ՃԻՇՏ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ՝ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԲՈՒԺՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ

Այսօր բժշկությունը մեծ արագությամբ է զարգանում։ Նորագույն տեխնոլոգիաները թերևս ամենից շատ ներդրվում են այս բնագավառում: Արդյոք մեր զինվորական հոսպիտալները հասցնո՞ւմ են ժամանակին համընթաց քայլել, բուժտեխնիկական հագեցածությունը համապատասխանո՞ւմ է միջազգային ընդունված պահանջներին։

Գաղտնիք չէ, որ ցանկացած հիվանդության արդյունավետ բուժումը մեծապես կախված է արագ, ճիշտ ու ժամանակին ախտորոշումից։ Ուստի և մենք որոշեցինք նախ այցելել Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալի ռադիոլոգիական բաժանմունք։

Բժշկական պրակտիկայում ռադիոլոգիական տվյալները գործածվում են ախտորոշման նպատակով՝ պարզելու մարդու օրգանիզմի անատոմիական փոփոխությունները։ Դրանց շնորհիվ հայտնաբերվում են նաև գաղտնի ընթացող հիվանդությունները (քաղցկեղ), սիրտ-անոթային խնդիրները, ախտորոշվում են առաջնային և մետաստատիկ ուռուցքները…

Բաժանմունքի պետը բուժծառայության փոխգնդապետ Ալեքսանդր Դանիելյանն է։ Նա նաև բանակի գլխավոր ռադիոլոգն է։ Նախքան այստեղ ծառայության անցնելը աշխատել է Հանրապետական հիվանդանոցում, Դիագնոստիկ կենտրոնում։ 1994թ., երբ երկաթգծի հիվանդանոցը վերակազմավորվեց ՀՀ ՊՆ կենտրոնական հոսպիտալի, Ալեքսանդր Դանիելյանին էլ վստահվեց ռենտգեն բաժանմունքի ղեկավարումը։

-Այդ ժամանակ մխիթարական քիչ բան կար,- ժպիտով է հիշում փոխգնդապետն այն օրերը,- ընդամենը մի հին, մաշված ռենտգեն սարքավորում էր։ Այսօր պատկերը բոլորովին այլ է՝ մեր բուժական «զինանոցը» բավականին հարստացել է նորագույն, արդիական սարքավորումներով, որոնք օժտված են բարձր ախտորոշիչ հատկություններով և ճառագայթային առավելագույն անվտանգությամբ։

Untitled1

Ունենք երկու ստացիոնար բազմաֆունկցիոնալ թվային ռենտգեն ախտորոշիչ սարքավորում Siemens AXIOM R100 մակնիշի, որը հնարավորություն է տալիս իրականացնելու ռենտգենոսկոպիկ, ռենտգենոգրաֆիկ բազմաթիվ հետազոտություններ, այդ թվում նաև՝ ռենտգեն կոնտրաստային և ռենտգեն տոմոգրաֆիկ։ Սարքավորումն ապահովում է տարաբնույթ հետազոտությունների արագ իրականացում։ ORTOPHOS XG 3D/Ceph թվային ռենտգենոգրաֆիայի և եռաչափ տոմոգրաֆիայի սարքավորման միջոցով էլ իրականացվում են դիմածնոտային հատվածի լայնածավալ ռենտգեն հետազոտություններ։ Մասնավորապես՝ քունքստորին ծնոտային հոդերի, քթի հարակից խոռոչների ռենտգեն (օրթոպանտոմոգրաֆիկ) և եռաչափ տոմոգրաֆիկ հետազոտություններ, ինչպես նաև գանգի, ողնաշարի պարանոցային հատվածի և դաստակի տելեռենտգենոգրաֆիկ հետազոտություններ։

Վերջերս էլ մեր բուժական «զինանոցը» համալրվեց Toshiba մակնիշի գերժամանակակից, վերջին սերնդի 128 շերտանոց տոմոգրաֆիական սարքավորումով։ Այն գործնականում հնարավորություն կընձեռի մի կոճակի հպումով ոտքից գլուխ վայրկենական հետազոտելու…

Ու մինչ ես փորձում եմ ընկալել բժշկական տերմինների տեղատարափը ու արագ-արագ գրառել, թե էլ ինչ կարողություններով են օժտված հոսպիտալի այս բաժանմունքի սարքավորումները, լաբորանտ Քրիստինեն ինձ է պարզում լուսանկարների մի ալբոմ՝ ճառագայթների միջոցով կատարված եռապատկեր (3D) հետազոտություններն են՝ բարձրակարգ և որակյալ, գունավոր պատկերներ, որտեղ երևում են մարդու ներսում ընթացող պաթոլոգիական երևույթները։

Untitled1

Բժշկությունից հեռու մարդն այս նկարներից ավելի շուտ արվեստի գործերի տպավորություն կստանա, իսկ բժիշկների համար դրանք տեխնիկայի հերթական գլուխգործոցներն են, որոնց շնորհիվ է՛լ ավելի է դյուրինանում մարդու օրգանիզմում առկա տարբեր հիվանդությունների և ախտաբանական երևույթների մասին առավել ամբողջական տեղեկություններ ստանալն ու ճշգրիտ ախտորոշման եզրահանգելը։

-Ներկայումս մեր բաժանմունքը քաղաքի ամենալավ, ամենաարդիական ռադիոլոգիական բաժանմունքներից է,- ասում է փոխգնդապետը։ -Ցավոք, այսօր շենքային պայմանները մեզ առայժմ թույլ չեն տալիս մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի սարքավորում (յամեր) ունենալ, քանի որ անհրաժեշտ է բավականին մեծ տարածք իր հատուկ օդափոխման համակարգերով։ Թեև պետք է նշեմ, որ մեր վերջերս ստացած գերժամանակակից համակարգչային տոմոգրաֆիկ սարքավորումը է՛լ ավելի արագ է ախտորոշում (իսկ կրիտիկական վիճակում գտնվող հիվանդների համար կարևոր է ամեն վայրկյանը), գործնականում պակաս ինֆորմատիվ չէ և անգամ ունի որոշակի առավելություն մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայից այն առումով, որ վերջինս հակացուցված է այն հիվանդներին, որոնց մարմնում կան բեկորներ, փամփուշտ (իսկ ինչպես գիտեք՝ մեր հիվանդները հիմնականում զինվորականներ են, թեև պետք է արձանագրել նաև, որ վերջին շրջանում կտրուկ նվազել են հրազենային վնասվածքները)։

♦♦♦

Ռադիոլոգիական բաժանմունքի 12 շարժական թվային ֆլյուորոգրաֆիկ տեղակայանքները տարին երկու անգամ պարտադիր շրջում են բոլոր զորամասերում և ամբողջ անձնակազմին պրոֆիլակտիկ նպատակով ենթարկում ֆլյուորոգրաֆիկ հետազոտության։ Զորակոչի ժամանակ էլ երկու մեքենա հավաքակայանում է աշխատում:

-Զինվորների և զինակոչիկների շրջանում ախտորոշման ժամանակ առաջնային տեղ են զբաղեցնում մասնավորապես թոքային հիվանդությունները (վերջին շրջանում թոքաբորբերի աճը պայմանավորված էր նաև ձմռան աննախադեպ ցրտի հետ)։ Սակայն պետք է շեշտել նաև, որ պրոֆիլակտիկ ստուգումների շնորհիվ ժամանակին բացահայտվում և կանխարգելվում են հիվանդությունները,- նշում է բաժանմունքի պետը։

♦♦♦

Իրապես, նորագույն սարքավորումներով հագեցած է կենտրոնական զինվորական հոսպիտալի ռադիոլոգիական բաժանմունքը։ Սակայն ցանկացած ժամանակակից տեխնիկա անզոր է, երբ չկան այդ տեխնիկային կատարելապես տիրապետող բարձրակարգ մասնագետներ. չէ՞ որ այդ ժամանակակից սարքերի հաղորդած տվյալները պետք է վերծանել, մշակել, համադրել և վերլուծելով հանգել համապատասխան եզրահանգման։ Իսկ այդ ամենը պահանջում է խորը գիտելիքների իմացություն, մեծ փորձառություն և նվիրում ու սեր կատարածդ գործի հանդեպ։

UntitledՌադիոլոգիական բաժանմունքում աշխատում են բարձր որակավորում ունեցող բազմապրոֆիլ ու փորձառու մասնագետներ, ովքեր անընդմեջ կատարելագործվում են, զարգացնում իրենց գիտելիքները։ Նրանցից շատերը զբաղվում են գիտական գործունեությամբ, հրատարակում են հոդվածներ, գրում են գիտական թեզեր։

-Լավ կոլեկտիվ է, աշխատում ենք համագործակցված և արդյունավետ,- նշում է բաժանմունքի պետ Ալեքսանդր Դանիելյանը և շարունակում։ -Մեզ մոտ բոլորն էլ լիարժեք տիրապետում են իրենց գործին։ Արվում է հնարավորը, որ հոսպիտալ այցելած զինվորներն ու նրանց հարազատները, մեր բոլոր այցելուները ճիշտ և ժամանակին ախտորոշվեն և լիարժեք բուժվեն։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուս.՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ