Նվիրում

Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի Amda կայքը բազմաթիվ նամակներ է ստանում իր ընթերցողներից, որոնց մեջ քիչ թիվ չեն կազմում զինվորական հոսպիտալում ծառայող բժիշկներին ուղղված երախտագիտության ջերմ խոսքերը: Հերթական նամակը մեզ տարավ Երեւանի կայազորային զինվորական հոսպիտալ: Նամակագիրը շնորհակալական ջերմ խոսքեր էր գրել վիրաբուժական բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Էմիլ Հարությունի Բաբաջանյանի մասին:

Ընդհանուր վիրաբուժական բաժանմունքում ենք, բժիշկն այդ պահին վիրահատության է: ժամանակը զուր չվատնելու նպատակով փորձում եմ որոշակի տեղեկություններ իմանալ բժշկի մասին:

«Հրաշալի մասնագետ է, գրագետ և համարձակ: Չնայած երիտասարդ տարիքին` հմտորեն կատարում է լեղապարկի, ստամոքսի, վահանագեղձի, ճողվածքների, կիստաների բազմատեսակ բարդ վիրահատություններ: Նա մեծ պատասխանատվությամբ է մոտենում ցանկացած հիվանդի խնդրին: Աշխատանքի մեջ հոգի է ներդնում և հիանալի արդյունք տալիս: Պրոֆեսիոնալիզմից զատ, աչքի է ընկնում մարդկային բարձր արժեքներով: Կոլեկտիվում էլ սիրված եւ հարգված ընկեր է: Մենք հպարտանում ենք նրանով»,-այսպես են բնութագրում կայազորային զինվորական հոսպիտալում բժիշկ Էմիլ Բաբաջանյանին:

…Վիրահատությունն ավարտված է, մի փոքր հոգնած ներս է մտնում բժիշկը (գիշերը նաև հերթապահ է եղել), ու սկիզբ է առնում զրույցը:

– Հայտնի Բաբաջանյաններից որևէ մեկի զարմի շառավիղը չե՞ք,- հարցնում եմ ես` չգիտես ինչու վստահաբար սպասելով դրական պատասխանի:

– Չէ՜, – ժպտում է բժիշկը,- ոչ մարշալ Համազասպ Բաբաջանյանի զարմից եմ, ոչ էլ կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանի: Ծնվել եմ Արտաշատում, այնտեղ էլ դպրոց հաճախել, հետո էլ ավարտել եմ Երեւանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը:

– Երևի Ձեր գերդաստանում բժիշկներ շատ կան,- հարցնում եմ:

– Ես մեր գերդաստանի առաջին բժիշկն եմ, նաև առաջին զինվորականը:

-Իսկ կա՞ տարբերություն, երբ բժշկի խալաթ եք հագնում կամ զինվորականի համազգեստ եք կրում:

– Կա նմանություն` երկուսն էլ պարտավորեցնում են:

-Բժշկի մասնագիտությունը պահանջում է ծայրաստիճան պատասխանատվություն, քանի որ նրան է վստահվում ամենաթանկը` մարդու կյանքն ու առողջությունը: Ի՞նչն է կարեւոր բժշկի համար` պրոֆեսիոնալիզմը, թե մարդկային հատկանիշները:

– Բնականաբար, միայն բժշկական կրթությունը դեռ բավարար չէ, բժշկագիտության խոր իմացությունից զատ, բժիշկն օժտված պետք է լինի կլինիկական մտածելակերպով, ունենա գործելու իր ալգորիթմը, մի քիչ հոգեբան լինի ու ամենակարեւորն ու գլխավորը`պետք է սիրի իր աշխատանքը: Այս ամենին զուգահեռ` անհրաժեշտ է նաեւ անձնվիրություն, հոգատար վերաբերմունք հիվանդի նկատմամբ. հիվանդը պետք է վստահի բժշկին: Իսկ վստահության արդյունքում ժառանգում ես հեղինակություն:

– Ասում են` հավատը բժշկի հանդեպ ամենաթանկարժեք դեղամիջոցն է: Մինչ Դուք վիրահատում էիք, ես հասցրի «հարցաքննել» Ձեր հիվանդներից մի քանիսին եւ միայն գոհունակության խոսքեր լսեցի: Նրանցից մեկն էլ ասաց. «Բաբաջանյանը թեթեւ ձեռք ունի, սրտացավ եւ վստահելի բժիշկ է»… Պարոն Բաբաջանյան, հետաքրքիր է՝ ո՞ւմ եք համարում բժշկության ասպարեզում Ձեր ուսուցիչը:

– Առաջատար վիրաբույժ, բուժծառայության փոխգնդապետ Արսեն Ռազմիկի Գրիգորյանին: Ուսանելուս տարիներին Արսեն Ռազմիկիչն իմ անմիջական ղեկավարն է եղել: Նա ունի բարձր պրոֆեսիոնալիզմ, հիվանդին լսելու և նրա խնդիրը հասկանալու հմտություն: Բժիշկ, որին անվերապահորեն հավատում եւ վստահում են բոլոր հիվանդները: Նրա շնորհիվ բժշկագիտության մեծ դպրոց անցա:

– Այնքան էլ վաղուց չէ, որ նշանակվել եք վիրաբուժական բաժանմունքի պետ: Մի փոքր ներկայացրեք ձեր աշխատանքային առօրյան:

-Նախ ուզում եմ խոսել մեր բաժանմունքի մասին: Հիվանդը «ճանաչում» է վիրաբույժին, նա գոհ կամ դժգոհ է լինում վիրաբույժից: Սակայն մենք գիտակցում ենք, որ ոչ պակաս կարևոր է նաև աջակցող թիմի դերը տվյալ հարցում: Պրոֆեսիոնալ անձնակազմի միասնական աշխատանքը հաջող վիրահատության գրավականն է: Կարծես թե այդ հարցում իմ բախտը բերել է: Ես ուզում եմ հատուկ նշել մեր անեսթեզիոլոգների անունները` օրդինատոր, բուժծառայության մայոր Լեւոն Բալայան և օրդինատոր, բուժծառայության մայոր` Միքայել Նանյան:Նրանց աշխատանքը բարձր գնահատականի է արժանի:

Վիրաբուժական բաժանմունքում աշխատում են փորձառու բուժքույրեր, պատրաստակամ են և չափազանց հոգատար հիվանդների նկատմամբ: Իսկ մեր աշխատանքային առօրյան սկսվում է համայցերով, վիրահատություններով, վիրակապումներով, դե, ինչպես ընդունված է բոլոր հիվանդանոցներում: Այցելում ենք նաեւ զորամասեր` մեթոդական օգնություն ցուցաբերելու:

– Բժշկությունը այսօր չափազանց արագ է զարգանում, նորագույն տեխնոլոգիաները ամենից շատ ներդրվում են հենց այս բնագավառում: Ձեր բաժանմունքն ապահովվա՞ծ է անհրաժեշտ սարքավորումներով :

– Մեր բաժանմունքը կահավորված է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով , ունենք նաև գիտության վերջին ժամանակների նվաճումներից Harmonic scalpel որով շատ քիչ հիվանդանոցներ են հագեցված:

– Դուք բազմաթիվ շնորհակալագրեր ունեք, մեդալներ, այս ամենը խոսուն վկաներն են Ձեր կատարած աշխատանքի: Այդուամենայնիվ, ի՞նչն եք համարում բժշկի աշխատանքի վարձատրությունը:

– Ներքին բավարարվածությունը. բժիշկը օգնում է հիվանդին, վերադարձնում առողջությունը, որ մարդ լիարժեք ու առողջ ապրի իրեն բաժին հասած կյանքը: Յուրաքանչյուր բժշկի համար ամենամեծ վարձատրությունը ապաքինված-առողջացած հիվանդն է ու նրա երախտիքով լի խոսքը` շնորհակալ եմ, բժի՜շկ:

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

  • 11780612_459780500869893_662550641_n