Պիտի հաղթենք… և հաղթում ենք

Վանաձորի կայազորային հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքում էինք. մի երիտասարդ անմիջապես գրավեց ուշադրությունս, բոլորից տարբեր էր՝ խոհուն, տխուր հայացքով: Հարցրի նրան՝ ինչ գանգատներ ունի, ինչ բուժում է ստանում:

-Ողնաշար… գլխի անոթներ… սրտի ծակոցներ…,- կցկտուր պատասխանեց երիտասարդը ու երևի նկատելով զարմացած հայացքս՝ ժպտալով շարունակեց,- նորություն չէ, դպրոցական տարիներին է սկսվել, 18 տարեկանում միկրոինֆարկտ եմ տարել:

Ես արգելակվեցի…

-Չլինի՞՝ սիրահարվել էիր, -փորձեցի կատակել:

-Ոչ, ֆիլմի վրա էի աշխատում… դերասան եմ, կինոռեժիսոր:

-Պատկերացնո՞ւմ ես, եթե բոլոր աշխատանքներդ ուղեկցվեն միկրոինֆարկտներով…

Տղան ծիծաղեց.

-Չեմ կարծում… դա միակն էր..

-Ինչի՞ մասին է ֆիլմը, որ ժանրին է պատկանում:

– Գեղարվեստական դոկումենտալիստիկա է՝ յոթերորդ զգայարանի մասին… Այդպես էլ կոչվում է՝ «Յոթերորդ զգայարան»: Մարդը, աստիճանաբար գնալով դեպի մայրամուտ, կորցնում է իր բոլոր վեց զգայարանները՝ չի տեսնում, չի լսում, բույրի զգացողություն չունի …. և հենց այդ ժամանակ նա գտնում է յոթերորդ զգայարանը՝ ինքնամաքրումը. և գիտությունը, և կրոնը, և հոգեբանությունը հետաքրքիր ձևակերպումներ ունեն այդ երևույթի մասին…

Իսկ դու ինչպե՞ս ես արտահայտել քո պատկերացումները:

-Առանց խոսքերի, կադրերով: Ֆիլմի ռեժիսորն եմ և միակ դերասանը (ով, եթե ոչ ես, կկարողանար լավագույնս արտահայտել այն զգացմունքները, որ ես ունեմ, և փոխանցել հանդիսատեսին):

-Ուզում եմ դիտել այն. արդեն պատրա՞ստ է:

-Այո: Այն նկարահանվեց «Ոսկե Ծիրանի» աջակցությամբ և պիտի ներկայացվեր փառատոնի շրջանակներում, սակայն զորակոչվեցի բանակ, և ֆիլմի ցուցադրումը հետաձգվեց…

Ուսանողական տարիներին Սարգիս Բաղդասարյանը նկարահանել է կարճամետրաժ ֆիլմեր («Դրանք թիմային աշխատանքներ էին և դրանց ստեղծումը միայն իմ վաստակը չէր»,- անկեղծ նշեց երիտասարդը), որպես դերասան հանդես է եկել ուսանողական թատերախմբում, և իր համար նշանավոր համարեց որդու դերը Կարել Չապեկի «Մայրը» դրամայում: Պիեսի բեմադրիչը և գլխավոր՝ մոր դերակատարը Լալա Մնացականյանն էր, այն ներկայացվել է ոչ միայն Հայաստանում, այլև Պրահայում, Եվրոպայի տարբեր քաղաքներում: Չեխիայում Հայաստանի դեսպանի հրավերով Սարգիսը մեկնել է Պրահա և կես տարի որպես ռեժիսոր աշխատել այնտեղ…

Նա հանգիստ պատմում էր իր ուսումնառության, գործունեության մասին, կարծես ամեն ինչ այդպես էլ պիտի լիներ: Գուցե մեկ ուրիշը նրա փոխարեն հպարտանար… Սակայն նրա աչքերը փայլեցին, երբ հիշեց իր ուսուցիչ, «հոգևոր հայր» Արմեն Մազմանյանին… և ես միայն այդ ժամանակ նրա աչքերում հպարտություն կարդացի:

-… Ի՞նչ սովորեցրեց բանակը քեզ,- հարցրի նրան:

-Մի կարևոր դաս՝ ես հասկացա, որ կյանքը կարճ է… և պետք է արագացնեմ, այլապես կարող եմ չհասցնել այն ամենը, ինչ երազում եմ անել: Ես հասկացա, որ սովորելու ժամանակ այլևս չունեմ (Բեռլինի և Փարիզի կինոակադեմիաների կողմից ուսումը շարունակելու հրավեր էի ստացել և կմեկնեի կամ Բեռլին, կամ Փարիզ, եթե բանակը չլիներ)…

-Ծառայությունից հետո կարող ես մեկնել…

-Արդեն չեմ ուզում, -անկեղծ պատասխանեց Սարգիսը,- ես պիտի աշխատեմ: Իտալիայում ֆիլմ նկարահանելու առաջարկ եմ ստացել:

-Իսկ եթե մի պահ պատկերացնես, որ ֆիլմ ես նկարահանելու մեր բանակի մասին, որ ժանրի մեջ կլինի այն:

Սարգիսը ուղիղ նայեց աչքերիս մեջ… ու հարցրեց.

-Անկե՞ղծ…

-Իհարկե:

-Դրամա:

-Ինչո՞ւ դրամա…

-Մի տխրեք,- ժպտաց Սարգիսը,- կյանքը պայքար է, բանակային ծառայությունը՝ ավելի ուժեղ պայքար: Պիտի հաղթենք… և հաղթում ենք: Մեր բանակը փառավոր հաղթանակներ ունի:

Էդիտա Մելքոնյան

  • IMG_7700 (Medium)