Նվիրաբերում

Արտակ Վլադիմիրի Խաչատրյանը ծնվել է 1964 թ. հոկտեմբերի 20-ին Կալինինոյում (այժմ՝ Տաշիր): 1989 թ. ավարտելով Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը՝ գործուղվել է Կալինինո՝ աշխատանքի անցնելով շտապօգնության կայանում որպես վարիչ:

1991թ. հոկտեմբերից մեկնել է Շահումյան և մինչև 1992 թ. աշխատել Վերիշենում: 1993 թ. «Եղնիկներ» պարտիզանական ջոկատի կազմում մասնակցել է Մարտակերտի ինքնապաշտպանական-ազատագրական մարտերին, բուժօգնություն ցուցաբերել խաղաղ բնակչությանը և վիրավոր ազատամարտիկներին: 1993 թ. հունվար-փետրվար ամիսներին «Սպիտակ» փրկարարական ջոկատի կազմում օգնություն է ցույց տվել Հյուսիսային Օսեթիայի ձնահոսքի տակ մնացած հայ վարորդներին:

Արտակ Խաչատրյանը զոհվել է ուղղաթիռի վթարից 1993. ապրիլի 17-ին: Մասունքները ամփոփված են Տաշիրի գերեզմանոցում:

1991 թ. ամռանն էր… Ուղղաթիռների թռիչքահրապարակում, ճամփորդական ուսապարկը ուսից կախված, մի գեղեցկադեմ երիտասարդ հուզված այս ու այն կողմ էր քայլում, պտտվում էր ուղղաթիռի շուրջ: Ուղղաթիռը պատրաստվում էր թռիչքի: Խորհրդային բանակի հատուկ նշանակության ջոկատի զինվորները մանրամասն ստուգում էին ուղղաթիռով տեղափոխվող բեռները և մեկնողների ցուցակն ու անձնագրերը: Երիտասարդի անհանգստությունը գնալով ավելանում էր: Որոշեցի մոտենալ ու հարցնել, թե ինչով կարող եմ օգտակար լինել: «Ես բժիշկ եմ, այսօր անպայման պետք է մեկնեմ Շահումյան, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում մտնել ուղղաթիռ: Տեսնո՞ւմ եք, ինչպես են շրջապատել»,- խոսքը խորհրդային զինվորներին էր վերաբերում: Նրա աչքերում այնքան վճռականություն կար ու մեկնելու մեծ ցանկություն, որ ես որոշեցի օգնել նրան, և մոտենալով օդաչուներին՝ բացատրեցի, խնդրեցի ամեն գնով օգնել երիտասարդին: Օդաչուների համար առաջին դեպքը չէր, որ շրջանցելով խորհրդային զինվորներին և՛ զենք ու զինամթերք, և՛ ազատամարտիկներ ու բժիշկներ էին տեղափոխում: Մինչ նրանք զինվորներին մի կողմ տանելով ինչ-որ բան էին բացատրում, երիտասարդը ճարպկորեն սողոսկեց ուղղաթիռ, իսկ մեկ-երկու րոպեից ուղղաթիռը օդ բարձրացավ…

Այդ երիտասարդը Արտակն էր, և դա մեր առաջին ու վերջին հանդիպումն էր, հետո միայն հերոսական պատմություններ էի լսում նրա մասին: …Մի օր էլ լսեցի բոթը… հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռ է ընկել… զոհվել են բոլորը՝ անձնակազմի երեք անդամները, ուղևորները, որոնց մեջ էր և Արտակը…

«Խաչակիրներն ասում էին՝ զոհաբերելով սահմանավոր մեր կյանքը՝ մենք նվաճում ենք հավերժությունը: Դա ուժածին գաղափար է: Այդպիսին են նաև պատվի, փառքի, մեծության գաղափարները: Սրանցից զորավոր է հայրենիքի գաղափարը»…

Գարեգին Նժդեհ …

Հայրենիքի գաղափարն էլ Արտակին տարավ Արցախ, տարավ հանուն հայրենիքի զոհաբերելու իր սահմանավոր կյանքը, տարավ նվաճելու անմահությունը…

1991 թ. աշնանը Արտակը մեկնեց Շահումյան, որն իր բացառիկ բնաշխարհով անմիջապես գրավեց նրան. գունագեղ աշունն այնտեղ իր տարերքի մեջ էր…«Երբեք ոչ մի այլ տեղ նման գեղեցկության ես չեմ հանդիպել: Չնայած իմ հայրենի Տաշիրը պակաս գեղեցիկ չէ, բայց Շահումյանի բնությունը իր շքեղությամբ շլացուցիչ էր»,– մի առիթով ասել է Արտակը: Իսկ երբ ծանոթացավ շահումյանցիների պատմությանը, նրանց կյանքին, ապրելակերպին, խորին հարգանքով ու սիրով լցվեց այդ հողի վրա ապրող բազմաչարչար մարդկանց հանդեպ: Նրանք բազում հոգսեր ու անլուծելի խնդիրներ ունեին, որոնցից էր առողջապահությունը, իսկ Արտակը այնտեղ էր, որպեսզի իր մասնագիտությամբ մարդկանց օգներ, նրանց հոգսը թեթևացներ:

Նա տեղափոխվեց Վերիշեն, այնտեղ բուժկետ բացեց և ձեռնամուխ եղավ իր առաքելությանը: Բուժկետում ժամանակի սահմանափակում չկար, օրվա ցանկացած պահի բուժօգնություն կարող էին ստանալ բոլորը՝ և խաղաղ բնակիչները, և ազատամարտիկները: Վերիշենի բուժկետ էին գալիս նաև Շահումյանի հարակից գյուղերից: Մարդկանց հոսքը չէր դադարում: Մարդիկ այցելում էին Արտակին ոչ միայն առողջության հետ կապված հարցերով, այլև զրուցելու, խորհուրդներ հարցնելու: Արտակը համբերատար լսում էր, օգնում իր հնարավորությունների սահմաններում… և կարճ ժամանակահատվածում նվաճեց ազատամարտիկների ու շահումյանցիների սերն ու ակնածանքը, իսկ ամիսներ անց նա պետք է ասեր. «Հետաքրքիր բան է կյանքը. երկու ամիս առաջ Շահումյանը ինձ համար հեռավոր մի մոլորակ էր թվում, միայն անունն էի լսել, գիտեի, որ հայկական տարածք է, որ այնտեղ՝ իրենց հայրենի հողի վրա, ապրող հայերը ճնշվում ու հալածվում են ադրբեջանցիների կողմից…. որ ինչպես Լեռնային Ղարաբաղի մյուս մարզերում, այնպես էլ Շահումյանում, իմ հայրենակիցների կյանքը վտանգված է: Գիտակցում էի, որ ես էլ, ինչպես շատ-շատերը, պիտի գնամ և իմ համեստ լուման ներդնեմ նրանց ինչ-որ բանով օգտակար լինելու համար, բայց չէի պատկերացնում, որ Շահումյանն ու շահումյանցիները այնքան հոգեհարազատ կդառնան ինձ, որ ես ոչ միայն ինձ օտար չեմ զգա նրանց մեջ, այլև կդառնամ նրանց անքակտելի մի մասնիկը, ինձ էլ այդ հողի տեր կզգամ, պատասխանատվություն կկրեմ, կտառապեմ յուրաքանչյուրի համար»:

Տարիներ անց երբ հանդիպեցի նախկին շահումյանցիների հետ, նրանք Արտակի անունը լսելուն պես հուզվեցին ու թախծախառն սիրով, իրար հերթ չտալով՝ պատմում էին Շահումյանում Արտակի ծավալած գործունեության մասին, ինչպես է ընդունել իրենցից յուրաքանչյուրին, ինչպես է բուժել, որքան սրտացավ է եղել բոլորի նկատմամբ: «Արտակը երազի պես եկավ, երազի պես էլ գնաց,- այսպես պատմեց տիկին Մարիամը նրա մասին,- նրան մի անգամ տեսնելն ու հետը զրուցելը բավական էր, որ ճանաչեինք ու հասկանայինք՝ ինչ մոր զավակ է, ինչպիսի սիրտ ու հոգի ունի… Օրըստօրե բուժկետի մոտ հերթի կանգնած մարդկանց թիվը ավելանում էր, իսկ ես այդպես էլ չիմացա, թե Արտակի իսկական մասնագիտությունը որն էր… ամեն ինչից հասկանում էր, նրա նշանակած բուժման արդյունքները միշտ դրական էին… Իհարկե, այնպիսի հիվանդներ կային, որոնց բուժումը այդ պայմաններում անհնար էր կազմակերպել: Պայմանավորվում էր ղեկավարության հետ և հիվանդին ուղղաթիռով ուղարկում Երևան՝ համապատասխան մասնագետի մոտ: Այդպես եղավ և իմ որդու հետ, որը արկի պայթյունից ծանր վնասվածքներ էր ստացել: Արտակն էր, որ առաջին բուժօգնություն ցույց տվեց նրան, ապա մեզ ուղղաթիռով ուղարկեցին Երևան և տեղավորեցին օրթոպեդիայի և վնասվածքաբանության ինստիտուտում, որտեղ էլ վնասվածքաբանները բուժեցին որդուս, նրանց ես պարտական եմ:

Իսկ երբ որդիս դուրս գրվեց հիվանդանոցից, և մենք վերադարձանք Շահումյան՝ մեր տուն, նույն օրը Արտակը այցելության եկավ մեզ ու որդուս ապաքինված տեսնելով՝ հուզմունքը թաքցնելով, հարազատի նման գրկեց նրան: Իմ որդին ընդունվեց բժշկական համալսարան. նա բժշկի մասնագիտություն ընտրեց՝ իր աչքի առաջ ունենալով երջանկահիշատակ Արտակ Խաչատրյանի կերպարը»:

Շահումյանցի նախկին ազատամարտիկ Խոսրովը պատմում է.«Մեզ համար սովորություն էր դարձել դիրքերում հերթափոխը հանձնելուց հետո երեկոները հավաքվել բուժկետում՝ Արտակի մոտ: Մի-մի բաժակ խմում էինք, զրուցում օրվա իրադարձություններից, խորհրդակցում հետագա անելիքների մասին: Ամեն անգամ մեզ հրաժեշտ տալուց առաջ հարցնում էր՝ տղերք ջան, ինչի՞ պակաս ունեք, ինչո՞վ կարող եմ օգնել: Ու եթե մեզանից մեկն ու մեկը մի թեթև ակնարկ աներ, որ այս կամ այն բանը պետք է, նա չէր մոռանում, թեկուզ մեկ-երկու ամիս անց, երբ մենք արդեն մոռացած էինք լինում՝ ինչ ենք խնդրել նրանից, գտնում- բերում էր… Իր խոսքի տերն էր և այն, ինչ անում էր, սրտանց էր անում…»:

Արտակը Շահումյանում երկար մնաց, մնաց մինչև Շահումյանի անկման օրը… Ականատեսների վկայությամբ՝ այդ օրը ամենածանրն էր, ամենաողբերգականը ոչ միայն շահումյանցիների համար, այլև Արտակի… Այնքան հարազատ դարձած Շահումյանը այլևս իրենը չէր, խլել էին իր դրախտը, այնտեղ անարգ թշնամին արնոտ ոտքերով սուրբ հողն էր տրորում, կարծես իր սիրտն էր տրորվում նրանց ոտքերի տակ…

Նա իր աչքերով տեսավ գաղթի սարսափները, տեսավ ու հիշեց 1915 թ. Մեծ եղեռնից մազապուրծ տատիկի պատմածները և ամիսներ անց մորը՝ Արփիկին, պատմեց գաղթի ճանապարհին շահումյանցիների ապրած անլուր տառապանքների մասին. «Ես միայն այն ժամանակ հասկացա տատիկիս, երբ գաղթող շահումյանցիների հետ միասին հաղթահարեցի առաջին դժվարանցանելի ճանապարհը… Եթե նախկինում «գաղթել» արտահայտությունը ինձ համար սովորական բառ էր, հիմա արդեն այն լսելիս սոսկում եմ… նեղություն, կարիք, քաղց, ծարավ, հիվանդություն, ուժերի լարում և ուժասպառություն, հուսալքություն, մահ և ընդամենը մի փոքր առկայծող լույս՝ անորոշ ու հեռավոր…»:

Արտակը բժշկի իր առաքելությունը շարունակեց Մռավ սարի հարակից անտառներում: 1992 թ. դեկտեմբերին Արտակը ամուսնացավ իր երազների կնոջ՝ մրահոն գեղեցկուհի, համեստ և իր նման անձնազոհ, անզուգական Արմինա Նալբադյանի հետ: 1993 թ. հունվարին «Եղնիկներ» ջոկատի կազմում որպես բժիշկ և մարտիկ մասնակցեց Մարտակերտի ինքնապաշտպանությանը, ապա «Սպիտակ» փրկարարական ջոկատի կազմում մեկնեց Հյուսիսային Օսեթիա՝ ձնահոսքի տակ մնացած հայ վարորդներին օգնելու: Փետրվարին վերադարձավ Հայաստան և մի քանի օրից կրկին մեկնեց Շահումյան՝ կամավորականների մոտ, մեկնեց իր ճակատագրին ընդառաջ…

1993 թ. ապրիլի 17-ն էր: Երևանի «Էրեբունի» օդանավակայանից երկու ուղղաթիռ (հրամանատարներ՝ Ռաֆիկ Մեհրաբյան և Ջամբուլադ Մուրադյան), սննդամթերքով ու զինամթերքով բեռնված, թռան Շահումյան և վայրէջք կատարեցին անտառի բացատում՝ քիչ հեռու ֆիդայիների բազայից: Դեռ չէին հասցրել բեռնաթափել ուղղաթիռները, երբ թշնամին սկսեց այդ ուղղությամբ կրակի տարափ տեփալ: Տեղում մնալը վտանգավոր էր: Որոշեցին մնացած բեռները իջեցնել Մռավ սարի ստորոտում՝ թշնամու աչքից հեռու՝ ապահով վայրում: Ջոկատի հրամանատար Շահեն Մեղրյանի գլխավորությամբ ութ ֆիդայիներ, որոնց թվում էր նաև Արտակը, տեղավորվեցին ուղղաթիռի մեջ և օդ բարձրացան թշնամու կրակոցների ուղեկցությամբ: Ուղղաթիռները, շրջանցելով սարը, մի հարմար տեղ վայրէջք կատարեցին, իջեցրին մնացած բեռները, խնամքով թաքցրին և պատրաստվեցին վերադառնալ: Արտակը ընկերների հետ տեղավորվեց Ջամբուլադի ուղղաթիռում: Արդեն կեսօր էր , ուղղաթիռները օդ բարձրացան, դեռ նոր էին դուրս եկել սարի ետևից, երբ դարանակալ թշնամին նորից սկսեց կրակել ուղղաթիռների վրա…

«Առաջինը Ջամբոն թռավ, ես՝ նրա ետևից, նկատեցի երկնքում սուրացող հրթիռները և մի կերպ կարողացա խույս տալ, և քանի որ Ջամբոն առջևից էր թռչում, չէր նկատել: Նրա ուղղաթիռի ուղղությամբ հինգ հրթիռ սլացավ, որոնցից երկուսը, դիպչելով ուղղաթիռին, խոցեցին այն… ամեն ինչ այնպիսի արագությամբ կատարվեց… վայրկյանների ընթացքում նրանց ուղղաթիռը վերածվեց բոցավառ խարույկի»,- պատմում է Ռաֆիկ Մեհրաբյանը:

…Զոհվածների մեջ էր բժիշկ Արտակ Խաչատրյանը… Նա դեռ այնքան երիտասարդ էր, երազանքներ, նպատակներ ուներ, դեռ պետք է ապրեր…

Արտակի մասունքներն ամփոփվեցին իր հայրենի Տաշիրի գերեզմանատանը, իսկ նրա հոգին մնաց այնտեղ՝ Շահումյանի երկնակամարում, որ վերից հսկի այն սուրբ հողը, հանուն որի պայքարեց հազարավոր շահումյանցիների և ազատամարտիկների հետ, հանուն որի իր կյանքը զոհաբերեց…

Անահիտ Չիբուխչյան

(Կրճատումներով)