Պատերազմի տխուր և ուրախ համը…

Օրեր առաջ զրուցում էի Արցախյան ազատամարտի մասնակից, բուժքույր Աղավնի Սահակյանի հետ: Պատերազմական օրերի ուրախ ու տխուր հուշերը տարան դեպի 1992 թվական, Վանք գյուղ…

Նա անասելի հուզմունքով հիշեց մարտական ընկերուհուն՝ լուսահոգի բուժքույր Գայանե Մեժլումյանին, ով պատերազմի ամենաթեժ օրերին ողջ ընտանիքով՝ ամուսնու՝ Արցախյան ազատամարտի մասնակից Սամվել Տոնոյանի(զոհվել է 1993-ին), դստեր և որդու հետ բնակություն էր հաստատել Արցախում:

«Ինչպես հայտնի միտքն է պնդում. ոչինչ չի մոռացվում, ոչ ոք չի մոռացվում, սակայն կյանքը ցույց է տալիս, որ, ցավալիորեն, երբեմն մարդիկ մոռացվում են, մոռացվում է նաև նրանց գործը: Այնպես է ստացվել, որ Գայանեի մասին երբեք չի խոսվել: …Զինադադարից տարիներ անց բոլորիս համար անսպասելի ու ցավալի միջադեպ տեղի ունեցավ: Գայանեն մի քանի օրով գնացել էր ամուսնու հայրենի գյուղ, որտեղ փորձել էր որդու և մի քանի երիտասարդների վիճաբանությունը կանխել, սակայն ինչ-ինչ հանգամանքներում ինքը վիրավորվեց և մահացավ: Անցավ պատերազմի թոհուբոհով ու նման ցավալի վախճան ունեցավ: Մենք՝ ողջ մնացածներս, պետք է պատմենք նրա ու նրա նմանների մասին»:

Աղավնի Սահակյանի հուշերը մարտական ընկերուհու՝ Գայանե Մեժլումյանի մասին հերոսական ասքեր չեն, այլ մարդկային մտերմության, սիրո, նվիրվածության մասին սրտառուչ պատմություններ , որոնք պիտի ապրեն ու ապրեցնեն այն վեհ զգացումը, որ կոչվում է նվիրում…նվիրում ընկերոջը, հայրենիքին, գաղափարին….

Գայանեին առաջին անգամ հանդիպել եմ Գանձասարում: 1992 թվականն էր, ես և Կարինեն (զոհվել է 1993-ին) տեղափոխվել էինք հրետանի (Ժորա Գասպարյանի հրամանատարությամբ): Վանքում բուժկետ կար, որտեղ հանդիպեցինք Գայանեին և Աիդա Սերոբյանին: Գայանեի ամուսինը՝ Սամվել Տոնոյանը, ևս Վանքում էր: Ընտանիքով էին: Իմ մարտական ընկերուհու մասնակցությամբ գեղեցիկ դրվագներն այնքան շատ են… Հոկտեմբերին 17-ին ծննդյանս օրն էր, նշեցինք Գանձասարում: Այդ օրը նաև մկրտություն կար այնտեղ… Տեր Հովհաննեսն ասում էր, որ պատերազմի օրերին ամեն մի մկրտություն իսկական տոն է իր համար: Նույն օրը նաև կապավոր տղաներից մեկի ծննդյան օրն էր, նրա համար էլ ծննդյան տորթ թխեցինք և անակնկալ արեցինք: Գայանեն հրաշալի ձայն ուներ, այնքան գեղեցիկ էր երգում… երգեց, իր ոգեղեն կատարումներով հուզեց բոլորիս: Այդ օրը ոչ մի վիրավոր չունեցանք… լուսավոր օր էր: Կարողացանք լիարժեք ուրախանալ ու մի պահ կտրվել պատերազմից: Գայանեն իր անմիջականությամբ, զվարթությամբ պարզապես փայլում էր:

Հիշում եմ նաև իր ծննդյան օրը… հիշեցրեց, որ ինքը բոլորիս համար երգել է, և ստպեց մեզ հերթով երգել: Հատկապես սիրով էր կատարում հայրենասիրական, ժողովրդական երգերը: Ժորա Գասպարյանը ռացիայով հայտարարում էր՝ ուշադրություն, բոլորդ կապի մեջ, Գայանե ջան, երգիր, որ տղաները ոգևորված դուրս գան մարտի: Ու Գայանեն երգում էր… մարտից առաջ ոգևորում տղաներին:

Հոգատար էր, բարի, կամեցող ու գթասիրտ: Վիրավոր տղաներին հարազատի հոգատարությամբ էր շրջապատում, բոլորի ցավը դարձնում իրենը…

Մի անգամ գործողության պետք է մասնակցեինք: Ոտքերս կոշիկներից վնասվել էին, գրեթե չէի կարողանում քայլել: Կարինեն հրամանատարին՝ Վանքի Յուրային, ասել էր, որ ինձ իրենց հետ չտանեն: Սակայն նաև Կարինեին միայնակ թողնել չէինք կարող: Յուրային ասացի, որ Գայանեն ցանկանում է գնալ… Յուրան նրան դեռ չէր ճանաչում, զարմացավ՝ ես այդ թոփալին ո՞նց ուղարկեմ… Ապշել էի, ինչպե՞ս թե թոփալ: Երկար մտածում էի՝ ինչո՞ւ այդպես ասաց: Հետո թուրիմացությունը պարզվեց. Արցախի բարբառով թոփալ նշանակում է գեր: Գայանեն, սակայն, այնքան ճարպիկ ու շարժուն էր… հետո բոլորը համոզվեցին դրանում: Իսկ երբ Յուրայի ներկայությամբ երգեց, հիացմունքով ասում էր՝ այսքան լավ երգելու համար քեզ բոլոր գործողություններին մասնակից պիտի դարձնենք:

Տղաները միշտ խնդրում էին երգել «Գինետունը», նեղսրտում էր՝ «Դաշնակ Դրո»-ից հետո ինչպե՞ս «Գինետունը» երգեմ, բայց կատարում էր տղաների ցանկությունը: Երբեք չէր ուզի որևէ մեկին վիրավորել, մեղմ բնավորություն ուներ, հարմարվող: Ամուսինն էլ համեստ տղամարդ էր: Միշտ հիշում եմ՝ Գայանեի հորեղբայրը Վանքում էր ապրում, ամուսինը հաճախ գնում, մեզ համար ընկույզ էր բերում, փայտե արկղի մեջ դնում վառարանի տակ, չորացնում: Կլոր հացը մեջտեղից կտրում էինք, խտացրած կաթով և ընկույզով լցոնում և ջեռոցում թխում: Այդ համը մինչ օրս հիշում եմ՝ պատերազմի տխուր և ուրախ համը…

Մի չգրված օրենք էր գործում. ով օտար բառ գործածեր, պարտավորվում էր մի ոտքի վրա կանգնած՝ բառի հայերեն տարբերակը երեսուն անգամ կրկնել: Հիշում եմ՝ Գայանեն ու ամուսինն այնքան պատրաստակամ էին կրում իրենց պատիժը: Սամվելը զոհվեց Կարինեի զոհվելու հաջորդ օրը: Ես ու Գայանեն Կարինեին ուղեկցում էինք Երևան, երբ լսեցինք բոթը: Գայանեին ասացինք, որ ամուսինը վիրավոր է և ճանապարհեցինք Արցախ…

…Գայանեն ծառայությունը շարունակեց Մարտակերտում: Երբ հերթական անգամ գնացել էր ամուսնու գյուղ, այնտեղ էլ տեղի ունեցավ չարաբաստիկ դեպքը…

Բոլորիս համար մեծ ցնցում էր, մեծ ցավ ապրեցինք բոլորս: Երբ հավաքում ենք մարտական ընկերներով, հիշում ենք անցած-գնացած օրերը, մեր կենսուրախ, շատ զգայուն Գայանեին: Եվ ուզում ենք միշտ ապրեցնել նրա ու նրա նմանների անունը…

Հասմիկ Գյոզալյան

  • 4 (1)
  • 3
  • 1 (1)
  • 6 (1)
  • 2 (1)
  • 5 (1)