Երբ կանայք գեղեցիկ են ապրում

Ամեն անգամ, երբ մտովի ընտրում եմ իմ հաջորդ զրուցակցին, ինքս ինձ հարցնում եմ՝ ինչ է տալու մեր ընթերցողին այս հանդիպումը, ինչ եմ ինձ համար պարզելու… Եվ թերևս առաջին անգամ կարող էի առանց զրուցակցիս՝ ՊՆ ԿԿԶՀ գինեկոլոգիայի բաժանմունքի ավագ բուժքույր Արուսյակ Մանդալյանին հանդիպելու գրեթե ամեն ինչ գրել նրա մասին… Ծնողական ժողովներից առաջ կամ հետո, դպրոցական միջոցառումների, երեկույթների ժամանակ մեր մտերմիկ զրույցները ոչ միայն «առաջին ուսուցչուհուց» հասել են «Վերջին զանգին», իմ դստեր առաջադիմությունից նրա որդու կարգապահությունը, այլև գրեթե միշտ հետաքրքրվել եմ՝ «… իսկ ձեր հոսպիտալում…» (այսօր «ձեր» բառը գրելիս անսովոր անհարմարություն եմ զգում, որովհետև արդեն «մեր» բառն եմ օգտագործում հոսպիտալի մասին խոսելիս):

Ինձ և մեր լուսանկարչին ուղեկցելով իր աշխատասենյակ՝ Արուսյակ Մանդալյանն ասաց.

-Նստեք, մեր հիվանդը դուրս է գրվում, զինվորի մայր է, ճանապարհեմ, գամ…

Աշխատասենյակի գրադարակում գեղարվեստական գրքեր էին դրված, Զինվորի Կտակարան, շնորհակալագրեր, պատվոգրեր, հավաստագրեր… կրտսեր որդու դիմանկարն էր՝ լուսավոր շրջանակի մեջ, իսկ սեղանին ծաղիկներ էին…

Երբ վերադարձավ, հարցրի նրան.

-Ժամանակ լինո՞ւմ է գրքերի համար:

-Իհարկե… Գրադարակի կողքով անցնելիս երբեմն կանգնում եմ, բացում գիրքը (հիմնականում՝ Սևակ…), կարդում եմ մի քանի տող ու շարունակում աշխատանքս: Երբեմն հիվանդներին եմ տալիս, եթե իրենք են ուզում …

-Իսկ մասնագիտական գրականությո՞ւն:

-Եթե նորություն է լինում…

Արուսյակ Մանդալյանը 1996 թ. ավարտել է Երևանի բժշկական առաջին բազային ուսումնարանը: 1997-2007 թթ. որպես հերթապահ բուժքույր աշխատել է ՊՆ ԿԿԶՀ վերակենդանացման բաժանմունքում, 2007 թ. նշանակվել ԿԿԶՀ գինեկոլոգիական բաժանմունքի ավագ բուժքույր:

– Երբ ընդունվեցի հոսպիտալ, բանակաշինության ամենածանր տարիներն էին: Թեև զինադադար էր կնքվել, այնուամենայնիվ, բերում էին բազմաթիվ վիրավորներ՝ հիմնականում ականի պայթյուններից վիրավորված: Բաժանմունքը հագեցած չէր նորագույն սարքավորումներով, անբարեկարգ վիճակում էր, սակայն բոլոր բժիշկները, նույնիսկ այդպիսի պայմաններում, իրենց ծառայությունը անթերի էին կատարում…

Այսօր վերակենդանացման բաժանմունքը անհամեմատելի առաջընթաց ունի. վերանորոգվել է, ժամանակակից սարքավորումներով համալրվել: Աշխատանքային այսպիսի պայմաններում բժիշկը իր ծառայությունը կատարում է լիարժեք, և հիվանդն է իրեն ավելի ապահով զգում:

-Ոսումնարանի տված գիտելիքները բավարա՞ր էին վերակենդանացման բաժանմունքում աշխատելու համար:

-Ուսումնարանում սովորել եմ գերազանց առաջադիմությամբ, սակայն միայն տեսական գիտելիքները չեն կարող տալ այն որակը, որ ձեռք ես բերում աշխատելու ընթացքում: Հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքը ամենակարևոր մասնագիտական դպրոցը եղավ ինձ համար: Ես ձգտում էի սովորել ամեն ինչ: Լուռ հետևում էի՝ ինչպես են բժիշկները իրենց աշխատանքը կատարում, հարցեր էի տալիս… Լավ բժիշկների հետ աշխատելը մեծապես խթանում է միջին բուժանձնակազմի մասնագիտական կատարելագործումը, սակայն եթե բուժքույրը անտարբեր է իր գործի նկատմամբ, ձգտում չունի, նույնիսկ ամենալավ բժիշկը չի կարող «օգնել»նրան…

Այդ տարիներին վերակենդանացման բաժանմունքում աշխատող բժիշկները նշանակալի դեր ունեցան որպես բուժքույր իմ կայացման գործում: Վերակենդանացման բաժանմունքում ծառայող հերթապահ բուժքույրերից շատերը, անցնելով նույն դպրոցը, հետագայում նշանակվեցին ավագ բուժքույրեր հոսպիտալի տարբեր բաժանմունքներում:

…Երբ տեղափոխվեցի գինեկոլոգիական բաժանմունք, ընդհանուր բուժքույրական գործին գերազանց տիրապետում էի, սակայն գինեկոլոգիական ծառայության մեջ կային նեղ մասնագիտական նրբություններ, որոնց դեռևս ծանոթ չէի: Իսկ ես, լինելով ավագ բուժքույր, չէի կարող թույլ տալ, որ գիտելիքներով զիջեմ մյուս բուժքույրերին: Մտնում էի վիրակապարան, նայում՝ ինչպես են բժիշկները, բուժքույրերը աշխատում: Բուժքույր Մառա Բատոյանը, որ գինեկոլոգիական բաժանմունքում ծառայում է արդեն 30 տարի, դարձավ իմ անփոխարինելի և միշտ պատրաստ խորհրդատուն: Կարճ ժամանակ անց ես գինեկոլոգիական բաժանմունքում նույնպես ինձ զգում էի, ինչպես ձուկը ջրում:

– Վերապատրաստման դասընթացներ չե՞ն լինում, միայն գործընկերների՞ն եք ապավինում, եթե ուզում եք սովորել:

-Նախկինում հոսպիտալի միջին բուժանձնակազմը ատեստավորվում էր տեղում՝ ռազմաբժշկական վարչության, հոսպիտալի, բաժանմունքի պետերի կողմից (նախապես տրվում էր մասնագիտական գրականության ցանկը, պարտադիր հարցաշարը, որի մեջ ներառված էին թեմաներ նաև բժշկի աշխատանքին վերաբերող):

Վերջին երկու տարիների ընթացքում ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության կողմից մեզ հնարավորություն տրվեց մասնակցելու վերապատրաստման տարբեր դասընթացների (հոսպիտալի կադրերի բաժնից կարող ենք վերցնել վերապատրաստման դասընթացների ցուցակը և ընտրել): Ճիշտ է, առայժմ դասընթացները անցնում են քաղաքացիական բուժհաստատություններում, սակայն կա հեռանկար, որ օտար լեզվի տիրապետող բուժքույրերը, մրցութային կարգով ընտրվելուց հետո, հնարավորություն կստանան նաև արտերկրում վերապատրաստվելու: Միջին բուժանձնակազմի վերապատրաստման գործընթացին աջակցում է նաև «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան»:

Փորձի փոխանակման նպատակով պարբերաբար մասնակցում ենք ուսումնական տարբեր ծրագրերի, զորավարժությունների, որոնց ընթացքում հնարավորություն ենք ունենում համագործակցելու արտերկրից ժամանած գործընկերների հետ: Արտերկրից ժամանած մեր գործընկերների համար նույնպես հետաքրքիր է՝ ինչպես ենք մենք կատարում նույն բժշկական միջամտությունը, խնդրում են ցուցադրել և ասում են, որ մեր փորձը նույնպես ուսանելի են համարում:

…Երբ Համբարձումը պատրաստվում էր դիմանկարել Արուսյակին, նա ուղղեց ծաղիկները, ուղղեց ծաղկամանի վրա կապված ժապավենը, լուսանկարը և ժպտալով ասաց.

-Սիրում եմ, երբ կանայք գեղեցիկ են ապրում… իրենց շրջապատում են պայծառ գույներով, գեղեցիկ ծաղիկներով, սիրով… Անկեղծ, բարի ժպիտը գեղեցկացնում է կնոջը…

Էդիտա Մելքոնյան