Պաշտպանության նախարարության արյան ծառայությունը պատրաստ է օգնել….

Բանակի «արյան զինանոցը»՝ արյան պաշարման և փոխներարկման բաժանմունքը, հիմնադրվել է Արցախյան պատերազմի տարիներին: 1993-ի դեկտեմբերի 26-ին Երկաթգծի հիվանդանոցը դառնում է զինվորական հոսպիտալ: Հոսպիտալի պետ Էդուարդ Հակոբյանը հանձնարարում է երիտասարդ բժշկուհի Մարգարիտա Հակոբյանին, որը 1982-ից վարում էր Երկաթգծի հիվանդանոցի նախ ընդունարանի, ապա արյան կետի պետի պաշտոնները, ձեռնամուխ լինել արյան պաշարման և փոխներարկման բաժանմունքի ստեղծման աշխատանքներին: Բաժանմունք, որտեղ կենտրոնացվելու և իրականացվելու էր հայկական Զինված ուժերի արյան ծառայությունը:

«Չկային արյան ծառայությունը կանոնակարգող ոչ իրավական փաստաթղթեր՝ սահմանված նորմեր, ոչ հրաման՝ ինչպես է աշխատանքը իրականացվելու… Իսկ օրերը հաշվված էին. մարտին պետք է լիներ հոսպիտալի բացումը, և արյան փոխներարկման բաժանմունքը պետք է պատրաստ լիներ»,- պատմում է Մարգարիտա Հակոբյանը:

Ճիշտ է, բոլոր քաղաքացիական բուժհաստատություններում արյան փոխներարկում կատարվում էր, սակայն ինչպես պիտի իրականացվեր Զինված ուժերում, իրավաբանորեն սահմանված չէր. պիտի ստեղծվեր ծառայության կուռ, ամբողջական համակարգ: Ուսումնասիրելով ռուսական բանակում արյան ծառայության իրականացման կարգը, արյան ծառայությանը վերաբերող եվրոպական, ամերիկյան չափորոշիչները, համագործակցելով արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արմեն Երեմյանցի հետ՝ Մարգարիտա Հակոբյանը կազմում է մի փաստաթուղթ՝ իրավաբանական հիմք, որը ներկայացնում էր՝ ինչպես է իրականացվելու արյան ծառայությանը հայկական Զինված ուժերում: Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի կողմից այն հաստատվում է:

Սկսվում են առաջին գործուղումները դեպի զորամասեր՝Քանաքեռի մայրաքաղաքային, կապի գնդեր, Արարատ, Չոբանքարա, Նուբարաշեն, Լուսակերտ… Մարգարիտա Հակոբյանը երկու բուժքույրերի հետ ներկայանում է հրամանատարներին և ասում, որ դոնորական արյուն է պետք: Բոլոր հրամանատարները անցել էին պատերազմի միջով, ընկերներ, մտերիմներ, զինվորներ էին կորցրել և հասկացել էին, որ նրանցից շատերը գուցե փրկվեին… եթե արյուն լիներ: Հրամանատարների կարգադրությամբ զորքը շարվում է, և երիտասարդ բժշկուհին՝ զինվորական համազգեստով, կանգնում է նրանց առջև ու բացատրում. «Մենք բազմաթիվ վիրավորներ ունենք, հիվանդներ: Ձեզ նման երիտասարդ զինվորներ են կամ զինվորի ծնող, եղբայր, քույր… Գուցե նրանց մեջ ձեր ձեր դասընկերն է, համագյուղացին, բարեկամը… Դուք կարող եք օգնել նրանց… Կարող եք դոնոր դառնալ, ովքեր ցանկանում են…»:

Եվ զինվորները առաջ էին գալիս, դառնում դոնոր՝ անվարձահատույց և կամավոր (օրենքով սահմանված կարգով)… Սա սկիզբն էր: Սակայն միայն այդքանը բավական չէր արյան ծառայությունը կազմակերպելու և զարգացնելու համար. դեռևս չլուծված բազմաթիվ խնդիրներ կային…«Իսկ մենք փոքր քայլեր կատարելու իրավունք և ժամանակ չունեինք… պատերազմ էր: Զինված ուժերի համար արյան պաշարները ռազմավարական նշանակություն ունեն»:

Ամեն ինչ կատարվում է արագ և վճռական: Արյան փոխներարկման նորաստեղծ բաժանմունքին հոսպիտալի տարածքում առանձին շինություն է հատկացվում: Վաշինգտոնում հայ բժիշկների կազմակերպության նախագահ Հրաչյա Աբրահամյանը, որը նույնպես անցել էր պատերազմի միջով, գալիս է Հայաստան, հանդիպում Մարգարիտա Հակոբյանի հետ, իր ընկերներին է հրավիրում: Նրանց օգնությամբ բաժանմունքը հիմնովին վերանորոգվում է: ՊՆ տրամադրում է կահույքը: Ռազմաբժշկական վարչության պետ Արտաշես Փարսադանյանի ջանքերով ծառայությունը օրեցօր համալրվում է նորագույն սարքավորումներով, որոնցից մի քանիսը եզակի են ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում:

Եվ այսօր արդեն բոլորն են ընդունում՝ սա այն բաժանմունքն է, որով, իսկապես, կարելի է հպարտանալ. սարքավորումների հագեցվածությամբ, կադրերի պատրաստվածությամբ, մարտական խնդիրը լուծելու և նոր մարտահրավերներին դիմակայելու բարձր ցուցանիշներով այն չի զիջում Հայաստանում և արտերկրում գործող արյան ծառայություններին:

Մարգարիտա Հակոբյանի ջանքերով սկսվում են բաժանմունքի ստեղծման աշխատանքներ նաև Արցախում՝ ՊԲ զինված ուժերում:

Մինչև 2001 թ. հայկական Զինված ուժերում արյան ծառայությունը իրականցնում են մեկ բժիշկ և երկու բուժքույր… «Աղջիկս 4 տարեկան էր,-պատմում է Մարգարիտա Հակոբյանը,- նրա համար սպիտալ խալաթ էի կարել, սպիտակ գլխաշոր, ինձ հետ գալիս էր «աշխատանքի»: Հագնում էր իր «համազգեստը» և ամբողջ օրը ինձ հետ շրջում էր բաժանմունքներում: Երեխան հոգնում էր:

Սակայն ես չէի կարող թողնել իմ ծառայությունը, ես գիտեի՝ որն է իմ դերը բանակաշինության մեջ… Նայում էի իմ առջև պառկած վիրավոր, հիվանդ զինվորներին՝ առանց ոտքի, առանց ձեռքի … բայց կենդանի-շնչող… ու ինքս ինձ կրկնում էի՝ նա պիտի ապրի, պիտի վերադառնա իր ծնողի մոտ»:

Օրեցօր աշխատանքի ծավալները ավելանում են, գալիս են երիտասարդ կադրեր՝ բժիշկներ, բուժքույրեր, որոնց նեղ մասնագիտական վերապատրաստումը բաժանմունքի պետն է իրականացնում:

Այսօր ՊՆ ԿԿԶՀ արյան փոխներարկման բաժանմունքը արյան մեծ կայանի հսկայական աշխատանք է կատարում: Արյան փոխներարկումը օրգանի փոխպատվաստում է. այն առավելագույն կարևորություն ունի և առավելագույն զգոնություն է պահանջում: Բաժանմունքի գործունեության 22 տարիների ընթացքում, շնորհիվ բուժանձնակազմի անթերի ծառայության, ոչ մի ցավալի միջադեպ չի եղել ՝ փոխներարկված արյան կամ արյան փոխներարկման ընթացքում թույլ տրված վրիպումի հետևանքով…

Բաժանմունքի բուժանձնակազմը տարեկան բազմաթիվ գործուղումներ է ունենում՝ արյան պաշարը մշտապես ապահովելու համար, և եթե նույնիսկ այսօր անհրաժեշտ քանակությունը ապահովված է, բժիշկները չեն կարող հանգիստ լինել, որովհետև արյան կյանքը կարճ է՝ 35 օր, որից հետո այլևս պիտանի չէ: Նորից պլանային գործուղումներ, արյան տեղափոխում, մշակում, պահպանում…

ՊՆ ԿԿԶՀ արյան փոխներարկման բաժանմունքը արյան ծառայություն է իրականացնում ոչ միայն Երևանի և Հայաստանի բոլոր զինվորական հոսպիտալներում, ԱԲՋ-ներում, այլև այն քաղաքացիական բուժհաստատություններում, նեղ մասնագիտական կլինիկաներում, որտեղ բուժում են ստանում զինծառայողներ կամ նրանց ընտանիքի անդամներ:

«Երբ հանրապետության հրապարակում գազալցված փուչիկների պատճառով բազմաթիվ երեխաներ այրվածքներ ստացան, ես զանգեցի Երևանի այրվածքաբանություն ինստիտուտ, «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ տարել էին այրված երեխաներին, երիտասարդներին … ու ասացի՝ ՊՆ պատրաստ է օգնել պլազմաներով…

Երբ երթուղային տաքսին ամբողջությամբ վառվեց, և բոլոր ուղևորները ծանր այրվածքներով տեղափոխվեցին մոտակա հիվանդանոցներ, մենք դարձյալ զանգեցինք նրանց ու ասացինք՝ ՊՆ պատրաստ է օգնել…

Երբ ամբողջ ընտանիքը սնկից թունավորվել էր, և մայրը, որ կորցրել էր իր երեք զավակներին, իսկ չորրորդ երեխան ծայրահեղ վիճակում էր, խելակորույս բղավում էր՝ օգնեք, արյուն է պետք… Ինչպե՞ս կարող էինք չօգնել…

Արյան փոխներարկման միջոցով հնարավոր եղավ փրկել կնոջ չորրորդ զավակին, նրա գոհունակությունը և երախտագիտությունը սահման չուներ… »,- հիշում է ՊՆ ԿԿԶՀ արյան պաշարման և փոխներարկման բաժանմունքի պետ Մարգարիտա Հակոբյանը:

…Դեռևս հեռավոր անցյալում արյունը համարվում էր «կենսական ուժի և հոգու» կրողը, ցեղի արյունը աստվածություն էր, որը հոգի և մարմին էր կերտում: Սակայն դարերի ընթացքում փոխվել են պատկերացումները. «աստվածությունը» դարձել է զենք, դարձել է ուժ:

Էդիտա Մելքոնյան

  • 1 (2) (Medium)
  • 2 (2) (Medium)
  • 3.1 (Medium)
  • 3 (1) (Medium)
  • 4 (2) (Medium)
  • 5 (2) (Medium)
  • 6 (2) (Medium)
  • 7 (1) (Medium)
  • 8 (1) (Medium)
  • 9 (Medium)
  • 10.1 (Medium)
  • 10 (Medium)
  • 11 (Medium)