Մեր հիվանդները մեզ ուժ են տալիս…

Զրույց ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույր, ենթասպա Ալլա Նահապետյանի հետ:

-Չնայած երիտասարդ տարիքին՝ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բավական երկար ճանապարհ եք անցել…Ինչպե՞ս եկաք հոսպիտալ…

-1997 թվականից` արդեն 18 տարի, ծառայում եմ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Բժշկական ուսումնարանն ավարտելուց անմիջապես հետո սկսել եմ աշխատել վիրահատարանում: 10 տարի անց՝ 2007- ին, տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք և նշանակվել ավագ բուժքուր: Մանկության տարիներից երազել եմ զինվորական դառնալ: Իմ շրջապատում զինվորականներ կային, ովքեր օրինակ էին ինձ համար: Երազում էի մի օր ազգային բանակի համազգեստ կրել: Համազգեստ, որը հարգանք էր ներշնչում, պարտադրում ավելի զգաստ, ավելի պատասխանատու լինել: Սակայն դեպի երազանքս տանող ճանապարհը, պարզվեց, այնքան էլ հարթ չէր: Հարազատներս չհաշտվեցին իմ ընտրության հետ՝ ասելով, որ զինվորական գործն աղջկա համար չէ: 1995 թվականն էր, պատերազմը նոր էր ավարտվել: Ես ընդունվեցի բժշկական ուսումնարան, որն ավարտելուց հետո երազանքս ինձ բերեց զինվորական հոսպիտալ:

-Ե′վ վերակենդանացման բաժանմունքում, և′ վիրահատարանում ծառայությունն առանձնահատուկ է: Ինքնին հասկանալի է, որ մասնագիտական հմտություններին տիրապետելը պարտադիր է, սակայն ծառայության բնույթով պայմանավորված՝ պակաս կարևոր չեն նաև մարդկային որակները:

-Միշտ մտածել եմ, որ վիրահատական պրոֆիլի արհեստավարժ բուժքույր դառնալու համար պարտադիր պայման է վիրահատարանում աշխատելը: Իսկ վերակենդանացման բաժանմունքը մասնագիտական հմտություններ ձեռք բերելու ավելի լայն հնարավորություններ է ընձեռում: Սա դպրոց է, որտեղ անընդհատ սովորում ես. մեզ մոտ բուժվում են տարբեր խնդիրներ ունեցող հիվանդներ, և մենք պարտավոր ենք տիրապետել մասնագիտական բոլոր հմտություններին: Իհարկե, կարևոր են նաև մարդկային որակները: Մեր բաժանմունքում բուժվում են ծանր հիվանդներ, ինչը առանձնահատուկ խնամք, հոգատարություն, ջերմություն, սրտացավ վերաբերմունք է պահանջում: Մեր անձնակազմը հիվանդին ընդունում է որպես իր հարազատի, և մտածում միայն նրան օգնելու մասին: Մեր բաժանմունքում բուժվում են նաև սպաներ, զինծառայողների հարազատներ, բոլորն օգնության կարիք ունեն, սակայն խոցելի են հատկապես ժամկետային զինծառայողները:

-Բնականաբար, տղաները միմյանց նման չեն, սակայն իմ զրուցակից շատ բժիշկներ, բուժաշխատողներ պատմում են, որ մեր զինվորներից շատերը ցավը տղամարդկային արժանապատվությամբ են կրում՝ լուռ, անտրտունջ…

– Մենք հիվանդներ ենք ունեցել, որոնք, ցավոք, զրկվել են ձեռքից, ոտքերից… Դա սարսափելի ծանր է, սակայն նրանք այնքան մեծ ուժ են գտել իրենց մեջ: Նրանք նույնիսկ մեզ են մխիթարել… Ես երբեք չեմ մոռանա Սարգիս Ստեփանյանին… Նա կորցրել է երեք վերջույթները, բայց այնպիսի հզոր հոգի ուներ, որ չկոտրվեց: Մեր հիվանդներն իրենց հոգու արիությամբ, ամրությամբ մեզ ուժ են տալիս: Մենք էլ փորձում ենք նաև նրանց ծնողների կողքին լինել, որոնք նույնպես ծանր ապրումների մեջ են և մխիթարության կարիք են զգում:

-Ո՞րն է զինվորական բուժքրոջ աշխատանքի վարձատրությունը:

-Վերջերս մեր նախկին ծանր հիվանդներից մեկն իր ոտքով եկել էր մեզ տեսության… Սովորական բառերով անհնար է նկարագրել այն, ինչ զգում ես, երբ տեսնում ես ապաքինված հիվանդին, ում հետ պայքարել ես հանուն կյանքի, հավատացել ու հավատացրել, որ կապրի… Դժվար է գտնել ավելի մեծ վարձատրություն:

Հասմիկ Գյոզալյան