Կուսապատի զավակը

Պատմում է Արցախյան պատերազմի մասնակից վիրաբույժ, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Օհանյանը:

Գնում ենք Կուսապատ:
Կուսապատն ընդունում է մեզ խոժոռ, վատ թաքցված կասկածով: Ուզում է հարցնել՝ էս ուր եք թողել- գալիս… ու չի համարձակվում: Վախենում է լսել դառը ճշմարտություն. պատասխանը՝ ռազամաճակատի առաջավոր գիծը ճեղքված է:
Կուսապատը խառնակ օրեր է անցկացնում:
Հիվանդանոցի համար ամենահարմարը դպրոցի շենքն էր: Պատ, առաստաղ, հատակ լվանալուց հետո ախտահանեցինք: Կահավորեցինք վիրահատարանը, վերականգնողական, վիրակապական սենյակները: Տնտեսական մասի աշխատողները կուսապատցիների տներից բերեցին մահճակալներ, ներքնակներ, ծածկոցներ: Նույն օրն էլ տեղափոխվեցին վիրավորներն ու հիվանդները: Թռուցկաժողով հրավիրեցի՝ կարճ, գործնական. պետք է հարմարվենք նոր պայմաններին: Արդեն ավարտել էի խորհրդակցությունը, երբ ռադիոկապն սկսեց ազդականչեր տալ:
-«Մանուշակը»՝X-ին:
– X, «Մանուշակն» ընդունում է: Ինչպե՞ս եք:
-Շնորհակալություն, «Մանուշակ», մարզիկներ կան, ուղարկում ենք…
Կապը խզվեց: Արդեն ամեն ինչ ասված էր: Շուտով դպրոցի բակում երկու քարշակներ կանգնեցին: Մոտեցանք: Դարձյալ նույն պատկերը… վիրավորներ ու զոհեր՝ նույն թափքում, կողք կողքի…
Անդամահատում… Արյուն… Վիրակապ… Աստված իմ,երբ է ավարտվելու այս դժոխքը…
Դուրս եմ գալիս վիրահատարանից: Քայլերս ուղղում եմ դեպի դպրոցի այգին: Հենվում եմ առաջին պատահած ծառաբնին, ու մի անհաղթահարելի խոնջություն տիրում է մարմինս, ինչպես քնելուց առաջ է լինում. ուզում ես մարմինդ կոտրատելով երկար ձգվել, քեզնից վանել օրվա ապրումները ու տրվել երազային գգվանքներին:
Ծառի տակ բարձեր են դասված՝գյուղի տներից են այսօր բերել: Նայում ու չեմ կարողանում ինձնից վանել պառկելու բուռն ցանկությունը: Դանդաղ իջնում եմ բարձերին, թիկնում…
-Բժիշկ, վիրավոր են բերել, բժիշկ,- երազի մեջ եմ, թե իսկապես Լարիսան կանչում է:
Տրորում եմ աչքերս. երբ եմ ննջել: Երևի հազիվ մեկ-երկու րոպե, բայց այդ ընթացքում հերթական վիրավորին են բերել: Ահա պատգարակին պառկած է: Պատանի է, 17-18 հազիվ լինի, իսկ մարմինն ամբողջովին բզկտված է: Արկի բեկորը խոցել է ձախ ազդրոսկրը և դուրս եկել աջ ուսագոտու շրջանից: Դեմքը կավճագույն է, քրտնաթոր: Հազիվ է շնչում: Շոշափեցի զարկերակը. թույլ, արագ տրոփում էր: Ուրեմն սիրտը չի վնասվել, բայց շիկացած երկաթն անցել է որովայնախոռոչից մինչև կրծքավանդակ: Վարանում եմ՝ բացել վերքը, թե արդեն անիմաստ է նշտարի միջամտությունը: Նայում եմ գործընկերներիս, նրանց աչքերում կարդում նույն հարցերը: Եվ հանկարծ, ինչպես մութ ամպերից արևի շողն է բոցկլտում, հասկանում եմ, որ որոշում ընդունելու պարտականությունն ընկած է միայն և միայն ինձ վրա: Եվ հետևանքների համար էլ ուրիշ ոչ ոք պատասխանատու չէ. սկսում ենք:
Բոլորս լուռ ենք: Աշխատում ենք՝միայն հայացքներ փոխանակելով: Մի պահ երկար նայեցի անզգայացնող բժշկին՝շարժումներն ինչ-որ այն չեն. չլինի՞ քնում է, թե ընդարմացել է շոգից: Երևի ազդու էր հայացքս, զգաստացավ…: Հոգնած էր… Քրեստոմատիկ վիրահատություն են անում՝ օրգան առ օրգան: Արդեն վեցերորդ ժամն է: Արյուն շատ է կորցրել: Անընդհատ ներարկում ենք: Արդեն հասել ենք թոքերին: Ամենաճակատագրական պահն է: Սիրտս անասելի ուժեղ տրոփում է (լսում եմ զարկերը) , և նրա հանգով հնչում է հարցը՝ կդիմանա՞, կհաղթահարի՞, թե… ինչպես մանկական խաղում երիցուկի թերթեր պոկես…
Վիրահատարանում անաստված տոթ է: Քրտինքը լցվում է աչքերս, մրմռացնում: Քույրերից մեկնումեկը, ով ավելի մոտ է կանգնած լինում, սրբում է դեմքս: Վերջապես… Հասել ենք ուսագոտուն: Բեկորն այստեղից է դուրս եկել՝մի թեթև քերելով ոսկորը: Նայում եմ օգնականներիս: Դեռ ձիգ են, դիմանում են, իսկ ես արդեն ոտքերս չեմ զգում: Կարծես անհենարան կախված եմ անօդ տարածության մեջ՝ անկշիռ: Միայն ուղեղս է տենդորեն աշխատում. փրկեցինք, տղան ապրելու է… Կյանք է ունենալու՝ սեր, երեխաներ, տուն…
…Տարիներ անց, երբ արդեն տևական հրադադար էր, գնացել էի Աբովյան: Կենտրոնական հանրախանութի մոտով անցնելիս տեսա՝ մի քանի ջահելներ կանգնած են մայթին: Մեկն անթացուպով էր: Արդեն հավասարվել էի նրանց, անցնում էի, երբ հանկարծ լսեցի.
-Բժի՜շկ…
Մեքենայաբար կանգնեցի. մի ոտի վրա թռչկոտելով՝ շփոթմունքից անթացուպը մոռացել էր, ինձ էր մոտենում: Եկավ, անսպասելի փաթաթվեց.
-Բժի՜շկ…
Կարկամել, սպասում էի, իսկ նա միայն համբուրում էր ու՝ բժի՜շկ, բժի՜շկ… Հետո պոկվեց ինձնից ու փողոցով մեկ գոռաց.
-Հակո՜բ, Հակո՜բ,- ընկերոջն էր կանչում,- մոտ արի, փրկարարիս եմ գտել:
Հետո նորից դիմեց ինձ.
-Բժի՛շկ, ինձ չե՞ք հիշում, Կուսապատի զավակն եմ…
Նա էր՝ մեր փրկածը: Առնականացել էր, դիմագծերը կոպտացել էին: Չէին փոխվել միայն կրակով լի աչքերը՝ ծիծաղկոտ ու ջինջ: Սիրտս ջերմացավ: Գրկեցի, համբուրեցի ճակատը: Շտապում էի: Բաժանվեցինք: Սակայն մինչև հիմա էլ նրան հիշում եմ՝ մայթին կանգնած՝ մի ոտքի վրա, լսում եմ նրա ձայնը՝ բժիշկ, Կուսապատի զավակն եմ….
Անահիտ Չիբուխչյան
(Կրճատումներով)