Նախահիվանդագին հոգեկան վիճակներ կամ հոգեադապտացիոն խանգարումները զինված ուժերում

ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Տիգրան Թունյան

Զարգացման ժամանակակից էտապում հասարակության մեջ նկատվում է հոգեկան խանգարումներով հիվանդացության և տարածվածության որոշակի աճ: Կապված գիտատեխնիկական, սոցիալ-տնտեսական, մշակութային ոլորտների զարգացման հետ, լուրջ նախադրյալներ են ստեղծվում նևրոտիզացիայի և անձնային անոմալիաների ձևավորման համար: Օրեցօր աճում է սահմանային վիճակներում հայտնվող հիվանդների թիվը էթնիկ և տարիքային խմբերում, հատկապես՝ դեռահասների շրջանում (Կարպովա Գ. Լ. 2001): Սահմանային վիճակների տարածվածությունը հասնում է 60-80%-ի (Ալեքսանդրովսկի Յու. Ա 2000): Այս ամենը չէր կարող չանդրադառնալ նաև զինակոչային կոնտինգենտի վրա:

Շատ կարևոր է մարդու ադեկվատ ադապտացիան սոցիալական մի վիճակից մյուսին անցման ժամանակ: Անձի սոցիալական ստատուսի փոփոխությունը՝ տվյալ դեպքում քաղաքացիական կյանքից զինվորականի անցումը, կարող է տեղիք տալ մի շարք հոգեկան վիճակների: Վերջինս բնութագրվում է ինտենսիվ բացասական հույզերով՝ տագնապայնությամբ, նյարդա-հոգեկան ճնշվածությամբ, տրամադրության անկմամբ և տատանմամբ, որն էլ կարող է հանգեցնել դեպրեսիվ վիճակից մինչև անձի կազմալուծման: Սահմանային վիճակների զարգացումը ծառայության ընթացքում կապված է նաև բարդ ապրելակերպի հետ, որը ներառում է բարձր պատասխանատվություն սեփական գործունեության նկատմամբ, ընտանիքից բաժանում, սովորական ընկերական շրջապատից նոր կոլեկտիվի անցում:

Շատ հեղինակներ առանձնացնում են նախահիվանդագին հոգեկան վիճակների նոր դաս՝ հոգեադապտացիոն խանգարումների տեսքով, որը թույլ է տալիս ցուցաբերել առավել կոնկրետ և նպատակային մոտեցում դրանց կանխարգելման, բուժման և փորձաքննական հարցերում: Ժամկետային զինծառայողների շրջանում, առավելապես նյարդահոգեկան անկայունությամբ աչքի ընկնող խմբի մոտ առավել հավանական է հոգեկան հիվանդություներով հիվանդացությունը: Նյարդահոգեկան անկայունություն ասելով հասկանում ենք նշանակալից ֆիզիկական և հոգեբանական ծանրաբեռնվածությունների ժամանակ հակումը նյարդային համակարգի պոռթկումների՝ ծայրահեղ հուզավեգետատիվ, իրավիճակով պայմանավորված, վարքային, հակասոցիալական, սոցիոպաթիկ և այլ ռեակցիաների: Այս հավաքական հասկացությունը բավական ընդգրկուն է, իր մեջ ներառում է բազմաթիվ նախահիվանդագին վիճակներ (հոգեկան նորմայի ծայրահեղ տարբերակներ), որոնք կարող են ընթանալ թաքնված, քիչ արտահայտված, երբեմն էլ ունենալ չափավոր արտահայտված, բայց կոմպենսացված ընթացք: Սրանք պայմանավորված են նյարդային համակարգի գործունեության այս կամ այն չափի դեֆեկտով և իջեցնում են անձի հարմարվողական ունակությունները: Նյարդահոգեկան անկայունության (ՆՀԱ) ծագման մեջ որոշիչ դեր են խաղում ինչպես նյարդային համակարգի բնածին կամ ձեռքբերովի կենսաբանական անլիարժեքությունը, այնպես էլ շրջապատի անբարենպաստ սոցիալական և հոգեբանական գործոնների առկայությունը:

Այս խմբում գերակշռող տեղ են զբաղեցնում իրավիճակով պայմանավորված ռեակցիաները, որոնք տարբեր կլինիցիստեների կողմից որակավորվում են տարբեր կերպ՝ «անոմալ ռեակցիաներ», «նախանևրոտիկ վիճակներ», «նախափսիխոտիկ վիճակներ», «դեզադապտացիոն ռեակցիաներ», «ոչ ախտաբանական նևրոտիկ դրսևորումներ»: Շատ հետազոտողներ գտնում են, որ այս ռեակցիաները կրում են տրանզիտոր, ոչ կայուն բնույթ և կապված են ծառայության դժվարությունների հետ, իսկ միջավայրի պայմանների փոփոխման, բարելավման դեպքում ընդհանրապես կարող են չդրսևորվել: Միևնույն ժամանակ հեղինակների մեծ մասը նշում է սոցիալական դեզադապտացիայի բարձր մակարդակ զինծառայողների՝ զինվորական ծառայությունից ազատվելուց հետո:

Փորձը ցույց է տալիս, որ հոգեադապտացիայի ցածր մակարդակ ունեցող նորակոչիկների գերակշիռ մասի մոտ ծառայության առաջին երեք ամիսների ընթացքում արդեն դրսևորվում են նյարդահոգեկան անկայունության ախտանիշները, նրանք փաստացիորեն դուրս են մնում, օտարվում զինվորական կոլեկտիվից, ոչ արդյունավետ է լինում դաստիարակչական կամ ուսումնական պրոցեսների օգնությամբ վերջիններիս ծառայության մեջ ընդգրկելու ջանքերը: Նման յուրաքանչյուր փորձից նրանք ավելի են հիասթափվում, զգում իրենց թերարժեքությունը՝ հուսախաբ անելով թե հրամանատարությանը, թե ծնողներին, թե ծանրաբեռնելով հոսպիտալները, և արդյունքում բալաստ հանդիսանում զինված ուժերի համար:

Գործնական առաջարկ.

Զորակոչային բժշկական հանձնաժողովները պետք է խիստ ուշադրություն դարձնեն նաև զորակոչիկների հարմարվողական ունակությունների անլիարժեքության վրա, ինչը ցայտուն է արտահայտված հատկապես. ա) մտավոր զարգացման հապաղում ունեցող անձանց մոտ, բ) ոչ լիարժեք ընտանիք ունեցող (ծնողազուրկներ, ախտահարված ժառանգականություն և այլն) անձանց մոտ: Նախազորակոչի ընթացքում պետք է պարտադիր լինի վերոնշյալ կոնտինգենտի ստացիոնար հետազոտումը մասնագիտացված բուժհիմնարկներում:

Նշված խնդիրների լուծմանը, հիվանդացության նվազմանը հասնելու համար անհրաժեշտ է ամբողջական, համալիր մոտեցում, ինչպես նախազորակոչի, այնպես էլ ծառայության ընթացքում՝ ընդգրկելով կրթական, առողջապահական, զորակոչային և զինվորական բնագավառների պատասխանատու օղակներին, ապահովելով փոխհամաձայնեցված, փոխլրացվող աշխատանք: