Երբ չես մտածում մահվան մասին

Սերյոժա Մովսեսյանը ծնվել է 1961 թ. փետրվարի 13-ին Բաքու քաղաքում՝ ծառայողների ընտանիքում: 1978 թ. գերազանց գնահատականներով ավարտել է Ստեփանակերտի թիվ 3 միջնակարգ դպրոցը և ընդունվել է Բաքվի պետական բժշկական ինստիտուտ: 1984 թ. ավարտել է այն և վերադառնալով Ստեփանակերտ՝ աշխատել տեղի մարզային հիվանդանոցում: 1988-1990 թթ. կլինիկական օրդինատուրան անցել է Մոսկվայում՝ Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտում: 1990-1999 թթ. ծառայել է հոսպիտալում: 1994 թ. պաշտպանել է թեկնածուական թեզը «Լյարդի ոչ մակաբույծ բուշտերի (պարկերի) բուժման տակտիկայի կատարելագործում» թեմայով: 1999 թվականից զբաղեցրել է Լեռնային Ղարաբաղի ոստիկանության պոլիկլինիկայի պետի պաշտոնը, միևնույն ժամանակ որպես վիրաբույժ աշխատել է Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում:

Որպես Արցախյան պատերազմի մասնակից՝ պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն» և «Շուշիի ազատագրման համար» մեդալներով, «Գարեգին Նժդեհ» շքանշանով:

Ամուսանացած է, ունի երկու դուստր:

-Բժիշկ լինելը ինձ համար նշանակում էր լինել վիրաբույժ: Ինստիտուտն ավարտելուց հետո երեք տարի որպես վիրաբույժ աշխատեցի Ստեփանակերտի մարզային հիվանդանոցում, ապա մեկնեցի Մոսկվա և կլինիկական օրդինատուրան անցա Վիշնևսկու անվան վիրաբուժության ինստիտուտում, որտեղ ինձ բախտ վիճակվեց ուսանելու և մոտիկից ճանաչելու խորհրդային միության այնպիսի անվանի վիրաբույժների, ինչպիսիք էին ակադեմիկոսներ Վիշնևսկին, Ֆեոդորովը, վիրաբուժության ամբիոնի վարիչ Կամոլովան և այլք: Կլինիկական օրդինատուրան ավարտելուց անմիջապես հետո ընդունվեցի ասպիրանտուրա:

Բայց Լեռնային Ղարաբաղում արդեն պատերազմական իրավիճակ էր, ես այլևս ի վիճակի չէի այնտեղ մնալու: Գործերս փոխեցի հեռակա և վերադարձա Ստեփանակերտ: Արցախն արդեն շրջափակված էր, միայն օդային տրանսպորտն էր գործում, այն էլ այնքան էր ծանրաբեռնված, որ մի քանի օր անցկացրի Երևանի «Էրեբունի» օդանավակայանում: Ես մոտեցա օդանավակայանի տնօրեն Սերգեյ Վանցյանին, ներկայացա, ասացի, որ բժիշկ եմ, և խնդրեցի՝ որքան հնարավոր է շուտ, ինձ ճանապարհեն: Քանի որ Շահումյանում արդեն պատերազմ էր, ուստի ուղղաթիռները ավելի շատ այնտեղ էին թռչում, ու դեռ հայտնի չէր, թե երբ չվերթ կլինի դեպի Ստեփանակերտ, ես որոշեցի թռչել Շահումյան՝ մտածելով , որ բժիշկ եմ՝ վիրաբույժ, գուցե այնտեղ իմ կարիքը ավելի շատ էր զգացվում, ի վերջո ի՞նչ տարբերություն, թե որտեղ օգնություն ցույց կտամ վիրավորներին:

Ուղղաթիռը գերբեռնված էր, կամավորական ջոկատ ու մի քանի քաղաքացիական ուղևորներ էր տեղափոխում, նրանց մեջ ստեփանակերտցիներ էլ կային, որոնցից մի քանիսին ճանաչում էի: Երբ մտանք Լեռնային Ղարաբաղի տարածք, ազատամարտիկները բացեցին ուղղաթիռի օդանցքները և ավտոմատները՝ կրակելու պատրաստ, դուրս հանեցին: Թեև եթե հակառակորդը խփեր ուղղաթիռին, նրանք ավտոմատներով ոչինչ անել չէին կարող, բոլորս հօդս կցնդեինք, ուղղակի այն ժամանակ մեզանից ոչ մեկը դրա մասին չէր մտածում: Ուղղաթիռը նախ վայրէջք կատարեց Հաթերքում, և դեռ շարժիչը չանջատած՝ անտառից դուրս եկած ազատամարտիկները շրջապատեցին: Բեռների մի մասը նրանց էր հասցեագրված:

Ստեփանակերտցի ծանոթներս նույնպես այդտեղ իջան, ու երբ իմացան, որ Շահումյան եմ գնալու, սկսեցին ինձ համոզել, որ իրենց հետ Ստեփանակերտ վերադառնամ:

-Քշացի’ ( իջի’ր ) վերտալյոտեն:

-Ինչու՞,- հարցրի:

-Տու հո շա՞շ չես, ա , Շահումյանում կռիվ ա:

-Բայց ես խոսք եմ տվել, առաջին հերթին՝ ինքս ինձ, որ պետք է Շահումյան գնամ:

Նրանք, ձեռքերը օդում անհույս թափահարելով, հեռացան, բացի 2 հոգուց, որոնք դեռ ծանրութեթև էին անում՝ արժե մեկնել, թե ոչ: Տեսնելով մեկ տասնյակից ավելի հաթերքցիների, որոնք ուղղաթիռ մտան Շահումյան մեկնելու համար, վերջին րոպեին նրանք էլ միացան մեզ: Մենք շարունակեցինք ճանապարհը դեպի Շահումյան: Տեղ հասնելուն պես գնացի հիվանդանոց: Շահումյանցի բժիշկներից ոչ ոք չկար, միայն երևանցի բժիշկներն էին: Մեկ շաբաթ մնացի այնտեղ, բայց այդ ընթացքում հանգիստ էր, թեժ մարտեր չէին ընթանում: Ընդամենը մի քանի վիրավոր բերեցին և մի կնոջ, որի մոտ ծննդաբերությունից հետո բարդություններ էին առաջացել: Նրան վիրահատելուց հետո ես որոշեցի վերջապես վերադառնալ Ստեփանակերտ:

«ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայով ճանապարհ ընկանք: Վարորդից ու ինձանից բացի, մեկն էլ կար ավտոմեքենայում: Երբ դուրս եկանք Շահումյանից, արդեն մթնշաղ էր, իսկ մինչ Կիչան-Սրխավենդ տարածքի անտառներին հասանք, մութը վրա տվեց: Աչքս կպել էր, զգացի, որ մեկը ցնցում է ուսս: Արթնացա. վարորդն էր: Նա, ձեռքի կարտոֆիլն ինձ մեկնելով , ասաց.

-Դոխտու’ր , գիտե՞ս ըստեղ ինչքան վտանգավոր ա, թուրքերը ամեն րոպե կարող են շուրջկալ անել ու մեզ վրա հարձակվել…

-Բայց ինձ ինչու՞ արթնացրիր… Ի՞նչ պետք է անենք, երբ մեզանից և ոչ մեկի մոտ զենք չկա:

Լավ էր՝ անվտանգ հասանք Ստեփանակերտ: Ստեփանակերտում ծայրահեղ ծանր վիճակ էր՝ պայթունավտանգ, իսկ ամբողջ Լեռնային Ղարաբաղի տարածքում պարտիզանական պատերազմ էր ընթանում, զոհեր ու անհաշիվ վիրավորներ ունեինք և’ ազատամարտիկներից, և’ խաղաղ բնակչության շրջանում: Քանի որ ռուսական ՕՄՕՆ-ը սպառնում էր վիրավորներին ապաքինվելուց հետո հանձնել թուրքերին, մենք հնարավորության դեպքում օգնում էինք, որ մեր տղաները փախցնեն նրանց, իսկ ավելի հաճախ գաղտնի տներում էինք բուժում:

Մինչ 1992 թ. մեր մեջ մարդիկ կային, որ հույս ունեին՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծում կստանա խաղաղ պայմաններում, բայց արդեն նրանց համար էլ պարզ դարձավ, որ պատերազմն անխուսափելի է: Երջանկահիշատակ Վալերի Մարությանի նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբ՝ մի խումբ բժիշկներով ձեռնամուխ եղանք զինվորական հոսպիտալի ստեղծմանը:

Սերյոժա Մովսեսյանը Լեռնային Ղարաբաղում ռազմաբժշկության հիմնադիրներից մեկն է. նա մասնագիտական կարողություններն անմնացորդ նվիրեց բոլոր այն հայորդիների կյանքի փրկությանն ու բուժմանը, ովքեր ոտքի ելնելով պաշտպանեցին Արցախ աշխարհը թուրքերից: Նա՝ որպես հայ մարդ, որպես բժիշկ, իր պարտքը կատարեց ոչ միայն Ստեփանակերտի հոսպիտալում, այլև ռազմաճակատին մոտ գտնվող դաշտային հոսպիտալներում, նաև զենք վերցրեց և որպես մարտիկ կռվեց թշնամու դեմ: 1990-1994 թթ. նա մասնակցել է Հադրութի (Սարի շեն, Ծամձոր) , Խոջալուի ազատագրական մարտերին, աշխատել է Մաղավուզի, Կուսապատի, Չլդրանի, Դրմբոնի, Ցեխձորի, Աղդամի, Լաչինի դաշտային հոսպիտալներում:

-Առաջին պաշտոնական հոսպիտալը տեղակայվեց Ստեփանակերտի մարզկոմի նախկին շենքի նկուղում, որը մարզային հիվանդանոցից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա էր գտնվում: Երբ առաջին անգամ ավիառումբն ընկավ հիվանդանոցի վրա, ես և Բազիյան Կարենը, վիրահատության էինք պատրաստվում. վիրավորը մի երիտասարդ էր Երևանից: Մեզ հետ էր և մեր բուժքույրերից մեկը: Քանի որ մենք նկուղում էինք, ռումբի ընկնելը չտեսանք, միայն ահավոր պայթյուն լսեցինք: Նկուղը այնպես էր դղրդում ու ցնցվում, որ մեզ թվաց, թե ռումբը հիվանդանոցի շենքի վրա է ընկել…

-Թեժ մարտերի ժամանակ ե՞րբ և ո՞ր ուղղությամբ մեկնեցիք:

-Առաջին անգամ Բազիյան Կարենի հետ մեկնեցինք Հադրութի շրջան. Սարի շեն, Ծամձոր գյուղերի ազատագրման մարտական գործողությունների օրերն էին: Մերոնք պատրաստվում էին ազատագրել այդ երկու գյուղերը: Երեկոյան ժամը 8-ի սահմաններում հայտնեցին, որ վիրավոր ունենք Սարի շենի դիրքերում: Ես ու Կարենը մեր «ՈՒԱԶ» մակնիշի շտապօգնության ավտոմեքենայով ճանապարհ ընկանք: Սարի շենի ճանապարհները քարուքանդ էին և շատ վտանգավոր: Ճանապարհի մի կողմը սար էր, մյուս կողմը՝ ձոր, եղանակն էլ՝ անբարենպաստ, մութ, մառախլապատ: Ավտոմեքենայի լուսարձակներն անգամ չէր կարելի միացնել, հակառակ դեպքում թշնամին կնկատեր ու կհրետակոծեր մեր ուղղությամբ: Ես դուրս եկա և քայլեցի ավտոմեքենայի առջևից, որպեսզի ձորը չընկնենք: Մի կերպ տեղ հասանք, բայց վիրավորը չկար: Նրան մեկ այլ ուղղությա՞մբ էին տարել, թե մեզ էին սխալ ինֆորմացիա տվել, այդպես էլ չիմացանք: Այն ժամանակ կապը լավ չէր գործում, անկանոն էր…

Նման մի արկածի էլ հանդիպեցինք, երբ առաջին անգամ պետք է Ծամձոր մեկնեինք վիրավորների հետևից: Ոչ վարորդը, ոչ էլ ես ու Կարենը ստույգ չգիտեինք ճանապարհը: Երբ հասանք խաչմերուկին, վարորդը լուսարձակները մի քանի անգամ միացրեց-անջատեց, որպեսզի ազատամարտիկները այդ ուղղությամբ բերեին վիրավորներին, քանի որ չգիտեինք՝ որ ճանապարհն է տանում Ծամձոր: Ու հենց այդ պահին թուրքերը սկսեցին թնդանոթներով կրակել մեր ուղղությամբ: Վարորդը արագ շրջադարձով բռնեց հետ տանող ճանապարհը: Հետո պարզվեց, որ մինչև մեր՝ խաչմերուկ հասնելը թուրքերը նորից գրավել էին Ծամձորը: Փառք Աստծո, որ ճանապարհը չգիտեինք, թե չէ կընկնեինք նրանց երախը:

-Որտեղ և ինչպես ստեղծվեց առաջին դաշտային հոսպիտալը:

-Առաջին դաշտային հոսպիտալը ստեղծվեց Սղնախ գյուղի մերձակայքում Շուշիի ազատագրման նախօրեին: Այդ ընթացքում ես առաջին գծում էի: Վիրավորներին անհրաժեշտ օգնություն ցույց տալուց հետո ուղարկում էինք Սղնախի հոսպիտալ: Հետո Վ. Մարությանի հետ Ցեխձորի հոսպիտալը ստեղծեցինք ու սկսեցինք ընդունել վիրավորներին: Մարությանը մի քանի օրից վերադարձավ Ստեփանակերտ: Ես, Կարեն Բազիյանը, Վալերի Գրիգորյանը, Կարեն Բալասանովը մնացինք և երկար ժամանակ աշխատեցինք այնտեղ:

-Ի՞նչ դեպքեր էք հիշում այդ օրերից:

-Ստփանակերտի հոսպիտալում էի, 17-ամյա վիրավոր մի պատանու բերեցին: Մենք նրան վիրահատության էինք պատրաստում ու հետն էլ զրուցում էինք:

-Ո՞րտեղ ես վիրավորվել,- հարցրի:

-Քարագլուխում (Ստեփանակերտի մոտակա գյուղերից է),- ասաց:

-Թուրքերը շա՞տ էին,-նորից եմ դիմում նրան:

-Հա, մոտ 200 հոգի:

-Բա դո՞ւք:

-Մենք էլ խռիկ(քիչ) չէինք…

-Քանի՞ հոգի էիք:

-17 էինք, 6-ը վիրավորվեցին, բայց դեռ տղերքը կռվում են…

Մենք լուռ նայեցինք իրար, բոլորս էլ այդ 17-ամյա պատանու պատասխանի տպավորության տակ էինք…

Նա այնքան հանգիստ էր ասում,այնքան ինքնավստահ, կարծես 17 հոգով 200-ի դեմ կռվելը օրինաչափ բան էր, և այդպես էլ պետք է լիներ, իսկ ամենագլխավորը, որը դեռ չգիտեր՝ ինչ արդյունք կտա վիրահատությունը, երբ կապաքինվի. շարք վերադառնալու մասին էր մտածում… Հիմա էլ, երբ առիթ է լինում, ես հաճախ եմ հիշում այդ օրինակը… Թուրքը չէր կարող հաղթել մի ազգի, որը նման զավակներ ուներ:

-Պատերազմից միայն դառնություննե՞ր եք հիշում:

-Ոչ, ինչո՞ւ միայն դառնություններ: Ես հպարտ եմ, քանի որ այդ մեծ իրադարձության՝ Արցախյան ազատամարտի վկաներից ու մասնակիցներից եմ ու իմ լուման ունեմ հայրենիքի ազատագրության, ժողովրդի պաշտպանության և հաղթանակի գործում:

Անահիտ Չիբուխչյան

(Կրճատումներով)