Աստված մեզ հետ

Ալեքսեյ Մաղաքելյանը ծնվել է 1953թ. փետրվարի 1-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում: Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: Հետբուհական կրթությունը շարունակել է ինտերնատուրայում՝ ընդհանուր վիրաբուժության գծով, ապա՝ ասպիրանտուրայում:

1998 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ «Հրազենային-ականապայթյունային վերքերի վերականգնման ու բուժման ժամանակակից մեթոդները» թեմայով: 20-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է: 2001 թ-ից դոցենտ է: Դասավանդել է Արցախի համալսարանում:

1988 թ-ից մասնակցել է Արցախյան շարժմանը: 1991 թ. որպես բժիշկ ու մարտիկ՝ մասնակցել է Տող գյուղի ազատագրմանը, 1992 թ.՝ Մալիբելլուի, Խոջալուի, Շուշիի ազատագրման մարտական գործողություններին: Մարտակերտ, Աղդամ, Ջաբրաիլ ուղղություններով ընթացող մարտական գործողությունների ժամանակ մասնագիտական օգնություն է ցուցաբերել վիրավոր ազատամարտիկներին և խաղաղ բնակչությանը, մասնակցել է առաջին շարժական հոսպիտալների ստեղծման աշխատանքներին: 1992 թ-ից ծառայել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի տարբեր բաժանմունքներում, ղեկավարել է վնասվածքաբանության բաժանմունքը:

Պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն», «Արցախյան շարժում», «Մարտական ծառայության համար» մեդալներով, պատվոգրերով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ՝ երկու դուստր և մեկ որդի:

Ալեքսեյ Մաղաքելյանի հիշողությունները ականատեսի վկայություն են մեր ազգային ազատագրական պայքարի մասին:

-Ես աշխատում էի մարզային հիվանդանոցում: Այն ժամանակ հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալն ազգությամբ ադրբեջանցի էր և Արցախում գործող «Գորշ գայլեր» կազմակերպության ղեկավարը: Իհարկե, մերոնք էլ «քնած» չէին և ընդհատակյա կազմակերպություններ էին ստեղծել, լուրջ գործունեություն ծավալել՝ ամեն կերպ փորձելով հակահարված տակ հակառակորդին: Կազմակերպություններից մեկն էլ «Կռունկն» էր, որը կոորդինացնում էր ընդհանուր ընդհատակյա գործունեությունը:

Ես և Վալերի Մարությանը, անդամագրվելով «Կռունկին», սկսեցինք համագործակցել: Դա 1987 թվականին էր: Որպես բժիշկ և մարտիկ զինվորագրվեցի Ստեփանակերտում կազմավորված ինքնապաշտպանական ջոկատներից մեկին, որի հրամանատարը Մուրադ Պետրոսյանն էր, տեղակալը՝ Ալբերտ Եղիազարյանը: Այն ժամանակ դեռևս պարտիզանական գործողությունների փուլում էինք և անհրաժեշտություն դեպքում բուժօգնությունը ցույց էինք տալիս դաշտերում, անտառներում, լավագույն դեպքում՝ տնային պայմաննրում: Վիրավորներին հիվանդանոց տեղափոխելը վտանգավոր էր, որովհետև ռուսական ՕՄՕՆ-ը վերահսկում էր նաև հիվանդանոցը: Գրեթե ամեն անկյունում իրենց զինված ներկայացուցիչներն ունեին և վիրավոր հայտնաբերելուն պես, նրանց մի փոքր կազդուրվելուց հետո հանձնում էին թուրքերին: Թուրքերը, օգտվելով խորհրդային ՕՄՕՆ-ի հովանավորությունից, գնալով ավելի սանձարձակ էին դառնում. դարան էին մտնում և խմբերով հարձակվում անպաշտպան հայերի վրա, ականջ-քիթ էին կտրում, քարերով դաժանաբար սպանում:

Հիշում եմ 1991 թ. գանգուղեղային վնասվածքով վիրավորի օգնելու նպատակով Երևանից մասնագետ էին կանչել՝ նյարդավիրաբույժ Դավիթ Պատրիկյանին: Դեպքը Շահումյանում էր կատարվել, և քանի որ հնարավոր չէր վիրավորին Ստեփանակերտ տեղափոխել, բժիշկը պետք է այնտեղ գնար: Ես հանձն առա Դավիթին Շահումյան ուղեկցելը… ավտոմեքենայով պիտի գնայինք, հարկ համարեցի նրան նախազգուշացնել հնարավոր վտանգների մասին: Անկեղծ ասած, ինձ թվում էր, որ նա կվախենա, բայց աչքն էլ չթարթեց: «Աստված մեզ հետ, գնացինք»,- ասաց նա, և մեկնեցինք: Դավիթը իր հետ անհրաժեշտ բուժգործիքներ, դեղորայք էր բերել: Փառք Աստծո, բարեհաջող տեղ հասանք… և տեսանք, որ բազմաթիվ վիրավորներ կային՝ տարբեր վնասվածքներով… Մեր գործն ավարտելուց հետո վերադարձանք Ստեփանակերտ:

Դավիթ Պատրիկյանը հրաշալի մարդ էր և հմուտ մասնագետ. երբ պատերազմական գործողություններ էին ընթանում, նա և իր գործընկերները՝ Երվանդ Սեֆերյան, Կարո Հեբոյան, Անդրոնիկ Քալաջյան, Լևոն Հարությունյան… (բոլորին հնարավոր չէ մեկ-մեկ թվարկել՝ վիրաբույժներ, վնասվածքաբաններ, անզգայաբաններ և այլ մասնագետներ), Երևանից գալիս էին Արցախ՝ մասնագիտական բուժօգնություն ցուցաբերելու ազատամարտիկներին և խաղաղ բնակիչներին: Նրանք մեծ աշխատանք կատարեցին, և մենք միշտ երախտագիտությամբ ենք հիշում նրանց:

Մինչև Մարությանի՝ բուժաշխատողներից ջոկատներ կազմելը ես Ստեփանակերտում բնակվող Խաչեն ձորակի բնակիչներով համալրված 120 հոգուց բաղկացած ջոկատ կազմեցի, և մեր համագյուղացի Լևոն Հարությունյանի օգնությամբ, որն այն ժամանակ Ղարաբաղի ինքնապաշտպանական ջոկատների զինանոցի հրամանատարն էր, զինեցինք տղաներին: Մեր ջոկատը իրականացնում էր ադրբեջանաբնակ Սրխավենդին հարակից հայկական գյուղերի պաշտպանությունը: Ցավոք, Լյովան զոհվեց ուղղաթիռի վթարից, ռուս օդաչուներ Գուլյաևի և Տերյոխինի հետ, երբ թշնամու կրակակետը վնասազերծելու նպատակով պտույտ էին կատարում այդ չարաբաստիկ Սրխավենդի վրա:

..Հետո ես միացա Վալերի Մարությանի ջոկատին, նրա հետ Ղարաբաղի տարբեր շրջաններում դաշտային հոսպիտալներ էինք ստեղծում, անհրաժեշտության դեպքում, երբ որևէ ուղղությամբ ծանր մարտեր էին գնում, ես էլ էի մեկնում և օգնում հոսպիտալներում աշխատող իմ գործընկերներին: Դաշտային հոսպիտալները շատ մոտ էին ռազմաճակատի գծին, որը ևս մեծ նշանակություն ունեցավ մեր հաղթանակի համար. այդպես հնարավոր դարձավ ավելի շատ վիրավորների կյանք փրկել, որոնք, բուժում ստանալով, դարձյալ համալրում էին ազատամարտիկների շարքերը:

Առաջին լուրջ պատերազմական գործողությունը, որին ականտես եղա, Տող գյուղի ազատագրումն էր. այն տեղի ունեցավ 1991 թ. նոյեմբերի 30-ին: Վալերի Մարությանի գլխավորությամբ ես, Կարեն Բազիյանը (նա դեռևս բժշկական ինստիտուտի 6-րդ կուրսի ուսանող էր… այն դեպքում, երբ շատերը փախչում էին Ղարաբաղից, նա թողել էր ինստիտուտը և վերադարձել, որ իր ժողովրդի կողքին լինի, որ իր հնարավորության չափով օգնի վիրավորներին), ախալքալաքցի անզգայաբան-վերակենդանացնող Չինավոյան Միշան մեկնեցինք Մեծ Թաղլար, որտեղ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի լավագույն ջոկատներն էին հավաքվել: Այն ժամանակ միացյալ ջոկատների հրամանատարը Արթուր Աղաբեկյանն էր: Մենք գյուղում մի փոքր դաշտային հոսպիտալ բացեցինք, որտեղ էլ օգնություն էինք ցույց տալիս վիրավորներին: Իհարկե, հետո տեղափոխվեցինք Ստեփանակերտ:

Արյունահեղ պատերազմ էր… Հիշում եմ մահամերձ հիվանդների դեմքերը, նույնիսկ անուններն եմ հիշում….Շատերին փրկեցինք: 1992 թվականից արդեն իրար հետևից ազատագրվեցին Խոջալուն, Կրկժանը, Մալիբելլին, Կարադաղլուն….

Երբ պահը եկավ, ես թողեցի ջոկատի հրամանատարի իմ պարտականությունները և ամբողջովին նվիրվեցի մասնագիտությանս: Այդպես ավելի շատ օգտակար կլինեի իմ ժողովրդին:

Անահիտ Չիբուխչյան

(Կրճատումներով)