
  • IMG_3511 (Medium)
  • IMG_3523 (Medium)
  • IMG_3525 (Medium)
  • IMG_3526 (Medium)
  • IMG_3544 (Medium)
  • IMG_3545 (Medium)