Իմ կյանքի ամենամեծ սերը… իմ մասնագիտությունն է

Զրույց Վանաձորի կայազորային հոսպիտալի պետի բուժգծով տեղակալ, վիրաբույժ, բ/ծ մայոր Դավիթ Դարբինյանի հետ

Ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը, հետբուհական կրթությունը շարունակել Մոսկվայի վիրաբուժության համամիութենական գիտական կենտրոնում: 1992 թ. պաշտպանել է թեկնածուական թեզը՝ «Լեղուղիների ռեկոնստրուկտիվ վիրահատությունները» թեմայով: 1992 թ. ծառայության է անցել Վանաձորի կայազորային հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքում որպես բաժանմունքի պետ: 2007թ. նշանակվել է Վանաձորի կայազորային հոսպիտալի պետի բուժգծով տեղակալ:

-Պարոն Դարբինյան, արդեն 23 տարի՝ հիմնադրման օրից, ծառայում եք Վանաձորի կայազորային հոսպիտալում: Ու ես չեմ կարող չհարցնել պատերազմական տարիների մասին: Բարձրացող սերունդը, ուսանողական նստարանին նստած ապագա զինվորական բժիշկը պիտի իմանան՝ ինչպես ենք սկսել…և ուր ենք հասել…

– 1992 թ. վերադառնալով Վանաձոր՝ աշխատանքի անցա քաղաքի նոր կազմավորվող կայազորային հոսպիտալում: Լույս չկար… ամբողջ Հայաստանն էր մթության, շրջափակման մեջ, սակայն մարդիկ չէին վհատվում: Աշխատում էինք մոմերի լույսի տակ, իսկ ձմռան ամիսներին ցուրտն էլ գումարվում էր, փորձում էինք, ինչով հնարավոր էր, տաքացնել հիվանդասենյակները, վիրահատարանը: Ունենալով նվազագույն հնարավորություններ՝ բժիշկները փորձում էին կատարել առավելագույնը՝ կյանք վերադարձնել, առողջություն պարգևել վիրավոր ազատամարտիկներին:

Հոսպիտալի բուժանձնակազմը փոքր էր. երբ լսում էինք, որ սահմանամերձ քաղաքային հիվանդանոցներում վիրավորների մեծ հոսք է եղել, վիրաբույժ, անզգայաբան էինք ուղարկում՝ մեր գործընկերներին օգնելու: Լինում էին օրեր, երբ տեղեկացնում էին, որ մարտական գործողությունների գոտուց վիրավորներ են տեղափոխում: Ես նույնպես մեկնում էի Իջևան, Տավուշ, և քաղաքային հիվանդանոցում սպասում էինք, մինչև բերեն վիրավորներին: Պատրաստում էինք վիրահատարանները, իսկ բժիշկներից ոմանք, իրենց հետ վերցնելով անհրաժեշտ դեղորայք և այլ բուժական միջոցներ, գնում էին նրանց ընդառաջ՝ երբեմն հասնելով առաջնագծին: Վիրավորներ տեղափոխող մեքենաները գնդակոծվում էին հակառակորդի կողմից, սակայն դա չէր կանգնեցնում բժիշկներին. այդ պահին նրանցից յուրաքանչյուրը մտածում էր ոչ թե իր կյանքի, այլ վիրավորներին փրկելու մասին:

-Իսկ հետագա տարիների՞ն…

-1995 թ. հոսպիտալի բուժանձնակազմը տեղափոխվեց Երկաթգծի հիվանդանոց: Հոսպիտալը օրեցօր զինվեց ժամանակակից սարքավորումներով, ժամանակի ընթացքում ակնհայտ առաջընթաց ունեցանք: Այսօր վիրաբուժության բաժանմունքն ունի լապարոսկոպիկ վիրահատություններ կատարելու հնարավորություն: Մենք չենք կարող բավարավել այն ամենով, ինչ ունենք այսօր: Պիտի հետ չմնանք աշխարհի ռիթմից:

Զինվորական հոսպիտալները կոչված են ծառայելու պատերազմական գործողությունների ընթացքում, կոչված են դիմակայելու բոլոր մարտահրավերներին… Եթե զինվորական հոսպիտալը չունի համապատասխան պայմաններ՝ վիրավորների տեսակավորման բաժին կամ հարթակ, մեծ վերելակ՝ սայլակներով վիրավորներ տեղափոխելու համար, մի քանի վիրահատասեղաններով հագեցած վիրահատարաններ, կահավորված հիվանդասենյակներ, աշխատասենյակներ, այն դառնում է սովորական քաղաքացիական հիվանդանոց:

-Հոսպիտալի առաջընթացը միայն սարքավորումնե՞րն են ապահովում:

-Իհարկե ոչ, բուժօգնությունը առավել արդյունավետ և որակյալ դարձնելու համար անհրաժեշտ էր ոչ միայն նորագույն սարքավորումներով հագեցնել հոսպիտալը, այլև ընդունել նեղ մասնագիտական պատրաստվածություն ունեցող բժիշկներ բոլոր բաժանմունքներում:

– Այսօր հոսպիտալի ունեցած հաստիքները բավարարու՞մ են եթե ոչ բոլոր, գոնե ամենաանհրաժեշտ ուղղություններով բուժծառայությունը իրականացնելու համար:

-Դեռևս ոչ: Սակայն մոտ ապագայում կադրային նոր փոփոխություններ անշուշտ կլինեն. կհաստատվեն գինեկոլոգի, սրտաբանի, ակնաբույժի, վնասվածաքաբանի և այլ հաստիքներ:

-Ինչպե՞ս եք վերաբերվում նոր նշանակված կադրերին…

-Զինվորական հոսպիտալներում ծառայության կարող են անցնել միայն կլինիկական օրդինատուրան ավարտած մասնագետներ կամ արդեն աշխատանքային փորձ ունեցող բժիշկներ, որոնք անկասկած ունեն բազային անհրաժեշտ գիտելիքներ, մնում է միայն հարմարվել զինվորական հոսպիտալում ծառայության ռիթմին, առանձնահատկություններին, կարգապահական նորմերին: Նրանց ադապտացումը նոր աշխատանքային միջավայրին ժամանակի հարց է… Օգնում ենք՝ ինչով կարող ենք:

-Երբ տեսա՝ ինչ արագությամբ ընդունեցին հիվանդին և բարձրացրին վիրահատարան, որքան արագ նախապատրաստեցին և կատարեցին վիրահատական միջամատությունը, անկեղծ ասած, զարմացա…

-Զինվորական բժշկի համար արագ կողմնորոշվելը արհեստավարժության չափանիշ է:

Հ.Գ.

Զրույցի վերջում հարցրի իմ զրուցակցին.

-Ունե՞ք էլեկտրոնային հասցե, որպեսզի մինչև հրապարակելը ուղարկեմ հոդվածը, կարդաք…

Նա չշտապեց պատասխանել… Նայելով նրա պատկառելի տարիքին՝ շարունակեցի.

-Զավակները կամ թոռնիկները կունենան հաստատ…

Հոսպիտալի պետ Գագիկ Մարտիրոսյանը, որ այդ պահին լսում էր մեր խոսակցությունը, ասաց.

-Ի՞՜նչ թոռնիկ… վեց ամիս առաջ է ամուսնացել, ես էլ քավորն եմ…

Դավիթ Դարբինյանը ժպտաց.

-Լավ է ուշ, քան ավելի ուշ… Չեմ հասցրել: Ի՞նչ անեմ…

Ես շնորհավորեցի նրան և չկարողանալով զսպել հետաքրքրությունս՝ հարցրի.

-Չեք հասցրե՞լ… նախկինում երբեք չե՞ք սիրահարվել:

-Ինչու ոչ, սիրահարվել եմ… Իմ կյանքի ամենամեծ սերը իմ մասնագիտութունն է, իմ նշտարը,- պատասխանեց վիրաբույժը:

Էդիտա Մելքոնյան