Մենք որքան ուժեղ լինենք, զինվորը նույնքան անվտանգ կլինի սահմանին

ՀՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյան

Ես վոկալ տվյալներս մորիցս եմ ժառանգել, նա հրաշալի ձայն ուներ, ժողովրդական երգեր էր երգում։ Մի պատկեր է մնացել հիշողությանս մեջ. մայրս «Մաճկալը» երգելով օրորում է կրտսեր եղբորս, այնքան գեղեցիկ, այնքան զուլալ էր երգում։ Երբ ես յոթ-ութ տարեկան էի, ամառային ճամբարում, խարույկի շուրջ երգեցի «Մաճկալը», այնպես, ինչպես մորիցս էի սովորել։ Տարիներ անց պիտի իմանայի, որ պիոներներին այցելած Վարպետը` Ավետիք Իսահակյանը, ում բառերով գրված է երգը, ասել է իր հարսին` Բելային. «Ինչ լավ է երգում այս փոքրիկ աղջիկը»։ Երբ արդեն 20 տարեկան էի ու երգում էի Ֆլորայի այգու համերգասրահում, բախտավոր զուգադիպությամբ` Վարպետը դարձյալ հանդիսատեսի շարքում էր։ Բելան պատմեց, որ նա ճանաչել է ինձ, ասել է` ես այս «Մաճկալը» լսել եմ տարիներ առաջ, երբ երգչուհին դեռ փոքրիկ աղջիկ էր։

Իմ մանկության, պատանեկության ամենագեղեցիկ հիշողությունները կապված են Պիոներ պալատի հետ։ Պիոներ պալատում անցկացրած ժամերն իմ ամենամեծ ուրախությունն էին ու հաճույքը։ Ես երգում էի ե՛ւ ժողգործիքների համույթում, ե՛ւ երգչախմբում։ Ընդ որում, Պիոներ պալատի մանկական գեղարվեստական խմբերը ղեկավարում էին հայտնի արվեստագետներ, իրենց գործի ճանաչված մասնագետներ։ Իմ ուսուցիչն էր երջանկահիշատակ Միքայել Չաղալյանը` հրաշալի երաժիշտ եւ մանկավարժ։ Ես այսպիսի ոգեւորությամբ պատմում եմ այդ մասին ոչ միայն այն պատճառով, որ ձեր հարցը գեղեցիկ հիշողություններ է արթնացնում։ Այսօր խորապես զգում եմ նման կրթօջախների պակասը։ Մանկության ու պատանեկության տարիներին են ձեւավորվում մարդու բարոյական չափանիշները, մտածելակերպը, արժեհամակարգը, գեղարվեստական ճաշակը։ Եվ այդ տարիքում երիտասարդ մարդու յուրաքանչյուր րոպեն պետք է լինի ուղղորդված, նպատակային, հսկողության տակ, որովհետեւ ցանկացած պարապ տարածք կարող է լցվել զանազան խեղումներով, թյուրըմբռնումներով։ Ես կարծում եմ, որ այսօր կրթությունն ու դաստիարակությունն այնքան էլ նպատակաուղղված չեն, գաղափարամետ չեն։ Գաղափարներն են միավորում եւ առաջնորդում հասարակությանը, գաղափարներն են դաստիարակում, գաղափարներն են կանխորոշում նրանց վարքն ու գործունեությունը։

Անկախ պետականությունն արդեն 24 տարվա պատմություն ունի, եւ վաղուց ժամանակն է հստակեցնել մեր ազգային արժեհամակարգի նկարագիրը, առաջնային գաղափարների էությունն ու գերակա արժեքների ամբողջությունը։ Ես կարծում եմ, որ մեր գաղափարական առանցքը պիտի լինի հայրենիքի պաշտպանության գաղափարը, իսկ հայրենիք է ոչ միայն Հայաստանի Հանրապետության եւ Արցախի տարածքը, որ չափվում է կիլոմետրերով, հայրենիք են մեր մշակույթը, մեր ազգային արվեստը, մեր ավանդական բարքերը, մեր բարոյական նկարագիրը, հայ մարդը, հայի տեսակը` իր բոլոր դրսեւորումներով, իր անցյալով, իր արարումներով, իր հոգեկերտվածքի յուրահատկությամբ, իր գույնով։ Ես նկատի ունեմ մեր հոգեւոր եւ ֆիզիկական հայրենիքը` որպես մեկ ամբողջություն, եւ ազգային գաղափարախոսության հիմքում պետք է դրվի հայրենապահպանության գաղափարը։

Ցավով պետք է նշեմ, որ մեր իրականության մեջ նվազել է պատասխանատվությունն ազգային երգի հանդեպ, եւ ընդհանրապես իջել են բարձր արվեստի չափանիշները։ Նախկինում ռադիոյով հնչելու եւ հեռուստատեսությամբ ցուցադրվելու իրավունք էին ստանում լավագույն երգիչ-երգչուհիները, ընտրությունը կատարում էր արհեստավարժներով, հեղինակավոր արվեստագետներով համալրված խորհուրդը, երգերը նույնպես ընտրվում էին, հաշվի էին առնվում ամենաաննշան մանրուքները, հագուստը, բեմական պահվածքը, շարժումները։ Որովհետեւ կար այն գիտակցությունը, որ ռադիոն եւ հեռուստատեսությունը, որպես զանգվածային լրատվամիջոցներ, ազդում են բազմամիլիոնանոց լսարանի վրա, թելադրում են ճաշակ, ձեւավորում են չափանիշներ։ Իսկ այսօր ցանկացած նորելուկ երգչուհի կարող է ելույթ ունենալ հեղինակավոր համերգասրահում, կարող է հայկական արվեստը ներկայացնել արտերկրում, կարող է հնչել ռադիոյով եւ ցուցադրվել հեռուստատեսությամբ։ Ես հուզված եւ վրդովված եմ, քանի հանրային լրատվամիջոցներով ականջալուր եմ լինում ազգային երգի խեղաթյուրված կատարումների, ժողովրդական երգը չի կարելի վստահել ամեն ինքնակոչի եւ նրան ասպարեզ տրամադրել։ Քանիցս կրկնել եմ, որ չի կարելի ժողովրդական երգի մեղեդու տակ լատինաամերիկյան պարերի շարժումներ անել, կամ կիսաբաց պորտին աստղիկ կպցրած երգել Սայաթ-Նովա։ Սա խաթարում է, սա ինքնանվաստացում է, սա վիրավորանք է հայի պատվախնդրությանը, որը ես դիտում եմ որպես անձնական վիրավորանք, որովհետեւ հայ մարդ եմ եւ վիրավորվում եմ, երբ խաթարում են իմ սրբությունները, իմ ազգային մեծ ու հրաշալի արվեստը, իմ տաղանդավոր ժողովրդի ստեղծագործությունը։

Ինձ հուզում է կարեկցանքի պակասը։ Ես դա այնքան խորն եմ զգում։ Մարդն անտարբեր է մարդու ցավի հանդեպ։ Մարդը գոհանում է, որ ինքը կուշտ է, երբ սոված է ուրիշի երեխան։ Մարդը հպարտանում է իր առանձնատան գեղեցկությամբ, երբ տգեղանում է մեր քաղաքի որեւէ անկյունը։ Մարդը ճարակում է բնությունը, մարդը վնասում է մարդուն։ Ես ցանկանում եմ, որ ազգը, ժողովուրդը մի ամբողջություն լինեն։ Մեր անձնական, ընտանեկան խնդիրները հոգալուց զատ, պիտի հոգանք նաեւ ազգի ու հայրենիքի հոգսերը։ Ինձ հուսադրում է օրհասական պահերին միավորվելու` մեր ժողովրդի բնատուր ունակությունը, ինչպես եղավ Արցախյան պատերազմի ժամանակ։ Ինձ ոգեւորում է այսօրվա խաղաղությունը, այն, որ ունենք ազգային բանակ եւ կարող ենք ինքնուրույն, առանց օտարների աջակցության, պաշտպանել մեր հայրենիքի սահմանները։ Ես սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր սպայի հերոս եմ համարում։ Եթե մարդը հանուն հայրենիքի կանգնում է վտանգի` թշնամու գնդակի առաջ, հերոս է։ Մենք պիտի զինվորի թիկունքն ամուր պահենք:

Գայանե Պողոսյան

(Հատված հարցազրույցից)