Պարը

Իրիկնացել էր: Վրանում բոլորը լուռ էին: Ասելու բան չկար, խոսքերն անիմաստացել էին: Գուլդուր Սերոժը ասելիքը շատ կարճ արդեն բացատրել էր.

-Առավոտը պիտի ստիպենք, որ թուրքը հավատա, թե հիմնական հարվածը մեր կողմից է լինելու, ու գա մեզ վրա, որպեսզի մարտունեցիք կարողանան անխափան գործել:

Հարցերի ժամանակ չկար, պետք էր մտածել: Տղաների պատրաստվելը տեսնել էր պետք:

Ձախ անկյունում լուռ ծխողը Բենամուկի Գագոն է: Ուխտել է գնդակից զոհվել, որ միանա վաղամեռիկ որդուն: Վառարանի մոտ նստածները Ալազան Հարութն ու Նորիկն են՝ ամենատարեցները, թրթռուն կրակի խաղից դեմքներն ավելի է արյունոտվել: Ալազանը վախենում էր տղերքի աչքերին նայել, ախր բոլորը իր որդու հասակին են, ու առավոտյան ինքն է նրանց մարտի տանելու: Արտակն ու Միքոն լուռ մաքրում են զենքերը ու կարծես չեն էլ նկատում, որ դրանք վաղուց արդեն հայելու նման փայլում են: Դա նրանից է, որ զենքին ասելու բան ունեն: Այդպիսի պահերին բոլորը հասկանում են ու զրուցողին չեն խանգարում: Մարտից առաջ ամենաթանկն ու թաքունը կարող ես վստահել միայն զենքիդ՝ համոզված լինելով, որ նա անսխալ կփոխանցի որդուդ: Չխանգարենք, թող զրուցեն: Ճուտ Մուշեղը փորձում է մթան մեջ տեսնել բոլոր ընկերներին ու հավատում է, որ ում տեսնի, վաղը կռվում իր կողքին կլինեն: Ցեղապետ Վաչոն թաքուն կռացավ, սվինը խրեց մայր հողի մեջ ու սկսեց հեթանոս աստվածներին աղոթել: Թաքուն դա արեց, որ տղերքը չտեսնեն ու չնախատեն քրիստոնյա հողին ոչ սազական գործի համար: Բոլորն էլ տեսան, բայց չտեսնելու տվին, թող աղոթի, թող հոգին դատարկվի, վաղը թեժ մարտ է լինելու:

Զարզանդն ու Կամոն քթների տակ ֆիդայու մի հին երգ են երգում: Մի տեսակ անտարբեր, կարծես չեն երգում, այլ ամեն մեկը իր մոր կամ գուցե հարևանի սևաչք աղջկա հետ է զրուցում, ու երգը իրենց չի վերաբերում: Հեյ վա՜խ, Զարզանդ Արմեն: Ի՜նչ իմանայիր, որ հենց առավոտը բախտ ես ունենալու ֆիդայի օծվել:

Արջը ներս մտավ, կողքից կախված ջրամանից մի կում խմեց, ու աչքերում թաքուն ժպիտ փայլեց: Բոլորը գիտեին, որ ջրամանում նա կոնյակ է պահում, ու ձևացնում էին, թե անտեղյակ են այդ խորամանկությանը: Ուղղակի բոլորին էլ դուր էր գալիս նրա աչքերի փայլը տեսնելը: Տիրող լռության մեջ գնալով լսելի էր դառնում Զարզանդի ու Կամոյի երգը: Ռիթմը տարածվում էր վրանով մեկ, լցվում էր ու ուժգնանում: Ու ոչ ոք չնկատեց, թե ինչպես հանկարծ իրենցից անկախ բոլորը միացան ու սկսեցին ամբողջ ձայնով երգել: Հետո Զարզանդն ու Ճուտը ոտքի կանգնեցին ու արդեն բռունցք արած՝ ավելի խրոխտ երգեցին: Արտակը մոտեցավ, կանգնեց երկուսի արանքում, տղերքը կիպ կպան իրար ու սկսեցին ցնցել ուսերը: Էրիկն ու Հրանտը ուժեղ ծափ զարկեցին, ու ամբողջ ջոկատը կարծես հենց դրան էր սպասում:

Բոլորը ոտքի կանգնեցին, ու սկսվեց «Յարխոշտան»: Խելագար ծափ-պար բռնեցին տղերքը, երգի ռիթմը լցվեց սար ու ձոր, ու արձագանքը Խուստուփ ժայռից էինք առնում: Ամեն ծափից ցնցվում էր հողը: Ոչինչ, որ շարժումները մի քիչ կոպիտ ու անկանոն էին ստացվում. վերջապես ո՞վ է ասել, թե պարում կարևորը շարժումներն են… տեսե՞լ են կռվից առաջ պարող մարտիկի աչքերը:

Կրակ ու ցասում, վճռականություն, վրեժի ծարավ, խաղաղ օջախի կարոտ. ամենը խառնվել ու պատկերվել են տղերքի աչքերում: Պարում են տղերքը: Պարում են ինքնամոռաց: Պարում են, ասել է թե, արդեն պատրաստ են վաղվա կռվին: Պատրաստ են հաղթելու:

Պարե՛ք, տղերք, պարե՛ք: Սուրբ Կարապետը վկա, ձեր պարն առել են Մարաթուկն ու Անդոկը:

Մուրադ Մուրադյան

(Հատված հուշերից)