Բժիշկն ասաց՝ ապրելու ես…

«Ադրբեջանցիները անակնկալ հարձակվել են Դարանակ գյուղի մերձակա դիրքերի վրա եւ գրավել բարձունքը»…Բոթը արագ տարածվեց: 1994 թվականի հուլիսի երեքն էր։ Պատերազմը ե՛ւ ավարտվել, ե՛ւ չէր ավարտվել։ Հակառակորդը չէր հաշտվում կորուստների հետ։

Զորամասի հրամանատարի տեղակալ Արա Սարգսյանի գլխավորությամբ 7 հոգանոց հետախուզական խումբը թափանցեց թշնամու թիկունք։ Բարձունքն օղակման մեջ առան։ Դիրքի հետգրավման գործողությունը սկսված էր։ Սովորական մարտ էր։ Ադրբեջանցիները որոշ ժամանակ դիմադրելուց հետո հանձնեցին բարձունքը։ Արա Սարգսյանը իր խմբով փորձեց նահանջել, բայց… ադրբեջանցիները նկատեցին (խումբը թշնամու տարածքում էր) եւ սկսեցին հետապնդել։ Որոշ ժամանակ անց հրամանատարը հասկացավ, որ հակառակորդը անարգել առաջ շարժվելով՝ հասնելու է իրենց, եւ ընդունեց որոշում (տարիներ անց նա վստահաբար կասի՝ միակ ճիշտ որոշումը)։ Արա Սարգսյանը հետ դարձավ, խորացավ թշնամու տարածքում ու սկսեց դիմահար կրակով դանդաղեցնել ադրբեջանցիների առաջխաղացումը՝ յուրայիններին հնարավորություն տալով անկորուստ նահանջելու։ Որոշ ժամանակ անց հասկանալով, որ իր անձնակազմը արդեն անվտանգ է, Արա Սարգսյանը սկսեց նահանջել, բայց… ականը պայթեց ուղիղ ոտքերի տակ։ …Մնացածը նման է առասպելի։ Արյունը հոսում էր առվի նման, ոտքը չկար, մարմնի մեջ մխրճված բեկորների ցավից ուղեղը մթագնում էր։ Երեկոյան ժամը 9-ից մինչեւ առավոտյան ժամը 6-ը Արա Սարգսյանը մնաց մարտադաշտում։ Երկու կողմերը պայքարում էին 25-ամյա հրամանատարի համար։ Ադրբեջանցիները փորձում էին մոտենալ ու գերեվարել հայ սպային, հայերը ամբողջ ուժով կրակում էին՝ թշնամուն՝ իրենց հրամանատարից բաժանող տարածքը «լցնելով» մահվան բոցով։ Կարո՛ղ ես՝ ինքն իրեն ասում էր ռազմիկը, կարո՛ղ ես, կարո՛ղ ես… Ջանում էր չկորցնել գիտակցությունը՝ կարո՛ղ ես։ Աղջամուղջին Արցախյան պատերազմին մասնակցած երիտասարդ վիրաբույժ Կամո Շաբոյանը շտապ օգնության մեքենայով մտավ թշնամու տարածք։ (Արա Սարգսյանին այլ կերպ հնարավոր չէր տեղաշարժել. մարմինը բզկտված էր)։ Կամոն չգիտեր՝ ով է մնացել հակառակորդի նշանառության տակ։ Տեսնելով ընկերոջը՝ մի պահ ապշեց։ Արցունքները հոսեցին՝ պատերազմի դաշտում հարյուրավոր զոհ ու վիրավոր տեսած վիրաբույժի աչքերից։ Փորձեց ժպտալ ու խռպոտ արտաբերեց՝ ապրելու ես։ Արան տեսնելով ընկերոջը՝ թուլացավ։ «Ապրելու ես» բառը վերջինն էր, որ թրթռաց նրա մարող գիտակցության մեջ։ 25-ամյա զինվորականի ոտքը անդամահատեցին Վարդենիսում, հետո տեղափոխեցին Երեւան։ Արյան 60 տոկոսը կորցրած ռազմիկը երկու կլինիկական մահ տարավ, ընկավ 4-րդ աստիճանի շոկի մեջ։ Մի քանի անգամ աչքերը փակ, անշարժ լսեց բժշկի ձայնը՝ «մահանում է»։

Չէ՝ գոռաց, չէ… Ձայնը չէր լսվում, խեղդվում էր կրծքավանդակի մեջ։ Մի՛ մեռիր, ասում էր ինքն իրեն, դու կարող ես ապրել, կարո՛ղ ես, կարո՛ղ ես։

«Սիրտը կանգնեց»,- արձանագրեց բժիշկը։

…Արա Սարգսյանը նստած է իմ առջեւ ու ժպտում է։ Զինվորական համազգեստի վրա գնդապետի ուսադիրներ են։ Նա ո՛չ հաղթանդամ է, ո՛չ բարձրահասակ, ո՛չ էլ նման է հերոսի։ Նուրբ դիմագծերով, մեղմ ժպիտով հմայիչ տղամարդ է։ Ինձ թթի օղին փրկեց՝ ասում է ու բարձրաձայն ծիծաղում։ Երկուսով են ծիծաղում՝ ինքն ու եղբայրը՝ Վահեն, որը պատերազմի ժամանակ Արայի զինվորն է եղել։

«Աչքերս բացեմ, տեսնեմ՝ սպիտակ սավանով դեմքս ծածկել են, մի կերպ ուժերս հավաքեցի ու արտաբերեցի՝ ջուր։ Բուժքույրը ճչաց՝ կենդանի՜ է, բժիշկը ասաց՝ հանկարծ ջուր չտաք, օղի տվեք։ Ու սրտիցս ներարկում արեցին։ Զգացի՝ ինչպես է կյանքը վերադառնում մարմնիս մեջ։ «Բժիշկ, տեսա՞ր, որ ապրեցի, իսկ դու ասում էիր՝ չի ապրի»։ «Նորմալ մարդիկ նման վիճակից դուրս չեն գալիս»։ «Իսկ ե՞րբ կարող եմ անցնել ծառայության»։ «Ինձ գժի տե՞ղ ես դրել»։ «Բժիշկ, ես 25 տարեկան եմ, ես պիտի շարունակեմ ծառայել»։ «Ե՛վ օրգանիզմդ է աննորմալ, ե՛ւ ուղեղդ»։

…Ամիսներ անց Արա Սարգսյանը անձնական գործի թղթապանակը ձեռքին ներկայացավ գեներալ-մայոր Իվանյանին։ Գեներալը նայեց գործը, թերթեց, կարդաց, հետո բարձրացրեց գլուխը ու ասաց. «Քեզ նշանակում եմ բրիգադի կապի պետ»։ Արա Սարգսյանը ապշել էր։ «Պարոն գեներալ,- կմկմաց,- անհնար է, հասկանում եք, չեմ կարող»։ Այս անգամ ապշելու հերթը գեներալինն էր։ «Ո՞նց չես կարող, ինչո՞ւ պիտի չկարողանաս»՝ գոռաց։ Արան հասկացավ. «Պարոն գեներալ, ես… ոտքս… անդամահատված է»։ Գեներալը գլուխը ափերի մեջ առավ՝ կներես, տղա՛ս։ Մի քանի րոպե այդպես մնաց, հետո կտրուկ շարժումով բարձրացրեց հայացքը՝ հետո ի՞նչ, անդամահատված է՝ կարո՛ղ ես։ Եվ Արա Սարգսյանը նշանակվեց բրիգադի կապի պետ։ …Ես չգիտեմ՝ ինչ հարցնեմ նրան, ինչպես շարունակեմ զրույցը։ Այս առասպելանման պատմությունից հետո սովորական, հերթապահ հարցերը թվում են ծիծաղելի ու անհեթեթ։

Էլ ի՞նչ է հետաքրքրում՝ հարցնում է գնդապետը նույն պայծառ ժպիտով։

Ես կմկմում եմ՝ ինչպիսի՞ն էիք Դուք մանկության տարիներին։

Սարսափելի մանկություն եմ ունեցել՝ կատակում է Արան։ -Կյանքը հաճախ իր պայմաններն է պարտադրում, հաշվի չի առնում քո նախասիրությունները,- բացատրում է ,- ու դու կամ պիտի հրաժարվես սկզբունքներիցդ, կամ ընդունես մարտահրավերն ու պատվով դուրս գաս փորձությունից։ Այդպես ամբողջ կյանքում ես հակադրվել եմ իմ նախասիրություններին, ցանկություններին, զգացմունքներին։ Բայց երբեք չեմ փախել իրավիճակից։ Ճակատագիրն ինձ հաճախ է կանգնեցրել ընտրության առջեւ՝ ծանր ընտրության։ Երբ սկսվեցին մարտական գործողությունները, մեր շենքից միայն ես ու եղբայրս՝ Վահեն, գնացինք կռիվ։ Մտածում էի՝ արդարացի չի լինի, եթե երկուսս էլ զոհվենք (Վահեն 16 տարեկան էր). սիրտս հրամայում էր Վահեին տուն ուղարկել, բայց մի ուրիշ ձայն՝ սառը, անհաղորդ, հիշեցնում էր, որ յուրաքանչյուրի կյանքը նույնքան թանկ է, որքան եղբորինս։ Պատահել է՝ երկուսս միասին մասնակցել ենք նույն ճակատամարտին։ Մի անգամ փամփուշտները վերջացան, ռացիայով կապվեցի Վահեի հետ, ասացի` փամփուշտ հասցրու (գիտեի՝ թիկունքում է)։ Ասաց՝ չեմ կարող։ Սկսեցի գոռգոռալ, անպատվել՝ ոնց թե՝ չեմ կարող։ Ասաց՝ հեռադիտակով նայիր դիմացի սարին, տեսնեմ՝ գրոհողների մեջ է։ …Մի անգամ (պատերազմը նոր էր սկսվել), մի քանի ավտոմատով զինված՝ սահման էինք պահում, իմ զինվորներից մեկը, ջահել տղա, կացնով փայտ էր կոտրում, հանկարծ ադրբեջանցիներն սկսեցին ուղղաթիռներից խփել։ Շվարած կանգնած էինք. մի քար չկար, որ թաքնվեինք։ Տեսնեմ՝ էս զինվորը կացինը բարձրացրել է, նայում է երկինք, պատրաստվում է կացինը շպրտել ուղղաթիռի վրա։ Ու չի էլ վախենում, խուճապի չի մատնվում։ Լացը սեղմել էր կոկորդս՝ հպարտությունից, ուրախությունից, կատաղությունից, անզորությունից, ցավից… Ես ո՞նց կորցնեի էդ զինվորին։ Մեկ էլ տեսնեմ` Վահեն իր համար կանգնած է կրակի շիթերի տակ։ Կատաղությունից Վահեին ծեծեցի՝ ասում եմ, ա՛յ տղա, գոնե պպզի, ի՞նչ ես բոյով մեկ կանգնել։ Ադրբեջանցիները մեզ նման չեն, շակալի հոգեբանություն ունեն, հոգով խեղճ են, այդ պատճառով էլ պարտվեցին։

…Մենք երկար ենք զրուցում՝ պատերազմից, հաղթանակից, բանակից։ Արա Սարգսյանը այնքան հզոր է, կենսուրախ, պայծառ, որ ես պարզապես չեմ կարողանում հարցնել՝ հին վերքերը չե՞ն անհանգստացնում, կարողանո՞ւմ է ԶՈՒ կապի և ԱԿՀ վարչության բաժնի պետը դիմանալ ծառայական կյանքի ծանրաբեռնվածությանը…

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ