«Հիվանդը մերն է… »

ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքը երկու անգամ՝ 2010 և 2014 թվականներին, ճանաչվել է լավագույն բաժանմունք: Վերջին շրջանում բաժանմունքը համալրվել է նորագույն սարքավորումներով հագեցած շտապօգնության մեքենայով, սանավիացիայի ծառայության համար նախատեսված շտապօգնության սայլակի հավաքածուով:

Մեր զրուցակիցը ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ, բուժծառայության փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանն է:

– Բժշկուհի, Ձեր ծառայողական ուղու մեկնարկը համընկավ պատերազմական տարիների հետ: 1994-ին Դուք արդեն պատերազմող Արցախում էիք… Խնդրում եմ՝ պատմեք այդ տարիների մասին…

-Ես ծնվել և մեծացել եմ Արցախում: Բժշկուհի դառնալը մանկության երազանք էր: Երազանքս իրականացավ. 1988 թվականին ընդունվեցի Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ, որն ավարտել եմ 1994-ին: Արցախում բժիշկների կարիք կար, ուստի Ղարաբաղի Ազգային խորհրդի հատուկ որոշմամբ՝ բժշկական ինստիտուտի՝ այդ տարվա ծնունդով արցախցի շրջանավարտները պետք է ինտերնատուրա անցնեին իրենց ծննդավայրում: Այդ պատճառով ինստիտուտն ավարտելուց անմիջապես հետո՝ 1994 թվականին, ես տեղափոխվեցի Արցախ: Այնպես ստացվեց, որ ընտրեցի ամենածանր մանագիտություններից մեկը. 1994-ի սեպտեմբերի մեկից ծառայության անցա Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում որպես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ: Սկզբնական շրջանում ավագ բժիշկները զարմացել էին իմ նախասիրության վրա, անգամ փորձում էին հետ պահել՝ ասելով, որ չեմ կարողանալու բավարար ժամանակ տրամադրել ընտանիքիս: Սակայն ես արդեն կատարել էի ընտրությունս, նաև արցախցու գենետիկ համառությունը դեր ունեցավ այդ հարցում: Հիշում եմ՝ երբ մի քանի օր մնում էի հիվանդի մոտ, կատակում էին՝ դեռ սիրու՞մ ես մասնագիտությունդ: Եվ միշտ դրական պատասխան էին ստանում… Ծանր, դժվարին ժամանակներ էին: Հիվանդների հոսքը չէր դադարում: Անընդհատ առաջնագծից վիրավորներ էին բերում: Բուժանձնակազմի անձնվեր աշխատանքի, նվիրումի շնորհիվ հոսպիտալը բարձր վարկանիշ ուներ, և ծանր վիրավորներից, ազատամարտիկների հարազատներից զատ մեզ մոտ բուժում էին ստանում նաև մեծ թվով քաղաքացիներ: Մտնում էինք վիրահատարան և չգիտեինք, թե երբ այնտեղից դուրս կգանք: Երբեմն ամիսներով տուն չէինք գնում… Այդ տարիներին Հայաստանից ռեանիմատոլոգներ-անեսթեզիոլոգներ էին մեկնում Արցախ՝ իրենց օգնությունը ցուցաբերելու, սակայն վաստակաշատ բժիշկներ Վլադիմիր Մուսայելյանը, Մեսրոպ Մարգարյանը և Կարեն Բալասանյանը, որոնք իմ ուսուցիչներն էին, իրենց ուսերին էին կրում այդ ծառայության հիմնական ծանրությունը: Երբեք չեմ մոռանա նրանց: Իրենց գիտելիքները, մասնագիտական հմտություններն այնքան շռայլորեն էին տալիս ինձ, ծանր ու պատասխանատու իրենց աշխատանքը գերազանց կատարելով՝ միաժամանակ սովորեցնում… Կարճ ժամանակում ես սիրահարվեցի իմ մասնագիտությանը և նրանց շնորհիվ կարողացա բոլոր դժվարությունները հաղթահարել: 1997-2004 թվականներին բաժանմունքը ես եմ ղեկավարել: Իմ ուսուցիչներն արդեն վաստակած հանգստի էին գնացել, սակայն նրանք միշտ իմ կողքին էին, ինձ ուժ էին տալիս: Այնուհետև տեղափոխվել եմ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ՝ որպես վերակենդանացման բաժանմունքի բժիշկ-օրդինատոր: Նախորդ տարվա դեկտեմբերի 20-ից ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով՝ ղեկավարում եմ բաժանմունքը:

Սամանային միջադեպերի, դժբախտ պատահարների հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորների՝ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխելու պատասխանատվությունը վերակենդանացման բաժանմունքի մասնագետների ուսերին է: Հետաքրքիր է՝ ո՞ր դեպքերում է վիրավորին սանավիացիայի ծառայության միջոցով տեղափոխելու որոշում կայացվում:

-Այո, մեր բաժանմունքն իրականացնում է նաև շտապօգնության և սանավիացիայի ծառայությունները: Մեր բժիշկներն են ապահովում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների տեղափոխումը: Տեղում ծառայող զինվորական բժիշկների, դեպքի վայր մեկնած մեր անձնակազմի, մեր գլխավոր մասնագետների մասնակացությամբ քննարկվում է հիվանդի վիճակը, և եթե տեղափոխման ընթացքում նրա կյանքին վտանգ չի սպառնում, տեղափոխելու որոշում է կայացվում: Օրինակ՝ մարտի 19-ին ադրբեջանական կողմի ձեռնարկած հատուկ նշանակության ջոկատի հարձակման հետևանքով վիրավորված Գոռ Դարմանյանի դեպքում մենք միասնական որոշում կայացրեցինք, որ հիվանդը շարունակի բուժվել Ստեփանակերտում: Եվ միայն նրա վիճակը կայունանալուց հետո տեղափոխեցինք: Քանի որ Ստեփանակերտի հոսպիտալի վերակենդանացման և անզգայացման բաժանմունքը գրեթե նույն հագեցվածությունն ունի, ինչ մերը, զինծառայողների կյանքին վտանգ սպառնալու դեպքերում նրանց բուժումը կազմակերպվում է այնտեղ:

– Համագործակցությունը Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի հետ, անշուշտ, սերտ է…

-Ոչ միայն Ստեփանակերտի: Համագործակցությունը սերտ է բոլոր կայազորային հոսպիտալների հետ: Առանց դրա անհնար է արդյունքի հասնել: Եթե ծանր դեպք ունենք, պարտադիր կապ ենք հաստատում հոսպիտալների բժիշկների հետ, անհրաժեշտության դեպքում՝ ուղարկում մեր մասնագետներին: Բոլորիս ջանքերն ուղղված են մի նապատակի՝ փրկվել զինվորի կյանքը:

-Ես տեղեկացա, որ բաժանմունքը համալրվել է սանավիացիայի ծառայության համար նախատեսված շտապօգնության սայլակի հավաքածուով: Ի՞նչ սարքավորումներով է այն հագեցած…

– Շտապօգնության մեքենաներում, ինչպես նաև սանավիացիայի ծառայության դեպքում այնպիսի պայմաններ են ստեղծված, որոնք հնարավորինս մոտեցված են ստացիոնարին: Անհրաժեշտ բոլոր սարքավորումներն առկա են, հիվանդները բժիշկների հսկողության տակ են ամբողջ ճանապարհին: Բոլորովին վերջերս «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի» և ամերիկահայ բարերարներ Մերի և Վարդգես Նաջարյանների համագործակցության շնորհիվ՝ մեր բաժանմունքը համալրվել է ժամանակակից սարքավորումներով հագեցած շտապօգնության մեքենայով: Վերջին շրջանում ձեռք ենք բերել նաև սանավիացիայի ծառայության համար նախատեսված շտապօգնության սայլակի նոր հավաքածու, որը հագեցած է առաջին բուժօգնության համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով՝ արհեստական շնչառության պորտատիվ ապարատով, պերֆուզորով, որը հնարավորություն է տալիս որոշակի ժամանակահատվածում ներերակային ներարկումներ կատարել, դեֆիբրիլիատորով, որը կիրառվում է սրտի կանգերի ժամանակ, շարժական ավտոնոմ վակուումային արտածծիչով, որն անհրաժեշտ է անգիտակից հիվանդների բերանի խոռոչի և շնչառական խողովակների մաքրման համար և իհարկե, թթվածնային բալոնով՝ հիվանդին 8 ժամ անընդհատ թթվածնով ապահովելու համար:

-Այստեղ առաջին հերթին բժիշկը պայքարում է մարդու կյանքը փրկելու համար և, անշուշտ, ծանրակշիռ դեր ունի սարքավորումների արդիականությունը …

-Ժամանանակակից սարքավորումերն ավելի արդյունավետ են դարձնում մեր աշխատանքը, հիվանդների համար ավելի հարմարավետ պայմաններ են ստեղծվում: Օգտագործելով ժամանակակից սարքավորումների հնարավորությունները՝ մենք ծայրահեղ ծանր հիվանդների ենք կարողացել ոտքի կանգնենցնել: Իհարկե, մեծ նշանակություն ունի նաև կադրերի պատրաստվածությունը: Սարքավորումների հնարավորությունները և բժիշկների մասնագիտական որակներն ու բանիմացությունը պետք է համարժեք լինեն: Միայն այս դեպքում կարող ենք հասնել հաջողության: Բաժանմունքը համալրված է ժամանակակից արհեստական շնչառության ապարատներով: Ինքնին հասկանալի է, որ առանց որակյալ, ժամանակակից չափանիշներին համապատասխանող արհեստական շնչառության ապարատների անհնար է պատկերացնել մեր բաժանմունքի աշխատանքը: Դրանց օգնությամբ կատարվում է հիվանդների շնչառության պրոթեզավորում: Կարևորագույն սարքավորումներից են մոնիտորինգի ապարատները, դրանք հնարավորություն են տալիս անընդհատ հսկողության տակ պահելու հիվանդի շնչառության հաճախականությունը, արյան ճնշման, մարմնի ջերմաստիճանի փոփոխությունները, արյան մեջ թթվածնով հագեցվածությունը՝ սատուրացիան: Բաժանմունքը համալրված է նաև արհեստական շնչառության ժամանակակից ապարատով, որն ավելի հարմար պայմաններ է ստեղծում հիվանդի համար և թույլ է տալիս շնչառական կոպիտ խախտումների ժամանակ հեշտությամբ անցնել օժանդակ շնչառության ռեժիմի:

Չափազանց կարևոր են ախտահանման աշխատանքները, որոնց շնորհիվ կանխարգելվում են ներհիվանդանոցային ինֆեկցիաները: Ունենք ժամանակակից սարք, որն ախտահանում է սենյակների ամբողջ տարածքը, բոլոր մակերեսները:

-Բժշկությունն աննախադեպ արագությամբ է զարգանում…զինվորական բժիշկներն ի՞նչ հաճախականությամբ են վերապատրաստվում: Առհասարակ, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում ոլորտի նորարարություններին հաղորդակից լինելու համար:

Մենք խոսեցինք նորագույն սարքավորումների մասին, որոնցով անընդհատ համալրվում է մեր բաժանմունքը: Սակայն եթե չլինեն բանիմաց, բարձրակարգ մասնագետներ, դրանք իրենց նպատակին չեն ծառայի: Մեր բաժանմունքում աշխատում են պատրաստված, որակյալ մասնագետներ: Յուրաքանչյուր հինգ տարին մեկ նրանք պարտադիր վերապատրաստում են անցնում, մասնակցում են մասնագիտական գիտաժողովների, քննարկումներ են կազմակերպվում բոլոր նորարարությունների շուրջ: Մենք երբեք տեղում չենք դոփում:

– Դուք պատմեցիք այն մասին, որ բազմաթիվ ծայրահեղ ծանր հիվանդների եք ոտքի կանգնեցրել: Որևէ դեպք կհիշե՞ք…

-Ապրիլի 17- ին Սպիտակի ոլորաններում տեղի ունեցած ավտովթարից հետո երկու զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էին մեր բաժանմունք: Տղաներից մեկի վերքերը ծանր էին… Սակայն ընդամենը մեկ ամիս հետո մենք հրաշալի արդյունք ունեցանք, վիրավոր զինվորն իր ոտքով գնաց տուն: Նմանատիպ դեպքերը շատ են:

– Իսկապես ծանր բաժանմունք է, ծանր աշխատանք է պահանջում և շատ բան կախված է նաև միջին բուժանձնակազմից:

-Այո, մեր ծառայության մեջ միջին բուժանձնակազմի աշխատանքից, մասնագիտական կարողություններից շատ բան է կախված: Մեր բուժքույրերն ու մայրապետերը նույն լարված պայմաններում են աշխատում, պատասխանատվության իրենց բաժինն ունեն: Միջին բուժանձնակազմը ևս տիրապետում է նորագույն սարքավորումներով աշխատելու հմտություններին: Եթե որևէ օղակ թերանա, մեր աշխատանքը կտուժի: Այդ պատճառով յուրաքանչյուր մասնագետի աշխատանքը կարևոր է:

-Հավանաբար ավելի շատ, քան մյուս բաժանմունքներում՝ այստեղ կարևորվում են նաև բուժաշխատողների մարդկային որակները՝ հիվանդի նկատմամբ կարեկից վերաբերմունքը, հոգատարությունը:

-Դա ևս առաջնային է: Հիվանդի ապաքինումը կախված է նաև նրա խնամքից: Երբ ծանր հիվանդ ենք ընդունում, հարազատները հավաքվում են բաժանմունքի դռների մոտ, շատերը չեն կարողանում վերահսկել հույզերը: Մենք առաջին իսկ օրը հարազատներին ասում ենք՝ հիվանդը մերն է՝ այսինքն մեր հարազատն է, մենք ենք պատասխանատու նրա համար: Նա ձերը կլինի, երբ առողջացած այս դռներից դուրս գա:

– Վերակենդանացման բաժանմունքը երկու անգամ լավագույն բաժանմունք է ճանաչվել: Ո՞րն է հաջողության գաղտնիքը:

-Անձնվեր աշխատանքը. այդ հաջողությունը միայն վերակենդանացման բաժանմունքինը չէ, ամբողջ հոսպիտալի, բուժծառայության ջանքերի արդյունքն է, բոլորիս ընդհանուր հաղթանակը:

Հասմիկ Գյոզալյան

  • 8
  • 7
  • 6
  • 2
  • 4
  • 5
  • 1