Զինվորական հոսպիտալը գիտական մեծ դպրոց է

Զրույց ՊՆ ԿԿԶՀ թերապևտիկ ծառայության ղեկավար, առաջատար թերապևտ, բ/ծ փոխգնդապետ Արմինե Գրիգորյանի հետ

Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: Հետբուհական կրթությունը շարունակել է Մոսկվայի Համամիութենական բժշկական ակադեմիայի ռևմատոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում: Աշխատել է Շամշադինի շրջանային հիվանդանոցում, Ներքին գործերի նախարարության բուժծառայության համակարգում: 2004 թ. առ այսօր ղեկավարում է ՊՆ ԿԿԶՀ թերապևտիկ ծառայությունը:

-Տիկին Գրիգորյան, ի՞նչպես է սկսվել Ձեր աշխատանքային գործունեությունը:

– Երբ ավարտեցի Երևանի պետական բժշկական ինստիտուտը, տեղափոխվեցինք Շամշադին, որտեղ ապրում էր ամուսնուս ընտանիքը, և ես աշխատանքի անցա Շամշադինի շրջանային հիվանդանոցում: Մասնակցելով առողջապահության նախարարության կողմից հայտարարված մրցույթին, որի մասնակիցներից ընտրվելու էին միայն երկուսը՝ Մոսկվայում սրտաբանություն կամ ռևմատոլոգիա մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրան շարունակելու համար՝ ճանաչվեցի հաղթող և հնարավորություն ստացա մեկնելու Մոսկվա՝ ուսումս շարունակելու Համամիութենական բժշկական ակադեմիայի ռևմատոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտում (ընտրեցի այդ ուղղությունը, որովհետև մեր հանրապետությունում ռևմատոլոգների պակաս էր զգացվում): Մեկնեցինք Մոսկվա: Ամուսինս՝ Արթուր Մուրադյանը, սովորում էր Մոսկվայի բժիշկների կատարելագործման ինստիտուտի ասպիրանտուրայում, հետագայում այնտեղ էլ պաշտպանեց իր թեկնածուական ատենախոսությունը և իր ղեկավարների կողմից Մոսկվայում աշխատելու առաջարկություն ստացավ: Սակայն մենք վերադարձանք Տավուշ և շարունակեցինք աշխատել շրջանային հիվանդանոցում: Արցախյան պատերազմն արդեն սկսվել էր. այդ ծանր օրերին մեր հիվանդանոցը նույնպես ընդունում էր վիրավորներ: Ամիսներ անց Արթուրը կամավոր միացավ Արցախ մեկնող բժիշկներին… Բանակաշինության ամենածանր տարիներին մնաց այնտեղ, կազմավորեց և ղեկավարեց Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքը:

Արցախյան պատերազմի փորձառությունը մեծ ազդեցություն ունեցավ պատերազմին մասնակցող յուրաքանչյուր բժշկի մասնագիտական զարգացման վրա: Հետագայում նրանցից շատերը ընտրեցին բանակի բուժծառայությունը, մյուսները վերադարձան քաղաքացիական բուժհաստատություններ, սակայն որտեղ էլ նրանք լինեն, բանակը համարում են իրենցը և մտահոգվում են զինվորի առողջությամբ ու կենցաղով:

-Այսօր ղեկավարում եք ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի թերապևտիկ ծառայությունը, ԵՊԲՀ-ում դասավանդում եք ռազմադաշտային թերապիա. ի՞նչ առանձնահատկություններ ունի թերապիան ռազմաբժշկական ծառայության մեջ:

– Ինչպես գիտեք, Կենտրոնական հոսպիտալի թերապևտիկ ցիկլի մեջ մտնում են թերապևտիկ, թռիչքային փորձաքննության՝ «փոքր թերապիայի», նյարդաբանական բաժանմունքները, նաև Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի զինվորական բաժանմունքը: Իմ աշխատանքն է կատարել համայցեր, կոորդինացնել աշխատանքները, նաև անմիջականորեն մասնակցում եմ ախտորոշման տեսակետից բարդ հիվանդություններ ունեցող հիվանդների բուժզննումներին, հետևում եմ նրանց բուժման ընթացքին :

Ռազմաբժշկական ծառայության մեջ թերապիայի կարևոր առանձնահատկություններից է այն, որ հիվանդությունները բանակում մեծ մասամբ ի հայտ են գալիս ատիպիկ ընթացքով: Այդ առումով, զինվորական հոսպիտալը գիտական մեծ դպրոց է: Սկսում ենք պարտադիր հետազոտություններից, անցկացնում ենք համալիր հետազոտություններ, ընդհուպ՝ հյուսվածաբանական, բջջաբանական, գենետիկական: Մենք մեր առջև խնդիր ենք դնում՝ գտնել հիվանդության առաջացման պատճառը: Ախտորոշումը հստակեցնելուց հետո նշանակում ենք բուժում՝ յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերելով:

Թաքնված ընթացքով հիվանդությունները այլևս չեն զարմացնում մեզ՝ զինվորական բժիշկներիս: Հիվանդությունները՝ իրենց դասական դրսևորումներով, դասագրքային նկարագրով կամ սահմանումներով, կարծես դասագրքերում էլ մնացել են: Ամեն ինչ փոխվել է՝ էկոլոգիան, ուրբանիզացիան, մարդկանց կենսակերպը, և դա ուղղակիորեն անդրադարձել է մարդկանց առողջության վրա:

-Իսկ այդ բացահայտումները ամրագրվո՞ւմ են բժշկագիտության մեջ:

-Բժշկագիտության մեջ ամրագրել բացահայտումներ՝ նոր խոսք ասել, նշանակում է զբաղվել գիտական գործունեությամբ:

Իմ գիտական աշխատանքները վերաբերել են ռեակտիվ արթրիտներին, ատիպիկ թոքաբորբին և բանակի բուժծառայության համար մտահոգիչ այլ հիվանդությունների: Կենտրոնական հոսպիտալում աշխատելու տարիներին պաշտպանել եմ թեկնածուկան ատենախոսությունը՝ առաջարկելով ԶՈՒ բուժհաստատություններում կիրառել ռեակտիվ արթրիտների բուժման այնպիսի միջոցներ, որոնք արդեն կիրառվում էին Եվրոպայի առաջատար կլինիկաներում և չունեն կողմնակի ազդեցություններ:

Ճիշտ է, ռեակտիվ արթրիտները ծանր հիվանդություններ չեն, սակայն երբեմն դժվար են բուժվում, հոդերի ֆունկցիաները կարող են խանգարվել, հիվանդը կարող է գամվել անկողնուն, և եթե նա զինծառայող է, այլևս չկարողանալով կատարել իր ծառայողական պարտականությունները՝ վաղաժամկետ զորացրվում է:

-Իսկ Ձեր նշած դեղամիջոցի կիրառումը լուծե՞ց խնդիրը:

– Արդյունքը գոհացնող էր. ռեակտիվ արթրիտների պատճառով վաղաժամկետ զորացրումների թիվը նվազեց:

-Դուք նշեցիք ատիպիկ թոքաբորբի մասին: Նախորդ տարիների համեմատ հիվանդությունը կարծես նահանջում է:

-Նախորդ տարիների ընթացքում բանակի բուժծառայության համար թոքաբորբը իսկապես մտահոգիչ խնդիր էր: Նույն ժամանակահատվածում այդ հիվանդությունը լայն տարածում ուներ նաև քաղաքացիական կյանքում. նույնիսկ որոշ մանկապարտեզների, դպրոցների գործունեությունը դադարեցվեց՝ հիվանդության տարածումը կանխելու նպատակով:

Ատիպիկ թոքաբորբը ծանր փորձություն էր մեր բանակի բժիշկների համար, բայց այսօր մենք հաղթահարել ենք այն: Արդեն մշակված, փուլ առ փուլ համակարգված է զորամասային օղակում թոքաբորբերի կանխարգելման, բուժման սխեման:

-Դուք Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամ եք. ովքե՞ր և ի՞նչ հարցերով են դիմում խորհրդի միջնորդությանը:

-Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը կազմավորվել է մեր հասարակության մտահոգություններին ականջալուր լինելու, քաղաքացիներին օգնելու նպատակով: Խորհրդին դիմող քաղաքացիներից շատերը համամիտ չեն զինվորական բժշկական հանձնաժողովների փորձաքննական եզրակացությունների, որոշումների հետ: Անհրաժեշտության դեպքում ներկայացնում ենք միջնորդություններ՝ զորակոչիկներին լրացուցիչ բժշկական հետազոտությունների ուղարկելու կամ զինվորական բժշկական հանձնաժողովների կողմից որոշումը վերանայելու կապակցությամբ:

-Յուրաքանչյուր մասնագետ պիտի մտածի նաև իր փորձն ու հմտությունները երիտասարդներին փոխանցելու մասին:

-Ես դասավանդում եմ ԵՊԲՀ բուժական ֆակուլտետի ուսանողներին: Գործնական պարապմունքները անցկացնում ենք հոսպիտալում: Երբեմն ուսումնական ծրագրից, կաղապարներից դուրս եմ գալիս, որպեսզի ուսանողները չսահմանափակվեն միայն դասագրքերով և համացանցի տեղեկություններով: Նրանց հետ լինում ենք հոսպիտալի տարբեր բաժանմունքներում, հատկապես ախտորոշման բաժանմունքից դուրս են գալիս ոգևորված (բաժանմունքը հագեցած է նորագույն, գերժամանակակից սարքավորումներով): Միասին այցելում ենք ծանր կամ համակցված պաթոլոգիաներով հիվանդների:

Ծանոթացնելով զինվորական բժիշկների առօրյային, ներքին կարգապահական բարձր ցուցանիշներին, ինչու ոչ, նաև նրանց հետ զրուցելով մեր զինվորների առողջությանը վերաբերող մտահոգիչ խնդիրների մասին՝ փորձում եմ նրանց ցույց տալ զինվորական բժիշկների գործի կարևորությունը (նրանց դուր է գալիս մեր համազգեստը), և ուսանողների մեջ գտնվում են այնպիսի երիտասարդներ, որոնք տարիներ անց համալրում են զինվորական բժիշկների շարքերը:

-Տիկին Գրիգորյան, այսօր զբաղվում եք աշխատանքային, գիտական, մանկավարժական, հասարակական գործունեությամբ: Ձեր ընտանիքը «չի՞ ըմբոստանում» այդ զբաղվածության դեմ:

-Ես հրաշալի ընտանիք ունեմ… Եվ մնում եմ հոսպիտալում այնքան, որքան անհրաժեշտ է ծառայությունը լիարժեք կատարելու համար:

Էդիտա Մելքոնյան