Մենք մեր ժողովրդի հույսն ենք…

Շարքային Այվազ Անտոնյանին հանդիպեցի Տավուշի Առանձին բժշկական ջոկատում:

-Ինձ համար փոքր-ինչ անսպասելի էր այն ջերմությունը, որով շրջապատված եմ այստեղ… Հոգատարությունը, սրտացավ վերաբերմունքը, – ասաց նա:

Ես չէի կարող չշարունակել մեր զրույցը. ինչո՞ւ է բժիշկների հոգատարությունը անսպասելի զինվորի համար, գուցե նախկինում այդպես չի՞ եղել…

– Քաղաքացիական հիվանդանոցներում այսպես չէ,– միտքս կարդում է զինվորը, – այսքան ջերմություն իսկապես չէի սպասում: Գիտե՞ք, թե բժիշկները օրվա մեջ քանի անգամ են հարցնում՝ ո՞նց ես… մենք ուշադրության կենտրոնում ենք:

Այվազը ծնունդով Սևանից է: Ծառայության մասին պատմելիս նույնքան անկեղծ ու անմիջական է.

-Ինչպե՞ս ես հաղթահարում մեծ ու փոքր դժվարությունները:

– Ծառայում եմ մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, ինչը պարտավորեցնող է, ավելի պատասխանատու… 19 ամիս ծառայել եմ, հրետանավոր եմ….Հայրս միշտ ասում էր՝ տղան պետք է ծառայի: Եկել եմ ծառայության մարտական տրամադրվածությամբ ու, անկեղծ ասած, խնդիրների չեմ բախվել: Դժվարություններ չեն եղել, միայն ծառայության սկզբում տնից միանգամից կտրվելը, նոր միջավայրում հայտնվելը փոքր-ինչ անսովոր էր: Հետո ամեն ինչ սովորական դարձավ, նոր կյանք, նոր ընկերներ ու…ծառայություն… Զորամասը դարձավ մեր տունը, վաշտը՝ ընտանիքը: Ուրախ եմ, որ հենց այստեղ եմ ծառայում: Տավուշի չքնաղ բնությունը ոգեշնչում է: Մենք մեր ժողովրդի հույսն ենք…

– Հետաքրքիր է՝ հրետանավորը մարդկային ի՞նչ որակներով պետք է օժտված լինի:

– Հրետանին պատերազմի աստվածն է…Մարտական գործողությունների ժամանակ հրետանին ամենահզոր ուժն է, հետևակի համար ճանապարհ բացողը: Չափազանց պատասխանատու մասնագիտություն է: Պահանջում է աչալրջություն, արագություն, որպեսզի կարճ ժամանակում կարողանաս ճշգրիտ հաշվարկներ կատարել և անվրեպ հարվածել նշանակետին… Եթե անհրաժեշտություն լինի, մենք միշտ պատրաստ ենք մեր ծառայությունը պատվով իրականացնելու:

– Իմ զրուցակից բոլոր զինվորները վստահեցնում են, որ ծառայությունը կոփում է…

-Կոփում է և′ ֆիզիկապես, և′ հոգեպես: Ինքնուրույն ես դառնում, վճռական, կազմակերպված… Կարողանում ես որոշումներ կայացնել, բանակում սովորում ես գնահատել ժամանակդ:

-Ամենաշատը ու՞մ մասին ես մտածում, ու՞մ ես կարոտում…

– Ամենաշատը ծնողներիս եմ կարոտում, ընկերներիս, դպրոցս…

-Ի՞նչ ծրագրեր ունես ծառայությունից հետո…

– Մասնագիտությամբ ռադիոտեխնիկ եմ: Նախքան ծառայությունս սովորել եմ ՀՊՃՀ քոլեջում, իսկ ծառայությունից հետո շարունակելու եմ ուսումս: Ունեմ նախասիրություն, որը նաև ծառայության ընթացքում ինձ շատ օգնեց: Կարողանում եմ մեքենաների անսարքությունը վերացնել:

-Ուրիշ ի՞նչ ասելիք ունես…

-Թող բոլոր զինվորները անփորձանք ու անկորուստ իջնեն մարտական հենակետերից…

-Շնորհակալություն զրույցի համար, առողջություն և անփորձանք ծառայություն եմ մաղթում:

Հասմիկ Գյոզալյան