Հայրենիքն իմ հենման կետն է այս մեծ աշխարհում

ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյան

Ծննդավայրի ու մարդու կապը առեղծվածային խորն է ու բազմաբովանդակ։ Գալիս եմ շնչելու հայրենիքի օդը, անցնելու այն փողոցներով, որով անցել եմ մանկության ու պատանեկության տարիներին, տեսնելու այն վայրերը, որոնց հետ մի-մի գեղեցիկ հիշողություն, մի-մի թանկ հուշ է կապված։ Այս ամենը հարկավոր է ինձ աշխարհում ամեն բանից առավել։ Պետք է, որ ես լսեմ իմ ազգակցի՝ տաքսու վարորդի անկեղծ զրույցը, մի-երկու բառ փոխանակեմ կոշիկ նորոգողի հետ։ Զգամ այն շունչը, կոլորիտը, որը այնքան ներդաշնակ է իմ արյան ռիթմին, իմ հոգու մանրանկարին, իմ սրտի բովանդակությանը։ Հայրենիքն իմ հենման կետն է այս մեծ աշխարհում։
…Մի անգամ լսեցի, թե ինչպես է աղջիկս բացատրում ընկերուհուն՝ ես ու մայրս հայ ենք, հայրս՝ գերմանացիե։ Եվ դա ճշմարտություն է։ Ամուսինս մինչ ինձ հանդիպելը ծանոթ էր հայկական մշակույթին, հայկական քաղաքակրթությանը (ինչպես յուրաքանչյուր զարգացած մարդ), սակայն մեր ամուսնությունից հետո ավելի հետեւողականորեն ուսումնասիրեց հայոց պատմությունն ու մշակույթը։ Ես երջանիկ եմ, որ ամուսինս հիացած է մեր ստեղծած արժեքներով եւ շատ բարձր է գնահատում հայոց ավանդը համաշխարհային մշակույթի մեջ։ Ամուսինս սովորեց հայերեն եւ այսօր նա ոչ միայն հրաշալի հայերեն է խոսում, այլեւ կատարում է թարգմանություններ։ Վերջերս գերմաներեն թարգմանեց Չարենցի 60 բանաստեղծությունները։ Ամուսնուս կարծիքով՝ Չարենցը համաշխարհային մեծության պոետ է։ Այսօր գերմանացի ընթերցողը հնարավորություն ունի ծանոթանալու Չարենցի պոեզիայի հետ։ Ասեմ, որ մենք տանը հայերեն ենք խոսում, աղջիկս մեծանում է՝ լսելով հայերեն խոսք, իսկ դա ազգային պատկանելության (հոգու առումով) ամենակարեւոր պայմանն է։ Լեզուն սոսկ հաղորդակցվելու միջոց չէ, լեզուն մտածողություն է, ազգային կերտվածք։ Աղջիկս սիրում է Հայաստանը, սիրում է հայերին։ Ես եւ ամուսինս առաջին հերթին ցանկանում ենք Սիրանույշը կարեկից մարդ մեծանա։ Կյանքը բարեհաճ է եղել նրա հանդեպ։ Նա ունի բաներ, որոնք չունեն շատերը (խոսքը բարեկեցության մասին է), եւ պարտավոր է ավելի լավը լինելու։ Նա պիտի արդարացնի իրեն տրվածը եւ հատուցի իր բարությամբ, իր առաքինություններով։ Նա պիտի հասկանա, որ մարդը չի կարող բարեկեցիկ ու երջանիկ լինել միայնակ։ Մարդ մնալու միակ ճանապարհը ուրիշի ցավին հաղորդակից լինելն է, ունեցածը ուրիշի հետ կիսելու ցանկությունը։
Քարոզները չեն կարող դաստիարակել մարդուն։ Մարդը իրականությունից է սովորում՝ կողքինից, շրջապատից։ Աղջիկս տեսնում է, որ Ղարաբաղի անունը լսելիս իմ սիրտը թրթռում է, որ ես ապրում եմ հայրենիքիս ճակատագրով։
Հայաստանն աշխարհին է ներկայանում իր տաղանդներով։ Հայ հողը ծնում է տաղանդներ. դա մեր բնատուր հատկանիշն է։ Չեմ ուզում անուններ նշել, շատ են։ Նրանք իրենցով բարձրացնում են Հայաստանը համաշխարհային արվեստի ոլորտ….Սա անչափ ուրախացնում է ինձ:
…Տխրում եմ՝ տեսնելով Հայաստանի պարսպապատ առանձնատները, պարսպապատ հոգիները` անհաղորդ, ներփակ։ Տխրում եմ՝ տեսնելով շքեղության ու ցոփության մեջ այլակերպվող մարդկային հոգին։ Բարեգործությունը պիտի հոգու պահանջ լինի, ոչ թե ինքդ քեզ ցուցադրելու ու փառասիրությանդ հագուրդ տալու միջոց։ Տխրում եմ, երբ ինչ-որ մեկը իր արած բարեգործությունը նկարահանում է եւ ցույց տալիս հեռուստացույցով։
Արտասվելու աստիճան սիրտս ցավում է այն հայ տղայի համար, որը կանգնած է սահմանին, պաշտպանում է մեզ թշնամուց, իսկ մենք չենք պաշտպանում նրա ընտանիքը։ Սիրտս ցավում է այն հայի համար, որը կռվել ու հաղթել է Արցախում, բայց Երեւանի փողոցներով քայլելիս հերոս չի զգում իրեն։
…Այս պահին, երբ մենք հանգիստ, ապահով սուրճ խմելով զրուցում ենք, հայ տղաները կանգնած են սահմանին՝ մեր պապական թշնամու գնդակի առաջ։ Աստված առաջին հերթին թող նրանց պահպանի, ինչպես կարող եմ չհուզվել, չհպարտանալ։
Գայանե Պողոսյան
(Հատված հարցազրույցից)