Վերադարձ դժոխքից

Գևորգ Վահանի Գրիգորյանը ծնվել է 1951 թ. նոյեմբերի 24-ին Երևանում: 1957 թ. ընդունվել է Երևանի թիվ 66 դպրոցը: 1968 թ. ավարտել է Ստեփանավանի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1970-1972 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1973 թ. ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտ, 1976 թ. ուսումը շարունակել Տոմսի բժշկական ինստիտուտում, որն ավարտել է 1979 թ ավարտել:

Նույն թվականին գործուղվելէ Կրասնոյարսկի երկարամաս և մինչև 1984 թ. աշխատել այնտեղ որպես վիրաբույժ: 1984 թ. վերադարձել է Տոմսկ, ընդունվել կլինիկական օրդինատուրա՝ վիրաբուժության գծով: 1986 թ. ավարտել է օրդինատուրան և ընտանիքով վերադարձել Երևան, աշխատանքի անցել «Էրեբունի» բժշկական կենտրոնում նախ որպես ընդունարանի բժիշկ, ապա՝ վիրաբույժ-օրդինատոր:

1988 թ. երկրաշարժի ծանր օրերին աշխատել է Մարալիկում, Սպիտակում, աղետյալներին բուժօգնություն ցույց տվել:

1989-1994 թթ մասնակցել է Արցախյան ազատամարտին, աշխատել է Հադրութի, Գետաշենի հիվանդանոցներում, Չլդրանի, Դրմբոնի, Ստեփանակերտի և Ֆիզուլիի զինվորական դաշտային հոսպիտալներում: Եղել է «Արաբո» ջոկատի և Շուշիի գումարտակի բժիշկը:

Երկու անգամ գերի է ընկել: Հրաշքով ազատվելուց հետո կրկին վերադարձել է Արցախ և շարունակել բժշկի մարդասիրական գործը:

«Սպիտակ» փրկարարական ջոկատի հետ փրկարարական աշխատանքների է մասնակցել Հայաստանում, Արցախում, Վրաստանում և Իրանում:

Պարգևատրվել է Մխիթար Հերացի, «Մայրական երախտագիտություն», «Մարտական ծառայության համար» շքանշաններով, «Արաբո» հուշամեդալով:

Արցախյան ազատամարտին նվիրված երկու գրքույկի և հրապարակախոսական հոդվածների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի հինգ զավակ:

Տասը երկար ու ձիգ տարիներ Գևորգը ընտանիքի հետ ապրում ու աշխատում է Սիբիրում: Սառնամանիք, օտարություն, կարոտ…

«Ռուսական նազելի կեչիների մեջ անգամ ես դալար բարդին էի տեսնում… Զավակներս ռադիոյով «Երևան» բառը լսելիս ծափ էին տալիս և հրճվում, Հայաստանի բույրով էր լցվում իմ օջախը: Ու հավատում էի, որ մի անմոռաց օր վերադառնալու ենք նրա ջերմ գիրկը: Անպայման վերադառնալու ենք»,– այդ օրերի մասին գրել է Գևորգ Գրիգորյանը:

1986 թ. Գևորգը կնոջ և չորս զավակների հետ վերադառնում է Երևան, աշխատանքի անցնում «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

1989 թ. աշնանը «Յակ-40» ինքնաթիռով Գևորգը մեկնում է Ստեփանակերտ, ներկայանում մարզային առողջապահության բաժին: Որոշվում է, որ պետք է մեկնի Հադրութ, որտեղ վիրաբույժի կարիք կար:

«Հադրութ հասանք ուշ երեկոյան,-պատմում է Գևորգը,- տեղի վիրաբույժը՝ Գառնիկ Ալեքսանյանը, համեստ, բանիմաց երիտասարդ էր: Հոկտեմբերի 18-ի երեկոյան զանգահարեց շրջանային գործադիր կոմիտեի նախագահը և ասաց, որ պատրաստվենք մեկնելու Կարմրաքար գյուղ, զորամասում ուղեկցորդները սպասում էին մեզ: Կարմրաքար կարելի էր հասնել երկու ճանապարհով. մեկը լեռնային քարքարոտ ճանապարհ է, որն անցնում է Արցախով, մյուսը՝ ասֆալտապատ, բայց մի հատված անցնում է Ադրբեջանի տարածքով, հետո նորից մտնում Արցախ: Պարետը, չգիտես ինչու, ընտրեց երկրորդ ճանապարհը:

Մեքենան մտավ «արգելված» գոտի… Դա տարօրինակ զգացում էր. մարդիկ քայլում էին, բազմաթիվ մեքենաներ այս ու այն կողմ էին շարժվում,, խանութներում աշխույժ առևտուր էր, երեխաներ էին խաղում բակերում: Բայց ոչ ոք չպետք է իմանար , որ հայեր են նստած մեքենայում… Պարետը շտապեցնում էր վարորդին. այդ ժամանակ միայն իմացա, որ վիրավորը մի զինվոր էր: Տեղ հասանք: Վերքերը զննելուց և կապելուց հետո որոշեցինք տեղափոխել Հադրութի հիվանդանոց: Պարետը թույլ տվեց, և մենք երկու մեքենայով ճանապարհ ընկանք: Մեր անվտանգությունն ապահովում էին 6 կամ 7 ավտոմատավոր զինվորներ: Ջաբրաիլ քաղաքի մատույցներում մեզ արդեն սպասում էր ամբոխը: Մի բեռնատար լայնակի փակեց ճանապարհը, մյուսը շրջանցեց թիկունքից և կանգ առավ: Մենք թակարդի մեջ էինք: Ամբոխը աստիճանաբար ավելի էր մեծանում, սուլոցներով, ատելությունից այլայլված դեմքերով՝ գոռգոռում էին, որոնցից մի քանի բառ էի միայն հասկանում՝ «էրմանի»,« դուշման»…

Մայորը դեռ հույս ուներ համոզել նրանց, բայց կրքերը ավելի էին բորբոքվում, արդեն հասցրել էին պոկել նրա կոճակները, շրջապատել էին մեքենան, ավելի կատաղածները փորձում էին բացել դռները ու դուրս բերել մեզ: Վիրավորի վիճակը սկսեց վատանալ, ստիպված կրկին ներարկում կատարեցի: Մեքենայի դուռը բացվեց, զինվորը խզակոթով ետ հրեց արյունոտ աչքերով տղամարդուն, որն ուզում էր մեքենա մտնել, պարետը ձեռքը տարավ ատրճանակին: Ծայրահեղ պահ էր, ամեն ինչ մազից էր կախված: Ու այդ պահին նրանց ղեկավարներից մեկը նշան արեց, դիմացի ավտոմեքենան ազատեց ճանապարհը, ու մեզ թույլ տվեցին շարժվել ամբոխի ուղեկցությամբ: Ետևից եկող բեռնատարի թափքում կանգնած էին ջահելները, մեկի ձեռքին պարզ երևում էր ատրճանակը… «Պատվո շարասյունը» մեզ ուղեկցեց ներքին գործերի բաժին: Մեր մեքենաները մի կերպ ներս անցան, ու դարպասները փակվեցին: Ամենակրքոտ ազերիները սկսեցին գրոհել պարիսպն ու դարպասները, ու չնայած միլիցիոներների ջանքերին՝ շուտով բակում էլ մի մեծ խումբ հավաքվեց:

Եկավ շրջանի դատախազը:

-Ինչպե՞ս եղավ, որ հայտնվեցիք հատկապես Հադրութում:

-«Հատկապես» կարող էի հայտնվել Արցախի ցանկացած վայրում, եկել եմ իմ հայրենակիցներին օգնելու… Հադրութում վիրաբույժի կարիք կար, կմնամ, որքան հարկավոր է. դա իմ գործն է, ոչ թե ադրբեջնական միլիցիայի,-պատասխանեցի չոր:

Ներս մտավ մի անձ, բոլորը ոտքի կանգնեցին, բացի մեզանից:

Շրջկոմի առաջին քարտուղարն էր:

-Ինչո՞ւ եք մեզ այստեղ պահում,-հարցրի նրան,- ո՞րն է մեր հանցանքը:

-Կարող եք գնալ՝ ուր ուզում եք,- պատասխանեց նա ու ձեռքով ցույց տվեց դեպի լուսամուտը, որտեղից երևում էր կատաղած ամբոխը:

…Երկու բեռնատար մեքենաներով ժամանեցին զինվորներ, որոնք վերջապես կարողացան ցրել գազազած ազերիներին, և մոտ 8 ժամ պատանդ մնալուց հետո դուրս եկանք այնտեղից:

… Հետո իմացանք, որ մեզ ազատել էին գեներալ Սաֆոնովի միջնորդությունից հետո:

Չնայած ուշ գիշերին՝ բոլորը հիվանդանոցում ոտքի վրա էին, մեզ էին սպասում: Հիվանդանոցում նկատեցի, որ Ռուբենի վիրակապը փոխված է, այն չէ, որ ես եմ դրել, ուստի վերքը բացեցի և ինչ տեսնեմ՝ ադրբեջանցի վիրաբույժը խուլ կերպով կարել էր բազկի վերքը՝ մի բան, որ արգելված է հրազենային վերքերի դեպքում, կարող էր անգամ գազային գանգրենա առաջանալ: Գառնիկի հետ քանդեցինք կարերը. պարզվեց՝ ադրբեջանցի վիրաբույժները վերքի մեջ մի խուրձ էին դրել… Վերքը բացեցինք, դրենավորեցինք: Ռուբենը նույնիսկ ուտելու ցանկություն հայտնեց, մենք ցնծության մեջ էինք»:

1990 թ.հունվարին Գևորգ Գրիգորյանը առաջին անգամ մեկնում է Գետաշեն: Հենց առաջին օրը Գետաշենը գերում է նրան իր աշխատասեր, բարի բնակիչներով, գեղատեսիլ բնությամբ: Գետաշենից վերադառնալուց հետո գարնանը նա գործուղվում է Մեղրի, իսկ ամռանը «Սպիտակ» փրկարարական ջոկատի հետ մեկնում Իրանի Իսլամական Հանրապետություն:

1990 թ. նոյեմբերի 24-ին՝ իր ծննդյան օրը, Գևորգը երկրորդ անգամ է մեկնում Գետաշեն, որտեղ, լինելով վիրաբույժ, փոխարինում է և ակնաբույժին, և անզգայաբանին, և գինեկոլոգին, ծնունդ է ընդունում, ատամ հեռացնում… Չորս ամիս անց Գևորգին փոխարինելու է գալիս Վալերի Խաչատրյանը, որը սրտամկանի ինֆարկ էր տարել, բուժվել էր Երևանում և վերջերս էր դուրս գրվել հիվանդանոցից: Գևորգը վերադառնում է Երևան և «Սպիտակ» փրկարարական ջոկատի հետ մեկնում Վրաստան՝ օգնելու երկրաշարժից տուժածներին: Վերադառնալով Վրաստանից՝ Գևորգը եղբորից լսում է, որ երեկոյան միտինգ է լինելու, գնում է Ազատության հրապարակ, որտեղ մարդիկ խոսում էին Գետաշենում կատարվող բարբարոսությունների,բազմաթիվ զոհերի ու բժշկական օգնության կարոտ վիրավորների մասին:

«Կարկամեցի, սարսուռ անցավ մարմնովս: Կանգնած հոծ բազմության մեջ՝ ասֆալտը ասես այրվում էր ոտքերիս տակ, ինձ թվում էր, թե բոլորը ինձ են նայում, ասես ասում էին՝ ի՞նչ գործ ունես այստեղ, երբ Գետաշենում մարդիկ քո օգնության կարիքն ունեն: Գիշերը զանգահարեցի ընկերներիցս մեկին՝ Ռաֆիկին, որը օդանավակայանում էր աշխատում և մի քանի անգամ ռադիոկապը ստուգելու պատրվակով եղել էր Գետաշենում: Նրան խնդրեցի, որ օգնի ինձ ուղղաթիռով հասնել Գետաշեն:

Նա լսեց ինձ ու կերկեր ձայնով պատասխանեց.

-Թաթուլը չկա, Արթուրը չկա…

-Ոնց թե՝ չկա,- մեխանիկորեն հարցրի ես:

Ուղեղս հրաժարվում էր ընդունել այդ գույժը: Թաթուլը չկա… Արթուրը չկա… Գետաշենում գեհեն է… Իսկ անտեր գիշերը երկարում էր»:

Առավոտյան Գևորգը գնում է օդանավակայան. թռիչքահրապարակում 10-12 բժիշկներ կային, որոնք ցուցակագրված էին և պատրաստվում էին թռչելու: Գևորգը աննկատ սողոսկում է ուղղաթիռ և թաքնվում դագաղների, ալյուրի պարկերի ետևում: Այնտեղ էլ հանդիպում է «Ալաշկերտ» ջոկատի տղաներից երկուսին, որոնք էլ իր նման աննկատ մտել էին ու թաքնվել: Ուղղաթիռը վայրէջք է կատարում Շահումյանում. Գետաշենում արգելված էր: Գևորգը տղաների հետ բեռնաթափում է դագաղները, ալյուրի պարկերը, ապա քայլերն ուղղում դեպի բլրի վրա տեղակայված պաշտպանական շտաբ: Նա դեռ մտքում հույս ուներ, որ այն, ինչ լսել էր Երևանում, կարող էր ճիշտ չլինել…

Շտաբում հաստատում են… Քիչ անց լուր են ստանում, որ տղաներին բերում են զրահամեքենաներով…

«Ժողովուրդը խռնվել էր հիվանդանոցի բակում, կանայք արտասվում էին, զինվորները փակել էին դարպասները: Անձրև էր գալիս, ցուրտ էր, մառախուղ… Վերջապես երևացին զրահամեքենաները: Մի սարափելի ողբ բարձրացավ… Զրահամեքենաների վրայից իջեցրին տղաների անկենդան մարմինները, և մինչև ուղղաթիռով Երևան կուղարկեին, նրանց մարմինները տեղափոխեցին կից մասնաշենք, շարեցին կողք կողքի՝ Թաթուլն էր, Արթուրը, Հրաչը, գետաշենցի Վալերիկը, երևանցի Սիմոնը՝ Դեդը…»:

Սկսվում է Գետաշենի տեղահանությունը. առաջին օրը տեղափոխում են կանանց ու երեխաներին, ուղղաթիռները նրանց հասցում էին Ստեփանակերտ ու վերադառնում: Օրեցօր Գետաշենը դատարկվում էր: Մի օր էլ երեկոյան ռուս զինվորները ադրբեջանական ՕՄՕՆ-ի հետ ներխուժում են գյուղ: Զինվորները խուզարկում են բժիշկներին՝ Գևորգին, Վալերիկին, Սարգիսին, և հրամայում գնալ հրապարակ, որտեղ արդեն հավաքվել էր ժողովուրդը…

7-ը մայիսի 1991 թ…. սկսվում են Գևորգի կյանքի ամենածանր, սահմռկեցուցիչ օրերը…

Գնդապետը հրամայում է տանել նրանց: Մի քանի հոգի հարձակվում են Գևորգի ու Վալերիի վրա, հրմշտելով մտցնում կալանավորներ տեղափոխող մեքենան և փակում առանձին խցերի մեջ: Շարունակ բերում էին նոր կալանավորների՝ գետաշենցիների ու լցնում առանց այն էլ մարդկանցով լիքը, նեղ խցիկների մեջ…Վերջապես մեքենան շարժվում է: Փակ մեքենայից ոչինչ չի երևում, կալանավորները չգիտեն՝ ուր են տանում, ինչ է սպասվում իրենց: Երբ մեքենան կանգ է առնում, կալանավորներին զույգերով իջեցնում են…

«Վերջապես մեզ էլ գրանցեցին և բացելով նկուղի դուռը՝ հրեցին ներս… Տեսա մերկ մարմիններ, որոնք, ասես մսաղացում, գալարվում էին ու տանջահար գոռում: Գետաշենցիներ էին, որոնց կալանավորել ու տեղափոխել էին մեզ հետ և արդեն հասցրել էին կտտանքների ենթարկել…»:

Գևորգը միամտորեն կարծում էր, որ բժիշկը որտեղ էլ լինի, անձեռնմխելի անձ է, սակայն այս գեհենում, այս բարբարոսների համար բժիշկ լինելը ավելի մեծ հանցագործություն էր… ծեծում էին մինչև ուշագնաց լիներ…

…Բանտապահներից մեկը մի օր լկտիաբար հարցնում է.

-Դե հիմա ասա. Ղարաբաղը ձե՞րն է, թե՞ մերը…

-Մերն է,-պատասանում է Գևորգը:

Դուռը բացվում է, չորս հոգի ներս են մտնում… և ծեծը սկսվում է…

«Վտանգի պահին կրկնում էի «Հայր մերը»: Ամենածանր պահերին անգամ չմտածեցի ինքնասպանության մասին, մեծ հույս ունեի, որ վերադառնալու եմ ընտանիքիս գիրկը…»:

…17-րդ օրը բոլորին կրկին մի խցում են հավաքում: Այսօր մեզ ազատ են արձակելու՝ ուրախ ձայնում են տարբեր կողմերից: Գևորգի շունչը կտրվում է, չի հավարտում իր լսածին: Երեկ գնդակահարության հոդված էին կայացրել, ինչպես կարող են այսօր ազատել… Շարքով կալանավորներին տանում են դեպի վարչական մասնաշենք, նրանք նկատում են, որ իրենց նկարահանում են: Նկարահանողները արտասահմանցիներ էին… Սկսվում է ներկայացումը… Վերջապես տուն են վերադառնում… Հասնելով հայ-ադրբեջանական սահմանին մեքենան կանգ է առնում: Զինվորականները բացում են ավտոմեքենայի դուռը, դուրս հանում տղաներին և ավտոմատների ուղեկցությամբ տանում դեպի ավտոխճուղի:

«Դա Տավուշի մարզն էր… Մեզ շրջապատեցին այգեպարցիները, գրկեցին ու սկսեցին արտասվել… Ետևում մնացին սարսափն ու տառապանքը… Ուրեմն դժոխքից վերադարձ կա…»:

Նրանց տեղափոխում են Հանրապետական հիվանդանոց, որտեղ ոչ մի րոպե չէր դադարում ծանոթ-անծանոթ մարդկանց հոսքը: Նրանց համար մատաղ էին անում, աղոթում էին…

Դուրս գրվելով հիվանդանոցից՝ Գևորգը հրաժարվում է մեկնել առողջարան… Նա բժիշկ էր, և Արցախում վիրավոր ազատամարտիկները սպասում էին իրեն:

Նրա համար պատերազմն ավարտվում է 1994 թ. Ֆիզուլիում…

Հետագայում իր՝ 67 էջից բաղկացած «Դժոխքից վերադարձ կա» գրքույկում Գևորգ Գրիգորյանը պատմում է բանտարկության սահմռկեցուցիչ օրերի մասին, որ անցկացրել է Կիրովաբադի բանտում….

Անահիտ Չիբուխչյան

(Կրճատումներով)

  • gev2
  • gev1