Հայկական բանակի առաջին հոսպիտալն այսօր

Զրույց ՊՆ Վանաձորի կայազորային հոսպիտալի պետ, բ/ծ փոխգնդապետ Գագիկ Մարտիրոսյանի հետ

Ավարտել է ԵՊԲՀ բուժական ֆակուլտետը, հետբուհական կրթությունը շարունակել ինտերնատուրայում: 1994 թ-ից ծառայում է Վանաձորի կայազորային հոսպիտալում՝ ծառայական կենսագրությունն սկսելով որպես թերապևտիկ բաժանմունքի օրդինատոր, ապա 2000 թ.՝ հոսպիտալի պետի բուժգծով տեղակալ, 2007 թ. նշանակվել է հոսպիտալի պետ:

-Վանաձորի կայազորային հոսպիտալը կազմավորվել է 1992 թ. և համարվում է հայկական բանակի առաջին հոսպիտալը: Պատերազմի տարիներին այն ընդունել է բազմաթիվ վիրավորներ… Խաղաղ բանակաշինության տարիներին, բնականաբար, սկսեցինք զարգացնել եւ կատարելագործել կառույցը՝ հիվանդների բուժապահովումը դարձնելով առավել արդյունավետ ու համակողմանի: Օրեցօր աշխատանքի ծավալներն ավելանում էին, և նոր, ավելի մեծ, հարմարավետ տարածք էր անհրաժեշտ բուժծառայությունը իրականացնելու համար: 1995 թ. Երկաթգծի հիվանդանոցը փակվեց, և Վանաձորի կայազորային հոսպիտալի բուժանձնակազմը տեղափոխվեց այստեղ: Այն սպասարկում է Լոռու կայազորի զորամասերը: Համագործակցում ենք ուժային կառույցների, քաղաքացիական բուժհաստատությունների հետ:

Այսօր հոսպիտալում գործում են թերապևտիկ, վիրաբուժության, անզգայացման-վերակենդանացման, ինֆեկցիոն բաժանմունքները, ատամնաբուժական, ախտորոշման, ռենտգեն կաբինետները, դեղատունը և լաբորատորիան:

Լաբորատորիան հագեցած է նորագույն սարքավորումներով. այն վերանորոգվել է ՄԻԱՎ-ի դեմ պայքարի միջազգային կազմակերպության կողմից: Ախտորոշման կաբինետներում ունենք ԷՍԳ, սոնոգրաֆիա, գաստրոսկոպիա կատարելու հնարավորություն, և ռենտգենոգրաֆիա: Սոնոգրաֆիայի, գաստրոսկոպիայի, ռենտգենոգրաֆիայի սարքավորումները նոր չեն, սակայն մասնագետներն են հմուտ և կարողանում են կազմակերպել աշխատանքը հավուր պատշաճի:

Մեր հոսպիտալը տարածաշրջանում բարձր հեղինակություն ունի. ճիշտ է, շենքային պայմանները բարվոք չեն, սակայն բազմաթիվ քաղաքացիներ դիմում են մեզ լաբորատոր հետազոտություններ կատարելու համար, գալիս են մեր վիրաբույժների մոտ ոչ միայն այն պատճառով, որ բուժօգնությունը ավելի մատչելի է, այլ որովհետև մասնագետներն են փորձառու:

-Ի՞նչ հաճախականությամբ են կատարվում այցելությունները զորամասեր և ի՞նչ նպատակներով:

-Զորամասեր այցելությունների գրաֆիկը հաստատված է Ռազմաբժշկական վարչության պետի կողմից: Բժիշկներից, բուժքույրերից կազմված խմբերը մեկնում են զորամասային օղակի բուժծառայության աշխատակիցներին մեթոդական օգնություն ցուցաբերելու, սանիտարահիգենիկ պայմանները, հիվանդների առողջական վիճակը ստուգելու:

Եվ ամենակարևորը, 2004 թ. Վանաձորի կայազորային հոսպիտալին տրամադրվել է շարժական թվային ֆլյուրոգրաֆիա, որի միջոցով տարեկան երկու անգամ զորամասերում, դիրքերում անցկացվում են հետազոտություններ՝ տուբերկուլյոզի հնարավոր դեպքերը բացահայտելու և հիվանդության տարածումը կանխելու նպատակով: Շնորհիվ զորամասային օղակում կազմակերպված կանխարգելիչ տարաբնույթ միջոցառումների՝ մի շարք հիվանդություններ (այդ թվում՝ մաշկային, վեներական, պլևրիտ, տուբերկուլյոզ) այլևս չկան Զինված ուժերում, իսկ թոքաբորբի դեպքերը անհամեմատ նվազել են:

-Ձեր հոսպիտալում մի՞շտ է այսքան հանգիստ, թե այսօր բացառություն է:

-Այսօր բացառություն չէ: Զորամասերում հիվանդությունների բռնկումներ չկան, հիվանդները քիչ են, հոսպիտալը ծանրաբեռնված չէ, և դա ուրախալի է :

Մյուս կողմից, ամառ է, և որոշ բժիշկներ արձակուրդի մեջ են: Բայց դա չի նշանակում, որ «ազատ են». եթե մասնագետի կարիք է լինում, զանգում եմ նրանց, և հաշված րոպեների ընթացքում բժիշկները անտրտունջ ներկայանում են հոսպիտալ:

Զգոնության, մասնագիտական պատրաստվածության, նվիրումի համար իմ բուժանձնակազմը բազմիցս խրախուսանքների է արժանացել:

-Իսկ ո՞րն է Ձեր ստացած ամենանշանավոր խրախուսանքը:

-2007 թ. ԳՇ պետ Սեյրան Օհանյանը հանձնարարեց ստեղծել դաշտային հոսպիտալ (դա մեր բանակում տիպային դաշտային հոսպիտալ ստեղծելու առաջին փորձն էր): Ընտրեցի վայրը՝ Թեժ լեռան ստորոտին, թիմը կազմվեց, և ամբողջ եռանդով անցանք աշխատանքի: Ամրացվեցին վրաններ, որոնցից յուրաքանչյուրը ծառայելու էր իր նպատակին՝ վիրավորների տեսակավորման վրան, վիրահատարան, վիրակապարան, հիվանդասենյակներ… Դա ցուցադրական դաշտային հոսպիտալ էր: Երբ այն պատրաստ էր, Սեյրան Օհանյանի կողմից աշխատանքը բարձր գնահատվեց. ես պարգևատրվեցի Անդրանիկ Օզանյանի անվան մեդալով:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել էր Վանաձորի կայազորային հոսպիտալ. նա հանձնարարել է վերանորոգել վիրահատարանը, գլխավոր մասնաշենքին կից կառուցել նոր շինություն, որտեղ կտեղափոխվի ինֆեկցիոն բաժանմունքը (ինֆեկցիոն բաժանմունքը, ռենտգեն կաբինետը և լվացքատունը առայժմ գործում են առանձնացված մասնաշենքում…):

-Ե՞րբ կկարողանանք շնորհավորել նոր մասնաշենքի բացման կապակցությամբ:

-Հենց այսօր մասնագետները եկել են, և ըստ նախնական պայմանավորվածության՝ 4 օրից աշխատանքները կսկսվեն:

-Հաջողություն եմ մաղթում: Որքան էլ բժիշկները հմուտ ու անձնվեր լինեն, շենքային բարվոք պայմանները կարող են էականորեն բարելավել բուժսպասարկման որակը:

Էդիտա Մելքոնյան