Պատերազմը տրավմատիկ համաճարակ է

«Коммунист» թերթի 1945 թ. 253-րդ համարում տպագրվել է զինվորական թղթակից Վ. Ժդանովի «Сыны Армении на полях Маньчжурии» վերնագրով հոդվածը, որտեղ խոսվում է նաև Հեռավոր արևելքում ճապոնական Կվանտունյան բանակի դեմ խորհրդային զորքերի մղած հերոսական մարտերում բժիշկ Ալեքսանդր Աղաջանյանի ծառայության մասին:

Ալեքսանդր Աղաջանյանը ծնվել է 1904 թ. Լեռնային Ղարաբաղի Թաղասեր գյուղում (Հադրութի շրջան), գյուղացու ընտանիքում: 1922 թ. ավարտելով տեղի դպրոցը՝ մեկնում է Թբիլիսի և սևագործ բանվորություն անում: 1923 թ. ընդունվում է Երևանի հայկական զինվորական դպրոց (հետևակի բաժին), որն ավարտելուց հետո 1926 թ. վաշտի հրամանատարի աստիճանով ուղարկվում է Ադրբեջանական դիվիզիայի 2-րդ գունդը: Զինվորական ծառայությունը շարունակում է Ստեփանակերտում մինչև 1929 թվականը: 1928 թ. ընդունվում է Կոմունիստական կուսակցության շարքերը: Հաջորդ տարի գործուղվում է Թբիլիսի՝ռազմաքաղաքական դասընթացներում սովորելու: Շուրջ չորս տարի քաղաշխատող էր տարբեր զորամասերում:

Այնուհետև մեկնում է Լենինգրադ և ընդունվում Ս.Մ. Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիան և 1939 թ. ավարտելով այն՝ երկրորդ կարգի զինվորական բժշկի կոչումով նշանակվում 38-րդ ավտոտրանսպորտային գնդի սանծառայության պետ: 1941 թ. ընդունվում է Լենինգրադի ռազմաբժշկական ակադեմիայի ասպիրանտուրան՝քիթ-կոկորդ-ականջ (ԼՕՐ) մասնագիտությամբ:

Սակայն շուտով սկսվում է Մեծ հայրենականը: Պատերազմի առաջին օրերին նշանակվում է՝

Արևմտյան ռազմաճակատի 38-րդ ավտոտրանսպորտային գնդի սանծառայության պետ,

1942-1943-ին՝ 33-րդ բանակի 110-րդ հրաձգային դիվիզիայի 1287 հրաձգային գնդի բուժսանծառայության պետ,

1943-1944-ին՝87-րդ հրաձգային գվարդիական դիվիզիայի բուժսանգումարտակի հրամանատար,

ապա՝ 33-րդ բանակի Սմոլենսկի հրաձգային դիվիզիայի սանծառայության պետ,

1944 թ. ապրիլից մինչև 1946 թ.՝ 5-րդ բանակի 65-րդ հրաձգային կարմրադրոշ Վիլնյուս-Կաունասյան կորպուսի բուժսանծառայության պետ:

Ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակից հետո 5-րդ բանակը ուղարկվում է Հեռավոր Արևելք՝ Առաջին հեռավորարևելյան ռազմաճակատ: Բժիշկ Ա. Աղաջանյանը այստեղ մասնակցում է Կվանտունյան բանակի դեմ ծավալված մարտերին: Ազատագրվում է Մանջուրիայի հողը:

1946 թ. երկու տարով գործուղվում է Կրասնոդարի զինվորական հոսպիտալ, 1949թ. ապրիլին նշանակվում Բաքվի օկրուգի հակաօդային պաշտպանության ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, ապա՝ պետ : 1957 թ. թողնում է զինվորական ծառայությունը և աշխատանքի անցնում Բաքվի երկրորդ պոլիկլինիկայում որպես քիթ-կոկորդ-ականջ բաժանմունքի վարիչ: Կուսակցությունն ու կառավարությունը բարձր են գնահատել բժշկի ծառայությունը՝ նրան պարգևատրելով Լենինի, Կարմիր դրոշի 2-րդ, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով և Մարտական 8 մեդալներով:

Բուժծառայության նախկին գնդապետ Ալեքսանդր Աղաջանյանը, անցնելով մարտական երկար ուղի, պահել է օրագիր, որից հատվածներ ենք բերում այն համոզմամբ, որ դրանք կօգնեն ավելի հստակորեն պատկերացնելու ոչ միայն օրագրի հեղինակին, այլև ընդհանրապես բժիշկների ճակատային առօրյան իր բազմազանությամբ և բարդություններով, վտանգներով և սխրանքներով, իր տառապալի և բաղձալի կողմերով:

Դեկտեմբեր, 1942

Մութ անտառի միջով՝ հազիվ նկատելի մի արահետով, եկա սանվաշտ. այստեղ տարվում են վիրավորներին ընդունելու վերջին նախապատրաստությունները: Սանիտարական վաշտի հրամանատար, կապիտան Զայցևը նստած է վրանում և նավթի ճրագի աղոտ լույսի տակ ուշադրությամբ դիտում է իր առջև փռված քարտեզը: Կողքին, ինչպես միշտ, նստած է Մալիշկան՝ մեր սանիտարուհին: Ինձ թվում է՝ ոչ ոք, ինչպես և ես, չգիտի նրա իսկական անունը, այնպես ամուր կպել է նրան այդ նոր և շատ սազական անունը: Նա, իրոք, շատ ճստլիկն է, կլորիկ, կարճ կտրած գանգուրներով և անխռով կապույտ աչքերով, այտերի վրա հաճելի փոսիկներ կան: Մալիշկան ամբողջ գնդի սիրելին է, ազատ ժամանակ կիթառ է նվագում, երգում սրտառուչ… տխուր երգեր է երգում: Աշխատանքում հոգնել չգիտե. նրա ճարպիկ, հմուտ, քնքուշ ձեռքերում ամեն ինչ հաջողությամբ է պսակվում: Նույնիսկ ամենակամակոր, ամենածանր բնավորություն ունեցող վիրավորները նրա մոտ դառնում են հեզ ու խոնարհ: Իսկ նրանց հետ Մալիշկան համբերատար է, ինչպես բազմափորձ դայակ:

-Ինչո՞ւ չես քնում, Մալիշկա,-հարցնում եմ,- ուշ է արդեն, իսկ վաղը ծանր օր է լինելու մեզ համար:

-Թույլ տվեք մնալ,-շիկնելով ասում է սանիտարոուհին,- ես Զայցևի հետ մի քիչ կնստեմ…

-Նշանակում է, ճի՞շտ են ասում՝ որտեղ Զայցևը, այնտեղ էլ Մալիշկան…

-Ճիշտ է, ընկեր պետ,- էլ ավելի շփոթվում է աղջիկը:

-Մեզ մոտ արդեն ամեն ինչ որոշված է ,- մի պահ գործից կտրվում է Զայցևը և նորից տարվում իր քարտեզով:

-Նշանակում է՝ հարսանի՞քն էլ շուտով կլինի:

-Իհարկե… պատերազմից հետո Մոսկվայում,- վստահորեն ասում է աղջիկը:

… Վաղը կսկսվի մեծ հարձակումը, պատերազմ է… իսկ նրանք հավատում են, որ ամեն ինչ առջևում է ՝ և կյանք, և հարսանիք Մոսկվայում, և երջանկություն…

Լուսաբացին արձակվեց պայմանական հրթիռը: «Խոսեց» հրետանին՝ ուժեղ կրակով հարթելով հետևակի ճանապարհը: Մեկ ժամ անց բարձրացավ հետևակը: Կատաղի մարտեր են տեղի ունենում հակառակորդի պաշտպանության առաջամասում: Գերմանացիները ամեն կերպ ձգտում են պահպանել իրենց դիրքերը: Նրանց պաշտպանության մատույցներն ականապատված են: Բայց մեր պանծալի սակրավորները կարողանում են մաքրել ուղեմասերը՝ապահովելու մեր գրոհի հաջողությունը:

Մարտն սկսելուց երկու ժամ անց բերեցին առաջին վիրավորներին: Նրանց թիվն ամեն րոպե աճում էր: Թեթև վիրավորները, առաջին օգնությունը ստանալով, վերադառնում են շարք և շարունակում կռվել,իսկ ծանր վիրավորներին ուղարկում ենք բժշկասանիտարական գումարտակ: Բժիշկները, քույրերը, սանիտարները հակառակորդի կրակի տակ աշխատում են հանգիստ և արագ՝ յուրաքանչյուրն իր տեղամասում: Բժիշկները չեն հեռանում վիրահատության սեղաններից, ժամերով գործիքները ձեռքից ցած չեն դնում:

Վիրավորների հոսքը չի կանգնում: Առաջին անգամ եմ տեսնում այդքան խեղանդամված մարդկանց: Հազար անգամ իրավացի էր ռուս մեծ գիտնական ու հանրահռչակ բժիշկ Ն. Ի. Պիրոգովը. «Պատերազմը տրավմատիկ համաճարակ է»:

Հարյուրավոր երիտասարդ, առողջ, ծաղկուն տղաներ, որ գրոհի ելան մի քանի ժամ առաջ, այժմ ընկած են այլանդակված, ցավից կաշկանդված: Հիրավի, «տրավմատիկ համաճարակի» զոհեր: Ոչ, էժան գնով չենք ձեռք բերում մենք հաղթանակը: Ետ խլված յուրաքանչյուր մետր հողը առատորեն ողողված է արյունով:

Ա. Գրիգորյան

Բ. Մելքումյան