Հերոսը

Պատմում է Սասուն Բադասյանը

Թորոսի Խութ բարձունքը գրավելիս մեր տղաներից մեկը՝ Քոչարյան Գրենան, ասաց՝ ոնց որ վիրավորվեցի, մտածեցինք՝ գնդակը ոտքին կամ ձեռքին է կպել: Մեկ էլ տեսանք՝ արյունը առվի պես հոսում է գլխից: Տղերքը Գրենային ռազմադաշտից հանեցին, հասցրին հիվանդանոց: Մի քանի օր հետո, երբ գնացինք Գրենային տեսնելու, գլուխը հինգ անգամ մեծացել էր: Նայում եմ ու մտածում՝ սրա գլուխը պիտի որ ուժեղ ցավի, բայց հանգիստ զրուցում է, հարցեր է տալիս…

Գրենան ապրեց: Գնդակը մի ականջի մոտով մտել էր, մյուսով դուրս եկել, բայց բժիշկները փրկեցին տղայի կյանքը:

Մի օր էլ հայտնվեց դիրքերում: Ներս մտավ, թե՝ եկա՛, տղե՛րք: Ո՞ւր եկար, այ տղա, ասացինք, թող տուն գնա: Ասաց՝ չէ, բժիշկն ասել է, որ կարող է մինչև խոր ծերություն ապրեմ, կարող է՝ «տումբլերը» ամեն վայրկյան անջատվի… Հետո ասաց՝ տղերք, որ իմանայի՝ կապրեմ, մի կուշտ լաց կլինեի հիվանդանոցում, ցավս կթեթևանար: Մտածում էի՝ կմեռնեմ, լացով տղերքին չկոտրեմ, չխեղճացնեմ….Բայց ցավը շատ ուժեղ էր, սպանում էր…

Ու ես հիշեցի, թե ինչպես էր հիվանդանոցում ուռած գլխով պառկել, անտրտունջ, առանց տնքոցի զրույց էր անում… Շատ հուզվեցինք, նույնիսկ լաց եղանք, մոտեցանք, գրկեցինք, ճակատը համբուրեցինք…

Հիմա Գրենան ողջ է: «Տումբլերը», փառք Աստծո, չի անջատվել: Կենդանի հերոս է:

Գայանե Պողոսյան