Մինչև սրտի վերջին տրոփը

Վալերի Մարությանը ծնվել է 1943թ նոյեմբերի 3-ին Շահումյանի շրջանի Հայպարիս գյուղում: 1971 թ.ավարտել է Կրասնոյարսկի պետական բժշկական ինստիտուտի բուժական գործ ֆակուլտետը: 1973-1988 թ. աշխատել է Ստեփանակերտի մարզային հիվանդանոցում նախ՝ որպես ավագ օրդինատոր, ապա՝ վիրաբուժության բաժանմունքի վարիչ, 1992-1995 թթ. եղել է ԼՂՀ պաշտպանության բանակի բուժծառայության պետը:1996 թ. նշանակվել է ԼՂՀ գլխավոր վիրաբույժ: Նա Խոջալուի զինվորական կենտրոնական հոսպիտալի հիմնադիրներից է և ղեկավարել է այն մինչև 1998թ.: Որպես բժիշկ և մարտիկ մասնակցել է Հադրութի, Տող, Ծամձոր, Սարի շեն գյուղերի ազատագրման մարտերին:

Մահացել է 1998 թ. հունիսի 20-ին: Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, «Մայրական երախտագիտություն» , «Արցախի քաջորդիներ» մեդալներով:

Ամուսնացած էր, ունի մեկ որդի, չորս թոռ:

Վալերի Մարությանը ծնվել է Շահումյանի շրջանի Հայպարիս գյուղում, ապա նրանց ընտանիքը տեղափոխվել է Ստեփանակերտ, որտեղ էլ ավարտել է միջնակարգ դպրոցը: Վալերիի մայրը մասնագիտությամբ բժիշկ-գինեկոլոգ էր: Դպրոցն ավարտելուց հետո Վալերին փորձում է ընդունվել Բաքվի պետական բժշկական ինստիտուտ, սակայն ձախողվում է: ժամանակ չկորցնելու համար մեկնում է Կրասնոյարսկ, ընդունվում տեղի պոլիտեխնիկական ինստիտուտ, սակայն հաջորդ տարի նրան հաջողվում է ընդունվել տեղի բժշկական ինստիտուտ: Ուսանողական տարիները նրա համար հագեցած ու բեղմնավոր էին. ավարտական կուրսում հայտնաբերում է վերջույթների արյունահոսությունը դադարեցնող մի սարք (ժգուտ), որը նպատակահարմար էր օգտագործել արտակարգ իրավիճակներում, պատերազմի, բնական աղետների պայմաններում: Այդ հայտնաբերության համար նա գյուտարարի վկայական է ստանում և աշխատանքի է անցնում Կրասնոյարսկի կենտրոնական հիվանդանոցում որպես բաժանմունքի վարիչ:

Կրասնոյարսկում նրան խոստումնալից ապագա էր սպասվում՝ փառք և բարեկեցություն: Բայց փառքի մասին չէ, որ մտածում էր Վալերին, այլ հայրենիք վերադառնալու և իր գիտելիքներով, իր մասնագիտությամբ հարազատ ժողովրդին ծառայելու: 1973 թ. նա կնոջ ու որդու հետ վերադառնում է Լեռնային Ղարաբաղ և մինչև վերջին շունչը ծառայում իր ժողովրդին, իր հայրենիքին: Վալերի Մարությանի որդին՝ Արթուր Մարությանը, պատմում է. «Հայրս մեծ հավատք ուներ, նա հավատում էր Աստծուն, հավատում էր իր ուժերին, իր թիմին, հավատում էր Արցախի, մեր ժողովրդի լուսավոր ապագային: Դեռևս 1970-ականներին մտածում էր Արցախը ադրբեջանական լծից ազատելու մասին և հավատում էր, որ ուշ թե շուտ դա տեղի է ունենալու»:

Այդ մասին Վ. Մարությանը գրել է իր «У войны долгий след» գրքում, որը նվիրված է հիմնականում ռազմադաշտային բժշկության աշխատանքներին. «Այն ժամանակ չէինք ուզում և չէինք պատրաստվում պատերազմի, մտածում էինք ՝ Մոսկվան ազնվորեն ամեն ինչ կորոշի: «Լենին, պարտիա, Գորբաչով»՝ գրում էինք մեր լոզունգների վրա և դուրս էինք գալիս երթի: Սակայն և Լենինը, և պարտիան, և Գորբաչովը դավաճանեցին մեզ… Հասկացանք, որ հայտնվել ենք անդունդի եզրին, և որ միայն մենք կարող ենք փրկել ինքներս մեզ»:

…Օրեցօր հայ-ադրբեջանական հակամարտությոունը ավելի էր սրվում: Արցախի ամբողջ տարածքում պարետային ժամ էր հայտարարված: Ժողովրդի համար ծանր , մղձավանջային շրջան էր սկսվել: …Ռուսական հատուկ նշանակության ջոկատների զինվորները շրջապատել էին նաև Ստեփանակերտի հիվանդանոցը, ամեն ինչ իրենց վերահսկողության տակ առել: Ոչ միայն հոգեբանական ճնշում էին գործադրում, այլև փորձում էին թույլ չտալ առանց իրենց գիտության ընդունել, վիրահատել, դուրս գրել հատկապես հրազենային վերքեր ունեցող վիրավորներին: Սակայն Ստեփանակերտի մարզային հիվանդանոցի բժիշկները այնպիսի խիզախություն, հերոսություն դրսևորեցին այդ օրերին…

Այդ օրերի մասին Վալերին գրել է. «Ձմեռային մի խստաշունչ գիշեր իմ տան մոտ զինվորական «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա կանգնեց: Գիտեի, որ «սև ցուցակի» մեջ եմ… Առաջին միտքը, որ գլուխս եկավ, պատշգամբից թռչելն էր, երկրորդը՝ հրազենից կրակ բացելը, որպեսզի հարևանների ուշադրությունը գրավեմ: Սակայն հենց այդ պահին ծանոթ ձայն հասավ ականջիս. մեր հիվանդանոցի վարորդն էր՝ Բորիսը: …Նստեցի ավտոմեքենան: Պարզվեց, որ մերոնցից երեք վիրավոր են բերել՝ Բերդաձորից պարեկախմբի ուղեկցությամբ: Երբ մտա ընդունարան, այն լցված էր զինվորներով: Բարձրացա վիրասրահ, որը նույնպես շրջապատված էր զինված մարդկանցով: Վիրավորներին ուղեկցող սպան ասաց, որ ավազակների է բերել, որոնք սպանել են ռուս գնդապետի և ադրբեջանցի լրագրողուհու, և որ նրանց բուժօգնություն ցույց տալուց հետո պետք է տեղափոխեն Շուշի: Ես զննեցի վիրավորներին: Երեքն էլ արնաքամ էին և շոկի մեջ: Երկու սեղանի վրա սկսեցինք արագ վիրահատել (Վ. Մարության, Վ. Ղուկասյան, Ա. Պետրոսյան, Մ. Չինավոյան): Երեքի վիրահատություն էլ բարեհաջող ավարտվեց, բայց տղաների վիճակը դեռևս ծանր էր…

Մենք փորձեցինք համոզել սպային, բայց նրան մտափոխել չկարողացանք: Տղաներին Շուշի տեղափոխելը կնշնակեր նրանց դատապարտել մահվան… Իրականում գյուղ վերադառնալիս պարեկախումբը կրակ էր բացել նրանց վրա: Նրանցից մեկը տեղում մահացել էր, երեքը վիրավորվել էին : Մենք պետք է մի բան մտածեինք… Հապաղելը ողբերգությամբ կավարտվեր… Մենք շրջեցինք հիվանդանոցով մեկ, մանրամասն ուսումնասիրեցինք բոլոր մուտքերն ու ելքերը: Արդեն պարզ էր, որ առանց հրաձգության չէր անցնի: Հնարավոր էր՝ զոհեր լինեին հիվանդներից և բուժանձնակազմից : «Օպերացիան» նշանակված էր շաբաթ օրը՝ բուժանձնակազմի հերթափոխի ժամանակ… Աղջիկները հյուրասիրելու պատրվակով հսկիչներին տարան վիրակապարան: Հայրապետյան Գյուլիի նշանով Ադամյան Էդիկը ծանր շարժասանդուղքը մոտեցրեց պատուհանին: Առաջինը պալատից դուրս եկավ Խաչիկը… Նրան հետևեց Արմոն: Իսկ Սաքոյին, որ առաջին հարկում էր պառկած, գրկած դուրս բերեց Սերժիկ Գրիգորյանը… Երբ տղաներին տեղավորում էին մեքենայի մեջ, պարզվեց, որ վարորդը վախից արդեն հեռացել էր… Սերժիկը դժվարությամբ գործի գցեց մեքենան, և նրանք դուրս եկան հիվանդանոցի տարածքից… Այդ օրվա հսկիչները ազգությամբ ուզբեկ երիտասարդներ էին: Նրանք, մտնելով պալատ, տեսնում են, որ վիրավորները տեղում չեն: Վախից այդ մասին չեն զեկուցում զերադասին: Երեկոյան հերթափոխն ընդունող ռուս զինվորներին հավաստիացնում են, որ վիրավորները քնած են. «Դե, դուք թեյ խմեք, մենք գնացինք»: Ռուս զինվորները հանգիստ թեյ խմելուց հետո մտնում են պալատ և հասկանում են, որ իրենց խաբել են… վախից դողալով՝ դուրս են գալիս, սպասում հաջորդ հերթփափոխին և նույն ձևով էլ իրենք են խաբում իրենց փոխարինողներին: Իսկ այդքան ժամանակը բավական էր, որ մերոնք թաքցնեին տղաներին նախ Քարինտակում, ապա՝ Չանախչիում, որտեղից էլ ուղղաթիռով ուղարկել էին Երևան…»:

Խաղաղ ցույցերը վերածվեցին պատերազմական հակամարտության: Մարտական առաջին գործողություններից հետո պարզ դարձավ, որ հարկավոր էր շտապ զինվորական դաշտային հոսպիտալներ ստեղծել: Թեև ոչ պաշտոնապես, բայց Արցախում արդեն հիմք էր դրվել ռազմական բուժծառայությանը: Ռազմաբժշկական թիմը՝ Մարությանի գլխավորությամբ, այնտեղ էր, որտեղ նրանց կարիքն ավելի շատ էր զգացվում, իսկ բժիշկների կարիքը ամենուր էր, որովհետև Լեռնային Ղարաբաղը ամբողջովին հայտնվել էր կրակի մեջ և շրջապատված էր թշնամիներով…

«Ինձ հանձնարարվել էր խումբ հավաքել, որը ոչ միայն առաջին բուժօգնություն կցուցաբերեր վիրավորներին, այլև ունակ կլիներ վիրահատություն կատարելու ռազմադաշտում: Պետք է մեկնեինք Մեծ Թաղլար. հավաքվեց բժիշկների առաջին կամավորական խումբը՝ Կարեն Բազիյանը, Ալեքսեյ Մաղաքելյանը, Միքայել Չինավոյանը, բուժքույրեր Գյուլի Հայրապետյանը, Լիդա Աղաբեկյանը, և ես: Մեզ հետ վերցնելով համապատասխան քանակությամբ վիրահատական սպիտակեղեն, վիրակապական նյութեր, դեղամիջոցներ, թթվածին, անզգայացման սարք, մի խոսքով, այն ամենը, ինչ անհրաժեշտ էր բուժօգնություն ցուցաբերելու, վիրահատելու համար, ճանապարհվեցինք դեպի Մեծ Թաղլար: Մեծ գյուղ էր՝ խառը ազգաբնակչությամբ: Հայերին բռնությամբ, ահաբեկելով դուրս էին հանում այնտեղից: Վերջապես նշանակվեց ռազմական գործողության օրն ու ժամը: Մինչ մերոնք կսկսեին գործողությունը , 30 րոպե առաջ ադրբեջանցիները ռադիոկապով դիմեցին հայ ազգաբնակչությանը հետևյալ հայտարարությամբ.«Եթե մինչև վաղը առավոտ չհեռանաք գյուղից, ընդ որում՝ ձեզ հետ վերցնելով ընդամենը մեկ ճամպրուկ, ապա գիշերը բոլորիդ կոչնչացնենք»: Հռետորը դեռ չէր ավարտել խոսքը, երբ գնդացրի կրակոցով ցաքուցրիվ եղավ ռադիոտաղավարը: Ռազմական գործողությունը կայծակնային էր: Ադրբեջանցիները երկար չդիմադրեցին, խորհրդային զորքերի պաշտպանությամբ լքեցին գյուղը: Առավոտյան ժամը 6-ին գնացի անձամբ շնորհավորելու հրամանատարին, որտեղ էլ ծանոթացա Կոմանդոսի հետ և տեսա ընկերներիս հոգնած ու երջանիկ դեմքերը՝ Վիգենի, Արթուր Մկրտչյանի, «Օսկոլկայի»՝ Բեկոր Աշոտի, Աղաբեկյան Արթուրի, Վլադիմիրի, աբովյանցի Սլավիկի, Վլադիկի, Արմենչոյի…»:

Վալերի Մարությանը՝ հիրավի մեծ մարդ և մեծ հայրենասեր, խորին հարգանքով, սիրով, ջերմությամբ էր պատմում բոլոր նրանց մասին, ովքեր անշահախնդրորեն և անձնուրաց նիրումով էին մարտնչում հանուն Արցախի, հանուն անկախության, լինի բժիշկ, թե շարքային զինվոր կամ հրամանատար: Իսկ իր մասին՝ գրեթե ոչինչ… քանի անգամ է վտանգել կյանքը, ինչ հսկայածավալ աշխատանքներ է իրականացրել, որքան մեծ ավանդ ունի Արցախում ռազմաբժշկական ծառայության կազմակերպման, զարգացման գործում, քանի հազար մարդկային կյանք է փրկել….

«Երբ միայն Շուշիից էինք սպասում արկերի, գիտեինք, թե որտեղ կարելի է թաքնվել, պաշտպանվել, բայց հիմա արկերը թռչում էին Ջանհասանից, Աղդամից, Խոջալուից, Մալիբեյլիից, Քյոսալարից: Թաքնվելու տեղ չկար: Հիվանդանոցը դժոխքի էր վերածվել: Վիրահատական սեղանները չէին բավականացնում, բժիշկները՝ նույնպես: Դժոխային մի օր 20 վիրավոր բերեցին և մի ավտոմեքենա՝ կտորների վերածված դիակներ… Արկը ընկել էր բազմահարկ շենքի մուտքի մոտ, որտեղ մարդիկ էին պատսպարվում: Արտասվելու, սգալու ժամանակ չկար. բոլոր ուժերը հարկավոր էր կենտրոնացնել՝ ողջերին փրկելու համար: Կուլ տվեցինք արցունքներն ու գործի անցանք, փրկեցինք, ում հնարավոր էր…

Հիվանդանոցի 3-րդ հարկը ամբողջությամբ ավերվել էր. վիրահատարան, վիրակապարան բացեցինք նկուղում: Հոսանք չկար. շարժիչը չէր աշխատում: Վիրահատում ու վիրակապում էինք մոմերի լույսի տակ»:

Ստեփանակերտի մարզային հիվանդանոցը բաց թիրախ էր, և շտապ հարկավոր էր տեղափոխել վիրավորներին… Նպատակահարմար են համարում նախկին մարզկոմի շենքի նկուղը: Տեղափոխվելուց երկու օր անց «գրադի» արկից տուժած 10-12 տարեկան մի տղայի են բերում բազմաբեկորային վնասվածքներով, արնաքամ… Նրան փրրկելու հնար չկար. վնասվել էին լյարդը, լեղապարկը, աղիքները, կոտրվել էին ձեռքի ու ոտքերի ոսկորները… Սիրտը հազիվ էր տրոփում: Վիրաբույժներ Վալերի Մարությանը և Կարեն Պողոսովը բացում են որովայնը, սկսում վիրահատությունը: Նրանց է միանում վնասվածքաբան Աշոտ Ադամյանը:

«Երբ դուրս եկանք վիրահատարանից, մեզ մոտեցավ տղայի մայրը՝ շնորհակալություն հայտնելու… Ես փորձեցի հուսադրել նրան. «Քանի դեռ սիրտը աշխատում է, մեր ռեանիմատոլոգները կարող են հրաշք գործել. մենք կսպասենք»: Երեխայի արյան ճնշումը պահպանվում էր, մենք անջատեցինք ապարատը: Գիշերվա ժամը 2-ին ինձ մոտեցավ ֆրանսիացի լրագրողուհին, որը նկարահանել էր վիրահատությունը՝ սկզբից մինչև վերջ արտասվելով, և միասին մտանք երեխայի մոտ: … Երեխան բացեց աչքերը: Լրագրողուհու աչքերից արցունքները հոսեցին: Նա, դուրս գալով միջանցք,սկսեց պարել: Ամիսներ անց Կարեն Պողոսովը, վիրակապարանում ինձ ցույց տալով մի տղայի հարցրեց՝ ճանաչում ես: Անկեղծ ասած՝ սկզբից չճանաչեցի: Իմ առջև առույգ պատանի էր կանգնած… նա էր: Ափսոս, այդ պահին մեզ հետ չէր ֆրանսուհին, միասին կպարեինք…»:

Պատերազմը գնալով թեժանում էր՝ ավելացնելով վիրավորների ու զոհերի թիվը: Հոսպիտալի հիմնամասին ավելանում են նորերը: Ռմբակոծությունների տակ կառուցվում էր Ստեփանակերտի հոսպիտալը: Իսկ Մարությանը խելահեղ վազքի մեջ էր. մեկ այս, մեկ այն դաշտային հոսպիտալում, այնտեղ, որտեղ վիրավորների հոսքը մեծ էր, որտեղ նրան անհամբեր սպասում էին: Այդ զարմանահրաշ մարդը, հիրավի, արժանի էր այն մեծ սիրուն ու ակնածանքին, որ տածում էին նրա նկատմամբ: Նա կռիվ էր տալիս ընդդեմ մահվան և խոստովանում. «Բժշկի համար ավելի մեծ դառնություն չկա, քան անզորությունը մահվան դեմ»: Ու նա հաղթում էր մահին…

Անահիտ Չիբուխչյան

(Կրճատումներով)

  • val3
  • val2
  • val1