Ֆերուհխան Բարունակ բեյ Քրթիկյան (1824-1869)

Կրթությունը ստացել է Կ. Պոլսի Խասգյուղ թաղամասի դպրատանը և Սկյուտարի ճեմարանում: 1847-ին ավարտելով Կ. Պոլսի Կայսերական զինվորական բարձրագույն վարժարանը՝ ծառայության է անցել Հայդարփաշայի և Մանասթըրի զինվորական հիվանդանոցներում: 1853-1859 թթ. վարել է Մանասթըրի զինվորական հոսպիտալի բժշկապետի պաշտոնը:

1855 թ. օսմանյան կառավարությունը, գնահատելով Ֆերուհխանի անձնվեր ծառայությունը, նրան շնորհել է միրալայի աստիճան և բեյի տիտղոս, այնուհետև տեղափոխել Շումնայում տեղակայված կայսերական զորաբանակ և նշանակել բժշկապետի պաշտոնում:

Անդամակցել է Կայսերական բժշկական ընկերությանը և Արքունի բժշկական ժողովին:

1865 թ. հնդախտի համաճարակի վերացման նպատակով ստեղծված բժշկական հանձնաժողովի աշխատանքներին մեծապես աջակցելու համար սուլթանի կողմից արժանացել է Մեջիդիեի Գ կարգի պատվանշանի:

Պալատական ընտանիքների նախամեծար բժիշկն էր: Մասնագիտական հմտությունների շնորհիվ մեծ հեղինակություն, հարգանք է վայելել:

Բարունակ բեյ Ֆերուհխանը 1867-ին եղել է Սուրբ Փրկիչ հիվանդանոցի լիազոր վերատեսուչը: Անդամակցել է Ուսումնական խորհրդին և վարել Քաղաքական ժողովի ատենապետի պաշտոնը: Մասնակցել է նաև Սահմանադրական հանձնաժողովի աշխատանքներին:

Որպես հրապարակագիր հանդես է եկել «Մասիս» և «Հայաստան» պարբերականներում: «ճանապարհորդություն ի Բաբելոն ընդ Հայաստան» ուղեգրական աշխատության հեղինակն է:

Անահիտ Աստոյան